Լեոն և խորհրդային պատմական գիտությունը/Լեոյի քաղբանտարկյալ գրքերը/Վարդան Ջալոյան

Արցախի երկրորդ պատերազմում պարտությունից հետո պատմագետներ/ պատմաբաններ, հասարակական գործիչներ հանդես եկան տարաբնույթ կոնցեպցիաներով, պատմական վերլուծություններով, որոնք հաճախ առասպելաբանական բնույթ ունեին։ 

2022 թ․ մարտի 2-ին, մամուլում հրապարակվեց Հայաստանի ութսուն մտավորականների (ակադեմիկոսներ, ԳԱԱ թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ եւ այլն) դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին՝ կոչ անելով «անհապաղ» քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու եւ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար։

Իր հակընդեմ կարծիքը հայտնեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը, ավելի շուտ՝ համաձայնվեց պատմաբան Լեոյի կարծիքի հետ։ Նա ընդարձակ մեջբերում է անում Ավ․ Իսահակյանի հիշողություններից․ «Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոյին տեսա Երևանում:

Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր: Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ:

Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ։… Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափն ու աղետը դառնությամբ լցրել էին նրա հոգին: Այդ անհնարին վշտի ծանրությունից փշրվել էր նա:

«Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ: Բայց ո՞վ է մեղավորը,- ասում էր նա ինձ,- մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք: Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը» (Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից» 1933թ.)։

Իհարկե, Լեոն խոսում է մեր հին մտավորականության մասին, և նրա գնահատականները չեն վերաբերում խորհրդային և հետխորհրդային մտավորականությանը, դրանք սկզբունքորեն այլ կազմավորում/ ֆորմացիա «արտադրանք» են։ Բայց չի կարելի ընդունել  Լևոն Տեր֊Պետրոսյանի համեմատության արդարացիությունը․ «Իմ խորին համոզմամբ, եթե խնդրո առարկա ուղերձը ստորագրած մտավորականները, հետեւելով Լեոյի իմաստությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»։

Մինչխորհրդային մտավորականությունը իր մոլորությունները, խորհրդային և հետխորհրդային մտավորականությունը՝ իր սեփականը և «անկրկնելին»։ 

Դարեր շարունակ հայ մտավորականության մտածողությունը սնուցել են եկեղեցին և պատմագիրները, մինչխորհրդային շրջանում՝ գրականությունը, պատմաբանները և էլի եկեղեցին։ Ժամանակակից մտածողությունը ավելի բարդ է, բայց պատմական առասպելաբանության նշանակությունը դեռ էական է, հավանաբար այդ կարելի է եզրակացնել Լևոն Տեր֊Պետրոսյանի ելույթից։

I. Լեոն և խորհրդային պատմական գիտությունը

— Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել։ էն է Լեոյի ժամանակներն էր, էլի, սարի պես մարդուն տվին աչքիս դեմ շուռ տվին՝ մի ձեն հանող չեղավ։ Հայ կա՞ր՝ որ հայի համար ձեն հանող լիներ — կաթ, ոչխար, ես ինչ իմանամ ուրիշ ինչ։ Մերանը Լեոն գցեց։ Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում՝ դառնում է մածուն, Լեոն հայերին էդպես է հնարել։ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»— ոչ կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը անգլխարկ, գլխարկր շան ինչի՞ն է պետք, այտա, Հովհաննես Թումանյանը նստել ու երեխեքի համար հնարել է։ Կարդում են։ էն է մյուս սեղանին էլ Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունր հնարել։ Զարմայր նահապետ, չէ՜ մի,  զահրումար նահապետ։

Հրանտ Մաթևոսյան, «Մեսրոպ»

Հրանտ Մաթևոսյան այս դրվագը անշուշտ վկայում է այն կարևոր դերը, որ  Լեոն (Առաքել  Բաբախանյան)  և իր գրքերը ունեցել են հայկական ազգային գիտակցության ձևավորման գործում։ Բայց հետաքրքիր է նաև հերոսի վերաբերմունքը պատմագիտության հանդեպ․ «․․․Հովհաննես Թումանյանր նստել ու երեխեքի համար հնարել է։ Կարդում են։ էն է մյուս սեղանին էլ Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունը հնարել»։ Այստեղ գրականությունը սահմանվում է իբրև մի բան, որ կարդում են, և Լեոն նույնքան գրող է, որքան Հովհաննես Թումանյանը։ Ու․ Չերչիլը և փիլիսոփա Ա․ Բերգսոնը ստացել են նոբելյան մրցանակ գրականությունից, որովհետև նրանց գրքերը լավ են կարդացվում։

Հիշելով խորհրդային տարիները, կարող եմ հաստատել․ հայ  ընթերցողի համար միևնույն էր կարդալ պատմավեպ, թե՝ պատմաբանի գիրք։ Պատմագիտությունը պատմավեպ էր, պատմավեպը՝ պատմագիտություն։ Իհարկե, այս նմանությունը գալիս էր նրանից, որ երկուսն էլ խորհրդային համակարգում նույն գաղափարախոսական դերն էին կատարում։

Լեոն՝ որպես ճշմարիտ «բուրժուական» և «կեղծ մարքսիստական» պատմաբան

Լեոյի երկերի ժողովածուն 10 հատորով հրատարակվել է 1966-1987 թվականներին։ Դա նրա պատմագիտական, հրապարակախոսության,  գրական վաստակի բարձր գնհատականն էր։ Առաջին հատորի առաջաբանը գրել է ակադեմիկոս, հայտնի խորհրդային պատմաբան Մկրտիչ Ներսիսյանը։ Բայց, իհարկե, Լեոյի ժառանգությունը տպագրվում էր ոչ առանց վերապահումների և գրաքննության։ Վերապահումները վերաբերում էին Լեոյի մինչխորհրդահայ շրջանին և Մ․ Ներսիսյանը մեկ առ մեկ բացահայտում է բուրժուական պատմաբանի «մեղքերը»։

«Լեոյի աշխատություններում խիստ գերագնհատված է «հոգևոր ֆակտորի» դերը։ Պատմության առաջընթացը, ըստ հեղինակի, պայմանավորված է մտավոր կուլտուրական առաջադիմությամբ, կրթության, լուսավորության, հասարակական մտքի զարգացմամբ։ Անտեսելով նյութական֊տնտեսական պայմանները, սոցիալ֊դասակարգային հարաբերությունների, ժողովրդի պայքարի և դիմադրական ուժի, երբեմն անգամ քաղաքական անցքերի դերը  և նշանակությունը, Լեոն հայ ժողովրդի պատմության մեջ  տեղի ունեցած մի շարք խոշոր տեղաշարժեր բացատրում է, օրինակ, տառերի գյուտով, գաղափարների, դպրոցների ու գրականության զարգացմամբ և այլն» [Լեո, հատր I, էջ X-XI]։

«Խիստ գերանհատված է նաև անհատի դերը պատմության մեջ։ Լեոն այն կարծիքն ուներ, որ պատմական իրադարձությունների մեջ վճռական դերը պատկանում է անհատներին, հատկապես թագավորներին և զորահրամանատարներին»։ [Լեո, հատր I, էջ XI]

Մ․ Ներսիսյանը նշում է․ «Պատմության հարցերին նվիրված իր գործերում Լեոն, ընկնելով ծայրահեղության մեջ, չափազանց մեծ նշանակություն է տալիս կրոնին։ «Կրոնը քաղաքակրթության ամենահզոր գործոններից մեկն է եղել»,― գրել է նա («Հայոց պատմություն», հատոր 1, էջ 63): [Լեո, հատր I, էջ XI]

Պրոֆ․ Լեոն տուրք է տվել այսպես կոչված աշխարհագրական ֆակտորի տեսությանը։ Ունենալով սխալ մեթոդոլոգիական ելակետ, նա գերագնհատում է աշխարհագրական ֆակտորի դերը, հաճախ նրան վերագրելով վճռական նշանակություն հասարակական զարգացման մեջ։ ․․․Լեոն կարծում էր, թե հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքի վրա որոշիչ ազդեցություն է թողել Հայաստանի աշխարհագրական դիրքը» [Լեո, հատր I, էջ XI]։

Այս երկար քաղվածքները նաև նպատակ ունեն բացատրելու խորհրդահայ պատմագիտության սկզբունքները։ 1930-ական թթ․ ձևավորվում են գրականության և արվեստի մեջ «սոցռեալիզմի» սկզբունքները։ Համանման պրոցեսներ էին ընթանում նաև պատմագիտության մեջ, այն ևս ունեցավ իր «սոցռեալիստական» կանոնը։ Մ․ Ներսիսյանի քաղվածքները այդ կանոնի ևս մեկ «կանոնական» շարադրանքն են։

Իր կյանքի վերջին տասնամյակում, խորհրդային տարիներին, Լեոն գրում է մի շարք աշխատություններ, որտեղ նա վերանայում է իր նախկին մոտեցումները և կարծիքները մարքսիստական տեսանկյունից։ Դրանցից են՝  «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Խոջայական կապիտալ» բազմահատորյակը (1934, լույս է տեսել միայն առաջին հատորը), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (2 հատոր, 1934) և այլն։ Հենց այս գործերը դարձան խորհրդային գրաքննության թիրախը և Լեոյի «քաղբանտարկյալ «գրքերը»։ 

Այսինքն, Լեոյի «բուրժուական» մեղքերը ոչինչ էին նրա մարքսիստական մեղքերի հանդեպ։ Ն․ Մկրտչյանը գրում է․ 

«Չնայած այդ բոլորին, Լեոյին այնուամենայնիվ չհաջողվեց ճիշտ ըմբռնել մատերիալիստական֊մարքսիստական պատմահայեցողությունը և նա ընկավ սխալ սկզբունքներ ունեցող Մ․Ն․ Պոկրովսկու պատմագիտական դպրոցի՝ ուղղության ազդեցության տակ, ուղղություն, որ իր ժամանակ իշխող դիրք էր գրավում։ Իսկ այդ այն հետևանքը ունեցավ, որ գիտնականը սովետական գրած իր աշխատություններում ընդհանուր առմամբ գռեհիկ սոցիոլոգիզմի և ազգային նիհիլիզմի դիրքերից լուսաբանեց հայ ժողովրդի պատմության հարցերը։ Բերենք երկու օրինակ։

Հետևելով Մ․Ն․ Պոկրովսկու՝ առևտրային կապիտալի մասին ունեցած վուլգար֊մատերիալիստական տեսությանը, Լեոն գտնում էր, որ «նոր ժամանակներում», այսինքն 16-19―րդ դարերում, ինչպես Եվրոպայում, հասարակական զարգացման հիմնական ուժը եղել է առևտրային կապիտալիզմը»։ [Լեո, հատոր I, էջ XIII]

Ն․ Մկրտչյանի մյուս օրինակը վերաբերվում հայկական ազգային֊ազատագրական շարժումներին․ «Նրա կարծիքով 19֊րդ դարի երկրորդ կեսի ազտագրական շարժումները չէին բխում ժողովրդի շահերից, ինքնաբուխ չէին և ըստ էության հանդիսանում էին «ինտելիգենտական մտածողության արգասիք» ( «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը», հատ․ I, էջ 19) »։ [Լեո, հատոր I, էջ XIII]

Նախ նկատենք, որ 1934 թ․ տպագրված «Խոջայական կապիտալը» տպագրվեց արդեն վերապահումներով։ Խմբագրության ներածությունում ասվում է․ «Պետական Հրատարակչությունը հրատարակելով հանգուցյալ Լեոյի ներկա աշխատաությունը՝ նշում ե, վոր նրա մի շարք դրույթները ճիշտ չեն։ Հատկապես աշխատությսւն մեջ պաշտպանված այն միտքը, թե հայկական կղերական դիվսւնագիտությունը խաբվել ե եվրոպական յեվ մասնավորապես ռուսական դիպլոմացիայից, միանգամայն չի կարող վոչ մի քննադատության դիմանալ։ Սակայն նկատի ունենալով այն ծավալուն նյութը, վոր կուտակված ե այս գրքում, Պետհրատն անհրաժեշտ համարեց լույս ընծայել այն»։ [Ուղղագրությունը պահպանված է]

Սա նշանակում է, որ խորհրդային, այդ թվում խորհրդահայ պատմագրության մեջ տեղի էր ունեցել շրջադարձ, ընդ որում՝ գաղափարական։ 20֊ական թթ․ խորհրդային պատմագրությունը մարքսիստական էր և նիհիլիստական՝ ժխտում էր բուրժուական անցյալը, ապա 30֊ականներին այն «վերակառուցվեց», համաձայն Ստալին֊Կիրով֊Ժդանով եռյակի ցուցումների։

Please follow and like us: