Համբարձում Համբարձումյան/Բուդը

Մինչ Սաքոն նախասրահում  հագնում էր կոշիկներն ու բաճկոնը, հյուրասենյակից ականջին էր հասնում գովազդի ձայնը․ «Ի՞նչ  ամանորյա տոնական սեղան առանց ավանդական խոզի բդի։ Պատվիրեք ձեր սեղանի բուդը մեզ մոտ, և մեր բարձրակարգ մասնագետները տեղական բարձրորակ մսից կպատրաստեն ․․․»։  Հեռուստացույցից հեռու էր, բայց մեկ ամիս շարունակ այնքան էին այդ գովազդը ցուցադրել, որ մտքում գովազդի պատկերաշարն էր պտտվում․ ահա,  սեղանի շուրջը հավաքված ընտանիքը, տանտիկինը բերում է բուդը և դնում է սեղանի կենտրոնում, մյուսները հայացքով ուղեկցում են կարմրացրած բուդը, իսկ հիմա, երբ բուդն արդեն սեղանին է,  ընտանիքի հայրը բարձրանում է նստած տեղից ու ձեռն է վերցնում միս կտրելու, լայն շեղբով դանակը, մսի բարակ շերտով կտրված կտորները ընկնում են ափսեի մեջ․․․

Սաքոն տնից դուրս եկավ ու մտամոլոր քայլեց լեռնային գյուղից քաղաք տանող ճանապարհով։  Քաղաք տանող վերջին «Գազելը» երկու ժամ առաջ էր իջել,  իսկ տաքսուն փող տալ ափսոսեց։  Հույսն այն էր, որ գյուղից քաղաք իջնող մեքենա կլինի ու իրեն կվերցնեն, այլապես տասներկու կիլոմետր ոտքով պիտի գնար։ 

Քայլում էր գյուղի՝ քայքայված ասֆալտով ճանապարհով, իսկ մտքում դեռ կնոջ վերջնական  ու անբեկանելի խոսքն էր․ «Առանց խոզի բդի ետ չգաս»։  Ուրիշ ժամանակ բանի տեղ չէր դնի կնոջ քմահաճույքը, բայց հիմա սա Նոր տարվա սեղանին բուդ ունենալու պարզ քմահաճույք չէր, սա կնոջ համար կարելի է ասել պատվի հարց էր, որովհետև  հունվարի մեկին խնամիներն էին գալու, և եթե սեղանին բուդը չլիներ, կինն իրեն խայտառակված էր զգալու։ Սաքոն կնոջը հասկանում էր, հարուստ ու պաշտոնավոր խնամիների՝ շրջանի դատախազի ու նրա՝ քիթը ցցած կնոջ մոտ նա իրեն առանց այդ էլ ճնշված ու ընկճված էր զգում, իսկ եթե սեղանին ամեն ինչ տեղը-տեղին չլիներ, ավելի էր ընկճվելու։ 

Գրպանում 5000 դրամ էր ու մանր-մունր առևտրի գնացուցակը, որ որպես «բոնուս» վերջին պահին տվել էր կինը, իսկ թե որտեղից էր դեկտեմբերի երեսունմեկին մի ամբողջական խոզի բուդ ճարելու, գաղափար չուներ։ Միակ հույսն այն էր, որ ծանոթ մսավաճառներից մեկը  պարտքով կտա բուդը։  Երբ դեռ մետաղաձուլական գործարանում աշխատանքի չէր ընդունվել և անասնապահությամբ էր զբաղվում, երբեմն անասունների մորթից հետո, եթե գյուղում միսը չէր սպառվում, իջեցնում էր քաղաք ու հանձնում էր մսավաճառներին։ Գրեթե բոլոր մսավաճառների հետ ջերմ, բարեկամական հարաբերություններ ուներ, բայց տարվա վերջին օրը բաց կլինեի՞ն մսի կրպակները, և  արդյոք միս մնացած կլինե՞ր։ 

Այնպես չէ, թե  Սաքոն վերջին օրվան էր թողել բուդն առնելը։ Հարևանի հետ պայմանավորվել  էր, որ երբ խոզը մորթի, մի բուդը պարտքով իրեն վաճառի, բայց քաղաքից եկած մսավաճառները հարևանի խոզը ամբողջական էին առել, տարել ու Սաքոյին կանգնեցրել փաստի առաջ։ 

Հեռվում երևում էր մետաղաձուլական գործարանի՝ երկինք ձգվող հսկա ծխնելույզը, որից արդեն երկու շաբաթ է՝ ծուխ չէր բարձրանում։ Արդեն երկու շաբաթ գործարանը չէր աշխատում, ավելին՝ քաղաքում լուրեր էին տարածվել, որ պղնձի միջազգային գները ընկել են, և գործարանը սնանկացման եզրին է։   Նոյեմբերի վերջն էր, Սաքոն  նոր էր հեռացել մետաղաձուլական հնոցի հալանցքից եւ գնում էր հանդերձարանի կողմ լողանալու ու հագուսը փոխելու, երբ կանչեցին տնօրենի մոտ։ «Էդ ա,-մտածել էր Սաքոն,- նոր տարվա դեմ պրեմիա են տալիս»։  «Պրեմիան» շատ էր պետք, հատկապես հիմա, երբ էդ տեսակ մարդկանց հետ էր խնամիացել, ու ամեն ինչ պետք է տեղը տեղին լիներ։ Բայց հենց որ ներս մտավ տնօրենի մոտ ու տեսավ նրա նամռոտ դեմքը, հասկացավ՝ «պրեմիա» չի լինելու։  Տնօրենը շատ չերկարացրեց, կարճ ու կոնկրետ հայտնեց, որ գործարանում կրճատումներ են գնում, ու Սաքոն ընկել է կրճատումների տակ, որովհետև պահում են ավելի մեծ ստաժ ունեցող աշխատողներին։ 

Տոնական տրամադրությունը չփչացնելու համար Սաքոն աշխատանքից ազատման մասին չասաց կնոջն ու աղջկան՝ Գոհարին, մտածեց, որ ավելի լավ կլինի տոներից հետո հայտնի լուրը, գուցե մինչ այդ ինչ-որ աշխատանք էլ գտնի։  Բայց քանի որ գործարանի փակվելուն դեռ  երկու շաբաթ էլ կար, Սաքոն գաղտնիքը պահելու համար ամեն առավոտ գյուղից իջնում էր քաղաք, մինչև երեկո քաղաքում ժամանակ սպանում, մինչև տուն գնալու ժամը կգար։ Էդ ընթացքում քաղաքում պտտվում էր, աշխատանքի մասին հարցուփորձ անում, բայց  գործարանի ու խոպանի պահած քաղաքում ուրիշ աշխատանք չէր ճարվում։  Մի երկու տեղ սևագործ բանվորի գործ կար, բայց փողն այնքան քիչ էր, որ ավելի ձեռնտու կլիներ՝ գուղում անասուն պահեր։  Աշխատանքի փնտրտուքը հազիվ օրվա առաջին կեսն էր լցնում, հետո Սաքոն գնում էր «Վերայի» վետերոկը ու մինչև երեկո խմում էր, աշխատանք գտնելու փոխարեն վերջին աշխատավարձի մնացորդներն էր մսխում։ 

Մտքերով տարված ինքն էլ չնկատեց, թե ոնց իջավ, հասավ մայրուղի։  Դուրս եկավ մայրուղուց, մի փոքր ցած իջավ, նստեց գետի ափին ու ականջը Դեբեդի խշշոցին՝ ծխեց։ Մտածեց, թե ինչքան արագ անցավ կյանքը․ ասես երեկ էր, որ գյուղի տղերքով իջնում էին գետի ափ լողանալու կամ ձուկ բռնելու, իսկ հիմա իր աղջիկն արդեն դպրոցն ավարտել ու ամուսնանում է։ Մեկ-երկու տարուց գուցե արդեն պապ էլ դառնա։ Դեմքին ծուռ ժպիտ հայտնվեց՝ իրենից ի՞նչ պապ։ 

Քայլում էր, կողքից սվվալով մեքենաներ էին անցնում, բայց Սաքոն ձեռքը չէր տնկում․ եթե ծանոթ մարդ լինի, կկանգնի, կվերցնի։ Կողքով մի «շիսսոտ» անցավ ու արգելակեց, բայց արագությունը այնքան մեծ էր, որ բավականին հեռու կանգնեց։ Սաքոն նայեց, տեսավ դասարցնու՝ գլուխգովան Արմոյի մեքենան է։ Մտքում որոշեց, որ բդի մասին ոչինչ չի ասի, որովհետև Արմոյի քմծիծաղն ու հեգնանքը կանխատեսելի էին։ Ամբողջ գյուղում խոսք ու ծիծաղի թեմա կդարձներ․ «Խալխը  քաղաքից ա գյուղ գալիս միս առնելու, Սաքոն դեկտեմբերի 31-ին քաղաք ա գնում բուդ առնելու»։  Կարող էր մեքենան ետ տալ, բայց չէ, սպասեց մինչև Սաքոն քայլելով հասնի մեքենային ու նստի։

– Էս ո՞ւր ես գնում նոր տարի օրով։ Չլինի՞ պակաս-պռատ բան կա,- հարցրեց Արմոն։

– Քեզ էլ բարև,- խոսքը շուռ տվեց Սաքոն,- մի հարցնող լինի՝ դո՞ւ ուր ես գնում։

– «Չենջում» գործ ունեմ։ Փողը դոլար տեմ շինի, ապրանք կա առնելու։

Արմոն հավանաբար սպասում էր, որ ինքը հարցեր տա, որ մանրամասնի, թե ինչի համար է փողը, ճոխացրած պատմի իր հաջողությունների մասին, բայց Սաքոն էդ հնարավորությունը չընձեռեց։ Դպրոցում Արմոն իրենից վատ էր սովորում, բայց դպրոցն ավարտելուց հետո ինքը  ընդունվեց գործարանում աշխատելու, իսկ Արմոն հոր փողերի ու կապերի շնորհիվ Երևանում սովորեց, հետո եկավ, այն ժամանակ, երբ բոլորը իրենց անասուններին մորթում էին,  անասնաֆերմա հիմնեց, քիչ-քիչ չունևոր համագյուղացիների անասուններն ու խոտհարքերը գնեց, իսկ էսօր նրանցից մի քնիսը Արմոյի մոտ էին աշխատում չնչին աշխատավարձով։ 

– Լսել եմ՝ դատախազի հետ ես խնամիանում։ 

– Հա,- որքան հնարավոր է անտարբեր ասաց Սաքոն։ Միայն էդ էր պակաս, որ իրեն հարգեն նրա համար, որ դատախազի խնամին է դարձել։ 

– Ապրես, լավ տեղ ամուսնացրիր աղջկադ։

«Էդ ա, մենք էլ քո հավանությանն էինք սպասում»,- մտածեց Սաքոն, բայց ոչինչ չասաց, որովհետև Արմոյի ձայնի մեջ դառնություն զգաց։ Արմոյի աղջիկը Երևանից ինչ-որ մեկի հետ էր նշանվել, հետո ամուսնությունը ինչ-որ պատճառով չէր ստացվել, և Սաքոն չուզեց ցավող տեղին սեղմի։ Լավն էն էր, որ Արմոն մինչև քաղաք հասնելը լռեց։ 

– Ուրախ նոր տարի,- շուկայում իջնելիս ասաց Սաքոն։

– Քեզ էլ, թող հաջող տարի լինի։ 

Շուկան սակավամարդ էր, նախատոնական աշխուժությունից բան չէր մնացել։  Գյուղերից իրենց ապրանքը շուկա բերած գյուղացիներն արդեն վերադարձել էին, վերավաճառողներն էլ հավաքում էին ապրանքը կամ վերջին հաճախորդներին սպասարկում, որ հետո հավաքեն։  

Մսի խանութների մեծ մասի դռներն արդեն փակ էին։ Երկու բաց խանութներից մեկում միսն ընդհանրապես վերջացել էր, մյուսում էլ բուդ չկար։ Ծանոթ խանութպանը սպասում էր, որ գան, վերցնեն պատվիրած միսը, ու խանութը փակի։ 

– Բուդը դեռ երեկ ա հատել, Սաքո ջան։ Գոնե երեկ առավոտյան զանգեիր, քեզ համար մինը կպահեի։

Սաքոն մսի խանութից դուրս եկավ, ու քայլերը տարան շուկայի անկյունում գործող «վետերոկը», որի դռան վերևում թեև երկու լեզվով՝ հայերեն ու ռուսերեն գրված էր «Բիստրո», սակայն հաճախորդները գիտեին «Վերայի Վետերոկ» անունով։  Իսկ հաճախորդները հիմնականում գործարանի բանվորներն էին ու շուկայի աշխատողները, որոնք օրվա վերջում  մի քանի բաժակ տնական օղիով նշում էին հաջող առևտուրը կամ հոգնածությունը թոթափում։

Հենց որ ներս մտավ, խոհանոցի ճենճահոտն ու ծխի հոտը խփեցին քթին։ Ամեն անգամվա պես ինքն իր վրա զարմացավ․ տանը եթե ուտելիքի համն ու հոտը դուրը չգան, չի ուտի, իսկ այստեղ արագ սովորում է ճենճահոտին ու ախորժակով ուտում։ Դժվարը առաջին մեկ-երկու բաժակն են, հետո և անորակ օղին է ջրի պես գնում, և վառված ձեթի մեջ տապակված կոտլետներն են ախորժակով ուտվում։ 

Մուտքի մոտ մի քանի առևտրականներ էին օղի խմում, իսկ անկյունի իրենց սեղանի մոտ նստած էր «վետորոկի» մշտական հաճախորդը՝  Գագոն, որի հետ վերջին երկու շաբաթների ընթացքում Սաքոն մտերմացել էր։ Գագոն արհեստավոր էր ու սևագործ բանվոր, ինչ գործ պատահեր, դա էլ անում էր։  Գործարանից դուրս գալուց հետո քաղաքում գործ փնտրելու ու ժամանակ սպանելու արանքում Սաքոն հասցրել էր Գագոյի հետ մի քանի սևագործ աշխատանք կատարել՝ կանալիզացիայի խողովակների համար խրամատ փորել, ջրի մետաղապլաստե խողովակները մոնտաժել։  Հետո եկել էին Վերայի վետերոկն ու աշխատած փողը խմել էին։  

-Էս ո՞ւր ես,-ասաց Գագոն, երբ Սաքոն մոտեցավ ու նստեց նրա դիմաց, ասես պայմանավորվել էին հանդիպել, ու Սաքոն ուշացել էր։  

Վերայի աղջիկը՝ Անժոն, որ մոր մահից հետո ժառանգել էր նրա գործը, անմիջապես երկրորդ բաժակը բերեց ու գնաց կոտլետ տապակելու, որովհետև արդեն գիտեր, որ Սաքոն երկու կոտլետ է ուզելու։ Գագոն վճռական ու գործնական շարժումով ձեռքը վերցրեց տնական օղու շիշը ու լցրեց։ 

– Թութ ա՞,- հարցրեց Սաքոն՝ մտածելով, որ տոնական օրը Գագոն ավելի թանկ ու որակյալ թթի օղին է վերցրել։ 

-Մեկ չի՞,- ասաց Գագոն, նրա համար մեծ տարբերություն չկար, թե ինչ օր է, եթե կարելի է ավելի էժան և հետևաբար ավելի շատ խմել, ուրեմն ինչի՞ թանկ օղին վերցնել։ 

Մի ժամ հետո, երբ բավականաչափ խմել էին անկեղծության համար, Սաքոն պատմեց իր «ցավը», որ ահա,  խնամիները իր տուն պետք  է գան, սեղանը անթերի պիտի լինի, որ կինը իրեն վատ չզգա և նա իրեն  խոզի բուդ առնելու է ուղարկել, իսկ քաղաքում բուդ չկա։ Գագոն կարեկցանքով լսեց ընկերոջը ու հանկարծ հիշեց, որ հիվանդ, անկողնային մորը հարցրել է, թե ինչ կուզի, ու մայրը խորոված է ուզել։ Էդ պահին Գագոն մտածել էր, որ հիվանդ,  անատամ մայրը ո՞նց պիտի խորովածի միսը ուտի, իսկ օրվա ընթացքում մոռացել էր մոր պատվերի մասին։ 

– Մենք ի՞նչ տղամարդ ենք,- ասաց Գագոն,- որ մեր հարազատներին զուրկ  թողենք։ Որ քարի տակից էլ լինի, ճարիլ տենք։  

Հետո Գագոն պատմեց, որ քաղաքի վերջում, ձորի գլխին մի մեկուսի տուն կա, տարիքով մարդիկ են ապրում, որոնք գոջիներ ունեն։  Եթե նրանց  տանը մի բան է փչանում՝ ջրի խողովակներն են ցրտից տրաքում, հոսանքի հետ կապված խնդիր է լինում, իրեն են կանչում սարքելու ու ինքը հիմնականում փող չի վերցնում նրանցից՝ մտածելով, որ ծեր, իր մոր տարիքի մարդիկ են․ եթե իրենց գլուխը կարողանում են պահել, արդեն լավ է։ 

– Եթե նրանցից գոջի ուզեմ, չեն մերժի, կծախեն,- պատմությունը եզրափակեց Գագոն։ 

Գրպանների պարունակությունը շրջեցին սեղանին, պարզվեց երկուսով միասին 11 հազար դրամ ունեն, երեք կիլո մսի փող, որով ոչ մի կերպ չեն կարող գոջի գնել, ու դեռ վետրոկի կերած խմածն էլ պետք ա փակեին։ 

– Բա ի՞նչ տենք անի,- հուսահատվեց Սաքոն։

– Բան չկա, հետո կտանք։

– Բայց  կտա՞ն։

– Չէ,-ծպացրեց Գագոն,- չեն տա, բայց բան չկա, կվերցնենք, հետո փողը կտանք, ուրիշ մարդիկ չեն։

– Գողանա՞նք,- հանկարծ գլխի ընկավ Սաքոն։

– Պարտք վերցնենք։ Չի՞ եղել, որ գնաս հարևանիդ դռանից գործիքը վերցնես, գործդ անես, ետ տանես։ Սկի իրան չհարցնես էլ։ Այ էդպես էլ գոջին՝ կվերցնենք, հետո նոր տարվանից եդը փողը կտանք։

– Հա, էլի,- համոզվեց Սաքոն։

Երբ տաք «վետերոկից» դուրս եկան, ու սառը քամին խփեց Սաքոյի դեմքին, Գագոյի փառահեղ գաղափարը սկսեց պակաս «հանճարեղ» թվալ։ Բայց դատարկաձեռն տուն վերադառնալու հեռանկարը այնքան մռայլ գույներով էր պատկերվում  գլխում, որ  Գագոյի արկածախնդրությունը իրավիճակից միակ ելքն էր թվում։ Մինչև  այն պահը, երբ կինը հիշեցրել էր բդի բացակայության մասին ու պատվիրել էր հարևանից բերել, Սաքոն  բդի բացակայությունը մանրուք էր համարել, բայց հիմա, հատկապես տնական օղու այդ ահռելի քանակությունը ներս տալուց հետո նրան թվում էր, որ բուդը ճարելուց է կախված իր արժանապատվությունը, արժանի հայր ու ամուսին լինել-չլինելը։  

Հիշեց խնամախոսության օրը, թե ինչպես էին խնամիները քիթները ցից պահում, իսկ կինը  փորձում էր իրենց բոլոր «թերությունները» արդարացնել․ «Սաքոն ժամանակ չի գտնում, որ տունը նորոգենք, անընդհատ էսօր էգուց է անում։  Ասում եմ՝ մի լավ մեքենա առնենք, բայց Սաքոն վարել չի սիրում»։  Ասես հյուրերի հարցը կանխելու համար, կինը ինքն էր բոլոր «թերությունները» մատնանշում։ Ոնց չէր սիրում կնոջ բնավարության այդ գիծը՝ խեղճությունը, անինքնավստահությունը, որով իրեն էլ էր վարակում։  Պատկերացրեց, թե ինչ է վաղը ասելու կինը, եթե դատարկաձեռն վերադառնա․ «Սաքոյին դեռ երկու շաբաթ առաջ էի ասել, որ բուդը առնի, հարևանի հետ էր պայմանավորվել, էն էլ․․․»։  

Մթնել էր։ Չնայած օրը տոնական էր, բայց քաղաքի ծայրամասը տանող ճանապարհը լուսավորված չէր։ Սաքոն մտածեց, որ դա իրենց օգտին է, թե չէ հետ գալիս փողոցով անցնող մեքենաները կարող էին իրենց նկատել ու հետո ամբողջ քաղաքով խայտառակ կլինեին։ Այդ միտքը նրան տհաճություն պատճառեց․  եթե բռնվելու վախը կար, ուրեմն այնուամենայնիվ գողություն էին անում։

Փոքրիկ գոմը տնից մոտ քսան մետր հեռու էր կառուցված։  Չնայած մութ էր և բակում կիսախավար էր, Սաքոն նկատեց, թե ինչքան կոկիկ էր բակը։ Տան դիմաց տաք եղանակին նստելու թիկնաթոռներ էին դրված, որոնք ծածկի տակ էին, դիմացը ծաղկանոց էր, անկյունում՝ գյուղատնտեսական գործիքների պահարանը։ Ծառերը իրարից հավասար հեռավորության վրա էին, բների շուրջը խնամված էր ու փոս էր արված։ Սաքոն առաջին անգամ զգաց, որ իրական մարդկանցից են գողանալու գոջին, պատկերացրեց ծերուկներին, պառավը՝ նիհար, ծաղկավոր խալաթով, մի փոքր կռացած, բիձեն՝ կաղացող ոտքով, սովետի տարիներից մնացած մաշված պիջակով, մուգ կապույտ վերնաշապիկով, կեպին գլխին։ Հանկարծ գիտակցեց, որ մահացած հոր ու մոր նմանությամբ է նրանց պատկերացնում։ Որքան էին վաղը վշտանալու գոջու համար, գուցե նույնիսկ չկասկածեին, որ գողացել են, եզրակացնեին, թե իրենք են անփույթ եղել, մեղադրեին իրենց, որ մոռացել են գոջին «տուն անել», գնացել է, շան բաժին է դարձել։ Գոջին գողանալու հաստատակամությունը մի պահ սասանվեց, բայց կնոջ արժանապատվությունն ու աղջկա երջանկությունն ավելի կարևոր էին, քան իր խղճի խայթը։ 

Դուռը բացելու հետ խոզերը ճղճղոցը գցեցին։ Գոմի ներսում նույնպես ամեն ինչ կոկիկ ու մաքուր էր։ Լավ էր, որ մերունը գոջիներից առանձին էր, հակառակ դեպքում կարող էր վնասել։ Մինչ Գագոն փորձում էր գոջիներից մեկին բռնել, մերունը այնպես էր ճվաղում, ասես քոռ դանակով մորթում էին։  Գագոն վերջապես բռնեց գոջիներից մեկին ու գրկելով քայլեց դեպի դուռը, այնքան ինքնավստահ, ասես տիրոջը հենց նոր էին գումարը տվել ու իրենց արածը գողություն չի։ Սաքոն քայլեց նրա հետևից, բայց երբ դուրս եկան ու դուռը փակեցին, Գագոն, որ մինչ այդ երկու ձեռով էր գրկել, մի ձեռքով գրկեց գոջին ու մյուսով սկսեց գրպանը տնտղել։ Գրպանց հանեց մոտն եղած ամբողջ գումարը, ու մեկնեց Սաքոյին։

-Ըտի դի ,- ասաց,- մնացածը հետո։

Փաստորեն Գագոն դեռ հավատում էր իրենց հորինած խաղին, թե գողություն չեն անում, պարտքով են  գոջին վերցնում, բայց Սաքոն այնքան հարբած չէր, որ չգիտակցեր՝ վաղը  սթափվելու են, իրենց արածի համար զղջան, և այս արկածը ամոթի կամ գլուխ գովալու առիթ է լինելու, բայց չեն համարձակվելու գալ ու փողը տալ։ Սաքոն Գագոյի փողին իր մոտ եղածն էլ ավելացրեց ու գումարը դրեց պատուհանագոգին, վրան էլ մի քար, որ քամին չքշի։ Ճանապարհին, երբ ոտքի կածանով իջնում էին դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհը, Սաքոն մտածեց, որ պետք է տուն գնալու համար մի հազարանոց պահեր, բայց հետո որոշեց, որ ճիշտ է վարվել, տաքսու փողը կնոջից կվերցնի։ Մի տեսակ լավ զգաց էն մտքից, որ փող են թողել, ծերուկները վերջին տականքը չեն համարի իրենց։ «Գյոթվերան են,- կասի բիձեն,-բայց մեջները մի քիչ մարդկություն ա մնացել»։

Գոջին Գագոյի գրկում ճղճղում էր։  Գագոն խոսելով, փաղաքշելով փորձում էր հանգստացնել՝ «զրույցը» գոյաբանական ոլորտներ տեղափոխվելով։

– Ի՞նչ արած,-ասում էր Գագոն,- ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը։ Էդ տեսակ  բան ա կյանքը ։  Գալիս ես աշխարհ, գոմում կոմբիկեր ես ուտում, քաքում ես,  հետո մեռնում ես։ Դու հպարտ էղի, որ կյանքդ անիմաստ չի անցնելու,  լավ մարդկանց սեղանի զարդն ես լինելու։ 

Ճանապարհին հասնելուց հետո Գագոն Սաքոյի գիրկը տվեց գոջին, որ մի քիչ էլ նա տանի։ Սաքոն, որ մինչ այդ Գագոյի քայլքին համապատասխան էր քայլում, արագացրեց քայլերը, որովհետև արագ պետք էր դուրս գալ ճանապարհից։ Մեքենաները վզզալով անցնում էին նրանց մոտով։ Քայլելուց հոգնած Գագոն ձեռքը տնկում էր, անցնող մեքենաներին կանգնեցնում, իսկ երբ նրանք Սաքոյի գրկի «ուղևորին» տեսնելով չէին կանգնում, պարտադիր հայհոյում էր անմարդկային ու անխիղճ լինելու համար։  Մի մեքենա  այնուամենայնիվ կանգնեց՝ քաղաքի ոստիկանապետի տեղակալի ծառայողական մեքենան, ղեկին էլ՝ հենց ինքը։

– Էս ո՞ւր եք գնում,-հարցրեց տեղակալը՝ դռան ապակին իջեցնելով։ 

– Շուկայի մոտ,- ասաց Գոգոն։

– Բա գրկինդ ի՞նչ ա։

Գագոյին հարցը զվարճալի թվաց։ 

– Գոջի ա, չես տեսնո՞ւմ,-ծիծաղեց Գագոն։ 

– Նստեք, տանեմ ։

Սաքոն չհասցրեց հրաժարվել, Գագոն դուռը բացեց ու վարորդի կողքի նստատեղին նստեց։ Դա այնքան շփոթեցրեց Սաքոյին, որ քիչ մնաց գոջին գրկին նստի, և եթե ոտիկանապետը չկանգնեցներ, չասեր, որ բեռնախցիկի մեջ դնի,  հենց այդպես էլ կվարվեր։ 

– Տեսնում եմ,- ուշացած պատասխանեց ոստիկանապետի տեղակալը,– ասում եմ էս մթնով գոջին ի՞նչ եք անելու։ 

– Կեսը խորոված, կեսն էլ՝ փռի մեջ ա դնելու Սաքոն, վաղը խնամիներն են տուն գալու։

Ճանապարհին Սաքոն դեռ հույս ուներ, որ ոստիկանապետը իրենց շուկայի մոտ կիջեցնի, բայց մեքենան ոտիկանության շենքի մոտ կանգնեց։  Հետո տեղակալը նրանց  հրավիրեց իր սենյակ բացատրություն լսելու։  Արդեն սենյակում, երբ Գագոն պատմում էր, թե ոնց են վետերոկում խմել ու որոշել գոջին պարտք անել, նա  բավականին զվարճացավ Գագոյի պատմության վրա։   

Բանտախցում, մինչ Գագոն պառկել էր ու ննջում էր, Սաքոն մտքում պատկերացնում էր, թե ինչ հետևանք կարող է ունենալ իր արարքը։ Վաղը առավոտյան ընտանիքը, ամբողջ գյուղը, խնամիները կիմանային, որ ինքը բռնվել է գոջի գողանալու համար։  Իսկ որ ամենավատն է, հնարավոր է, որ ընտանիքի անդամները խնդրեն դատախազին, որ իր կապերի միջոցով ազատի իրեն կալանքից։ Եվ եթե ․խնամին այդպես վարվի, ամբողջ կյանքում իրենց ողջ ընտանիքը պարտական է լինելու նրանց, ինքը դեռ ոչինչ, աղջիկն է պարտական լինելու։ Առանց այն էլ սոցիալական դիրքի տարբերությունը կար, իսկ հիմա սա ավելի անինքնավստահ է դարձնելու կնոջը, պարտական է դարձնելու իրեն, խեղճացնելու է աղջկան։ Ինքը՝ Սաքոն իր մտքում մեղադրում էր հորը խեղճության համար, բայց հայրը գոնե այսպիսի ամոթալի վիճակում չէր դրել իրեն։ Կարող էր և ավելի վատ լինել, եթե պարզվեր, որ խնամիները գոռոզ լինելուց զատ նաև հիմար մարդիկ էին, եթե աղջկա նշանը հետ տային, աղջկա բախտի վրա քար կգցեր, կդժբախտացներ աղջկան։ Ո՞նց էր հետո կարողանալու դրա հետ ապրել։

Վանդակաճաղ դռան կողպեքի մեջ պտտվող բանալու չխկոցը կտրեց Սաքոյի մտքի  սարդոստայնը։  Դռան առջև կանգնած երիտասարդ, կլոր երեսով ոստիկանի ժպիտը հուսադրող էր, ասես նա ինչ-որ լավ բանի մասին գիտեր, որ իրենց չէր ասում։ Բայց ի՞նչ լավ բան կարող էր իրենց սպասվել։ Սաքոն մտածեց, որ հավանաբար քմծիծաղն է հուսադրող համարել։

– Վեր կացեք,- ասաց ոստիկանը,- պետը ձեզ է սպասում։ 

Սաքոն մոտեցավ ու բզեց Գագոյին, որին ոստիկանի ձայնը չէր արթնացրել։ Գագոն մի կերպ արթնացավ ու փնթփնթալով քայլեց։

Միջանցքի լույսերը ու ոստիկանական շենքի դատարկությունը բոլորովին էլ ամանորյա տրամադրություն չէին փոխանցում, այլ ճիշտ հակառակը, ավելի էին համոզում, որ սխալ է կարդացել ոստիկանի ժպիտը։ 

Ոստիկանապետի տեղակալը մի լավության համար մաղարիչ բերված կոնյակն էր կոնծում, երբ ներս մտան։ Շիշն արդեն կես էր ընկած և երևում էր, որ տրամադրությունը բարձր է։ 

-Հը՛, գոջու գողեր, օյաղացա՞ք։

Գագոն ուզում էր առարկել, որ իրենք գող չեն, որ փողի մի մասը թողել են, մյուս մասն էլ առավոտն էին բերելու, բայց ոստիկանապետը ձեռքի շարժումով արգելեց խոսել ու շարունակեց։

– Չեք էլ ամաչում, ձեր հոր տարիքի մարդիկ են, մտնում եք, առանց ասելու գոջին տանում եք։ Եթե ինձ մնար, ձեզ տուն կանեի մի երեք տարով, բայց տուժածները հաստատել են, որ քեզ ճանաչում են, որ պատուհանագոգին փող եք թողել, չեն ուզում բողոքել։

– Բա որ ասում էի,- ասաց Գագոն։

– Շնորհակալ եղեք էդ մարդկանց,  տոնական օրը չուզեցին բողոք ներկայացնել։ Հիմա ազատ եք, գնացեք։ 

– Մաթոսյան, ջան, բա նոր տարին չե՞նք շնորհավորելու,- աչքը կոնյակի շշին՝ ասաց Գագոն։

-Դուս կորեք,- լկտիությունը գնահատելով ժպտաց Մաթոսյանը։ 

– Քեզանից շատ գոհ ենք,-դուրս գալիս ասաց Գագոն, որովհետև, եթե ոտիկանապետի տեղակալը ուզենար իրենց նստացնել, կարևոր չէր լինելու բողոք կա, թե չկա։

– Սպասեք,- ասաց տեղակալը,- գոջին դեռ  մեքենայում  ա, ոնց  գողացել եք, էդպես էլ տարեք վերադարձրեք։ 

Գոջին գրկած քայլում էին զառիվեր, ոլորապտույտ ճանապարհով։ Սաքոն արդեն սթափվել էր,  բայց Գագոն դեռ հարբած էր։ Վերևից  երաժիշտների մի խումբ էր իջնում՝ ուրախ պարեղանակ նվագելով։  Երբ խումբը նրանց հավասարվեց, Գագոն սկսեց ոգևորված տռճիկ տալ, գոջին նրա գրկում բարձր ճվաղեց։  Սաքոն չհասցրեց զգուշացնել, գոջին Գագոյի գրկից դուրս պոկվեց ու ճղճղալով փախավ։  Սաքոն ու Գագոն ետևից վազեցին, որ բռնեն, բայց գոջին ձոր իջնող կածանով ցած սլացավ ու կորավ մթության մեջ։ 

Մինչ Գագոն շարունակում էր փնտրտուքը փաղաքշորեն իր մոտ կանչելով գոջուն, Սաքոն նստեց ճամփեզրի բորդյուրին ու մի ծխախոտ վառեց։ Երաժիշտները բավականին հեռացել էին, բայց գիշերային լռության մեջ դեռ թնդում էր նրանց զուռնա-դհոլի ձայնը։ 

Please follow and like us: