Ալինա Հովհաննիսյան/Ընդմիշտ Guest

*

Կրտսեր քրոջս սիրած գույնը կարմիրն էր։ Սալիկապատ, գեղեցիկ բաղնիքում, կախիչի ոսկեգույն, վրան քրոջս անունը փորագրած օղակից միշտ կարմիր սրբիչ էր կախված։ Կարմիր, վրան փոքրիկ, դեղին խատուտիկներ ։ Մյուս քույրիկիս սրբիչները վարդագույն էին։ Երրորդ կախիչի վրա գրված էր՝ MAMA. Մաման իրենցն էր, ոսկեգույն օղակներից կախված սրբիչների նման՝ միայն իրենցը, անձնական։ Նրա սրբիչները բաց երկնագույն էին, իսկ չորրորդ՝ PAPA օղակից կախված սրբիչները մուգ կապույտ էին։ PAPAN միայն քույրերինս չէր, մի քիչ էլ իմն էր. երբեմն՝ շաբաթ – կիրակի օրերին, երբեմն՝ դպրոցական արձակուրդներին՝ երկու- երեք օրով։ Կախիչին հինգերորդ օղակ էլ կար՝ GUEST . մի քիչ իմը՝ ճիշտ հորս նման։ Հինգերորդ օղակից ՝ ճերմակ, վրան անմոռուկներ ասեղնագործած, շա՜տ գեղեցիկ սրբիչ էր լինում կախված ՝ բուրավե՜տ։ Այնպես բուրավետ, ինչպես երեկոյան, հյուրասենյակի փափուկ բազմոցի վրա ինձ համար բացված անկողինը ՝ սպիտակ, օսլայած , խշխշան սավաններով ։ Ու այդ մեկ-երկու գիշերը բավարար էր, որ ես սարսափելի կարոտեի Ի՛Մ տան՝ տատիս կիսամաշ, անանուն մեխերից կախված սրբիչները, գունաթափ սավաններով անկողինը…

Ինչու ՞ հիշեցի…

Կարոտու՜մ եմ քեզ, տու՜նս… Ես, այս շքեղ ու հարուստ երկրում ՝ ընդմիշտ Guest-ս…

Շա՜տ եմ կարոտում …

*

Այնտեղից, ուր մենք երջանիկ էինք, դուրս եկանք, ինչպես տանից դուրս կգան՝ կարճ ժամանակից վերադառնալու մտադրությամբ։ Դռան հետևում մնացին մեր հնամաշ հողաթափերը, աթոռի թիկնակին՝ բրդե սվիտերը, պատուհանի գոգին՝ վարդագույն փիփերթի թաղարը (ո՞վ կջրի)։ Այնտեղ, ուր մենք երջանիկ էինք, թռչունները շա՜ տ բարձրում էին թռչում ու նարնջաոսկեգույն երկինքը սիրում էր իր անհոգ թռչուններին… Իսկ թռչել չկարողացողների համար այնտեղ երկինքը ցած իջնելու սովորություն ուներ… Ու ամեն բան հավերժ էր թվում ՝ լավաշաբույր լուսաբացը, գիշերը թաքուն տեղացած ձյունը, ամառային գիշերների ծղրիդահամերգը, ձեռք պարզելու չափ մոտ բյուրեղապակե աստղերը, նոյեմբերյան խաշամածուխը, հայելու առաջ ինքն իրեն լեզու հանող, ստվարաթղթե թագով, գզգզված փոքրիկ արքայադուստրը…

Այնտեղից, ուր մենք երջանիկ էինք, մենք դուրս եկանք, ինչպես տանից դուրս կգան՝ առանց իմանալու, որ վերադարձ չի լինելու… Ու հիմա ծերացած ժամանակի վրա գույնզգույն զարդեր ենք կախում, ինչպես մեր խայտաբղետ թաշկինակներն էինք կապում ցանկությունների ծառի ճյուղին ու երազանք պահում…

Ո՞ր քամին պոկեց մեր թաշկինակները, ու՞ ր քշեց…

Զարդարված ծեր ժամանակն ավելի ու ավելի է նմանվում կնճիռները թաքցնել ցանկացող ծեր պչրուհու …

Այնտեղ, ուր մենք երջանիկ էինք, շիրիմներն անծաղիկ են մնում …

*

Ամբողջ աշուն, խաղողի թառմայի՝ պատշգամբի վրա կախված ճյուղին այդպես էլ չքաղված մնաց մի քանի տակ թանձիֆով կապված ճութը ։ Ամենագեղեցիկ ու ոսկեշող ճութը …

– Մեռնեմ կյանքիդ, բալես, գաս, բարով-խերով, քո ձեռքով քաղես,- աղոթքի պես շշնջացել էր մայրը ՝ ճութը թանձիֆով կապելիս…

Մինչև խաղողաքաղ պիտի վերադառնար որդին։ Ամբողջ աշուն մնաց թանձիֆե տոպրակը ճյուղին… Մնաց ամբողջ ձմեռ։ Մառանի առաստաղից բազմաճյուղ փայտե կախաններով խաղողը մինչև գարուն քիչ-քիչ իջեցվեց… Մնացած խաղողից՝ որդու վերադարձին խմելու համար թորած օղին լուռ, անկենաց խմվեց։ Խմվեց ցավազրկող դեղի նման. գիտես, ոչինչ չի բուժի, բայց մի քանի ժամ անցավ ապրելու պատրանք կտա։

Գարնանը հայրը, դողացող ձեռքով, պոկեց տոպրակի մեջ ցամաքած -ցրտահարված ճութը. վազը պիտի բերք տար։ Լուռ արտասվեցին ՝ հայրը, էտված ճյուղը…

Հաջորդ աշնանը նորից թառման ճկվել էր ոսկեշող ողկույզների առատությունից ։ Մայրը նորից ընտրեց ամենախոշոր ճութը, նորից գորովանքով փաթաթեց թանձիֆի մեջ։ Այդ տարի օղին լուռ չխմեցին. կենաց կար, նորածին զավակի կենացը… Կյանքը շարունակվում էր։

Շարունակվում էր կյանքը … Բայց միշտ, ամեն տարի, ամենագեղեցիկ ողկույզը մնում էր մինչև գարուն անքաղ. սպասման ու հույսի ողկույզը …

*

Օրեր են՝ անիվի տակ ընկած ճնճղուկի նման փետրաթափ ու անթռիչք։ Քնելուց առաջ կհանես դիմակդ , մի կարճ հայացք կձգես հայելուն՝ սեփական դեմքդ չմոռանալու համար։ Կարոտը սուր ածելու պես նորից կտոր-կտոր կանի հոգիդ։ Ճակատամարտն ինքդ քեզ հետ այդպես էլ չես կարողանա գոնե մի գիշեր ոչ ոքի ավարտել։

Առավոտյան իրար վրա կբերես հոգիդ, կկարկատես ու դուրս կգաս տանից, քո՝ երկար ժամանակ ցածր առաստաղով տանն ապրածի երկտակված քայլվածքով. ուրիշի՛ տանն ապրողի, ուրիշի՛ հողին, ուր թափածդ արցունքի ոչ մի կաթիլից կուժկոտրուկ չի աճել։

Քնելուց առաջ ականջիդ քո՝ կարմիր կուժկոտրուկների առատությունից տնքացող հողի հառաչանքն է լինելու…

Վերադառնալու ես մի օր այնտեղ, գիտես, բայց անառակ որդու վերադարձը չի լինի գալդ. ոչ պատմուճան ու կոշիկ հագցնող կլինի, ոչ մատիդ մատանի դնող, ոչ էլ եզ մորթող։

Ուշացա՜ծ կլինես, ուշացա՜ծ…

Քեզ խոտածածկ շիրիմներ կդիմավորեն ու հոգիդ կմղկատա, որ շիրիմներն էլ, ճիշտ մարդու նման, անտերությունից կարող են կուչ գալ, խեղճանալ։ Բերածդ վարդերն այդ խեղճության մեջ այնքան տարօրինակ ու անիմաստ կթվան…

Հին ժամանակների սովորությամբ մի երեքնուկ կպոկես, բայց չի լինի մեկը, ում սիրել-չսիրելը իմանալ ուզես…

Ապրու՞մ եմ-չե՞մ ապրում ՝ կհարցնես։

Ապրել եմ, չե՞մ ապրել…

Մանկությանդ տունը, թափված ծեփերի հետ հիշողությունն էլ կորցրած, չի ճանաչի քեզ։

Ճանապարհները ջնջած կլինեն քո ոտնահետքերը, մատուռը վաղուց մոռացած կլինի վառածդ բոլոր մոմերը ու չես իմանա՝ ումից ապրելու իրավունք խնդրես։

Մի օր կվերադառնանք, ասում ենք քնելուց առաջ, մոռանալով, որ առավոտը խոստացված չէ ոչ մեկիս …

Please follow and like us: