Թումանյանի դժոխքները․Մարոն/Վարդան Ջալոյան

Թումանյանը իր «Մարոյի» մասին գրում է․

Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի: 

Դե, ով չգիտի այս պատմությունը։ Այն բռնության մասին է։ Այնպես չէ, թե բռնություն չկար կամ քիչ ու արտառոց էր, բռնությունը սովորական բան էր․

Ո՛րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՛լ…

Թումանյանը ծեծել է Մարոյին։ Պոեմը այլ բանի մասին է։

Թումանյանը կարծես զգուշացնում է․ այս պոեմը ֆիզիկական բռնության մասին չէ, այլ ․․․

Հայտնվում է ողբերգության մեղավորը՝ չոբան Կարոն․

— Կամքըդ լինի, տեր աստված…
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:

Բայց Թումանյանի մոտ ․․․ չոբան Կարոն դրական կերպար է․

Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
— Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր…

Նահապետական կոպիտ աշխարհում չոբան Կարոն քնքշության մարմնացում է՝ բերում է «կանփետ, չամիչ և խնձոր»։ 

Այ հենց այստեղ պետք է կանգնել և մտածել։ Ասենք, սեքս ենք ուզում և տանում ենք գինի ու ծաղիկներ։ Իսկ ի՞նչ են ասում չոբան Կարոյի նվերները։ Որ շատ մանկամիտ է ու Մարոյի նման՝ երեխա։

Չա՞ր է չոբան Կարոն։ Երևի ոչ։ Ակնարկո՞ւմ է Թումանյանը ընտանեկան բռնության մասին։ Ոչ։ Բայց ասում է, որ ինքը ծեծել է Մարոյին։ Մանկական բնության արտահայտություն։ Չի ասում՝ չոբան Կարոն ծեծել է Մարոյին։ Փաստ է՝ չի ծեծել, բարի է։

Երբ մոտիկից ես նայում, պոեմի սյուժեն այլ երանգ է ստանում։

Ասենք, ինչի՞ մասին էր մտածում 1887 թ․ Թումանյանը։ Կարող ենք ենթադրել՝ սոցիալիզմի մասին։ Բայց հաստատ մտածում էր սեքսի մասին։ Հաստատ սեքսի մասին էր մտածում, երբ ծեծում էր Մարոյին։

Իսկ ի՞նչ էր մտածում Մարոն սեքսի մասին։ Որ այն սարսափելի բան է։ 

Ես մտածում եմ չոբան Կարոյի մասին։ Ասենք, ի՞նչ գիտի Կարոն սեքսի մասին։ Թումանյանը հետագայում անդրադառնում է այդ խնդրին։ Ի՞նչ գիտի սեքսի մասին լոռեցի Սաքոն։ Սեքսի մասին լոռեցի Սաքոն ոչինչ չգիտի։ 

Նկատենք, մի դեպքում 18  տարեկան տղան է խոսում սեքսի մասին, հետո ողբերգությունը փոխանցվում է արական սեռի վրա և արդեն չափահաս տղամարդն է խոսում։ Բայց նորից՝ սեքսի տրավմատիկ փորձի մասին։

Ոչ, Մարոն նահապետական կյանքի մասին չէ, այլ սեքսի։

Եվ Մարոն, և լոռեցի Սաքոն տարօրինակ հերոսներ են։ Նրանք կարող էին երջանիկ լինել, և նրանց երջանկության դեմ պատնեշներ չկային։ Նրանց երջանկության դեմ մի պատնեշ կար՝ ինքը Թումանյանը։

Առաջին դեպքում հերոսը Թումանյանի սեռական վախերն են, մյուս դեպքում, որ սեռական վախերը կարող են սպանել մարդկային անհատականությունը։ Թումանյանի սեքսուալությունը Մարոն, չոբան Կարոն և լոռեցի Սաքոն են։ Թումանյանին կարող էր փրկել միայն Անուշը։ Որեմն, հարկավոր է նորից կարդալ Թումանյանի Անուշը։

Please follow and like us: