Սյուզիկներն ու վարդերը
Կեսգիշերից մի քիչ անց Ֆորշը ռադիոյի հեռու ծայրին փորձում է կեսգիշերը փոխել։ Ես խոսում եմ մեկի հետ, ում չեմ սիրում, չեմ գրում մեկին՝ ով ինձ դուր ա գալիս:
Հերթապահության սենյակը խաղաղ ա, գիրքը՝ բաց ընկած սեղանին։ Ազիմովը ինչքան հնարավոր ա՝ տուֆտել ա, իսկ ես փորձում եմ կապը գտնել տուֆտածի:
Բառապաշարս՝ զզվելի, գիշերը՝ մութ, սիգարետը՝ համով, սուրճը՝դառը..
Ինչ-որ տեղ ջութակի լարեր են պրկվում ու անասնական ձայներ հանում`մռնչում,ոռնում, մտնում ոսկորներդ: Սյուզիկին ես հիշում.. Սյուզիկների, Անիների ու իքս- իգրեկների համաստեղություններ եմ բռնում:
Վարդի դեղին կոկոնը ձեռքս՝ բարձրանում եմ վեր, թևիս տակ՝ գիրք. Սարոյան հավանաբար, մոռացել եմ արդեն: Այգին մեծ ու սիրուն ա, բայց ամայի: Ժամադրվելու իդեալական վայր, իսկ Սյուզիկ առաջինը սկի ժամադրվելու տրամադրություն չունի։ Վերցնում ա գիրքը, խղճում ինձ ու վարդիս: Այն խղճուկ վարդին, որն ինձ համար միակն ա ու ամենագեղեցիկը․․․
Հակառակորդի լույսերը վառ են, անգամ չափից դուրս շատ են, իսկ մեր քաղաքը քնել ա արդեն: Ջեկոն, ձագերին հետևը գցած, ջուր խմելու ա գալիս: Վարդերը ծաղկել են արդեն, դեղին վարդերն էլ են ծաղկել։ Բոլոր վարդերը նման են իրար։ Ոչ մեկի մեջ չեմ տեսնում իմը՝ այն միակ վարդը, որ անկրկնելի ա, որովհետև իմն ա՝ ամենագեղեցիկը բոլոր միանման վարդերի մեջ…
La boheme
Աշունը կամա՛ց- կամա՛ց հաստատում է իր իշխանությունը։ Արդեն դեղին տերևներ են նկատվում ու թրջվելու պատրաստ փողոցներ։ Ոմանք անձրևանոցներն են պատրաստում, որոշները իրենց հոգիները, որպեսզի մաքրեն հաստ փոշուց, դեկտեմբերի 31-ին լողանալու նման՝ նոր տարին մաքուր հոգով ու մարմնով։ Մի անգամ ինչ-որ մեկն ասաց. «Եթե կյանքում ոչինչ չի ստացվել մոտդ, ուրեմն գրող կդառնաս»: Ու ես, անհաջողությունների տարափից շշմած,սկսեցի գրել՝ ժանգակալած հոգիների, տեղատարափ անձրևների ու գրկաբաց մայթերի մասին։ La boheme, la boheme…. Բարի պապիկը ականջներս սղոցելու աստիճան բարձր ձայնով հայտնի երգն է երգում, օրվա մեջ արդեն 100-երորդ անգամ։ Հա, ես էլ եմ երեկվանից սկսել Ազնավուր լսել, վաղը այլևս և մեկընդմիշտ բարի ծերուկին մոռանալու ակնկալիքով։ Ընկերներիցս մեկը գրել էր. «որբացանք ազգովի», բայց ախր մարդ պիտի ծնողին գոնե մեկ անգամ տեսած լինի, գոնե մեկ անգամ լսած ձայնը, կամ սիրած ու փայփայած լինի, որ հետո որբանալու իրավունքը վաստակած լինի, գոնե։ Չէ, ես չեմ որբացել, ես որդեգրվել եմ՝ տարիներ առաջ, երբ դպրոցական երեխա էի ու պատահական հեռուստատեսությամբ լսեցի սպիտակահեր ծերունու՝ հոգի ծվատող երգն ու վարկյաններ անց որդեգրվեցի․․․ Արդեն տասը տարի է՝ ունեմ Շառլին իմ մեջ…
Մի անգամ «Մայրիկ» ֆիլմը նայելիս այսպիսի մի միտք ծնվեց մոտս. «Այս մարդիկ, գտնվելով հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, շատ ավելի են հայ, քան ես, որ այս մաշված բազմոցին նստած լալիս եմ»։
– – –
Աշնանային թաց քամին մտրակում է թիկունքս, որ համառորեն հենել եմ հսկայի փչակին ու հայացքս սևեռել դեպի անհայտը, որտեղ գնում են ու որտեղից երբեք, գրեթե երբեք չեն գալիս։ Միգուցե այս անգամ կգա, մի վերջին անգամ գուցե գա։ «La boheme, la bohemeeeee»,- հնչում է ականջներիս մեջ՝ թաղանթներս պայթեցնելու աստիճան բարձր ու ահասարսուռ։ Կտրվում եմ իրականությունից մի պահ, հայտնվում մի անհայտ ժամանակային գոտում, որտեղ դու թևերիս մեջ ես, ամուր գրկել եմ բարակ իրանդ ու վազում ենք դահլիճում, կարմիր զգեստիցդ կրակ ու արյուն է լցվել աչքերիս մեջ, ու վառվում եմ ցնորվելու աստիճան։ La boheeeemmmeeee…… Երանի ավարտվի այս երգը, երանի ավարտվի այս երազը, որ թվում է, թե եղել է ու չի եղել, որ թվում է՝ զգացել եմ բույրդ ուշաթափվելու ուժգնությամբ ու չեմ զգացել…
– – –
Թաց մեջքիս ուժգին հարվածներ եմ զգում ու ձայներ հեռու-հեռուներից եկող, ուրախանում եմ. եկել ես վերջապես, էլ չես գնալու։ Ձայներն ավելի պարզորոշ են հասնում ընկալուչներիս.
– Հիմա՛ր անասուն, քանի՞ անգամ եմ ասել, հենց լույսը բացվում ա, հավաքվի էստեղից, լիքը գործ ունեմ, ամբողջ այգին սրբել, հավաքել ա պետք։
Հերթական բարի օրն է բացվում, իր լույսը սփռելով մարդիկներիս..
