1994 թ. դեկտեմբերի վերջն էր. անձյուն մի ձմեռ մեր ծուռ ճանապարհները բռնել էր ու եկել-հասել էր աշխարհից հեռու մեր գյուղը: Ծանր ու մեծ թուխս էր նստել գյուղի վրա: Մերկացած գյուղն ինքնակամ հանձնվել էր ցուրտ ձմռան իշխանությանն ու սուսուփուս ծվար արել ձմռան երկնքի տակ։ Ճարն ի՜նչ… Դեռ ձյուն չէր եկել, բայց ծոցվորված ու ծանրացած երկնքից երբեմն սպիտակ փետուրներ էին թափվում, երկար ու երազուն ճոճվում անգույն երկնքում…Թվում էր, թե երկնքում ապրող մի թխսամեր քուջուջ անելիս իր ճանկերով քանդում է ամպերի բարձիկների կապերն ու ճերմակափետուր երազներ թափում երկնքից…
Դեկտեմբեր ամսվա օրերը մեզ համար շատ դժվար էին անցնում, անտանելի դժվար, հալեցրած ձյութի նման ձգվում էին երկար- երկար ու ձանձրալի…Մեր տղամարդիկ ռուսաստաններից դեկտեմբերի վերջերին էին տուն գալիս, իսկ երբ սպասման մեջ ես, քեզ թվում է, թե օրերը ոչ թե անցնում են, այլ կիտվել են իրար գլխի, ծվար արել շնչիդ տակ ու քարացել էդպես։ Դեկտեմբեր ամիսն ինձ համար ուղտի այն քարավանին էր նման , որ հրաժարվում է առաջ գնալ: Համառ չոքում է դռանդ, օրերդ, ժամերդ ծամում, որոճում հանդարտ հանգստությամբ… Ատում էի դեկտեմբեր ամսվա մեկից քսանն ընկած օրերը ու անսահման սիրում դեկտեմբերը, երբ արդեն քսանմեկ-քսաներկուսն էր լինում:
Մեր մայրերը նայում էին մեզ ու փառք էին տալիս Աստծուն, որ մենք աղջիկներ ենք ծնվել ու ռուսաստան-խոպանների բաժին չդարձանք: Ու դրանք յուրահատուկ օրեր էին, որ մենք զգում էինք մեր` սիրո մեջ զուսպ մայրերի գորովանքը:
Դեկտեմբերի քսանվեցն էր… Այդ օրը, երբ Գյումրիում Ռուսաստանից ժամանող ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ողբերգական ավիավթար էր եղել, մենք սպասում էինք մեծ հորաքրոջս մեծ տղային, որ նույն ինքնաթիռի նույն չվերթի տոմս ուներ և պիտի վերջապես տուն գար խամ ու խոպաններից, բայց բարձրացել էր դեպի օդանավակայան գնացող ավտոբուսը, և երբ նստել էր մի գեղեցկուհու կողքին, միտքը ծռվել էր… Մինչև հասել էին օդանավակայան, մեր սրտակերը հասցրել էր գեղեցկուհուն համոզել, որ ինքնաթիռի տոմսերը ետ վերադարձնեն ու միասին գնացքով գան…
Շատ գեղեցիկ տղա էր ու ինքն էլ գիտեր, որ գեղեցիկ է․ ինքնավստահ էր, ակնթարթորեն սիրում, սիրահարվում էր ու սկսում իր անսահման ու անիմաստ խենթությունները: Հերթական սերն ու սիրավեպը փրկել էին նրան էլ, գեղեցկուհուն էլ, փրկել բառիս բուն ու իսկական իմաստով: Փրկվելն էլ ո՞նց է լինում:
Ու մինչ մեր տղայի համար գնացքի մեջ իր կյանքի լավագույն օրերը ժամեր էին թվում, ակնթարթորեն հալվում էին ու քաղցրացնում կյանքը թեյի մեջ գցած շաքարի նման, գյուղում մեր ժամանակը կանգ էր առել. ո՛չ առաջ կար, ո՛չ էլ ետ, կարծես երկնքից մի գորշ վարագույր էր իջել ու փակել աչքներիս առաջը, բան չէինք տեսնում ու զգում, խավար էր ու մշուշ: Սպասում էինք, մեր սիրուն տղան չկար ու չկար:
Մեր գերդաստանը մի մարդու նման հավաքվել էր մեծ հորաքրոջս տանն ու երեք օրվա մեջ սպառել իր` ողբ ասելու ու կոծելու ողջ կարողությունն ու հնարավորությունները: Գյումրի մեկնած տղամարդիկ երկու անգամ գնացել ու ետ էին վերադարձել` առանց որևէ լուր իմանալու…. Չէ’, չկար մեր սիրուն տղան:
Դարչնագույն բաճկոնի կտորներ էին տեսել Հայաստան տեղափոխված մասունքների մեջ, նույն մեր տղայի բաճկոնի գույնից, դա միակ լուրն էր, որ աշխատում էին դեռ չպատմել կանանց: Օրերը, ժամերը չէինք զգում, բթացել էինք, չէինք հասկանում՝ գիշե՞ր է , թե՞ ցերեկ, և հիմա էլ իսկապես չեմ հիշում ` գիշե՞ր էր, թե՞ ցերեկ, որ մեր սրտակերը թակեց դարպասի դուռն ու օլիմպիական հպարտությամբ ներս մտավ: Երևի մեկ էլ Աստվածաշնչյան Մովսեսի մուտքն էին այդպես ցնծագին ընդունել Եգիպտոսում հրեա հարազատները…
Ես լավ չեմ հիշում, թե մեր գերդաստանի որ անդամը հորաքրոջս տղային ինչպես ընդունեց, դիմավորեց, բայց լավ հիշում եմ , որ այդ պահին ինչ- որ անտես մի հորդ գետ վարար հոսքով կամ դեպի իմ սիրտն էր հոսում կամ սրտիցս էր հոսում: Պապս, որ ամեն ինչի վրա սիրում էր բարկանալ ու մի նկատողություն անել, մեր ընդհանուր ուրախության մեջ հասցրեց դիտողություն անել․
– Որ քեզ ինքնաթիռով են ուղարկել, դու ինչի՞ ես ճամփեդ շեղել, ա՛յ գյադա,- հետո նայեց մեր զարմացած, տարակուսած հայացքներին ու ավելացրեց,- չնայած լավ ես արել, բալա՛ ջան:
Ասաց ու վերջապես ազատություն տվեց մի քանի օր զսպած արցունքներին:
Ամանոր էր , իմ մեծ հորաքրոջ տանը հնչում էր երաժշտությունը, չէ՛, ավանդական քոչարին չէր, ոչ էլ ուզունդարա էինք պարում, մեր սրտակեր «Արա Գեղեցիկն» էր ռուսական երգեր բերել ռուսաստաններից ու իր նորաձև, սպորտային հագուստները հագած` չգիտեմ, թե ինչ պար էր պարում, բայց լավ էր պարում, ու ինքն էլ գիտեր, որ լավ է պարում, դա երևում էր իր ինքնավստահ ու ինքնագոհ դեմքից: Դրա համար էլ էդպես երկար սեթևեթում ու երևակայում էր իրեն:
Իսկ երկնքում մի փոքրիկ ամպիկ, չգիտեմ, թե որ թխսամոր կտուցի հարվածից պատռել էր խանձարուրի կապերն ու հազարավոր սպիտակ, թեթև փետուրներ էր թափում մեր գորշ ու ծանրացած օրերի վրա ու իր ճերմակով շղարշում նրանց: Ամանոր էր, աշխարհի ամենահեքիաթային ու կախարդական Ամանորը…Հրաշքը բրդե շալի նման փաթաթվել էր մեր գերդաստանի մրսած սրտերին, ու մեր աչքերից թափվող արցունքները ամանորյա փայլփլուն գույներ էին շողարձակում…