Կարոտ
Հիմա ես գերեզմանների մասին եմ մտածում,
Որ երևում են սարի վրա՝ եղնիկների երամակի պես։
Հիմա ես մտածում եմ քո մասին, քանի որ
Անկողինս է պաղել։
Թեև դարձյալ երևում է քո պառկած տեղը,
Ինչպես ջուրն է չորանում ջրափոսի վրա,
Սակայն ես քո մարմինն եմ ուզում
Եվ փնտրում եմ երկու տանջահար աչքով։
Ուստի կգնամ, և գերեզմանները
Կխրտնեն եղնիկների երամակի պես,
Եվ ես կգտնեմ քեզ ու կրկին կջերմացնեմ
Իմ լքված ու որբ անկողինը։
Րոպեներ և վայրկյաններ
Ասա՛, մայրի՛կ,
Այս դաշտերին ու սարերին,
Այս գյուղերին ու քաղաքներին,
Այս կանանց և տղամարդկանց,
Որ վերադարձնեն քո զավակին։
Պոկի՛ր ինձ բոլորից մաս առ մաս,
Հավաքի՛ր կրկին գրկումդ,
Հեռացի՛ր այստեղից։
Ինչ-որ տեղ՝ ծառի ստվերում,
Կանաչ հանդում, ջրի ափին նստի՛ր
Եվ հավաքի՛ր ինձ նորից։
Երանի մի տեղ․․․
Երանի մի տեղ՝
Հեռավոր աստղի վրա բնակեցնես ինձ,
Որ ժամանակ պետք լինի այստեղ գալու համար,
Ու երբ գամ
Ինձ ասեն՝արի՛, երկար ժամանակ է՝
Ամեն ինչ պատրաստ է, ընդունի՛ր։
Սերը
Կա այն դուռը,
Որն ամեն օր առաջին անգամ է բացվում։
Այստեղ չկա սովորություն՝ փրկող։
Քանի որ սերն այն դուռն է,
Որն ամեն օր նորից է բացվում,
Եվ չկա ոչ մի հույս՝
Երեկվանից մնացած։
Անհրաժեշտություն
Ի՜նչ է տաղանդը,
Եթե այն չպարսպապատես,
Ի՜նչ է պարիսպը,
Եթե համբերությամբ չկառուցվի,
Եվ համբերությունն էլ ոչ այլ ինչ է,
Եթե ոչ օրն ու գիշերը յուրաքանչյուր։
Հանդարտ
Հանդարտ,
Հանդարտ քայլի՛ր,
Իմ կապուտաչյա՛ համբերություն։
Հենց քաղաքը հատես,
Գյուղին կհանդիպես։
Երջանիկ ես,
Ոչնչից չես վախենում,
Քանի որ արդեն երկար ժամանակ է՝
Երազը իրականության հետ ես խառնում․․․
Տաք է փոշին գյուղի մայրուղու վրա
Ինչպես նորածնի լաթերը,
Այստեղով անցել է նախիրը, գնացել է
և անտառի փեշին արածում է եռանդով։
Հանդարտ, հանդարտ քայլի՛ր,
Իմ կապուտաչյա՛ համբերություն։
Հենց քաղաքը հատես,
Գյուղին կհանդիպես։
Օ, որքան քիչ ես․․․
Օ˜, որքան քիչ ես, դո՛ւ, ամե՛ն ինչ,
այն, ինչն ինձ պիտի մարսի, պիտի ոտնատակ տա,
առավոտ, օր, գիշեր, սեր, ուրիշ ի՞նչ
անեմ, որ․․․
Օ˜, որքան քիչ ես, որքան շատ ես, դո՛ւ, ամեն ի՛նչ։
Ծառեր
Աստված իմ, ինչ վայրկենական է կյանքը,
Սիրահարները սիրել էլ չեն հասցնի։
Բայց որքան երկար է այն մեր ցավերի համար,
Հեչ չի բավարարում մեկ կյանքը մեծ գործերին,
Բայց որքան երկար է այն մեր չնչին գործերի համար։
Որքան որ ապրեցի, այդքան գայլերի մեջ ապրեի,
Ինձ եղբայր կհամարեին,
Չէ՞ որ երբեք չէին դավի ու չէին դատապարտի։
Ես ինչպե՜ս համեմատեմ գայլին մարդու հետ,
Ոչ միայն որովհետեւ երկուսից էլ վախենում եմ և ակնածում,
Ավելի շատ այն պատճառով, որ այս արարածների
Տարբերություններն ավելի շատ են, քան համեմատելու առիթները։
Գայլը իր վարքը երբեք չի փոխի,
Եվ նա, ով հավատարիմ է իր վարքին, չէ՞ որ արդար է,
Եվ արդարը թե՛ հիանալի է, թե՛ վստահելի․․․
Մեղավորը իր վարքը շուտ-շուտ է փոխում,
Ես մեղավորին ինչպե՜ս համեմատեմ արդարի հետ։
Որքան որ մարդկանց մեջ ապրեցի, այդքան անտառում ապրեի,
Գոնե ծառերը կտարբերեի միմյանցից․․․ կսոսափեի նրանց հետ։
Այսօր ճանաչածս վաղը չէր զարմացնի ինձ մի նոր հատկանիշով։
Որքան որ մարդկանց մեջ ապրեցի, այդքան երկնքում ապրեի,
Կկայծկլտայի ես էլ որպես աստղ,
Բայց թշվառիս աչքը, մեկ է, հողին էր մնալու,
Որպես գայլի ոռնոց և մենության շրշյուն-աղաչանք,
Քանի որ սա է հողը, ես այստեղ մրսում և այստեղ շոգում եմ,
Սա է ժողովուրդը, թշնամիներս ու եղբայրներս, ու ինչո՜ւ պայքարեմ նրանց դեմ,
Կամ ինչո՜ւ չսիրեմ լիաթոք,
Չէ՞ որ նրանք իրենց կոշտ ձեռքերով կերտեցին բանաստեղծ․․․
Քանի որ ես գրում եմ մարդկանց մասին,
Դրա համար ինձ գրգռում է իմ քմահաճ ձգտումը՝ նրանց պատկանելու։
Ես գրում եմ մարդկանց մասին,
Դրա համար ինձ գրգռում է նրանց քմահաճ ձգտումը՝ զգալու ու տանջվելու․․․
Եվ ոմանց մեջ արթնացնելու կարողություն՝ իրենց կրքերը կարեկցանքով նկարագրելու։