Թարմաշունչ խոսք

Լեւոն Հախվերդյան, Սուրեն Աղաբաբյան

Մեր այսօրվա գրականության ո՞ր ասպարեզն է, որ կարոտ չէ նոր անունների։ Եվ մանավանդ՝ ակնարկագրությունը։ Ուրախալի է երկար սպասեցնել տվող նոր անվան երեւան գալը, մանավանդ, երբ նա նոր էլ խոսք է ասում, նոր շունչ ու բուրմունք է բերում իր հետ։ Թարմաշունչ խոսք է «Ահնիձոր» ակնարկը, տպագրված «Սովետական գրականություն» հանդեսի ապրլյան համարում։ Հեղինակը՝ Հրանտ Մաթեւոսյան։ Անծանոթ անուն։ Մեկ էլ նրանից կարդացել ենք խոպան հողերը մեկնած հայ երիտասարդության մասին գրառումը։ Ուրիշ ոչինչ։ Մաթեւոսյանը գրում է ոչ այն վաղածանոթ սխեմայով, դրոշմատպված պատկերներով ու շատ գործածությունից «մաշված» զգացողությամբ, որ այնպես կարծրացրել են ակնարկի պես կենդանի ու զգայուն ժանրը։ Թերեւս ոչ մի ժանր այսօր այնքան քանակ չի տալիս, որքան ակնարկը։ Եվ երեւի ոչ մի ժանրում անքան միօրինակություն ու տաղտուկ չկա, որքան այս բնագավառում։ Գտնվում են (չեն որոնում) շահեկան, «հնչեղ» փաստեր ու դեպքեր, իսկ մնացածը, ինչպես ասում են՝ «տեխնիկայի գործ է»։ Ավելացնենք՝ ստանդարտ ու անկյանք տեխնիկայի․ նույն դիմագծերը, էպիտետները,նույն կառուցվածքն ու բառերի միապաղաղ «տեր ողորմյան»։ Խոսքը բացառություններին չի վերաբերում։

Հրանտ Մաթեւոսյանը, սկսնակ մի հեղինակ (մանկավարժական ինստիտուտի ուսանող), գրում է այնպես, կարծես կյանքում ոչ մի ակնարկ չի կարդացել, թեեւ պարզ երեւում է, որ նա լավ ծանոթ է գրական արդի տեխնիկային, ակնարկի ու պատմվածքի ռուսական բարձր կուլտուրային։ Հայկականին նույնպես։ Բակունց, Զորյան, Անանյան, Մահարի, էլի ուրիշներ,- աշակերտում է սրանց։

Արվեստի ամեն մի գործում գյուտը պարտադիր նախապայման է։ Նաեւ ակնարկում։

Հրանտ Մաթեւոսյանն իր ակնարկում վերստին հայտնագործել է հայրենի Ահնիձորը՝ Լոռու ամենախուլ ու սիրունատես ծմակներից մեկում ընկած այդ հետաքրքրական անկյունը։ Հինավուրց գյուղը, նրա մարդիկ, նրանց հոգեբանության տեսանելի ու անտեսանելի փոփոխությունները,- այս ամենը նկարված են նոր, թարմ գույներով, որովհետեւ նոր գյուղի մասին գրել է նոր միջոցներով։ Արդիական ունչ ստեղծագործությանը միայն թեման չի տալիս, այլեւ գրելակերպը։ Այդ երկուսի հանդիպումով են ծնվում ճշմարիտ արժեքները, մեծ թե փոքր։

Շարադրանքի տողերի միջից երեւում է երիտասարդ հեղինակի ժպտացող դեմքը, նրա բարեմիտ հումորն ու սերը իր գյուղի, իր համագյուղացիների՝ ծերունիների ու երիտասարդների հանդեպ։ Գյուղի սիրով է թաթախված, հարազատությամբ է շնչում «Ահնիձորը»։ Չպիտի կարծել, թե սա նշանակում է, որ ժամանակակից գյուղը նրա աչքին պատկերանում է քաղցր-մեղցր, հովվերգական գույներով։ Ոչ ամենեւին։ Քիչ կլինեն գրվածքներ, ուր այսօրվա գյուղի հոգսերի ու կարիքների մասին ասվի այսքան ճշմարիտ, աներկմիտ, շահագրգռված ու անջղաձիգ՝ բարեկամական խոսք։

Հրանտ Մաթեւոսյանը զգում է բնությունը, կենցաղը, ժողովրդական դարձվածաբանությունը, գրում է հնարագետ ու հյութեղ։ Այդ ամենը ուրիշներն էլ ունեն։ Նրա առավելությունը կենցաղի ամենահասարակ փաստերի ու երեւույթների մեջ նոր պատմության զարկերակն ու շունչը տեսնելն է, հին մարդու, երեկվա մարդու մեջ նոր մարդուն, այսօրվա մարդուն նկատելն է։ Նկատում է ոչ թե արտաքինը, այլ հոգեբանականը։, եւ նվաճում այն արվեստի միջոցներով։ Հրանտ Մաթեւոսյանի ակնարկի ուժը ճշմարտության մեջ է, եւ ոչ թե կառուցվածքային ու ոճական այն հնարագիտության, որ նրան երբեմն տանում է դեպի մանեւրայնություն ու ոճավորում։ Ձիրքառատ գրողը պիտի զգուշանա սրանցից, ամեն բանից վեր դասի հոգեբանական ու  կենսական ճշմարտությունը։ Պետք  է ողջունել նրա մուտքը գրականություն դժվարին ասպարեզում, իսկ ընթերողին խորհուրդ տալ՝ կարդալու «Ահնիձորը»։ Մաթեւոսյանի անաղմուկ ու վստահ քայլը։

Please follow and like us: