Լեռ Կամսար/Չապրած օրեր

Կիրակի 14․– Խե՜ղճ Միշիկ։

Գնացէր է առուն լողցեր, վարտիքը թողեր հոն՝ տկլոր տուն է եկեր։ Մայրն աղվոր մը ծեծեր է ու հիմա, բերանքսիվայր ինկած պատուհանիս տակ՝ կուլա։
Երբ բավականին լացեր էր, հանկարծ մխիթարված վեր ելավ ու դառնալով ինձի՝ ըսավ․
-Ես ալ պիոներ կդառնամ, բոլոր պիոներներուն վարտիք կուտան։
-Բայց պիոները սոցիալիստ պիտի ըլլա։ Գիտե՞ս ինչ է սոցիալիզմ։
-Չէ, բացատրե՞ս ինձի, քեռի, – խնդրեց Միշան, քիթը վեր քաշելով։
-Քիչ մը բարդ բան է ատ։ Լավ, քիթդ մաքրէ, եկուր պատմեմ։
Երբ Միշան քովս եկավ․
-Բալիկ, – սկսեցի ես, – սոցիալիզմն հասկանալու համար անհրաժեշտ է տարրական գաղափար ունենալ անհավասարության, դասակարգերու և կապիտալի մասին։
Միշան կարծեց, թէ վարտիք կա հագին, հետաքրքրութենէն ձեռք զարկավ՝ վեր կուզեր քաշել։
-Հա՛, ուրեմն, Միշա ջան, ես կսկսեմ սկզբէն, բուն իսկ քո ծնածդ օրէն։ Դուն ծնար հիվանդանոցում։ Ծննդաբերական պալատում պառկած էին տասնութ կին, բոլորը մամայիդ պէս։ Ծնեցին անոնք։ Բոլորը տղա՞։ Չէ, հարկավ, կէսն աղջիկ, կէսը տղա։ Դուն տեսա՞ր, թէ տղա ու աղջիկ բերողներու դեմքին տարբեր ժպիտներ շողաց։ Աղջկա ծնողները ավաղանք արտահայտեցին, ինչպէս որսորդն իր պարապ անցուցած գնդակին առթիվ։ Տղայի տերերը հպարտ ու արհամարհական դէմքեր առին։ Այնուհետև տղայի տերէրն վիզները պարզած առանձին քչփչացին իրար հետ, աղջկա տերերը առանձին ու կազմվեցավ առաջին դասակարգը։
Բայց ասիկա դուք չէք տեսներ, ձեր աչքերը տակավին փակ են։ Միայն կհիշե՞ս, որ ծնվելէդ անմիջապէս ետքը քեզի դրին կշեռքի թաթին վրա ու կշռեցին։
-Ո՛չ։
-Հապա, ոչ միայն քեզի, այլ բոլոր նորածինները մէկ առ մէկ։ Մէկը կշռեց երկու կիլո, մէկը երկու կիլո երեք հարյուր, մյուսը երեք և այսպէս մինչև 18։ Բոլորն ալ տարբեր քաշեր։ Այստեղ ալ 18 հոգի՝ 18 դասակարգ։
Թէև, փակագծի մէջ ըսեմ, որ եթէ այս «ընկերները» քիչ մը կուսակցական փորձ ունեցած ըլլային, կրնային որոշ սկզբունքային զիջումներով բլոկեր կազմել և քիչ դասակարգերով հանդես գալ։ Այդ հետո։
Հիմա՝ կշռվեցիք լմնցաք։ Մեյ մըն ալ տեսար ավագ մանկաբարձուհին խոյացավ նորածիններէն մէկին վրա ու բացագանչեց․
-Աստվա՜ծ իմ, մէկ հոս նայեցէք, այսքան ալ գեղեցիկ երեխա՞ կըլլա, օրումս այսպիսի անուշ տղա չէի առեր։ Ու բոլոր քույրերն ու մայրապետներն հերթով գիրկերնին կառնեն երեխան ու քաղցր բառեր կշռայլեն։ Անդին 17 երեխաներ միանգամայն լքվա՜ծ են, վիրավորված ու իրենց աշխարհ գալուն զղջացած։
Հոս հանդէս եկավ արդէն առաջին կուլակը, որուն պէտք էր ջախջախել, եթէ նորածիններուն ձեռները բարուրված չըլլար։
Մի մոռնար, Միշա, ես հոս կխոսեմ այն կապիտալի մասին, որն հպելի է նորածինին։ Նորածինն կոնցեսիաներով, նավթով կամ ածխահորերով չի հետաքրքեր, այդ հասակի կապիտալն ալ փաղաքշական է․ թշերուն մատով դիպնալ ու «զիզի-պիզի» ընելն ու օդի մէջ թռցնելն է։ Եթէ չունես՝ ուրեմն, դու զրկված դասակարգ ես ու կռվի պիտի պատրաստվես։
Ամեն հասակն իր ուրույն կապիտալն ու դասակարգն ունի։ Պատանեկության կապիտալիստն այն է, ում հոլը ամենից երկարը կդառնա։ Երիտասարդինը՝ կնոջ սէրն է։ Սէ՜ր, Միշա ջան, բոլոր կապիտալներու կապիտալը։ Ծերության հասակի կապիտալիստն այն է, ով ավելի շատ ատամներ ունի իր բերնին մէջ։ Այսպէս մինչև մեռնելը։ Մեռնելէն վերջն, Միշա ջան, բոլոր դասակարգերը կվերջանան ու ոտք կդնես անդասակարգ հասարակության էպոխան․․․
Իմ ամբողջ խոսակցությանս շրջանին Միշան ապուշի պէս բերանը բացած ինձի կնայէր։ Լավ էր, որ այդ վայրկյանին մայրն իր հոր հին վարտիքն կարճացունելով բերավ Միշային ազդրերն անցուց․ այլապէս հազիվ հաջողէր այսպէս անհուսալի ապշած Միշային քաղգրագիտություն սովորել ու պիոներներու շարքն անցնել․․․
———-
Խորհրդային գրականությունը մանկական գրականություն համարյա չունեցավ։ Կան գրողներ՝ Սիմակ, Արաքս, Տարոնցի, բայց ասոնց գրածները նման են այն դերձակի արտադրանքին, որն ավելի շուտ մեծի շորերը կարճացնելով փոքրին կհագցնէ, քան իր վրա չափս առած կկարէ։
Հասարակությունն, օրինակ, Սիմակի ձեռքն ինկեր էր ցավ։ Կոլխոզի բոլոր նախագահներու անունները անպատճառ «Սմբատ» կդնէր, որու հետևանքով բոլորը զզվեցին այդ գերազանցապէս ընտիր հայկական անունէն ու կերթային Ռուսաստանէն անուններ կբերէին իրենց զավակներուն համար։
Եվ բնական է։
Սիմակը թէ՛ իր տարիքով, և թէ՛ հասակով Երևանի ամենախոշոր մարդն է։ Նա այդ ահագին զանգվածով ինչպէ՞ս պիտի խցկվի մանկական հոգեբանության մէջ։
Կառավարությունը տեսնելով, որ անպէտք է այդ ասպարեզում՝ վերցուց Սիմակը և Հայստանի Գերագույն սովետի նախագահ տվավ։
Ով որ ամէն բանի համար միայն խոշորը կփնտռէ, չէր կրնար անտես առնել, հարկավ, Սիմակը․․․

Երկուշաբթի 15․– Փարիզում հավաքված չորս հաղթող պետությանց ներկայացուցիչները կուզեն աշխարհի խաղաղության շուրջ համաձայնության մը գալ վերջապէս։
Բայց չեն գար․ ինչքան կմոտենան զիրար, այնքան անհամաձայնությունն կմեծնա։ Ստիպված, երբեմն կհեռանան իրարմէ, երբեմն, կարծելով, թէ իրենց դիվանագիտության ներկայացուցիչները շատ են՝ 3-3, 2-2 մարդով կխոսեն, երբ ան ալ չըլլար՝ մենակ կբռնեն իրարու։ Եղած են ճարահատ րոպէներ, երբ դատարկ թողուցած են նիստերու դահլիճը որևէ համաձայնության գալու (որովհետև դա անհրաժեշտ է), բայց չըլլար ու չըլլար։ Երբ սովետական ներկայացուցիչն բերան բանա խոսք մը զուրցելու, անդին Անգլիան ու Ամերիկան «ո՜չ» կպոռան։ Հաճախ «ոչ» կպոռան, նոր սովետական ներկայացուցիչը բերանը կբանա։
Այնքան շահերնին հակառակ են։
Դատելով ներկայէն, ապագա աշխարհը սապէս կպատկերացունեմ ես։
Ամբողջ աշխարհը Անգլիո ու Ամերիկայի միջև բաժանված։ Երբ այս երկու հաղթողներն դուրս գան իրենց կալվածքները աչքէ անցունելու՝ Գերմանիան Անգլիո վերարկուն ու գավազանն առած իր տիրոջը պիտի հետևի, Ճապոնիան Ամերիկայի շքազարդերը ետևէն պտտցունէ։
Երկու լաքեյներն ալ իրենց տերերու հին շորերն են հագեր։
Այս է վերջնական պայմանը։ Եթէ Սովետական Ռուսաստանն կուզէ պատմության ասպարեզէն քաշվել՝ խնդրե՜մ, հաշտությունը այս րոպէիս ալ պատրաստ է։
———-
Կոլխոզը, որ սոցիալիզմի ջահակիրը պիտի ըլլար, մարդկանց մէջ վայելուչ ապրելաձև ու բարձր քաղաքակրթություն տարածեր, այսօր իր բազմաթիվ «կրպակներով» շուկայում միայն արաղ ու գինի կմատակարարէ ժողովուրդին, զարկ տալով հաբեցողության ու անամոթ կենցաղի։
Վլադիմիր Իլյիչ Լենի՛ն, դուն որ տակավին չես մեռեր ու զմռսված կապրես քու դամբարանիդ մէջ․ խնդրեմ վերջնական մեռնելէդ առաջ անգամ մը գլուխդ վեր վերցունես ու տեսնես, թէ կրո՞նն է «հաշիշ» ու կհարբեցունէ մարդկությունը, թէ կոլխոզը։
Կրոնին թաս մը գինի ծախելը չտեսա ցայսօր, բայց կոլխոզդ տակառ տակառի դայաթմիշ է ըրեր։
․․․Գուցէ դուն կրոն ըսելով սոցիալիզմն ես հասկացեր։
Եթէ այո՝ ներողություն, ես սխալված եմ ու դուն իրավունք ունես․․․
———-
Մարդ մը տեսա փողոցում, այնքան իմ բանտի ընկեր Վահանին նման, այնքան նման, այնքան նման, որ եթէ աչքիս առջև մեռած չըլլար Վահանը, պիտի հասնէի զինքը գրկելու։
Ի տես սա տարապայման նմանության, քիչ մնաց հարձակվեի վրան ու ծեծեի, թէ ինչու անիկա Վահանը չէ․․․

Երեքշաբթի 16․– Չեմ կրնա՛ր, չեմ կրնա՛ր չկենալ ժամերով, չխորհրտածել ամեն անգամ, երբ տեսնեմ Պետհրատի տպարանի կազմարար պատկառելի արտաքինով ալեհեր Մելքոնին, որն ասկէ շատ տարիներ առաջ, ան ատենները, երբ կնոջ մը երկու մարդ սիրելը անբարոյականություն կհամարվէր, գիշեր մը մեղմիվ, ածելիով մորթեց իր անհավատարիմ կնկանը։
Եվ այժմ, տարիներ անց, երբ կին մը 12 անձն պետականորէն իրավունք ունի սիրելու, չհաշված անհատապէս․ հիմա, կըսեմ՝ չի՞ զղջար Մելքոնն արդյոք իր ըրածին վրա։ Չէ՞ որ, իր կինն որ մնար, հիմակվա մասշտաբով երկրի ամենապարկեշտ կինն էր։
Այդպէս է, դէպի վատն ընթացող դարաշրջաններու մէջ միշտ հինը ավելի արժէք կներկայացունէ, քան նորը։
Հիմա իմ ութը տարի առաջ նետածս կոշիկը եթէ նորոգեմ՝ ութն անգամ ավելի կերթա, քան եթէ նոր մը կարել տամ։
Ո՜ւր են նախկին ապրանքները․․․
———-
Մասնավոր ու սոցիալիստական առևտուրը չխառնվելու համար, տարիներ առաջ կառավարությունը շուկան բաժանեց երկուսի՝ «սև շուկա», «կոլխոզ շուկա»։
Այսպիսով, թէև ճիշտ է, շուկաներէն մէկը ներկվեցավ «սև» գույնով, բայց դէ ներկն․․․ խորհրդային էր։ Բացի այդ՝ Երևանի արևը նե՞րկ կթողնի «շուկայի» վրա։ Հաջորդն օրն իսկ «շուկան» ճերմկցավ ու հիմա առուտուրը կերթա առաջվա նման եղբայրաբար խառն։
Սոխը սխտորին հակադրել չըլլար․ երկուսն ալ մէկ հողի զավակներ են․․․

Չորեքշաբթի 17․– Սովետա-գերմանական պատերազմի ողջ ընթացքին խորհրդային գրողները գրիչնին վերցուցած մէկ գլուխ հորդորեցին ժողովուրդն ատել գերմանացոց։
Սա մէկ տարի է, ինչ պատերազմը վերջացեր է, զորքը զորացրվել է, գերիները ազատ են արձակված ու վերջնական հաշտություն է կնքված պետությանց մէջը, բայց ժողովուրդն դեռ կշրունակէ ատել։
Ինքը չի կրնար ինքնակամ, մէկէն հանկարծ սիրել։ Ատելությունն գրողներու կողմէ հոգեբանորէն պատվաստված է ժողովուրդին և գրողները պէտք է հոգեբանորէն կրկին հանեն և տեղը սէր կամ հաշտություն սերմանեն։
Եա՞, կտեսնա՞ք գրականության ուժը։
Գրականությունը իդեոլոգիա է, գրականությո՜ւնը համոզմունքի հետ գործ ունի, անիկա թնդանոթի բերան չէ, որ այսօր դէպի արևելք բռնես, վաղը դէպի արևմուտք դարձունես։
․․․Այդ ճիշտ է, բայց, դէ, գրողներն ալ մոտավորապէս բան մը ըսելու են ժողովրդյան։ Այսպէս անորոշության մէջ թողնելն ալ հնարավոր չէ։
———-
Այվազյանի «Աշոտ Երկաթին» մէ՞ջ է, դավաճան Քոսակը, որ վերջէն կպատժվի ձիու մը պոչէն կապված՝ տանջամահ։
Այո, կարծեմ։
Բայց ի՜նչ երջանիկ դարաշրջան։ Ձիու պոչ մը կրցեր է երկրի երեսէն սրբել տանել դավաճանության կեղտը։
Հիմա, մեզ մոտ, երբ ամէն մարդուն երկու Չեկայի ագենտ կհետևի, հիմա, կըսեմ, այս լեռնացած դավաճանությունը մաքրելու համար քանի՞ ձիու պոչ է հարկավոր, և ամէն պոչի վրա քանի՞ մազ։
․․․Վասակ, Մերուժան, Քոսակ։
«Հայոց պատմության» այս ողջ դավաճանները հիմա մէկ տուն միայն դուրս կհանէ․․․

Հինգշաբթի 18․– Այսօր բժշկի մը հետ տեղ մը կնունքի էինք գացեր։(Ըսենք հետինս իրականին մէջ անասնաբույժ էր, բայց որովհետև հիմա մարդու և անասունի տարբերությունն վերացեր է, այդ պատճառով բժիշկ կանվանեմ)։
Հա, ուրեմն, ես ու բժիշկը միասին կնունքի էինք գացեր։
Դուրս եկավ, որ նորածինին հայրն ու մայրը տղայի անվան շուրջ համաձայնության չէին եկեր։ Անոնք աղջիկ էին ենթադրեր և աղջկա անուն էին պատրաստեր, երբ բախտերնին բերավ, որ տղա ունենան։
Բախտ մը, որ կսպառնար դժբախտություն բերել ծնողների գլխին։
Հայրն թունդ կուսակցական, կուզէր այնպիսի անուն մը, որու մէջ լենինյան ու ստալինյան տարրերը գերակշիռ տեղ բռնէին։ Այդ երկու առաջնորդներու շունչն ու խաբկանքը տային։
Մայրն պահպանողական, ոտքը մէկ կոշիկի մէջ դրած կպոռար ու Հովհաննէս Մկրտչի յոթն անուններէն անպատճառ մէկը կուզէր։
Եվ կռիվ՝ բավականին ալ տաք։
Իսկ նորածինը, կնայեմ, խանձարուրի մէջ պառկած անհոգ ու երջանիկ իր համար կժպտա, առանց անց ու դարձէն դույզն տեղեկության։
Կարծես, խորհրդային ընտրությանց ժամանակ ժողովրդյան բռնած դիրքն ըլլա հիշեցնելիս․․․
Վերջէն, շատ կռվէն, շատ արյունահեղութենէն, շատ ավերումներէն ետքն, ուրախ եմ հայտնելու, որ համաձայնության եկան կողմերը ու հաշտություն ստորագրեցին։
Ըստ այդ պայմանագրի տղայի անունը պիտի ըլլար՝ «Ստալինի անվան Կարապետ»։
———-
Մեր քովի բազմամարդ բակի կենողներէն մէկը տարիներ առաջ իր տղայի անունն Լենին դրավ ուղղակի։ Բայց որովհետև չարություն ընելու ժամանակ պէտք էր «գետինը մտնես» կամ «քոռանաս» ըսել՝ այդ պատճառով անմիջապէս փոխեցին անունը, որովհետև «Լենինին» գետին մտցնել անհարմար բան էր և սրբապղծություն։
Անգամ մը մինչև իսկ, լավ կհիշեմ, ծերունի տատը պոռաց իր հարսին․
-Ազատուհի՜, վազիր, Լենինը կեղտոտեր է վարտիքին․․․
Լենի՞ն, կեղտոտե՞լ, վարտի՞ք։ Լսվա՞ծ բան է։

Ուրբաթ 19․– Ժամանակ մը կարևորություն չէի տար ճաշին ու նախաճաշին՝ դիվանագիտական հարաբերությանց մէջ։ Բայց երբ տեսա, թէ ինչպէս Ստալինն կանչեց Իրանի վարչապետ Կավամ Էս Սալթանէին ու ամիս մը շարունակ ճաշով ու նախաճաշով հաջողեցավ Պարսկաստանի նավթին տիրանալ՝ սկսեցի հավատալ։
Միայն կուզէի գիտենալ, թէ նախաճաշէն ետքն աղջիկն ալ դեր չէ՞ խաղցեր սա նավթի կոնցեսիաների մէջ։ Պատմության մէջ կանայք ավելի դեր խաղացած են քան նախաճաշեր։ Մեզ հայտնի է Կղէոպատրայի* պատմությունն հին աշխարհում և Եկատերինա թագուհվույն արկածերը նոր աշխարհագրության մէջ։
Ժողովրդական էպոսի մէջ բոլոր կռիվները միայն ու միայն աղջկա մը շուրջ կըլլան։ Էպոսում ոչ կոնցեսիա կա, ոչ առուտուր։ Միայն աղջիկ։ Այս րոպէիս խորհրդային բէնզինն ճիշտ է, պատերազմի ատեն օդանավ կթռցնէ երկինք, բայց խաղաղ ժամանակ միայն ու միայն ավտոներու մէջ դրած աղջիկ կթռցունէ այս պատասխանատու կոմունիստին տունէն այն պատասխանատու կոմունիստին տուն։
Ըսել կուզեմ, որ նախաճաշէն վերջն ալ աղջիկ է հրամցուցեր Ստալինն Կավամ Էս Սալթանէին։
Կըսեմ, բայց չեմ պնդեր․ վասնզի Իրանի վարչապետին տարիքը ինձի հայտնի չէ։ Կարելի է մինիստրն այն տարիքի մէջն է, երբ այլևս ատամ չեն ունենար աղջիկներ վայելելու և պէտք է ծամեն դնեն բերանը․․․ եթէ երիտասարդ տեղակալներ չունեն հարկավ։
Չէ, նախաճաշը մեծ տեղ ունի։ Ու այսօր, չնայած, Փարիզում տեղի ունեցող չորս արտաքին գործերու մինիստրության կոնֆերանսին ոչ մէկ համաձայնության եզր չեն գտներ ու թերթերը պատերազմ կգուշակեն, բայց մեր Մոլոտովն նախաճաշէն ձեռք չի քաշեր, ան ամերիկյան ու անգլիական ներկայացուցիչներուն նածաճաշ է տվեր նորէն, որմէ կհետևի, թէ ռուսական դիվանագէտն ուր երթա, իր խոհարարներն ու աման-չամանը հետը կտանի։
․․․Միայն թէ պնակ չունի սովետական Ռուսաստանը, ունեցածը հողէ քյասաներ* են, որ դիվանագիտական սեղանին չեն պատշաճեր։
———-
Այն հանգամանքը, որ արտասահմանյան պետական վարչապետներն, նախարարներն և պատասխանատու անձինք ազատ կպտտեն իրենց երկրին մէջ առանց զինված պահակներու, իսկ մեր Ստալինն շունէն փախած կատվի նման Կրեմլ մտած չի համարձակեր դունչը դուրս երկարել, ըսել կուտա ոմանց, որ իբր թէ Ստալինն կվախնա ժողովրդին վրէժխնդրութենէն։
Այդ սխալ կարծիք է։
Շիտակն այն է, որ ճիշտ է, Ստալինն կվախնա, բայց ոչ թէ ժողովրդին վրէժխնդրութենէն, այլ անոր զգացած անսահման սիրո զգացմունքէն։
Սաստիկ սէրը կապիկներու քով ավելի աղետաբեր է, քան ատելությունը։
Անոնք իրենց ձագերուն սաստիկ սեղմելով կրծքին՝ կսպաննեն։
Եվ սովետական Ռուսաստանում ատելություն գոյություն չունի, բոլոր սպանություններն ու գնդակահարություններն սիրո հողի վրա կդառնան։
Ստալինն սաստիկ սիրելով իր ժողովրդին կսպաննէ, ժողովուրդն ալ իր երախտիքը հատուցելու համար կուզէ անգամ մը գրկել անոր, ան ալ դժբախտաբար ձեռք չիյնար։
Երբ սիրով ալ կարելի է սպաննել՝ ատելության ինչո՞ւ ձեռք մեկնել․․․

Շաբաթ 20․– Լենինն իր ողջ կյանքում սոցիալիզմի ու կապիտալիզմի բնորոշմամբ է զբաղեր, իր գրած տասը հատորներու մէջ շատ արժեքավոր փաստեր է բերած, սակայն, իր եզրակածությունը չէ տված․ չէ թվեր այդ երկու սիստեմներու ամենաէական տարբերությունը։
Իսկ այդ էական տարբերությունն այս է։
Կապիտալիստական երկրում մէկը կաշխատի 150 միլիոն ժողովուրդ կերակրելու, իսկ սոցիալիզմի երկրում 150 միլիոն ժողովուրդ կաշխատի մէկը կերակրելու․․․
———-
Ազատ ռեժիմի մէջ եթէ ապրէի, բերնէս «սոցիալիզմ» բառը չէիք լսի, բայց ի՞նչ ընեմ, ամբողջովին սոցիալիզմի մէջ թաղված եմ, պիտի պոռամ, որ գան ազատեն։
Փորձանքի մէջ ընկնողը պատշաճություն չի փնտռեր․․․

1946թ․

Please follow and like us: