Սիաննա Մովսիսյան/Դեպի աքսորավայր

Նարնջագույն սավանը տատանվում էր քամուց, դա միակ գունավոր կետն էր գորշացած այս քաղաքում։ Ինչ-որ մեկը որոշել էր իր ներսի լվացքը փռել բարձրահարկ շենքի պատուհանի երկայնքով ձգվող պարանի վրա՝ պարան, որը վաղուց հայտնվել էր Կարմիր գրքում և սպասում էր Սև գրքում հայնտվելու իր հերթին։

— Ո՞ւր եք այդպես կենտրոնացած նայում,-հարցրեց մեքենայի վարորդը՝ որսալով հայացքս։

— Գունավոր լվացքին. մեր օրերում հազվադեպ հանդիպող երևույթ է,- մեխանիկորեն պատասխանեցի ես։

— Հա, իսկապես, իսկ առաջներում լվացք փռելու կանոնագիրք կար,- ծիծաղելով ասում է նա։

— Ժամանակները փոխվում են, արժեքները՝ նույնպես,- ավելացնում եմ ես։

— Իսկ նկատե՞լ եք, որ թռչունները շատացել են,- հարցնում է նա մի փոքր դադարից հետո։

— Այո…

— Ասում են, թե նրանք արդարություն են որոնում։

— Արդարությո՞ւն,- զարմանում եմ ես։

— Այո, քաղաքից քաղաք են թռչում, որ գտնեն։

— Դե նախկինում էլ էին թռչում,- սառը տոնով պնդում եմ ես։

— Բայց նախկինում նրանց տները ավիրված չէին, իսկ վերջին հրթիռակոծությունից հետո… մի խոսքով, նրանք եկել են այստեղ։

Մենք լռում ենք։ Չափից դուրս ցավոտ թեմա է։

Ես նայում եմ սավառնող թռչուններին։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ չեն վախենում թևերը բացել ու ազատ անկում անել, որքան ազատ են թռչում նրանք։ Այդ ի՞նչ ուժ է դրդում, որ անվախ լինեն և ուղղակի ճախրեն։ Իսկ ամպերը… ինչքան թեթև են սահում կապուտակ երկնքում։ Գուցե մեր հոգիներն էլ են այդպես թեթև վեր բարձրանում։ Ո՞վ գիտի…

— Գիտե՞ք ճանապարհը,- հարցնում է վարորդը։

— Այստեղից ուղիղ,- պատասխանում եմ ես ու շարունակում նայել երկնքին։

Երբ ճախրում ես ամենաբարձր ամպերի կողքին և հիանում արևի հիասքանչ շողերով, պետք է մտքումդ ունենաս ցավոտ վայրէջքի հավանակությունը։ Թեև որքան էլ պատրաստվես, որքան էլ մարզես քո հոգու մկանները, միևնույն է վայրէջքը աննկարագրելի ցավոտ է լինելու։ Միևնույն է հոգուցդ արձակվող ոռնոցը հասնելու է տիեզերքի ամենահեռու անկյուններ, ապա արձագանքելու է ետ, քանի որ ոչ ոք չի լսելու քո ձայնը, ոչ ոք չի հետաքրքրվելու, թե այդ ինչ անիմաստ ձայնարկություն է։ Ի վերջո, մենք բոլորս միայնակ ենք մեր ցավի հետ, դա էլ հո հացի կտոր չի, որ կիսես ու տաս ուրիշ մեկին։ Եվ եթե անգամ հնարավոր լիներ կիսել, ո՞վ պետք է այն վերցներ…

— Քաղաքը մոխրացել է,- ասում եմ վարորդին։

— Հա, այստեղ ամեն ինչն է սկսել մոխրանալ՝ շենքերը, ծառերը, անգամ մարդիկ են սկսել մոխրանալ, մի ժամանակ…

Վարորդը խոսում է, իսկ ես անջատում եմ նրա ձայնն իմ ուղեղում և շարունակում եմ մտածել՝ արդյո՞ք հնարավոր է ծայրահեղությունների մեր այս քաղաքում չմոխրանալ։ Գիտեք, այստեղ ծայրահեղ է ամեն ինչ. ծաղրահեղ են մարդիկ, ծայրահեղ է բնությունը, մեր մտքերը, հույզերը, և եթե դու ոսկե միջինում ես, ապա դժվար թե կարողանաս գոյատևել մեր քաղաքում կամ էլ քեզ ուղղակի կաքսորեն. այլընտրանք չկա։ Հա՛, մենք ընկել ենք ծայրահեղությունների ճահիճը ու որքան շատ ենք փորձում դուրս գալ, այնքան խորն ենք մխրճում։

— Դո՞ւք էլ եք ծայրահեղական,- հարցնում եմ ես՝ ընդհատելով նրա մենախոսությունը։

Վարորդը ժպտում է․

— Իսկ ի՞նչ եք կարծում։

— Նկատե՞լ եք, որ մեր քաղաքը ծայրահեղություններից զատ դարձել է նաև տարակուսանքների քաղաք,-հարցնում եմ ես վարորդին և, չակնկալելով որևէ պատասխան, շարունակում,- քաղաք, որտեղ դու խճճվում ես քո իսկ մտորումների մեջ, որտեղ դու կորչում ես քո հույզերի լաբիրինթոսում, որտեղ դու բանտարկված ես քո իսկ մտքերում։

— Դուք խտացնում եք գույները, երիտասարդ եք, դրանից է։ Երբեմն պետք է ճկուն լինել, հարմարվել միջավայրին։

— Իսկ եթե միջավայրը կործանի՞չ է։

— Դե կարելի է փորձել փոխել,- ասում է վարորդը,- բայց հին գինին միշտ էլ ավելի արժեքավոր է։

— Անգամ եթե այդ հինը մեզ կործանո՞ւմ է։

— Իսկ գուցե պահպանում է։ Արդյո՞ք Դուք գիտեք, թե որն է ճիշտը։

Չէ, ես այլևս չգիտեմ, թե որն է ճիշտը. հյուսի՞սը, թե՞ հարավը, երկի՞նքը, թե՞ երկիրը, սկզբունքնե՞րը, թե՞ անկեղծությունը, վերև՞ը, թե՞ ներքևը: Ու այս անվերջ փնտրտուքների մեջ՝ գտնելու քոնը, կորցնում ես հենց քոնը:

Մենք լռում ենք։ Ես միայն մի բան գիտեմ, որ արևն այլևս չի ծագում արևելքից, ես գիտեմ, որ հյուսիսում ամենատաքն է, ես գիտեմ, որ կորուստը ազատությունն է, ես գիտեմ, որ ճիշտը նույն սուտն է, անդունդը՝ վերևելքն է, մահը՝ ծնունդն է, հեռավորությունն ամենամոտն է…

Մեքենան շարունակում է իր հանդարտ ընթացքը՝ ուշադրություն չդարձնելով իր ներսում հասունացող լարվածության վրա։ Չէ որ ինքն իր ընթացքի պատասխանատուն է, իսկ մենք՝ մեր ներսի ընթացքի։

— Փաստորեն իրոք ծայրահեղական եք,- ասում եմ ես հիասթափված տոնով։

— Հասկացեք, ամեն ինչ ունի իր պատճառը… Մենք բոլորս սովոր ենք խնդրի շուրջ պտտվել, երկար ու ձիգ ճանապարհներ կառուցել, որ խնդրի տարբեր կողմերը տեսնենք, բայց չգիտես ինչու չենք ցանկանում երեք գրամ էներգիա ծախսել՝ տեսնելու համար պատճառը։

— Իրավացի եք…գուցե չափից դուրս ցավոտ է,- ասում եմ ես։

—Դա էլ կա, բայց պետք է հասկանաք…

— Իսկ ես հոգնել եմ հասկանալուց, ես ուզում եմ զգալ, պատկերացնո՞ւմ եք, ուղղակի զգալ։ Ես չեմ ուզում հասկանալ, թե ուր է լողում նավակն այս կյանքի, այս մոլորակի, նյութականացած վայրի այս ցեղի: Ուր հոգիները ծախվում են էժան, թթվածնի վրա կա դրված պիտակ, գիտակցության վրա էլ՝ թմրեցման նշան: Մի՞թե ամեն ինչ այդքան բարդ է։

Ես այլևս չեմ կառավարում հույզերս, մենք անթարթ հայացքով նայում ենք իրար։ Արցունքներն առանց կաշկանդվելու ողողում են դեմքս ու կաթկթում ծնկներիս։ Ես նայում եմ վարորդին ու ցանկանում եմ գոնե մի կաթիլ ապրումակցում կորզել։

— Մի՞թե Դուք ոչինչ չեք կորցրել, մի՞թե Դուք չեք խեղդվում այս ծայրահեղությունների ու պառակտումների քաոսում, մի՞թե օդը Ձեզ հերիքում է,- հարցնում եմ չկառավարվող հույզերիս արանքից։

Կրկին լռություն։ Հասնելով ինքնության ամենախոր անկյուններ՝ ես գիտակցում եմ՝ կան բաներ, որ մեր տիրապետության տակ չեն, որքան էլ մենք փորձենք դրանք ենթարկել մեզ։ Գուցե խնդիրն էլ դրանում է, որ մենք պատասխատվություն ենք վերցնում այնտեղ, որտեղ այն մերը չէ։ Իսկ դա լավագույն փախուստն է մեր իրական պատասխատվությունից։ Ծայրահեղության մեջ չկա պատասխանատվություն։

Վարորդը սառը հայացքով նայում է վրաս և նույնքան սառը ձայնով ասում.

— Եթե ուզում ես գոյատևել, պետք է բաց թողնես անցյալը, այլընտանք չկա, ներկան այսիպիսին է, և եթե դու ապրում ես ծայրահեղությունների քաղաքում, ապա պետք է ընտրես ծայրահեղ կողմերից որևէ մեկը և վերջ։

— Մի՞թե կա իմաստ ընտրելու արդեն իսկ պարտադրված տարբերակների միջև,- հեգնանքով հարցնում եմ ես։

— Իսկ կյանքում արդյո՞ք լինում են չպարտադրված տարբերակներ,- քմծիծաղով ասում է վարորդը։

Կրկին լռություն, ես սրբում եմ աչքերս։

— Անիմաստ է,- ասում եմ ես…

— Ի՞նչը։

— Դե ամեն ինչը, անիմաստ է իմաստ որոնել իմաստազուրկ մի համակարգում, որտեղ արժեքը զուտ թվանշանն է ու նրան տրվող գնահատականը: Ուր կողմնորոշիչները քաոս են ստեղծում, ուր չկան դեմքեր, կան զուտ դիմակներ, արտացոլանքներ… Ուր ծնունդն ու մահը չեն էլ գիտակցվում, կյանքն էլ անցնում է առանց ապրման: Ու խժռում ենք, որ մեզ չխժռեն, առանց ըմբռնման, որ միևնույն է՝ բոլորս էլ արդեն կուլ ենք գնացել այս համակարգին։ Իսկ համակարգը քանդվում է ներսից, քանդվում ու քանդում։

Անիմաստության ջրհորն ինձ ամեն օր ավելի խորն է քաշում, իսկ ես կառչում եմ բարակ մի թելից՝ հուսալով, որ կկարողանամ վեր բարձրանալ անգամ ամենախոր հատակից։ Ես չեմ էլ կասկածում, որ ամենախոր հատակներում միշտ ճահիճներն են սպասում։ Ուրեմն ի՞նչ, շարունակել ապրել խաբկանքներո՞վ, թե՞ դուրս գալ անիմաստության այս ջրհորից։

— Եվ ի՞նչ է քո ուզածը,- հարցնում է վարորդը արհամարհական տոնով։

— Գույներ, նարնջագույն սավաններ, ոսկե միջին, երկուսից ավել ընտրության հնարավորություն,- ասում եմ ես ոգևորված ձայնով՝ նույնիսկ չնկատելով, թե ինչպես նա Դուք-ից անցավ դու-ի։

— Փաստորեն նարնջագույն սավանը դու էիր փռել,- ոչ այնքան հարցմամբ, որքան պնդումով ասում է վարորդը, ապա շարունակում,- ես այսպես էլ հասկացել էի։

— Ի՞նչ էիք հասկացել։

— Որ դու ծյարահեղականների ոչ մի թիմին չես պատկանում։ Դրա համար էլ ասացիր, որ աքսորավայր ենք ուղևորվում։ Քեզ այնտեղ են չէ՞ ուղարկում։ Դուք` այլականներդ, այսպես էլ չսովորեցիք ապրել համակարգի կանոններով։

Նա փոխում է երթուղին։

—Ի՞նչ եք անում,- հարցնում եմ ես վախեցած,- ինչի՞ համար։

— Բոլորն էլ գիտեն, թե նման դեպքում մեր քաղաքում ինչ դատավճիռ է սպասվում։

— Բայց Դուք չեք դատավորը։

— Ինքդ էլ գիտես, որ վերջին օրենքով, յուրաքանչյուր քաղաքացի կարող է դատավորի դեր ստանձնել, երբ հանդիպում է այլականի։

Կյանքը շարունակ փորձում է առաջ տանել երկնքի այդ խաղը՝ հաշվի չնստելով իր դերասանների հետ: Ու ամեն ոք իր կողմն է քաշում իր դերի մի մասը, կարծես դա լինի շուկայում մնացած վերջին ապրանքը: Երբ փորձում ես տեսնել, հանկարծ կուրանում ես, երբ փորձում ես լսել, խլանում ես, փորձում ես զգալ՝ ուղղակի չքանում ես:

Ես սարսափում եմ. նա մեծացնում է մեքենայի արագությունը։ Մենք շարժվում են բոլորովին այլ ուղղությամբ, հետընթաց, շրջապտույտ, կրկին հետընթաց։ Ես վախենում եմ, շատ եմ վախենում… Վաղը լրատվականները կգրեն հերթական անշնչացած դիակի մասին, որ չհասցրեց աքսորավայր հասնել։

Please follow and like us: