Էրիկ Բեկնազարյան/Պարն արհավիրքից հետո

– Պեկան համը հանում էր։ Նռնականետը վերցրի, որ բեկորայինով խփեմ, բայց սնայպերը ֆիքսել էր ինձ։ Հենց հանեցի, որ նշան բռնեմ՝ խփեց թևից, ընկա,- պատմում է լեյտենանտը։

Էնպես թեթև էր խոսում, ոնց որ ինձ էին կրակել, ոչ իրեն։ Ընդամենը հաջորդ օրն էր, այսինքն նրան հենց նոր էին հանել դժոխքի խառնարաններից, բայց ձենն առաջվա պես վստահ էր, անգամ կատակներ էր անում։ Խոսում էր էնպես, ասես բան էլ չէր եղել։

Ես գիտեմ էդ պատմությունը, գիտեմ նրա պատմությունը: Կրակոցները չէին դադարում, օրը խառնվել էր գիշերվան, ու էլ չկար օր ու գիշեր, էլ չկար զարթնել ու քնել, էլ չկար հանվել ու պառկել, ինչ հանվել, նույնիսկ բածինկեքը մի ամիս է չեն հանել, ոտքերը` ողջը կոշտուկներ են, արնահոսել է ու արյունը չորացել է ձանձրույթից: Կոշտուկի վրա նոր կոշտուկներ են գոյացել: Երբեմն հազիվ են քայլում, բայց էդ ցավը նվազագույնն էր, ամենաարհամարվածը: Իրենք բլրի վրա էին, հակառակորդը ներքևում` փլատակ շինությունների մոտ: Պեկայով ավիրում էին իրենց դիրքերը: Հաշվարկը լիցքավորեց նռնականետը, լեյտենանտը գլուխը հանեց ու նշանառության տակ առավ նրանց դիրքը, բայց նույն վայրկյանին թևից խոցվեց, ընկավ:

– Զգույշ եղեք ըտեղ, սնայպեր է աշխատում,- գոռում է նա:

Բայց քսան վայրկյան էլ չանցած խփում են մեկ այլ հրամանատարի` գլխից:
Փորձում է վերցնել ավտոմատը, ձախ ձեռքը տանում է ավտոմատին, բայց ձև չկա կրակելու: Էլի մի հոգի է ընկնում, էդ կրակոցները, էլի, էլի, էլի, ինքն արդեն տենդի մեջ է, սիրտը ճաքում է՝ որ ոչ մի բան չի կարող անել, աջը խփվել է, միայն ձախով չի կարողանում նշան բռնել, պեկան ցաքուցրիվ է անում հողաթմբերը, մտածում է` վերջն եկել է, բայց դրանից միայն ծիծաղն է գալիս, ծառի մի փոքր ճյուղ է ընկած կողքին, վերցնում է այն ու ձեռքը հանում խրամատից, ձեռքը պարզում է թշնամու կողմը, շրջանաձև թափահարում է ճյուղը.
– Ավադա քեդավրա, բո՜զի տղերք, սեկտում սեմպրա…

Գլուխը հոգնած հենում է քարին, ծիծաղում է, բայց դա լացոտ ծիծաղ էր:
Գնդակոծում են իրենց դիրքի ամեն մի միլիմիմետրը, էնպես, որ իր ձեռքի էդ փոքր ճյուղն էլ խոցվում ընկնում է ձեռից:
Սերժանտներից մեկը վերցրել էր նռնականետը, լեյտենանտը ընկած դեռ հրամաններ է տալիս, սերժանտին հաջողվում է խոցել պեկայի դիրքը: Մի քանի րոպե հանգիստ է վիճակը: Նա նայում է իր աջ ձեռքին, բայց այն չկար: Մտածում է` կրակը թռցրել է թևը: Վեր է կենում կաղալով մի կերպ, սկսում է ման գալ թևը: Բայց տղերքն ասում են, որ չի պոկվել։ Պտտվել էր ու մեջքի հետևով հայտնվել ձախ գրպանի մոտ: Ֆելդշերը վազելով հասնում է, հանում բրոնե ժիլետն ու բուշլաթը, ցավազրկող է ներարկում: Ձեռքը բռնում է, խոսում է հետը, որ ուշքը չգնա:
– Հանգիստ եղի, լավ եմ,- ասում է լեյտենանտը խիստ տոնով,- նորմալ եմ, ախպերս: Ինձ նայի, նորմալ ա սաղ, էս սաղ անցնելու ա, լավ ա լինելու:

Մի վայրկյան լցվում են ֆելդշերի աչքերը: Տղա էր` տասնութ-տասնինը տարեկան, առանց խուճապի մի տեղից մյուսն էր վազում, փրկում ում կարող էր։ Նորից ինտենսիվ կռիվ է սկսվում` կապի են դուրս գալիս, ասում են, որ վիրավորներ ունեն, եկեք, տարեք ուազով: Ընդամենը մի հինգ հարյուր մետր են հեռու, բայց չեն գալիս, խաբում, ասում են տեղը չենք գտնում:
– Ես ձեր… ես ձեր… կրակոցների ձենով գտեք։
Կամավորներից մեկը մի այլ տեղից մի այլ ուազով վրա է հասնում։
Լեյտենանտը իր տղան էր, բայց չի էլ մոտենում անգամ, մարտը դեռ շարունակվում է, միայն մի հայացք է գցում տղային, տեսնում, որ ողջ է, գնում է մյուս վիավորների հետևից: Վիրավորներին տեղափոխում են ուազ ու սլանում։ Էդ արագության տակ, ամեն անգամ փոսով անցնելիս ներսում թռչում են սաղ, իսկ էդտեղ սաղ փոս է, բայց այլ տարբերակ չկա՝ կրակում են: Լեյտնանտն իր ձեռքը մի վիրավորի գլխին է դրել՝ պահում է, մեկ ուրիշն իր ձեռքով լեյտենանտի վիրավոր ձեռն է պահում, ով ում կարողանում, պահում է:
Քիչ հետո կրակոցների ձայնը արդեն հեռվից էր լսվում: Նա փորձում է հիշել օրվա դեպքերը: Ուրալի մոտ էր, ինքը կանգնած էր սերժանտներից մեկի հետ, մեջը տասնմեկ հոգի անձնակազմ, ուրալը պայթեցրին: Փորձում է հիշել թե դա երբ էր եղել` երկու ժամ առաջ, երկու օր կամ շաբաթ առաջ, բայց չի կարողանում հիշել:
Մեկի վիճակը շատ ծանր է, զառանցում է, արդեն գնում է: Լեյտենանտը մի կերպ հասնում է ջրին ու շփում նրա ճակատը, մի քիչ էլ խմեցնում։ Նա փսխում է, տնքոցներ են, խելագար վիճակ, մինչև ուազը հասնում է հոսպիտալ:
Բուժքույրերը վրա են հասնում, վիրավորներին տանում վիրահատարան: Լեյտենանտի համազգեստը կտրում են ու սկսում վիրահատությունը: Բուժքույրերից մեկը՝ մի կին, նրա կոշիկներն է հանում, լվանում ոտքերը, մշակում ոտքի կոշտուկները, չորացած արյունը:
– Ասում էի մի արեք դա, խնդրում եմ,- պատմում է լեյտենանտը,- ամոթից գետինն էի մտնում, իսկ էդ կինն ասում էր` ինչ ես խոսում, դուք մեր տղերքն եք, խելոք, հանգիստ պառկիր: Վիրահատությունից հետո պապան եկավ, վերջապես ժամանակ կար, մի երկու րոպե խոսեցինք, հետո ձեռս բռնեց ու ասաց, որ պիտի հետ գնա: Աչքերս լցվեցին:
– Պիտի գնամ, տղես, գիտես, որ պիտի գնամ:
Էդ օրը մի քիչ քնեց լեյտենանտը: Հետո դուրս եկավ քայլելու: Իր զինվորներից մեկը, վիրակապված արդեն, նստել էր պատուհանի մոտ ու նայում էր չգիտես ուր։ Ոչ մի տեղ էլ չէր նայում, տրվել էր գլխում անվերջ թնդացող մտքերին ու պատկերներին, դեմքը հուսահատ էր: Լեյտենանտը ձեռքը դրեց նրա ուսին.
– Հանկարծ չփորձես: Էս պահին մտածելը պակաս վտանգավոր չէ, քան, ասենք, մերկ ձեռքերով տանկի դեմ դուրս գալը: Գլուխդ կպայթի ներսից, չմտածե՜ս: Կմտնի մարմինդ ու ներսից կխժռի քեզ: Չմտածե՜ս հանկարծ, ախպե՛րս, ախպե՛րս:

Ինքն էդպես էր անում։ Ինքը տեսել էր, թե ոնց են մարդիկ մեռնում մինչև սպանվելը, մեռնում են՝ ողջ, առանց կրակոցի։

Արդեն դուրս էր գրվել հոսպիտալից, կռիվն ավարտվել էր։ Ո՞վ էր էդ սնայպերը, որ վրիպեց: Տղերքն ասում էին, որ իրեն խփելուց հետո նա դեռ երեք-չորս օր խոցում էր։ Հետո, մի օր մի անգամ լուսադեմին կրակեց, տղերքը տեսան բոցը ու նռնականետով խփեցին, պայթեցրին հենց էն կիսաքանդ շինության մեջ, որտեղ, փաստորեն, թաքնվում էր նա:

Ավելի ուշ ես տեսա նրանց պարը: Լեյտենանտն իր մանկության ընկերոջ հետ գնացել էր անտառ ու ամերիկյան ռիթմիկ մի երաժշտության տակ նրանք ազատ, թեթև շարժվում էին։ Շարժվում էին քամուն, բնության ռիթմին համընթաց։ Ինձ մի պահ թվաց, որ տեսնում եմ վերադարձող կյանքի պարը: Զգում էի, որ դա տեսնելով մեջիցս դանդաղ դուրս էին գալիս պատերազմի ավերածությունները:

Ցավը, երբ վերջապես որոշում է լքել մարմինը, մինչ լքելը մի վերջին ուժգին հարված է թափում վրեդ, բայց մեկ է, պետք է նրան դուրս հանել:

– Ցավոք կյանքը չի պատասխանում էն հարցին, թե ինչու,- ասում է լեյտենանտ Համբարձումյանը,- ես կորցրել եմ իմ ընկերներին ու արդեն հետ եմ սովորել լացելուն: Երբեք նման ցավ չէի զգացել, ներսում մութ ամայություն է, տեղի են ունենում բաներ, որոնք դժվար է բացատրել, բայց ես հիշում եմ… հիշում եմ ու կյանքում չեմ մոռանա: Ես հավատում եմ մորս արցունքներին, հորս վերքերին, իմ զինվորների ժպիտին: Հավատում եմ, որ կգա վաղվա օրը: Մնում է միայն մի հարց. ենթադրենք մենք չմեռանք, բայց կկարողանա՞նք ապրել: Ամեն դեպքում, միշտ՝ amor fati:

Please follow and like us: