Իմ մեծ հորեղբոր կինը ուկրաինուհի էր, հորեղբորս հանդիպել էր Ռուսաստանում, ամուսնացել էր ու եկել` ապրելու Վրաստանում գտնվող, աշխարհից կտրված մեր գյուղում։ Հայերեն առաջին բառը, որ լավ սովորել էր` զահրումար բառն է եղել…
Պապս առաջին անգամ նայել էր Ռուսաստանից Վրաստան եկած բարձրահասակ հարսին, դեմքը ծամածռել էր, աչքերը վերուվար արել ու փռշտացել և փռշտոցից հետո, ինչպես սովորաբար, ինքն իրեն ասել.
Զահրումա՛ր…
Հետո` օրեր անց, երբ նորից էր փռշտացել, հայոց բառուբանը նոր յուրացնող ու ամեն ինչ տեղում սերտող հորեղբորս կինը վազելով եկել էր ու ինքնամոռաց բացականչել.
-Զահրումա՛ր, պապա՛ ջան…
Պապս խոժոռվել էր, կիտել հոնքերը, իսկ հորեղբայրս, զարմացած կնոջը հրելով, սենյակ էր տարել` մանրամասն բացատրելու մեր լեզվի ոճական նրբերանգներն ու առանձնահատկությունները …
Երբ մեծացա, ինձ համար դժվար էր հասկանալ, որ հորեղբորս կինը ուկրաինացի է, նա այնքան լավ էր խոսում հայերեն, այնքան համեղ էր եփում հայկական ճաշերը, այնքան լավ գիտեր հայկական ավանդույթները, այնքան շատ էր հայ , որ իրոք դժվար էր նրան օտարերկրացի համարելը: Հրաժարվել էր իր` ուկրաինական Լեմակ ազգանունից և վերցրել մեր հայկական ազգանունը։
Մեր ազգանունի հետ էլ վերցրել էր ահագին կարևոր բաներ, որ ուղիղ կապ ունեն յան-ով վերջացող ազգանունների հետ: Հայերեն լավ գրում, կարդում էր, երգում ու պարում էր նույնիսկ… Բոլորիցս լա’վ։ Երբ մի օր զարմանքս հայտնեցի իրեն, նա ինձ ավելի զարմացրեց, երբ ասաց, որ ինքը հայերեն է մտածում…Իսկապես զարմացել էի. հասուն տարիքում ինչքան օտար լեզուն դարձնես քոնը, որ այն դառնա մտածելուդ ու ներսիդ լեզուն…
– Միայն աղոթելիս եմ ուկրաիներեն աղոթում, հայերեն չեմ կարողանում,- ասաց ինձ։
Հայատառ գրել էր ուկրաիներեն «Հայր Մերը», երբ մեծ տաշտի մեջ հացի խմոր էր անում, ես բերում էի թղթի վրա գրած աղոթքը, կարդում այն։ Ինքը հունցում էր ու կիսաշշուկ հետս արտասանում աղոթքը… Խմոր անելու պարտադիր ավանդույթներից մեկն էր դա, որը չէր խախտվում երբեք։
Շատ էինք կապված, բացի մաքուր հայերենից, որ նաև իրենից եմ սովորել, որովհետև ամբողջ օրը միասին էինք, իրար կպած տներում էինք ապրում, շատուշատ կարևոր բաներ է սովորեցրել ինձ հորեղբորս կինը։ Հայ, հայավարի ու հայասեր է մեծացել նաև իր միակ տղան՝ այնքան, որ երբ ուզում էինք տղային վիրավորել, ասում էինք` դու ուկրաինացի ես, բենդե’ր, ասում էինք ու չէինք հասցնում փախչել, շան ծեծ էինք ուտում, փառավոր ծեծ, որ անհնար է մոռանալ էդ մրմռոցը. այնքան էր կատաղում ու փրփրում… Այդ ծեծերի ընթացքում էր, որ մի անգամ ճկույթս ջարդվեց։
Մանկապարտեզում դայակս ինքն է եղել` հորեղբորս կինը. առաջին բանաստեղծություն.
-Սիրում եմ քե՛զ, հայո՛ց լեզու…
Հետո առաջին անգամ հայկական գաթա, հետո շյուղերով գուլպա գործել, հետո հայկական չրեր, ընկույզով սուջուխ, որին մենք չուչխել ենք ասում։ Հետո շատ բաներ, որոնք տիպիկ հայկական էին ու հայերեն։
Փռշտալն էր միայն մնացել իր հայրենի Ուկրաինայից…Մի տեսակ մեզ նման չէր փռշտում.
-Հաափչիխ-օյի՜,- փռշտում էր ու չէր մոռանում իր սովորած առաջին բառը,- զահրումա’ր….
Ասում էր ու էլի ամեն ինչ ընկնում էր իր տեղը` հայերեն, հայկական ու միայն հայավարի. սա այն դեպքում, երբ ինքը ուկրաինացի էր, ծնվել էր Ուկրաինայում, ապրել ու մեծացել Ռուսաստանում, հետո ապրել Վրաստանում և այս խառն աշխարհագրության մեջ իր ամբողջ կյանքում երբեք չէր ապրել Հայաստանում՝ երբեք ու երբեք, ոչ մի օր…