Նարե Վարուժանի/Պահանջվում է աման լվացող

– Սաթի՞կ։

Սաթիկը վերցնում է սրբիչն ու սկսում ամանները չորացնել։ Այսպես ամեն օր։ Լվանում է, սրբում, շարում սկուտեղի վրա։

-Սաթի՛կ, արագացրու՛։

Սովորել է Սաթիկը անդադար իր անունը կանչող  հանդիմանական ձայնին։ Քսան տարի է արդեն, ինչ աման է լվանում քաղաքի ամենահին ռեստորաններից մեկում, և ով գիտի` քանի ափսե է անցել  ձեռքի տակով, և ով գիտի` քանի արժանի ու անարժան  է  իր մնացորդը  խոհանոց ուղարկել Սաթիկի համար։ Աման լվացող Սաթիկը. այսպես են կանչում նրան թաղի մարդիկ։ Շենքում սերունդ է փոխվում, բայց իր գործը` երբեք։ Չի փոխվում նաև ինքը` հանդարտ, չխոսկան Սաթիկը։ Միայնակ է։ Ամուսինը  մահացել է։ Երեխա չի հասցրել ունենալ , իսկ հետո չի ամուսնացել։ Հավանական է` չի էլ մտածել այդ մասին։ Աշխատում է առավոտյան տասից երեկոյան տասը, տուն է գալիս առանց ոտնաձայնի,  տոպրակի մեջ սովորաբար մի կտոր խորոված կարտոֆիլ կամ մի քիչ աղցան , մի խոսքով ամենը, ինչ մինչև վերջ չէր ցանկացել այդ օրվա  հաճախորդի ստամոքսը։

Գիշերը լույսը շուտ է մարում, երևի շուտ է քնում. իբր անելիքի անու՞նն ինչ է։ Բակում երևում է օրը երկու անգամ` աշխատանքի գնալիս և աշխատանքից գալիս։ Շենքի բամբասանքների ժամանակ մոռանում են նրա անունը հիշատակել, որովհետև այնքան սուսուփուս է , այնքան մի կողմ քաշված, որ հաճախ մոռանում են գոյությունն իսկ։ Բայց երբ դժբախտաբար մեկ-մեկ հիշում են, այսպիսին է լինում խոսակցությունը.

– Տեսնես սիրած չի պահու՞մ։ Դուք հավատում եք, որ ամբողջ օրը ռեստորանու՞մ է։

– Զզվելի գործ է անում, ֆու՜, քսան տարի, սրա-նրա կերածը, ֆու՜։

– Թե ասա` ով ունես , որ էդպես քեզ կոտորում ես։

– Տեսնես ինչքան էլ ստանու՞մ է։

– Շենքի խանութի պարտքացուցակում մենակ իր անունը չկա, բա՜։

– Հպարտ է, հպա՜րտ։

Խոհանոցն առանց Սաթիկի չի լինում։ Մինչև չգա, ոչինչ իր տեղում չէ։ Ոչ ոք և ոչինչ չի կարող փոխարինել աման լվացող Սաթիկին։  Բոլորը գիտեն , որ լվացարանի փոքրիկ անկյունը իրենն է, քսան տարի է, ամեն օր տեսնում են այդտեղ կանգնած` սպիտակ գոգնոցով, պինդ հավաքած մազերով ։  Թվում է, թե չլինի Սաթիկը, չեն լինի ռեստորանը, խոհանոցը, սկուտեղին շարած մաքուր ամանները։

Հոգնե՞լ է։ Հոգնել է,  այո՛,  բայց մենակության պատերն ավելի ձանձրալի են ու ճնշող։ Միգուցե ավելի դուրեկան են ամանների չխչխկոցը, ջրի միալար հոսքը, գոռոցները.

– Սաթի՛կ, մոտեցի՛ր լվացարանին։

Եվ գալիս է հերթական կերուխումի արդյունքը` դատարկ ու կիսադատարկ ամանների բուրգ ։  Որոշների մեջ ալկոհոլ է թափված, որոշները այնքան են սրբած, որ կարելի է շփոթել մաքուրների հետ, իսկ որոշների մեջ մի անգամ  ձեռք տված ուտելիքի կտորներ են, անիմաստ իրար գլխի շարած, չօգտագործած անձեռոցիկներ։   Փառահե՛ղ խնջույք։ Սաթիկը զուսպ, կոկիկ   անցնում է գործի, և ոչ մի դժգոհություն չի ուրվագծվում դեմքին, ոչ մի հոգոց դուրս չի գալիս կոկորդից։ Ամեն բան սեղմում է , հրում  ներս ` դրսում թողնելով միայն երկու ձեռքը, այն, ինչ պետք է խոհանոցում, այն, ինչ հետաքրքիր է մարդկանց…

***

Արդեն մի շաբաթ էր, ինչ Սաթիկը աշխատանքի էր գնում շատ գունատ ու մռայլ։ Օր օրի դեմքը նիհարում էր, ձեռքը սկսել էր դողալ։ Մի  անգամ նրան նկատեցին թաղի կլինիկայում։ Հետո շշուկներ տարածվեցին ինչ-որ ծանր հիվանդության մասին։ 

– Ասում են` Սաթիկին քիչ է մնացել։

– Ի՜նչ ես  ասում, բա ռեստորանը, բա ամանները…

Այդպես էլ ոչ ոք չհարցրեց, թե ինչ է պատահել, որովհետև`

– Սաթի՞կ, ամաններ են կուտակվում։

Սաթիկը կապեց գոգնոցը, աչքերը լայն բացուխուփ արեց, ասես նոր պիտի արթնանար քնից։  Խշշացող ջրի տակ սկսեց դանդաղ լվանալ։ Ժամերը հոսում էին ջրի հետ,  իսկ նա լվանում էր ու լվանում… թե քանի աման լվաց, ոչ ոք չիմացավ։ Բայց երևում էր, որ այդ օրն էլ  մարդիկ կուշտ կերան ռեստորանում, մինչդեռ Սաթիկը չհասցրեց անգամ ընդմիջել։

Երեկոյան օրվա վերջին ափսեները  շարեց սկուտեղի վրա և  ողջ ծանրությունն առավ հոգնած ու ջրից փափկած ձեռքերին։ Բայց ուժգին  գլխապտույտ զգաց, և ձեռքը դողաց ։ Սկուտեղը, իր թանկագին բեռը շալակած, ընկավ գետնին։ Մի վայրենի չխկչխկոց հասավ խոհանոցի ականջներին։

– Սաթի՜կ,- հնչեց փշրվող ամանների արձագանքը ` վերադասի շուրթերից։

Այդ օրը Սաթիկը բակ մտավ ծայրահեղ անտրամադիր վիճակում։ Կոտրվել էր քսան ափսե, երկու աղաման, երեք բաժակ, միասին երեսուներկու հազար վեց հարյուր դրամի ապրանք։ Կամ գուցե մի քիչ ավել, առավոտյան նորից կհաշվեն։

Մի քանի օր  Սաթիկին չտեսան բակում։

– Երևի դուրս են արել։

– Գողություն կլինի արած։

– Կա-չկա, էնտեղ մեկի հետ կապվել է, բռնվել։

Չորրորդ օրը մի պահ երևաց թաղի դեղատան մոտ։ Այդ օրը առաջին անգամ Սաթիկ անունը գրվեց պարտքացուցակում։ Իսկ թե ինչ եղավ հետո, ինչ կերավ կամ խմեց , երբ մարեց կամ վառեց սենյակի լույսը,  ոչ ոք չիմացավ, ոչ ոք չհարցրեց։ Բայց Սաթիկին այլևս տեսնող չեղավ։

Ռեստորանի դռան վրա հայտարարություն է կախված. «Պահանջվում է աման լվացող»։ 

Please follow and like us: