Թոյն-Դրակ/ՀԵՇՏԱՆՀԱՇՏ

(մինչ կինս սուրճը կբերի)

Նախ-երգ

Դարձել եք հեշտ ու հեշտաեռ,
Օ՜, անճիգ բառեր․
Հոսում եք չլուտ-չփլաղ,
Անդուռ ու անշաղախ,
Թեթևի մեջ երևելի
Հանրամատչելի․․․

1․

արթնանում եմ կարծես ֆեյսբուքում,
սուրճը խմում եմ ինչպես քոմենթ
ու քոմենթներին պատասխանելու ռիթմով,
մեկը հանկարծ հուշում է, որ լավ կլինի՝
ամեն օր քայլես շուրջբոլորն այգու՝
հանուն ընտանիքի և հայրենիքի
(և սակայն ինչու ոչ)․
ի վերջո առողջ մարդիկ են պետք
թե՛ տանը, թե՛ հայրենիքին,
և անգամ դրսում․․․

2․

քայլելուց առաջ միացնում եմ
հեռախոսիս Գուգլ ֆիթը,
որ իմանամ, թե ինչքան կձգեմ,
իսկ քանի որ կնոջս հետ եմ քայլում,
ձեռքի հետ փորձում եմ թեմաներ գտնել,
որոնք տանը չենք քննարկում․․․

3․

քանի որ այս տարի շոգ է ու երաշտ,
անմիջապես նկատում եմ անխնամ այգին,
որն անտերության է մատնվել
արդեն երեք տարի․
Նանսենի այս գեղեցիկ այգին,
որը վերևից նայելիս խիստ ամառային է,
իսկ ներքևից նայելիս խոր աշուն է հիշեցնում․
ոմանք այգին են անխնամ թողել,
իսկ ոմանք էլ ջարդել են
այգու Լրագրողի արձանը,
ավելի կոնկրետ՝ ոտքերն ու մի ձեռքը․․․

4․

երկրորդ պտույտի ժամանակ
հայտնվում են մարդիկ, որ փորձում են այգին ջրել
հին-ժանգոտած խողովակներից․․․
Գայի արձանի դիմացի փոքրիկ հողակտորը
բարեբախտաբար ջրում են
ժամանակակից միջոցներով,
մինչդեռ արձանի թիկունքում գտնվող այգին
անհուսալիորեն սովետական է․
ահավոր կոպիտ է ժառանգությունը՝
լինի սովետական, թե նախա-
ժառանգությունը միշտ էլ կոպիտ է․․․

5․

հենց հասնում ենք այգու
բոլորովին չջրված հատվածին,
նորից նախորդ խոսակցությունն ենք շարունակում,
և արդեն բարձրաձայն ասում եմ՝ չլինի հանկարծ
մեր ամենօրյա խոսակցությունները լինեն
անտերության մատնված այգու մասին․․․
և նոր թեմայի որոնման հույսով ասում,
որ վերջին պտույտից հետո
չէր խանգարի մի զույգ վարտիք գնել․․․

6․

երրորդ պտույտից հետո
ձողիկ ծախող պառավ կինը փսփսում է
պոմիդոր-վարունգ ծախող կնոջը,
թե արդեն ծերացել է,
շատ է ծերացել, ու իրեն
արդեն երկրորդ անգամ
թվում է, թե հեռացող զույգը
մի քանի րոպե առաջ էր հեռացել
ու չի հասկանում՝
դրանք վերադառնում են, թե հեռանում․․․

7․

քանի որ այս անգամ կնոջս հետ եմ,
վարտիք գնելը դառնում է յաբախտի
(նախկինում վաճառողուհիներն էին օգնում,
իսկ այս անգամ չեն էլ մոտենում),
քանի որ այդպես էլ չեմ կողմնորոշվում
իքս-իքսելների բազմազանության մեջ
և միաժամանակ տարբերությունների․
բանն այն է, որ տարբեր ֆիրմաների նույն չափը
բավականին տարբերվում է մեկ այլ ֆիրմայի
նույն չափի վարտիքից
(լրիվ իքսով հավասարում)․․․
տանը պարզեցինք, որ գնված վարտիքները
փոքր-ինչ նեղ են, հետևաբար անպետք,
հետևաբար սխալ էր
«Զևս» ֆիրմայի չափսի հիման վրա
ընտրել «Չանբոյի» համապատասխանը․․․
(եթե տղաներիս ժառանգեմ,
շատ կոպիտ չի լինի՞․․․)…

Վերջ-երգ

պոեզիա էլ չկա,
քանի որ ո՛չ պոետները,
ո՛չ էլ գրականագետներն
էլ չեն հասկանում, թե ինչ է պոեզիան,
քանի որ այսօր բոլորն են գրում,
ցավոք չգրող չկա․․․
պոեզիայի մասին մտածելն էլ
մի տեսակ գանտել բարձրացնելու պես է՝
հանկարծ չգցես ոտքիդ․
ինչքան թեթև, այդքան լավ․․․

ՀԳ

կինս ասում է՝ այսպես գնա՝
թերթերն ու կայքերը չեն հասցնի
քո գրածները հրատարակել,
և ահավոր կոպիտ ժառանգություն կդառնան
տղաներիդ ուսին․․․
հարկավոր է մտածել գլոբալ տաքացումից
ոչնչացող բնության մասին․
այգին չջրելու պես մի բան կդառնա
գիրք տպագրելը․․․

Please follow and like us: