Գոհար Նիկողոսյան/Մի լիմուզին կոպեկ

Նվիրում եմ Արմեն Մարտիրոսյանի հիշատակին

… Երբ իմ երազում էր բնակվում, անուն չուներ, այլ միայն գույներ։ Դիմագծերը առանձին-առանձին լավն էին, բայց միասին՝ մորթոցի-գեշ։ … Ու գույներ, գույներ՝ կարմիրը վարդագույնի հետ, կապույտը՝ կանաչի, նարինջը՝ զմրուխտի ու դենալուրթի, մի խոսքով՝ նախշուն հրեշ մի… Հա… Ուրեմն՝ միշտ նույն երազն էր։ Օպերային հարող Թումանյան փողոցի մեջտեղում կանգ էի առնում… Միայն դիմագծեր ու գույներ ունեցող Արմինեն հասնում-բռնում էր ինձ, ասես որսում բանուկ շոշում ու… ոչ թե՝ երկու ձեռքով, այլ՝ բազում ելուստներով։ Քաշում-քաշքշում, ինձ իրենով էր անում և…  ուր գնալս, ինչ լինելս ես չէի հասկանում, հասկանում էի միայն այն, որ  ինձ բացթողնողը չի իմ երազում։Մի լիմուզին էր կանգնում Ջիպից հետո, իսկ լիմուզինից հետո՝ Ռազմական ոստիկանության մի մեքենա… Գորշ համազգեստով մարդիկ մոտ վազում, ինձ խլում էին հրեշ Արմինեի ճիվաղաբար սուրսայր մագիլներից, ու երազն ավարտվում էր… ***Համակուրսեցի Վանուհին Բեռլինում գրող է դարձել  և ստեղծագործում է միայն գերմաներենով։ Եկել իմ հետքերով, Թիթեռի* Նորոյից ինձ էր հարցրել։ Վաղուց էր՝ այնտեղ չէի աշխատում, բայց Գրողների Միություն գնալիս պատահաբար հանդիպեցի իմ այդ տնօրենին, իմացա Վանուհու գալը ու որոշեցի՝ մինչև մութն ընկնելը Ավանում կլինեմ։ Աշնան անուշ, թավշե  կիրակի էր… Գնալիս շներս հետս էին ու ձեռքի հետ էլ պատահած սրճարաններում վաղվա օրվա աշխատանք էի հարցնում, ասենք օրինակ՝ մաքրուհու։ Ստաֆի ու ավչարկի խառնուրդ մայր շունն էր, որձ ձագ գելխեղդ հոր զավակը, էգ ձագը՝ որսորդական շան դուստր ու մեկ էլ… ես էի ու չորսով գնացինք ոչ թե որսի, այլ՝ բախտ որոնելու։ Բախեցի շատ դռներ, կտրեցինք հանդիպած խաչմերուկները, հասանք Օպերա։Օպերայի բակի մի սրճարանում ինձ քաղաքավարի մերժեցին, իսկ մյուսում՝ Մաշտոցի պողոտայի վրա, գրկաբաց ընդունեցին։ Ընդունեցին ու հրավիրեցին վաղն ևեթ աշխատելու։Կանգառում ավարա թողեցի երեք գազանիկներիս ու իմ վերջին 100 դրամով ես Ավան սլացա… Ափսոս… Ընկերուհիս առավոտ կանո՞ւխ Բեռլին է թռել… Հաջորդ առավոտն է։ Ես եմ ու Արմինեն է ու մի հսկա տարածք։ Արմինեն բարի է, օգնում է խորհուրդներով, խոհանոցում, մատուցելիս, անգլիախոս հաճախորդների հետ խոսել դժվարանալիս։ Հսկա տարածք է, ու աշխատանքային օրս էլ դեռ նոր է սկսվել, բայց… կիսաշրջազգեստիս կողային, հսկա գրպանը, որը նախատեսված է հենց այս աշխատանքի համար, արագորեն լցվեց կոպեկներով։ Ես հաջողացնում, մեջընդմեջ վազում էի կողքի խանութ իբրևթե մեծ փող մանրելու և… վերադառնում սեփական կոպեկներս թղթադրամ սարքած…… Գալիս էին գրողներ, երաժիշտներ, դերասաններ, նկարիչներ, ժուռնալիստներ, դեմքեր, դեմքեր, դեմքեր… Արմեն Մարտիրոսյանը ընդամենը երեք անգամ է օղի պատվիրում ու յոթ անգամն էլ ինձ լավ է նայում… Իմ գրչընկերներին ևս (իսկ քիչ չէին) ես վազելով էի սպասարկում։ Երեկոյան 7-ին մի սեղան եկավ, ծոցի տուզիկով։ Ավելի ճիշտ ջեբի շնիկ էր,  բայց տերը նրան ծոցի գրպանում էր պահում։ Հենց հերթական անգամ հասնում է այդ սեղանին, շունը գլխիկը գրպանից հանում ու կլանչում էր։ Շնիկի ամեն կլանչի ու չորսի կանչի հետ գլուխս դողում էր հրճվանքից։ Ըստ իս այդ մարդիկ դերասաններ էին մեկ ռեժիսորով և շարունակ գովաբանում էին ինձ։ Հանկարծ… Սիրուն անձրև բռնեց, ու ես ոտքից գլուխ ջուր դարձա։ Անձրևը եկավ հինգ ժամ անընդմեջ… Աշնանային եկավ, մանր-մանր, բարակ-բարակ… Ես այնպես էի տարվել ջեբի շնիկով, որ երեք սեղան փախան իմ վրայից, բայց այնքան շատ գումար էի աշխատել արդեն, որ ինքս փակվեցի կերված կոտլետների, մալաթների, հոթդոգների ու տոնական տոլմա կոչվածի հաշիվը։Չորրորդ, փախած սեղանի հետ բռնեց մշեցու չոր կողս։ Բռնեց ու բաց չթողեց։ Արմինեն արդեն քարայծի էր նմանվել։ Մերթընդմերթ խրտնում ու բառերով սմբակահարում էր ինձ։ Ժամերով ոտքը ոտքին գցած ծխելով և ինքն իրեն մատուցած սուրճի բաժակները իմ հույսով լվացարան շպրտելով՝ նա… իր բարությունը բարկություն էր սարքել ու եռցնում էր…Արդեն… Բազմաթիվ սեղաններից ինձ էին կանչում, ինձ ուզում, ինձ երազում, իսկ գեեցկուհուս համար ես արդեն ազատ րոպե չունեի։ Նրան միայն մատս վեր տնկած «մի րոպե» ասելն էի կարողանում։Հինգ ժամ անընդմեջ թրջվելով՝ իմ մեծ գրպանը և վերնաշապկային պատկանելության երկու կոճկովի գրպանները, կրծկալիս զույգ թասակը, ուր ես խցկում էի վերջին կոպեկներս, դրսից խոհանոց ներխուժելիս արդեն տնքում էին կիսաթաց մետաադրամների անդրշիրիմյան բարբաջանքով։Համը հատկապես հանում էին տասը և քսան կոպեկանոցները, որոնք ինձ մնում էին որպես մանրոն**։ Ես այդպես էլ մեռելի զդաչի չդարձա, կենսունակ էի ու արագավազ ու ոտից գլուխ ու մինչև ոսկորս լոխ թրջված…… Շնիկի սեղանը ամեն մատուցումիս հետ փակում էր հաշիվը, ինձ լավ նայում, ապա նոր հաշիվ բացում… Նրանք փախչող պտուղը չէին։  Այն չորրորդ սեղանի փախուստից հետո  ես հերթական անգամ մոտեցա իմ սիրելիներին, որ նրանց մոխրամանը փոխեմ, բայց… վայ… գնացել են արդեն։ Ռիթմից ընկա և ուղիղ կեսգիշերին՝ 12.00-ին, առաջին անգամ այդ օրը իմ կյանքում ես զրո-զրո էլ գնացի։ Ապա սկսեցի գլուխ պահելով աշխատել, մերթընդմերթ վիճաբանելով քառասունհինգամյա հաճելի բարմեն կնոջ և… ատամները արդեն քշտելով և երկար-մագիլանման եղունգները իմ ուղղությամբ ցցելով հրամայող Արմինեի հետ… Հանկարծ հնչեց ծանոթ կլանչոցը՝ ոսկեղենիկ և լյա-մաժոր հնչումով։ Ես վազեցի շան կողմը։ Նրանք մաշված հովանոցով սեղանից տեղափոխվել էին ուրիշ տաղավար, սաղարթաշատ ծառի տակ՝ չորրորդ, փախած սեղանի տեղը։Ակամա նույն ոգևորությունը համակեց ինձ, ինչ ռիթմից ընկնելուցս առաջ էր։ Ոչ միայն չէին փախել, այլև անհամբեր իմ գալուն էին սպասում։ Եվ սաստիկ նեղված էին, որ ես մութ տեղում իրենց չեմ գտել։ Նոր հաշիվ բացեցինք։… Անցնում է տասը րոպե, ևս հինգը։ Վերջին րոպեն է։ Ինձ կանչում, կարելի է ասել՝ բերման է ենթարկում Արմինեն քառասունհինգամյա հաճելի բարմեն կնոջ մոտ։ Հնչում է օբյեկտատիրուհու, Հռիփսիմեի հեռախոսազանգը։ Մինչ բարմենուհին և Արմենուհին, լսափողը իրարից խլխլելով, կպատասխանեն կարևոր զանգին, փոքրիկ լուսամուտից, ասես՝ երդիկից, մի վերջին անգամ նայում եմ հինգ սեղաններից կարկառված մեկական ձեռքերին… Հատկապես շնիկով սեղանից միանգամից չորս ձեռք է կարկառվել ի տես ինձ՝ երկուսը արական, երկուսն՝ իգական…Նրանք ամենքը ինձ են կանչում, ինձ ուզում, հավանո՞ւմ են ինձ… Ես թաց աղջիկ եմ, բայց էլ… Ե՞րբ կգամ…- Հաշիվը,- չորրորդ՝ փախած սեղանից պահանջում է միացյալ ձայնը։- Չեմ տա,- ասում եմ ոչ միայն ես։ Նույնն են ասում նաև կոպեկներից տնքացող, լիքը լցված, ստինքների նմանված գրպաններս, ծոցագրպաններս, կրծկալիս թասակները, անձրևից փոխված, կոշտացած, պահառպահ թախծով կրկներգվող ձայնս…- Չեմ տա…-Հենց հիմա կտաս… անձնագիրդ։- Լավ, համաձայն եմ։- Ու ձևացնում եմ, որ գնում եմ, պայուսակիցս շուտ հանեմ, բերեմ։ Գողեգող ազատվում եմ տնային-չստատիպ կոշիկներիցս, ըզոտնում քաղաքացիականներս, պայուսակս ուսառնում ու… փախչում եմ։ Մինչև խաչմերուկ լավ եմ փախչում, բայց փողոցը կտրելիս շրջվում ու տեսնում եմ ինձ հետապնդող Արմինեի (նա Գուլիվերի նման է վազում) և քառասունհինգամյա, հաճելի բարմեն կնոջ (նա Գնդլիկ-Բոքոնիկի պես է վազում) թև թևի ու հևի-հևի կերպարանքները։Ես արագացնում եմ՝ դառնալով ինքնակոչ լուսամփոփ՝ միայն մգագորշ, անձրևափայլ, սևով աշխատող… Մեքենաներ են, որ ղըռռթթթ, կանգնում են իմ պատվին։ Մյուս թևի՝ հանրախանութի մայթ ուղևորվելիս, հենց շոշում ես հայտնվում եմ հազիվ կանգնել հասցրած Ջիպի ակների առջև։ Այդ փողոցն այդպես էլ կտրել չկարողացա… Հասնում ու բռնում է իմ թևնց Էլ չեմ բարձրանում, ավելի հարմարավետ եմ ընկնում։ Կամովին փարվելով գետնին՝ գլուխս շրջում ու նայում եմ, մեքենաների գույնզգույն լույսերի ներքո ես տեսնում եմ կարմիր ատամներ, զմրուխտ աչքեր, կանաչ ժանիքներ, ճերմակը ոսկեգույնով մշակած երկարիկ եղունգներ, կապույտ փայլ, մագիլներ ու գույներ, գույներ, գույներ… Գիշերվա սևի մեջ ցցուն, ինչպես երեքամյա իմ երազաշարում էր…… Հետո հանդիպակաց լիմուզինն է, երբ ես հարմարավետ լղոզվել էի գետնին։ Նա էլ է կանգնում, ասես հարգելու իմ կենդանի հիշատակը, ինձ՝ Արմինեի զոհիս,  և ես հասցնում եմ նույնիսկ գիտակցել՝ ինքզինս մեքենաներով շրջապատված առավել ապահով եմ զգում։ Ես… Ես չեմ ուզում լինել Արմինեինը, կատարել նրա հրամանը։ Եվ պահանջում եմ, որ ինձ անմիջապես թողնի ու հեռանա։… Լիմուզինը շարժվում է հանդիպակաց, և նրան համընթաց շարժվում ու շրխկում են կոպեկներս… Նախորդ գիշեր թռավ։ Ափսոս։  Եծե մի օր շուտ տեսնեի Նորոյին, մի օր շուտ կհասնեի Ավան, Վանուհու հայրական տուն, ու այս մահահամ փորձանքը չէր լինի։ Փոխարենը երեք տարի տևած մեր ընդմիջում-կարոտից հետո մենք կվայելեինք մեր ուսանողական փարթամ հուշերը, ողջ գիշեր չէինք քնի, ինչպես անցած անգամ, կզրուցեինք… Իսկ հիմա… իմ սև, դոշին թիթեռ շապտկով, սև-թեթև-դոշբաց վերնաշապիկով ու սև-կարճ- իրենից էլ մեծ, կողքային կոճկված, ասես թե կողպված գրպանով ու իմ ողջ հուսահատությամբ ես փռվել ասֆալտին, հարազատորեն հպվել եմ նրան, իմ փայ հայրանիքն է, իսկ ես մարմնովին եմ համբուրում նրան։ Նրան, զի ինքն է ինձ պաշտպանողը։… Օգնության են հասնում ոստիկանները, ու ես իմ կյանքում առաջին անգամ վազելով եմ նստում նրանց Վիլիսը։ Եկել են փրկելու ինձ, միայն ինձ։ Ինչ-որ մեկը քիփ նստում է կողքիս։ Իմ մեջ որոշում եմ, որ տղամարդ է, ու ինձ ու ինձ էլ երևակայում, համեստություն եմ բանեցնում, դերասանություն անում՝ խորաթափանց հայացքով ճեղքելով հեռուները։Հասնում ենք Սուրբ Սարգիս, ապա՝ Ռազմական ոստիկանության համապատասխան կետը, ու ես իջնելիս հանկարծ կողքինիս եմ նայում։ Ո՛նց… Դարձյա՞լ դու ես, Արմինե… Ուրեմն այսքան ժամանակ մենք կողք-կողքի ու քիթ-քթի ենք եղել… Ոստիկանները ինձ դեմ են տալիս պատին, թե… ի՞նչ բանի էի արդյոք Ջիպի տակ… Վազում եմ զուգարան ու դողդողալեն պայուսակիս գրպանից թե դրամապանակից հանում անձեռոցիկի մեջ խնամքով փաթաթված վալերիանայի զույգ դեղին հատիկները… Մի ոստիկան բաժակով խմելու ջուր է վազեցնում։ Իմ, միայն իմ համար։ Ու հենց որ դեղին դեղից պրծնում եմ, էլի.- Չեմ տա,- գոչում եմ ինձուինձ։- Կկըկը…տաս…Մեր վեճը վարող ոստիկանը բարձրացնում թզբեհանման փայտիկն ու ձայնը խստացնելով, դիմում է ինձ։-Ախպեր, չորս մի տուր, կեսն էլ հերիք ա։ Իսկ սա (Արմինեն) կմնա մեզ մոտ։ Տուր, գնա։Արմինեն խորիմաստ ժպտում է, ասես աչքերի կողքերին էլի աչքեր կան… Ես դժկամորեն ու դժվարությամբ ջոկում-ջոկջկում ու գրպաններիցս կորզում եմ մի բուռ մանր կոպեկ։ Հատ-հատ հաշվում-լցնում եմ Արմինեի լայն բացված բուռը։ «Էս 50 , էս 3 հատ 10, ի՞նչ է անում։ Անում է…»։Երկու ոստիկան ինձ ուղեկցում են շենքն ի դուրս։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Ձկան խանութ, պատահական տաքսի, իմ բակ ու իմ տուն։ Շներս դեռ չեն վերադարձել։ Գիշերվա երեքն է։Թղթադրամներս ու կոպեկներս թափեցի սեղանին, ապա դասավորեցի ճաշի, փլավի, թեյի ու սուրճի ափսեների մեջ։ Մի երկուսն էլ դատարկ մնացին, ու սկսեցի հաշվել։«Ընդամենը… 20 000 դրամ եմ աշխատել, հա՞, այսօր։ 5000-ը՝ ուրիշի կերածին,  500-ը՝ տաքսուն, 2000-ը Արմինեին, 12 500-ը՝ ինձ,  2002 թվականն էլ… այս աշնանը…2009

Please follow and like us: