Խավյերա Էրնանդես / Թուլության բռնապետությունը

Տեքստի հեղինակն է Խավիեր Էրնանդեսը, հեղինակի մասին ոչ մի այլ տեղեկություն ցավոք չկա: Տեքստը առաջին անգամ հայտնվել է «на ножах со всем сущестующем» անարխիստական հավաքածուի մեջ (գիրքը տարածվել է самиздат-ի միջոցով):

 

Այսօր ամենուր հանդիպում ենք թուլության դրսևորումների: Մենք կամ թույլ ենք, կամ այնպես ենք մեզ պահում, կարծես թույլ լինենք՝ վախից, որ մեզ ճիշտ չեն ընկալի:

Ինքնավստահ լինելը, ինքդ քեզ, ուրիշներին կամ որևէ այլ բան ճանաչելը այլևս ժամանակավրեպ է: Թվում է, թե այդ ամենն արդեն հնացած է, կամ էլ՝ պարզապես վատ ճաշակի արտահայտություն է: Մենք այլևս չենք ձգտում կատարել մեր գործերը լավ. նկատի ունեմ այն գործերը, որոնք ինքներս ենք ընտրել ու որոնք, մեր կարծիքով, պիտի անենք: Ցանկացած տրամաբանության հակառակ, մենք դրանք վատ ենք անում, մի կերպ, առանց մանրուքների վրա ուշադրություն դարձնելու: Չի կարելի ասել, թե հպարտանում ենք մեր թուլությամբ, բայց օգտագործում ենք այն որպես էկրան, որի հետևում կարելի է թաքնվել:

Այսպես մենք դարձել ենք այս նոր, արագ տարածվող տկարության առասպելի ստրուկները: Ու մենք բնավ չենք ուզում հիմա խոսել այն «ուժի» մասին, որը ոչ այլ ինչ էր, քան քողարկված տկարություն: Ավելի շուտ ուզում ենք լուսաբանել ներկա իրավիճակը: Գերիշխող պահն այս իրավիճակում արժեքների ջնջումն է, նաև այն գործիքների բթացումը, որոնք անհրաժեշտ են մեզ ապրելու և մեր հակառակորդների վրա հարձակվելու համար: Այսօրվա գլխավոր մոդելը հանձնվելու մոդելն է, պայքարից հարաժարումը, արգելակման մոդելը: Եւ դա, իհարկե, լիովին ձեռնտու է իշխանությանը: Մենք դադարել ենք մտածել, մենք մտածում ենք ոչ ադեկվատ, մենք ենթարկվում ենք հակամարտող տեղեկատվական հոսանքների: Մենք չենք գործում:

Մեր անհատականությունը՝ ապուշի և նամականիշեր հավաքողի միջև գտնվող մի բան է: Մենք քիչ ենք հասկանում, սակայն շատ գիտենք ՝ բազմաթիվ անօգուտ, անկապ բաներ: Մենք անեկդոտային գիտելիքների գրպանի հանրագիտարաններ ենք:

Չգիտես ինչու՝ մենք որոշել ենք, որ տգետ, հիմար ու տկար լինելու իրավունք ունեք:

Մենք արդյունավետությունը հանձնել ենք թշանամուն՝ պնդելով, որ արդյունավետության մոդելը իշխանական տրամաբանությանն է պատկանում: Լավ, մի ժամանակ դա ճիշտ էր: Խոսքը գնում էր տնտեսության քայքայման մասին և աբսենտիզմը, աշխատանքից հրաժարվելը, դասալքությունը ճիշտ որոշումներ էին: Բայց ստացվեց այնպես, որ դասակարգային թշնամին հաղթեց պատասխան խաղում:

Մենք հանձնվեցինք, չնայած խոսքը գնում էր այն բաների մասին, որոնք ինքներս էինք ընտրել մեզ համար:

Եվ ահա, մենք մեզ նվիրում ենք թիթեռներ բռնելուն և արևելյան փիլիսոփայությանը, այլընտրանքային խոհանոցին և մտածողության մոդուսներին, այնպիսի բաների, որոնք հստակության և ցասումի պակաս ունեն: Սպասելու փոխարեն, թե երբ պիտի ընկնեն մեր ատամները, մենք ինքներս ենք քաշում դրանք մեկը մյուսի հետևից: Ահա, մենք երջանիկ ենք ու անատամ:

Իշխանության փորձասենյակները մեզ համար հերթական կապիտուլյացիայի մոդել են նախագծում: Իհարկե՝ միայն մեզ համար: Իշխող փոքրամասնության, «ներառվածների» համար ակտուալ մոդելը չի փոխվել ՝ ագրեսիվություն և հարձակում:

Իսկ մենք այլևս դաժան ու անկառավարելի բարբարոսներ չենք, որոնք ի վիճակի են տարերային ընդվզումների և կազմակերպված ապստամբությունների: Մենք վերածվել ենք նիրվանայի փիլիսոփաների, գործողության իրավազորությունը կասկածի տակ առնող սկեպտիկների, դենդիների ու կոմնակի հայեցողների: Մենք նույնիսկ չնկատեցինք, թե ինչպես իշխանությունը ճզմեց մեր լեզուներն ու գանգերը: Մենք գրեթե չենք կարողանում գրել, բայց չէ՞ որ դա անհրաժեշտ է հասկացված լինելու և ուրիշներին հասկանալու համար:

Մենք գրեթե չենք կարողանում խոսել: Մենք բարբառում ենք հեռուստատեսությամբ, սպորտով և գարշահոտ լրագրությամբ մեր վզին փաթաթած խղճուկ ժարգոնով: Մենք խոսում ենք գողական ժարգոնով, որն, իբրև թե, խթանում է հաղորդակցությունը, բայց իրականում ամորձատում է այն:

Բայց ավելի սարսափելի է այն, որ մենք այլևս ի վիճակի չենք ջանք գործադրելու: Մենք անկարող ենք «կատարման»: Ինչ որ բան դզմռտել, մի կերպ քիչ-ու-միչ կարդալ, վերջապես հանգստանալ … Հանդիպում՝ այստեղ, քննարկում՝ այնտեղ, զրույց դեսից դենից:… Ու մենք արդեն հոգնած ենք, ուժասպառ ենք, մեկնված … Մյուս կողմից մենք կարող ենք ժամերով երաժշտություն լսել, երբեմն առանց հասկանալու, աղմուկ, որ շինարարության ձայներ է նմանակում … Ու նույնիսկ երբ մենք ինքնամոռացության ենք մատնվում բնության մտահայեցման մեջ, (որքա՜ն քիչ է այն մնացել), մենք արտագրոհ չենք անում, դա արվում է մեր փոխարեն: Կապիտալի կողմից որպես «այլընտրանք» վաճառվող բոլոր էկոլոգիական տափակությունները մենք ընդունում ենք հավատքով: Մենք ինքներս մեզ զրկում ենք բնության հետ իրական հարաբերություններից, որոնք պահանջում են ուժ և լարում, հաստատակամություն և պայքար, այլ ոչ միայն մտահայեցում:

Ու մի՛ հիշեցրեք ինձ կապիտալիստների ագրեսիվության մասին, որոնցից մենք պիտի տարբերվենք մեր հանդուրժողականությամբ: Ես հրաշալի գիտեմ, թե ինչ է նշանակում կապիտալի ագրեսիվությունը: Ես դրա մասին չեմ խոսում: Ըստ էության ես ագրեսիվության մասին ընդանհրապես չեմ խոսում: Ինչպես հայտնի է՝ խոսքերը խաբուսիկ են: Իրականում ես ուզում եմ ասել, որ անհրաժեշտ է մտածել և գործել, ոչ թե դատարկ ժամանակ սպանել այն պահին, երբ կրակը խժռում է նավը:

Կամ մենք հասկանում ենք, որ կապիտալը գրավում է շրջապատում ամեն ինչ, կամ չենք հասկանում: Կապիտալը և իշխանությունը փոխակերպվում են, և այդ փոխակերպումը տակնուվրա կանի մեր կյանքերը: Եթե մենք չենք հասկանում դա, դե ինչ, մեզ մնում է թիթեռ բռնել մեր անուրջներում, ուսումնասիրել ձեն-բուդդիզմ, գոմեոպատիա, էսկապիստական գրականություն, սպորտ, կամ ինչ-որ այլ բան, մինչև օտարվենք ինքներս մեզնից, միաժամանակ նաև քերականությունից և լեզվից:

Բայց եթե մենք հասկանում ենք աշխարհում կատարվող փոփոխությունները, եթե գիտակցում ենք , ինչպես է զարգանում կապիտալի նախագիծը, ինչպես է այն նախատեսում մեզ վերջնականապես վերածել ստրուկների, եթե մենք ըմբռնում ենք ստրկության մշակույթը, որը զրկում է մեզ մեր շղթաները տեսնելու և ատելու

հնարավորությունից, ապա մենք այլևս չենք կարող հաշտվել դատարկ հանդուրժողականության և պայքարից հրաժարումի հետ: Ու պետք չէ մտածել, թե այս տողեր վերաբերում են միայն նրանց, ովքեր մոռացել են ընդվզումի մասին, ու խաղաղ որոճում են կանաչ, նարնջագույն և տարատեսակ այլ հոտերի արոտավայրերում: Մենք խոսում ենք նաև այն ընկերների մասին, ովքեր կարծում են, թե իրենք դեռ հեղափոխական են, իսկ իրականում վերապրում են օրեցօր զարգացող մտավոր աղտոտման դրաման:

Սա, սակայն, գործողության հասարակ կոչ չէ: Գերեզմանները լցված են այսպիսի կոչերով: Ո՛չ, մենք խոսում ենք կապիտալի փորձասենյակներում մանրամասնորեն մշակված ու արդեն գործի դրված նախագծի մասին: Այդ նախագիծն ուղղված է մեր պայքարելու ընդունակության աստիճանական ու անցավ ոչնչացմանը: Այդ նախագծի բացազատումը ձեռքձեռքի է գնում կապիտալի խորքային վերակազմավորման հետ:

Մենք այստեղ վոլյունտարիզմի կոչ չենք անում, ու ոչ էլ հուսահատ ձեռքեր կարկառում: Մենք կարծում ենք, որ այս տողերը համեստ ներդրում կլինեն մեր շուրջ կատարվող լուրջ փոփոխությունների գիտակցման գործում:

1996

 

Տեքստը թարգմանել է Արտակ Կոլյանը, խմբագրել է Եվա Մարտիրոսյանը: Արտատպված է «Անհանգիստ» բլոգից:
Please follow and like us: