Քեյթի Շաագը (Kathy Schaag) տեսաբան է, արվեստագետ և գրող, որի ստեղծագործական դաշտը ներառում է գրականությունը, թատրոնը, կերպարվեստը և թվային տիրույթը: Նա անգլիական գրականության դոկտորի (PhD) աստիճան է ստացել Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանում՝ մասնագիտանալով կատարողական արվեստի (performance studies) և տեսողական մշակույթների ոլորտում: Նրա առաջին գիտական գիրքը՝ «Կոնցեպտուալ թատրոնը», վերլուծում է փոքրամասնությունների ավանգարդային դրաման և կոնցեպտուալ արվեստը, իսկ երկրորդ նախագիծը՝ «Ամերիկյան պլաստիկությունը», քննում է պլաստմասսայի queer նյութականությունը: Նրա ստորև ներկայացված տեքստի հիման վրա երգահան Ջոաննա Մարշը ստեղծել է «Պլաստմասե թատրոն» երաժշտական ստեղծագործությունը: Տեքստը խորհրդածություն է բնության մեջ և մարդկանց կյանքում չկենսաքայքայվող պլաստմասսայի ահագնացող ներկայության, բնականի և պլաստմասսայի սահմանների տարրալուծման մասին:
Պլաստմասե թատրոն
Ներկայացման լիբրետո հինգ արարով
ներշնչված Մաթմոսի «Պլաստմասե տարեդարձ» ալբոմից1
Արար I
Վերջում ոչինչ չէ. վերջում անվերջ ամեն ինչ է: Լռությունը` սպիտակ աղմուկի խուլ մռնչյուն, բնապատկերը՝ պլաստմասե անմեռության անհուն օազիս: Լքված պլաստմասսե առարկաներ՝ տան կարոտով:
Արար II
Պլաստմասսան մատներն է չրթացնում: Պլաստմասսան ժամանակ չունի քո խոհեմ վերապահումների, քո տափակաբանությունների համար: Պլաստմասսան գործ ունի անելու: Պլաստմասսան հավատում է «միշտ ավարտին հասցրու վաճառքը»2 սկզբունքին. այն միշտ վաճառում է, միշտ կնքում գործարքը: Պլաստմասսան չարագուշակ է և սեքսուալ՝ սիրահարված իր իսկ ողորկ հարթություններին և փայլփլուն պրիզմաներին: Հավատում է իր սեփական առասպելներին: Չի հավատում քոնին: Մի՛ մեղադրիր պլաստմասսային, մեղադրիր այն գործիք դարձնողներին: Պլաստմասսան ուզում է այն, ինչ ուզում է: Պլաստմասսան ուզում է այն, ինչ դու ես ուզում՝ ուտոպիա: Անվերջություն: Լիություն բոլորի համար: Մանրակերտ պղպջակոլորտի տիրապետություն, նրբագեղ նախշերով խորանարդ, խաբուսիկ մինորային նոտա: Ինչի՞ մասին ենք խոսում, երբ խոսում ենք պլաստմասսայի մասին3: Սինթեզատորների և մոմանյութի կլիմա: Վինիլի և պղպջակավոր փաթեթավորման էկոլոգիա: Դինոզավրային հանածո վառելիք և ռոբոտաշինություն: Ճռճռան մաքուր մահ: Սիլիկոնի վերածված մարմին: Բարձրակարգ պահպանիչ նյութեր՝ վառ և թարմ: Նրա տեսլականը գերազանցում է այն սանձելու մեր փորձերը: Նյութը դառնում է իր իսկ խոստումը՝ լորձելով դեպի հորիզոն, ծաղկելով էկրանին, փուչիկանալով մեր սրտերում: Ստատիկ արձագանքում է: Կպչուն մռնչում: Ամրակուռ բազմանում է: Լուռ թափառում է: Հանդարտվի՛ր, օ՜, մեր իսկ պատկերով երազված պլաստմասսա, օ՜, մեր իսկ արշալույսի մղձավանջ պլաստմասսա: Խիտ շերտավորված հաջորդականության ձայնանմուշառում, մահացու արձագանքների ակորդ:
Արար III
Ասում են՝ քնելուց հենց առաջ պլաստմասսան գրեթե մարդկային մի ձայն է հանում: Փողայինները՝ միաձայն, ազդանշան են տալիս լարայիններին: Ազդանշան են տալիս ռետինե բադիկներին, հետո` պահեստավորման արկղերին: Ազդանշան են տալիս են փաթեթավորման գնդիկներինն, հետո` վեգանական արհեստական կաշվե կոշիկներին: Սննդային թաղանթով փաթաթված օվկիանոսի ալիքներ, պոլիէթիլենային դեղաշշերի կռինչով ճայեր, փրփրապլաստե քամի: Պոլիմերային կավից ծովաստղ՝ փորը դեպի վեր, իր փափուկ միջնամասով, իր զգայուն հպումով:
Արար IV
Փայլուն պլաստմասե կենդանին սերում է փափուկ մարմնեղ կենդանի: Գալարուն հյուսվածքավոր կենդանին սերում է մարմնեղ պլաստմասե կենդանի: Կենդանիների վարքագծի ուսումնասիրությունը ներառում է ընկալման դաշտում ներդրված բազմազան հատկանիշների ճանաչումը: Պլաստմասսան սերում է ծովային կյանքի ապշեցուցիչ բազմազանություն: Մի ձվադրումից մյուսը. սերունդը չափազանց մեծաքանակ է: Թուխսը` չափազանց հսկայածավալ: Անվերջ` իր օրորվող լիահուսությամբ: Ամոթալի` իր համառ առատաձեռնությամբ: Թրթռացող արձագանք` խորը թաղված հրեշավոր զավակի ներսում : Ծնունդը՝ որպես մռայլ երդում՝ փախչել խլացուցիչ ցանցից: Ողջ լինելը` մարմինը մոռանալու և պատկերը հիշելու վարժություն: Ողջ լինելը` մեռնելու ձևը հիշելու վարժություն:
Արար V
Մենք՝ զգայություններով լի մերժված կենդանիներս: Մենք՝ կուշտ ուտող սերված կենդանիներս: Մենք՝ մեր թագավորությունը կառուցող մուտանտ հանքային-բուսական-պլաստմասե կենդանիներս: Սպասում ենք, որ մեզ գեղեցիկ անվանեն: Հարթ խճաքարերը մերսում են մեր ցավացող վերջույթները, արևը տաքացնում է մեր այլանդակ դեմքերը: Ոչ մի երկրային գոտի սահմանափակված չէ ֆիքսված աշխարհագրական կոորդինատներով: Երբ մենք ձգում ենք մեր ոտքերի մատները, ցանցն աննկատ բացվում է: Մենք նետվում ենք սրընթաց հոսանքի մեջ: Մենք մեր հայացքը սևեռում ենք խորքերին:
Թարգմանեց Մերի Պողոսյանը
Ստեղծագործության երաժշտական կատարման նմուշները կարող եք լսել այստեղ:
https://www.hyperion-records.co.uk/c.asp?c=C7934

- Matmos-ը ամերիկյան էքսպերիմենտալ էլեկտրոնային երաժշտության դուետ է, որը հայտնի է ոչ սովորական առարկաներից ստացված ձայների օգտագործմամբ: Նրանց «Պլաստմասե տարեդարձ» (2019թ.) ալբոմը ստեղծվել է բացառապես պլաստմասե առարկաների ձայնային մշակման միջոցով՝ նվիրված լինելով խմբի անդամների համատեղ կյանքի 25-ամյակին և խորհրդանշելով այդ նյութի թե՛ դիմացկունությունը, թե՛ էկոլոգիական անմեռությունը (ծ.թ.): ↩︎
- Վաճառքի մասնագետների մոտ արտահայտությունը հայտնի է որպես ABC- Always be closing (ծ.թ.): ↩︎
- Անդրադարձ է ամերիկացի գրող Ռեյմոնդ Քարվերի «Ինչի՞ մասին ենք խոսում, երբ խոսում ենք սիրո մասին» պատմվածքի վերնագրին: ↩︎
