Առավոտյան Քնար տատն արթնացել ու տեղը չէր գտնում․ կլիներ ժամը հինգը։ Ուզում էր սենյակից դուրս գալ, բայց չէր համարձակվում, թե՞ ամաչում էր։ Ախր, իր տղայի տունն է․ ումի՞ց կամ ինչի՞ց պետք է ամաչեր։ Ուզում էր գնալ զուգարան․ «Ամոթ ա, բա որ Արշակս տեսնի»,- մտածում էր Քնար տատը։ «Ինչի՞ համաձայնեցի, եկա քաղաք, իմ տունն ինչ վատ էր որ, երբ ուզում քնում էի, արթնանում էի, դուրսուներս էի անում․տանտեր էի, դարձա հյուր»,- ինքն իր վրա զայրանում էր Քնարը։ Հետո համարձակություն հավաքեց, սենյակից դուրս եկավ։ Խարխափելով, դուռն անզգուշաբար ծածկելով և աղմուկ առաջացնելով՝ հասավ խոհանոց։ Կանաչ թեյ էր փնտրում։ «Տեսնես սա ամառը ուրց չորացրե՞լ ա»,- հարսի հետ էր մտքով։ Դարակները հերթով բացեց-փակեց, հոտ քաշեց տարաներից՝ գուշակելով՝ որ խոտաբույսն է։ Տարաներից մեկը ձեռքից ընկավ կոտրվեց։ Մի քանի վայրկյան անց բոլորը հավաքվեցին խոհանոցում։
-Մա՞մ, ի՞նչ ես անում, էս ժամին ինչի՞ քնած չես,- քիչ-քիչ արթնանալով՝ հարցրեց տղան։
-Տատ, վախից սիրտս կանգնեց,- շարունակեց թոռնուհին։
-Դե, ասում էի էլի, ես ձեր տան համար չեմ, ինչի՞ ինձ բերեցիք էս չորս պատի մեջ փակեցիք,- սկսեց արդարանալ Քնար տատը։
-Սա քո տունն ա, մամ,- կտրուկ ընդհատեց տղան։
-Տատ, մի քանի օր է՝ էստեղ ես, արդեն բողոքում ես, մինչև ծնունդդ պիտի դիմանաս, ճար չունես,- ժպտաց կրտսեր Քնարիկը՝ կոտրված ապակիները սկսելով հավաքել։
-Քնարիկ, էն ապակին մնաց դռան հետևում, ուշադիր,- իրեն չկորցրեց Քնար տատը։ -Այ բալա, ինչ ծնունդ, ես իմ տունն եմ ուզում, ինձ հետ տարեք, դա կլինի ամենամեծ նվերը։ Էստեղ ոչ կարողանում եմ քնել, ոչ դուրս գալ, ոչ հարևանի երես եմ տեսնում, դուք էլ ամբողջ օրը աշխատանքի եք, բա սա կյա՞նք ա, դուք ո՞նց եք էս քառակուսու մեջ ապրում, իմ սիրտը տրաքում ա, հասկանու՞մ եք։ Ես վաղը հետ եմ գնում, վերջ։ Քնարիկ, էն ապակին մնաց դռան հետևում,- բարկացած ավելացրեց Քնարը։
-Ծնունդդ կնշենք, քեզ հետ կտանեմ, մամ, – ասաց Արշակը։
-Վախենամ թե մինչև ծնունդ չհասնենք․միանգամից թաղումս էլ կանեք, կվերջացնեք։
-Լավ էլի, մամ, նորից չսկսես, կտեսնես՝ ինչ լավ կանցնի։ Իմ ձեռքով թեյ դնե՞մ, խմենք երկուսով,- ավելացրեց Արշակը՝ համբուրելով մոր ճակատը։
Քնարն ուսերը թոթվեց՝ դիր։ Թեյնիկը եռում էր Քնարի սրտի նման, ուզում էր տեղից թռչել։ Նա Աստված էր կանչում, որ այս քանի օրն արագ անցնի։
-Մամ, քա՞ղցր էիր խմում,- հարցրեց Արշակը՝ հասկանալով, որ վաղուց մոր համար թեյ չի պատրաստել, որ տարրական մասնիկներ, որոնք իր հարազատինն էին, հիշողությունից դուրս են մնացել։ Իսկ արդյոք սերը մանրուքների մեջ չէ՞, թե մեր հարազատը, մտերիմը կաթնայի՞ն, թե՞ դառը շոկոլադ է սիրում, ո՞ր գույնն է նախընտրում, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր է խմում, երբ բարկացած է լինում, ի՞նչն է նրան հանգստացնում, ո՞ր ծաղիկն է սիրում։ Սրանք այն փոքրիկ էմոցիաներն են, որոնք մենք ենք նվիրում մերոնց, որին կարող ենք սեր կամ հոգատարություն անունը տալ։
-Արշակ ջան, ես շաքար ունեմ, ինձ քաղցր չի կարելի։
-Հիշում եմ, մամ,-ասաց Արշակն ու տաք թեյը դրեց սեղանին։-Մամ, կդիմանաս, չէ՞, մինչև ամսի տասնչորսը։
-Վախեցար՝ կմեռնե՞մ,-ծիծաղեց Քնարը,- հույս չունենաս։
Արշակը ժպտաց, համբուրեց մոր կնճռոտ, բայց մետաքսի պես փափուկ ձեռքն ու դրեց այտին։
Մինչև լուսաբաց մայր ու տղա հիշում էին անցած տարիները, երբ Արշակն ու եղբայրը փոքր էին, ամռանը քաղաքից բարեկամների երեխաները գալիս էին հյուր, ու ամբողջ ամառ միասին թափառում գյուղի դաշտերում, անտառներում գնում մոլորվում էին, լճում լողալ սովորում, երբ մի կտոր լավաշն ու պանիրը բավական էր՝ ամբողջ օրը երջանիկ ու անհոգ լինեին, կարևորը՝ տուն չկանչեին մեծերը, ու իրենք խաղայի՜ն, խաղային։ Հիշեցին՝ ինչպես էր Արշակը փոքրիկ բարեկամուհուն հետը տարել ցոգոլ գողանալու հարևանի դաշտից, ինչպես էր երեխան ծառից ընկել ու ոտքը վնասել, բայց վախեցել էին Քնարին պատմել, որովհետև մի հատ էլ ծեծ կուտեին ոտքը վնասելու համար։ Ու ամբողջ օրը մնացել էին ծառի տակ, մինչև մութն ընկել էր, ու Քնարը քնով էր անցել՝ չզգալով նրանց վերադարձը։ Իսկ օգոստոսի ավարտին Արշակի ուրախությունն էլ հետն էր ավարտվում, որովհետև հյուրերը գնում էին՝ իրենց հետ տանելով ամառվա համն ու հոտը, թեթևությունը։ Ամեն անգամ նրանց գնալուց հետո Արշակը մտածում էր, որ եթե այդ երեխաները հագնում էին Levi’s ջինս, ապա նրանք հարուստ էին ու երջանիկ, իսկ ինքը պիտի սպասեր՝ երբ են նրանք իրենց հին ջինսերն ուղարկելու գյուղ․․․ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր ու խաղաղ այն օրերին․․․
Առավոտյան Արշակի կինը մտավ խոհանոց, հարևանցիորեն հարցրեց՝ ինչ էր պատահել գիշերը, հետո մեկ բաժակ ջրի մեջ կիտրոն քամեց և խմեց։
-Ճնշման համար շատ լավ է, տիկին Քնարիկ, կուզե՞ս պատրաստեմ քեզ համար։
-«Ցավոք», էդ մի հիվանդությունը չունեմ, Անուշիկ ջան,-պատասխանեց Քնար տատը։
Անուշիկը ուսի վրայով նայեց Քնարին ու դուրս եկավ խոհանոցից։
Քնարն ամեն օր հաշվում էր՝ քանի օր մնաց, որ այս ամենն ավարտվի ու ինքը վերադառնա գյուղ։
***
Քնար տատի տարեդարձն էր այսօր։ Հարսն ու թոռնուհին նրան տարան գեղեցկության սրահ, հետո մի գեղեցիկ շոր էլ ընտրեցին ու գնացին երեկոյան ընթրիքի։ Երեկոյան, երբ Քնար տատը մտավ սրահ, մի ողջ գերդաստան հոտնկայս դիմավորեց նրան։ Քնարն անսպասելիությունից կարկամեց, հետո սկսեց արտասվել, իսկ երբ ավագ որդուն տեսավ, որին չէր տեսել տասնմեկ տարի, ճչաց՝ էս ինչ արեցիք։
Դատարկ աթոռներ չկային սեղանի շուրջը, բոլոր հարազատները Քնարի կողքին էին, իսկ նա պինդ գրկել էր ավագ որդուն։
– Դու խիղճ ունե՞ս, այ տղա, աչքս ջուր կտրեց,- չէր հանգստանում Քնարը։
Հետո Մոտեցավ Արշակին․
– Ձեր քաղաքն այդքան էլ վատը չէ, Արշակ ջան, տղես հետ եկավ,- ասաց ու գրկեց Արշակին։ Սա Քնարի լավագույն տարեդարձն էր, օրն էր, պահն էր․․․
