Ալեն Բադյու․ դարը և պոեզիան/ՎարդանՋալոյան

Ալեն Բադյուն անհայտ անուն չէ Հայաստանում։ Արդեն թարգմանվել է նրա «Դարը» կարևորագույն գիրքը, մի քանի հոդվածներ։ Անձամբ ես անցկացրել եմ «Ալեն Բադյու․ իրադարձություն և սուբյեկտիվացում» սեմինար֊քննարկումը (2015), որը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Նրա քաղաքական գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել Արտլաբերևան արտ ակտիվիստական խմբի վրա և այլն։

Ալեն Բադյուն տվել է պոեզիայի ամենահեղինակավոր ժամանակակից տեսություններից մեկը։ Նա 1989 թվականին հրապարակված իր ամենահայտնի «Փիլիսոփայության մանիֆեստ» աշխատության մեջ յոթերորդ գլուխը վերնագրում է «Բանաստեղծների դարաշրջան»: Փիլիսոփան այն տեղադրում է 1860-ից 1960 թվականների, Ռեմբոյի և Ցելանի միջև, որտեղ, ըստ նրա, Հյոլդերլինը հանդես էր գալիս ավելի շատ որպես նրա հրեշտակային մունետիկ։ Այն ներառում է Մալարմեի, Ռեմբոյի, Թրակլի, Պեսոայի, Մանդելշտամի և Ցելանի անունները, բայց դա չի նշանակում, որ միայն նրանք են մեծ պոետները։

«Բանաստեղծների դարաշրջան» հասկացությունը բանասիրական չէ, այլ փիլիսոփայական է, վերաբերում է այդ դարաշրջանի փիլիսոփայության իրադրությանը, երբ միտքը ենթարկված էր կամ գիտությանը, կամ քաղաքականությանը։ Ըստ Ա․ Բադյուի՝ այս դարաշրջանում հենց այդ պոեզիան էր տալիս գոյության բացության հարցի պատասխան բանաձևը։ Գոյության բացությունը նույնական է ճշմարտության հետ։

Ըստ նրա․ «Ես ուղղակի ուզում եմ ասել հետևյալը. այն իրավիճակում, երբ փիլիսոփայությունը «կարված է» կամ գիտությանը, կամ քաղաքականությանը, հայտնվում են բանաստեղծներ, կամ ավելի ճիշտ՝ պոետիկ ստեղծագործություններ, որոնք զբաղեցնում են այն տեղը, որտեղ, որպես կանոն, բացահայտվում են մտքի իրական փիլիսոփայական ռազմավարությունները»։ Այսպիսով միտքը (որը կլինի պոեման) մատնանշում է իրեն որպես հարաբերություն կամ մտածողության ընթացք «ընդհանրապես»։ Մասնավորապես, ըստ նրա, Մանդելշտամի համար պոեզիան որպես իր մտածողության սահման գոյություն ունի ինչպես դարի միտք։

Մենք զուգահեռ կընթերցենք «Դարը» ժողովածուն և «Բանաստեղծների դարաշրջան» տեքստը։ Ինչո՞ւ։ Որովհետև Ա․ Բադյուի համար 20-րդ դարը բանաստեղծների դար է։ Դար, երբ պոեզիան «լիազորվեց անվանել» իրականը։

Դարը ունի իր արտաքին կողմը, իր արտաքին գաղափարը, լինի այն տոտալիտարիզմ կամ դեմոկրատիա։ Պոեզիան մտածում է մեր դարը ներսից, հեռու դարի դրսևորումներից, այն ժամանակակից չէ այս տեսակետից։ Այն, ըստ Ա․ Բադյուի, թույլ տեղի միտքն է, որը չես հարմարեցնի արդիականությանը։ Առաջարկում եմ այսպիսի զուգորդում․ Պարույր Սևակը ուժեղ դիրքի պոետ է, Սլավիկ Չալոյանը՝ թույլ։ Չնայած Սևակը հասկանում էր, որ իսկական պոետը իր ժամանակի հետ խզման մեջ է․ «Թո՛ղ նրանք լինեն դարի մունետիկ./ Իսկ դու մնում ես դարի գաղտնարա՜ն ․․․»։ Անշուշտ, շատ հայ պոետներ են արտահայտվել բանաստեղծական խոսքի և իրենց դարի հարաբերության մասին։ Առանձին դեպք է Ե․ Չարենցը։

Հայկական պոեզիայում Ե․ Չարենցի պոեզիան դեռ մնում է  բացարձակ օրինակ դարի, մտածողության, բանաստեղծության անքակտելի փոխկապվածության։ Հիմա այլ դար է, այլ փոխկապվածություն, որ մեր՝ հայաստանյան գրականությունում դեռ հարկավոր է գտնել։ Այս տեքստը գրել եմ այդ մտահոգությամբ։ Դարը իրեն բացահայտում է ոչ թե ծանոթ իրողությունների ներկայացմամբ, այլ՝ մտածողությամբ։ Կարևոր չէ, թե «ինչ է տեղի ունեցել մեկ դարի ընթացքում»։ Ավելի կարևոր է, թե «ինչպես է դարը մտածել իր մասին, <…> ինչպես է սահմանել իր մտածողության եզակիությունը իր սեփական մտքի պատմականության հետ ունեցած հարաբերության մեջ»։

Ալեն Բադյուն համարում է, որ նախորդ դարը բնութագրվում է «իրականության կրքոտ ձգտումով»։ Ըստ նրա՝ «XIX դարը ավետում էր, երազում, խոստանում, XX դարը կոչ էր անում գործել հիմա և այստեղ»։Այդ կրքոտ ձտումն ենք գտնում Ե․ Չարենցի մոտ, երբ նա հակադրում է իրական Հայաստանը Երկիր Նաիրին։ Երևի սոցռեալիզմի հիմնական բացասական ազդեցություններից մեկն էլ իրականությունը փոխարինելն էր գաղափարախոսական կոնստրուկտով։

Առանձին-առանձին անդրադառնալով «բանաստեղծության դարաշրջանի» պոետներին՝ Ա․ Բադյուն արձանագրում է յուրաքանչյուրին հատուկ մտածողության մաքսիմները և փորձում գտնել դրանց համար ընդհանուր մի քանի առանձնահատկություններ։

Նա նշում է, ամենակարևոր ընդհանրությունը մեթոդ գտնելու ձգտումն է։ Կարելի է ասել, որ մեթոդի միջոցով նրանք միավորում են պոեզիան և միտքը։Ամենից առաջ, իհարկե, մենք տեսնում ենք մեթոդի նկատմամբ կամք։ Այս բանաստեղծները մշակում են մեթոդ։ Մեթոդի մասին (փիլիսոփայական) դիսկուրսներից հետո գալիս են մեթոդի բանաստեղծական մտածումը։ «Մենք հաստատում ենք քեզ, մեթոդ», – բացականչում է Ռեմբոն՝ այլուր ավելացնելով, որ ինքը «անհամբեր է տեղ և բանաձև գտնելու համար»

Պոեզիան միտքը ուղղորդում է եզակակի գործառնությունների միջոցով։ «Գործառնությունը» հակադրվում է «մեդիտացիայի», խորհրդածության և մտորումների ռոմանտիկ թեմային և հակադրվում է պատրիարքալ և մարգարեական կերպարին:

Ա․ Բադյուն գրում է․ «Բանաստեղծների դարաշրջանը հասկանալու համար մենք նախ պետք է կազմենք այս ակտիվ բանաստեղծական գործողությունների ցանկը։ ․․․Ես կնշեմ դրանցից միայն երեքը՝ հակառոմանտիզմ, դետոտալիզացիա, անկյունագծային գիր»։

Չնայած ակտիվ գործողություններ/ գործառնություներ Ա․ Բադյուն կիրառում է միայն իր ընտրած բանաստեղծների նկատմամբ, բայց այս մոտեցումը, կարծում եմ, ավելի ընդհանուր է, ամեն մի նշանակալի բանաստեղծական ստեղծագործություն ունի այդպիսի մեթոդական օպերեցիաներ/ գործառնություններ։

Հակառոմանտիզմ․ որպեսզի պոեզիան դառնա մտածողական, պետք է հրաժարվել բանաստեղծության ռոմանտիկ ընկալումից։ Բանաստեղծությունը ռոմանտիկ ավանդույթից հանելու այս գործողությունը հանգում է մի շարք արգելքների, որոնք ենթադրում են, որ բանաստեղծական ստեղծագործությունն իր ուժի կենտրոնը գտնում է ոչ այնքան պատկերի, որքան հասկացության մեջ։

Հայկական պոեզիայում ռոմանտիկ կանոնը դեռևս անվերապահ իշխանություն ունի, մասնավորապես՝ պատկերայնության ձգտումը։ Բայց այն արգելափակում է մտածել, օրինակ՝ մեր վերջին պարտությունը Ադրբեջանի հետ պատերազմում, ինչպես ցույց եմ տվել Գեմաֆին Գասպարյանի վերջին գրքի մասին հոդվածում։ Էլի շատ բաներ կան ոչ թե զգալու, այլ հատկապես մտածելու, բայց ռոմանտիզմը ամուր է բռնել մեր պոեզիայի ոտքն ու ձեռքը։

Այն, ինչ Ա․ Բադյուն համարում է դետոտալիզացիա՝ ապաամողջականացում, նշանակում է իրերը տեսնել որպես բազմություն։ Նա հիշատակում է Ֆ․ Պեսոայի բանաձևը․ «իրերը իմաստ չունեն, այլ միայն՝ գոյություն»։ Պոեզիան չի կարող հենվել մարմնականության սկզբունքի վրա, պոեզիան անմարմին է, վիտալիստական։ Այս սկզբունքը հատկապես հեևողական է դրսևորվում Պոլ Ցելանի մոտ։ 

Անկյունագիծ․ «դարի բանաստեղծները ձգտում են լեզվի մեջ գծել մի սահմանագիծ, որը կանցնի անկյունագծով դրանում ծավալվող ցանկացած դասակարգման միջով՝ լեզվական էներգիայի ցանցում մի տեսակ կարճ միացում առաջացնելու համար»։

Դրանք այնպիսի գործողություններն են, որոնց միջոցով բանաստեղծությունը, անուն տալով անհետացմանը, ընդհատում է իմաստի խաղը։ Բայց այն միայն բացասում չէ, այն իր էության մեջ հաստատում է․ նա ասում է՝ «Ես կամ» և «գոյություն ունի»։

«Դար» ժողովածուի կարևոր գլուխներից է «Մարդու և Աստծո փոխկապակցված անհետացումը»։ Հեղինակը հետազոտում է Աստծո գաղափարի զարգացումը Դեկարտից մինչև Կանտ, Հեգել, Նիցշե։ Քսաներորդ դարի երկրորդ կեսին, ըստ Բադյուի, մարդու և Աստծո փոխկապակցված անհետացման խնիրը հատկապես արմատական է դրված եղել Ժ․֊Պ․ Սարտրի և Միշել Ֆուկոյի մոտ։ Այսպիսով․ «ի՞նչ է դարը» հարցադրման մեջ էական տեղ ունի Աստծո գոյության և անհետացման խնդիրը։

Քանի որ պոեզիան է իմ թեման, հարցադրումը կլինի ավելի մասնավոր․ «Պոեզիան և Աստծո ու մարդու անհետացումը մեր դարաշրջանում»։ 

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *