Միսաք Մեծարենցը հայ դասական քնարերգության ամենասիրված, հոգեհարազատ ու հոգի ջերմացնող գրողներից է։ Թեև նրա բանաստեղծական ժառանգությունը ծավալուն չէ`ընդամենը երկու ժողովածու («Ծիածան» և «Նոր տաղեր», լույս են տեսել 1907թ.), սակայն դրանք լիովին բավարար եղան, որպեսզի հայ պոեզիայի գանձարանում նա զբաղեցնի շատ հաստատուն և անփոխարինելի տեղ։ Մ. Մեծարենցի բանաստեղծություններում անվերջ ծավալվող, անբացատրելի մի լույս կա։ Այդ լույսը չի կորցնում իր թարմությունն ու պայծառությունը ժամանակի ընթացքում, նրա բանաստեղծությունները միշտ սիրելի են ընթերցողների համար։
«Նոր տաղեր» ժողովածուի պսակը համարվող «Տու՜ր ինծի, Տէ՜ր» բանաստեղծությունը հայտնի է նաև մեկ այլ վերնագրով՝ «Արդի մարդուն հայր մերը»։ Այն նվիրված է արքեպիսկոպոս Եղիշե Դուրյանի հիշատակին՝ բանաստեղծ Պետրոս Դուրյանի կրտսեր եղբորը։ Եղիշե Դուրյանը միայն հոգևորական չէր, նա բանաստեղծ էր, բանասեր, մանկավարժ և նշանակալի դեր է կատարել հայ եկեղեցական, գրական, կրթական ու մշակութային կյանքում։ Բանաստեղծությունն ընթերցելիս հասկանալի է դառնում, որ այս ստեղծագործությունը պարզապես ձոն չէ` նվիրված պոլսահայ հայտնի հոգևորականին։ Այն մի յուրօրինակ երկխոսություն է Աստծո հետ և իր էությամբ տարբերվում է քրիստոնեական «Տերունական» աղոթքից։ Եթե մարդը սովորաբար Աստծուն դիմում է անձնական խնդրանքներով ու խոսում սեփական կարիքների մասին, ապա երիտասարդ բանաստեղծն իր աղոթքի մեջ դուրս է գալիս ես-ի սահմաններից։
Թոքախտով հիվանդ, հոգեկան ու ֆիզիկական ցավերի մեջ գտնվող Մ. Մեծարենցի աղոթքը բոլորովին էլ իր ցավերի բժշկության մասին չէր։ Մարդասիրության ու անձնազոհության բարձունքից նա Տիրոջից հայցում է անանձնական ուրախություն.
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական,
Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողվեմ ճամբուս վրան՝
Նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր…
Մ. Մեծարենցի համար երջանկությունը չի կարող լինել անհատական, երբ շուրջբոլորը ցավ ու տառապանք է սփռված։ Նա հավատում է, որ իրական ուրախությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հասարակությունը զերծ է արհավիրքներից, և յուրաքանչյուր տան դռնից կախված են երջանկության զանգերը։ Այդ ուրախությունը նրա տողերում պատկերվում է անդորրաբեր գետի նման, որը հոսում է երկրագնդի վերից վար՝ ջնջելով չարության բոլոր սահմանները, սիրով վիրակապելով անվերջ վիրավորվող աշխարհին։
Մ. Մեծարենցի աղոթքը չունի ազգային կամ դավանաբանական նեղ շրջանակներ։ Այստեղ բանաստեղծը պարզապես հայ մարդ չէ։ Նա մի համայնական հոգի է, որ փորձում է ուրախություն գտնել յուրաքանչյուր մարդու հոգու մասնիկի մեջ և լույս՝ բոլորի աչքերում։
Նրա աղերսած ուրախությունը չի սահմանափակվում միայն մարդկային հոգիների խաղաղությամբ։ Այն ընդգրկում է բնության և կեցության ամբողջական միասնությունը՝ դաշտերից ու լեռներից մինչև տանիքներ ու տներ.
Ժողվել հոգւոյն մէջ ամենո՜ւն, համայնական,
Հոգւոյն ամէն մասնիկներուն մէջ ամէն ժամ։
Ճամբաներէն, ու գետերէն, ու դաշտերէն,
Անտառներէն, ու լեռներէն, ու ձորերէն,
Տանիքներէն, ու տուներէն, ու դուռներէն՝
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական։
«Տո՜ւր ինծի, Տէ՜ր» բանաստեղծությունը ոչ թե պարզապես աղոթք է, այլ մարդկային համերաշխության մի անկեղծ ուղերձ։
Եթե Մ. Մեծարենցի բանաստեղծության մեջ հեղինակը հանդես է գալիս հավատավոր ու խոնարհ քրիստոնյայի կերպարով, ապա Հ. Թումանյանի «Կանչ» (1891թ.) բանաստեղծության մեջ պատկերը կտրուկ փոխվում է։ Մ. Մեծարենցի մոտ աղոթքը ներդաշնակության է ձգտում, իսկ Հ. Թումանյանի մոտ այն ավելի շատ վերածվում է լինելիության, գոյաբանական տագնապի։ Այստեղ աղոթողը ոչ թե աղերսող է, այլ պահանջատեր։ Հ. Թումանյանի բանաստեղծության մեջ Աստծո հետ երկխոսությունը ստանում է դատաստանի երանգ, իսկ հավատը վերածվում է անհանգիստ ու ընդվզող հարցադրումների շղթայի։
Տե՜ր արագահաս,
Աստված արդարի,
Ո՞ւր ես, եթե կաս.
Ես աղոթք արի,
Բայց սրածության
Ահարկու ձայնից
Խլացավ անդորր
Իմ աղոթքն անբիծ.
Եվ ես, վայրենի
Կրքից կատաղած,
Ամբարիշտների
Քարերից փախած,
Քո անվան հուսով
Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար։
Հ. Թումանյանը չի բավարարվում լուռ սպասումով կամ աստվածաշնչյան Հոբին վայել հնազանդ ու կույր հավատով։ Նա Աստծուն ուղղում է ուղիղ, երբեմն խիստ հարցեր`չարի անպատժելիության և արդարության ուշացման մասին։
Նա փորձում է բացել Աստծո աչքերը դեպի մարդկային աշխարհի կեղծ բարեպաշտությունն ու շարունակ անտեսվող բռնությունը.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը ժպտերես
Մարդ է գիշատում…
Անընդունելի է այն աշխարհը, որտեղ միշտ չարը գործում է անարգել, իսկ արդարն ու խաղաղը դատապարտվում են կորստյան։
Մ. Մեծարենցի աղոթքը սիրո և համամարդկային լույսի ձգտման մասին է, իսկ Հ. Թումանյանի «Կանչը» արդարության պահանջ է՝ լի բողոքով, կասկածով և մարդկային ցավի ծանրությամբ, որ հետզհետե լարվելով` վերածվում է մարտահրավերի.
Դե արի՛ ու տե՛ս.
Զարկի՛ր ու շանթի՛ր,
Եթե աստված ես
Դու վըրեժխնդիր։
Աներկբա կարելի է պնդել, որ այս հոգևոր լույսի շղթան սկիզբ է առնում հայ գրականության բացառիկ գագաթից՝ Գրիգոր Նարեկացուց։ Անանձնական աղոթքի ամենաուշագրավ ու խորքային լավագույն օրինակը Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է։ Ժողովրդի մեջ այն հայտնի է «Նարեկ» անունով և դարեր շարունակ համարվել է հրաշագործ ու բուժիչ։ Գիրքը դրվում էր հիվանդների բարձի տակ, քանի որ մարդիկ հավատում էին, որ դրա ընթերցումը կարող է բժշկել թե՛ հոգևոր, թե՛ մարմնական ցավերը։ Այդ հավատը պայմանավորված էր ոչ միայն պոեմի բովանդակությամբ, այլև պոեմի ռիթմիկ կառուցվածքով, որն ունի հոգեբանական և ներշնչող ազդեցություն։ «Նարեկը» նման է շնչող աղոթքի, տողերի բաբախները կարծես վերափոխության քիմիական ռեակցիաներ լինեն, որոնք կարողանում են կենտրոնացած և արթուն պահել մարդկային միտքը։ Այն շերտ առ շերտ բացում է ընթերցողին ներսից և աստիճանաբար համոզում, որ մարդկային մեղքերը հանցանքներ չեն։ Դրանք ավելի շատ հիվանդածին ախտեր են, որ ճարակում են մարմինն ու հոգին և առաջին հերթին կարիք ունեն բժշկության։ Մի ավանդազրույցի համաձայն` միջնադարում հայ մայրերը աղջիկների օժիտի մեջ պարտադիր դնում էին սուրբ «Նարեկը» և սուրբ Վարդան Զորավարի նկարը, որ հավատն ու ուժը զորավիգ լինեին իրենց դստերը։
Այս պոեմում Գր. Նարեկացին ստեղծում է պատկերավորման այնպիսի անկրկնելի համակարգ, որտեղ փոխաբերությունների, համեմատությունների, հակադրությունների, նորաբանությունների ու առատ մակդիրների շքեղությունն ու համադրությունը հայերենը հասցնում են ճկունության նոր մակարդակի։
Բավական է, որ ծագի անստվեր
Ճաճանչը փառքի Քո ողորմության,
Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,
Դևը հալածվի, հանցանքը ջնջվի,
Կապանքը խզվի, խորտակվի շղթան,
Մահացածները կենդանածնվեն,
Խոցը բժշկվի, վերքն առողջանա,
Վերանա ամեն ապականություն,
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի,
Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա,
Չարիքը չքվի, տագնապն հեռանա,
Հուսահատությունն հալածվի անհետ,
Եվ Թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի:
Թեպետ «Նարեկը» հոգևոր-կրոնական երկ է, սակայն այնտեղ կենտրոնում մարդն է՝ իր տվայտանքներով, մեղքերի ծանրությունից բեռնաթափվելու հույսով ու կատարելության ձգտումով։ Նրա պոեմը միստիկական մի երկխոսություն է, որտեղ անհատի մեղքը երևակվում է ողջ մարդկության վրա։
Սա, իրավամբ, Վերածննդի ոգու վաղ դրսևորումն է 10-րդ դարի հայ իրականության մեջ։
Հայ մեծերի անանձնական աղոթքները գրվել են տարբեր դրդապատճառներով ու տարբեր ժամանակներում։ Սակայն դրանք դուրս են եկել իրենց ժամանակաշրջանի տիրույթից, և շարունակ ընթերցվում ու մեջբերվում են ամենատարբեր միջավայրերում, քանի դեռ մարդն իրեն զգում է աշխարհի մի մասնիկը։ Քանի դեռ մարդու հոգին աշխարհի ցավից պղտորվում է քարով խփված աղբյուրի պես։ Քանի դեռ մարդն իրեն պատասխանատու է համարում աշխարհում կատարվածի համար և համարձակվում է իր վրա վերցնել ամեն մեկի մեղքը, աղոթել բոլորի համար ու բոլորի անունից։
Եվ գուցե հենց այստեղի՞ց է սկսվում մարդը։
