Վահան Տերյանի բանաստեղծությունները կարդալիս հաճախ ենք նկատում, որ նրա տողերը չեն տեղավորվում բանաստեղծական տողի սովորական սահմաններում։ Դրանք բավականին տարողունակ են և հաճախ դուրս են գալիս իրենց քնարական փոքր տարածքից՝ ձգտելով գրավելու ավելի լայն, վիպական հորիզոններ։ Սա հատկապես զգացվում է Վ. Տերյանի «Երկիր Նաիրի» (1913–1916 թթ.) բանաստեղծական շարքն ընթերցելիս։ Ընդամենը 18 բանաստեղծության մեջ Վ. Տերյանը կարողացել է եռահյուսել հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան՝ ստեղծելով ազգային ինքնագիտակցության մի ինքնատիպ ու խորախորհուրդ պատում։ Սա սովորական քնարերգություն չէ, այլ ազգային ճակատագրի փիլիսոփայական քարտեզագրում` լի ծորուն թախիծով ու անսահման սիրով։
Այս շարքի ամենահայտնի ստեղծագործություններից մեկում՝ «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» բանաստեղծության մեջ, հետևյալ տողը դուրս է գալիս գրականության շրջանակներից և դառնում ազգային նկարագիր ու բնութագիր.
«Չարության դեմ վեհսիրտ միշտ, չարի դեմ ազնիվ»։
Այս ձևակերպումն ազգային խառնվածքի վրա ավելի շատ «խարան» է, քան պարզապես բանաստեղծական պատկեր։ Եվ այդ «խարանի» մեղավորը բոլորովին էլ Վ. Տերյանը չէր. նա պարզապես փորձում է մեզ տեսնել հենց այնպիսին, ինչպիսին որ կանք՝ առանց քողարկումների, պաթետիկ զարդարանքների ու ինքնախաբեության։ Հեղինակն այս տողում արձանագրում է մեր էության ամենանվիրական, բայց նաև ամենավտանգավոր կողմերից մեկը։
Այս տողը կարդալիս տարատեսակ զգացումներ են խառնվում իրար. մի կողմից՝ հպարտություն ու ներքին բավարարվածություն, մյուս կողմից՝ անբացատրելի ցավ, ափսոսանք ու անհանգստություն։ Դրանք այնքան խառն ապրումներ են, որ չեն թողնում ամբողջությամբ տխրել, բայց նաև թույլ չեն տալիս լիարժեք ուրախանալ։ Կան երևույթներ, որոնք բարոյական առումով գովելի են, սակայն նույնքան ծանր ու երբեմն անդառնալի հետևանքներ են թողնում ազգային ճակատագրի վրա։
(Նմանատիպ տրամադրություն է հաղորդում նաև շարքի մի այլ`«Դու հպարտ չես, իմ հայրենիք» բանաստեղծության հետևյալ տողը. «Սիրեցի հեզ, անքեն հոգիդ»)։
Մնալով տերյանական այս տողի գաղափարական դաշտում՝ արժանահիշատակ են հատկապես պատմական այն հերոսները, որոնց կերպարն ու գործը կարծես այս սկզբունքի մարմնավորումը լինեն։
Հիշենք մեր պատմության ամենասիրված ու քաջարի կերպարներից մեկին՝ Մուշեղ Մամիկոնյանին։ Նա հաղթական պատերազմ է մղում պարսից զորքի դեմ՝ լուծելով դավադրաբար սպանված իր հոր՝ Վասակ Մամիկոնյանի վրեժը։ Սակայն հաղթանակից հետո Մուշեղ Մամիկոնյանը վարվում է ոչ թե պատերազմի դաժան օրենքներով, այլ «չարի դեմ ազնիվ» սկզբունքով։ Պարսից Շապուհ արքայի կանանց նա որևէ անարգանք չի հասցնում, չի վիրավորում նրանց պատիվը։ Ընդհակառակը՝ մեծամեծ նվերներով ու պատվով նրանց ազատ է արձակում։
Փ. Բուզանդը հիացմունքով է պատմում, թե ինչպես է պարսից Շապուհ արքան ապշել Մուշեղ Մամիկոնյանի բարությունից ու ազնվությունից։ Երբ Շապուհը ուրախության պահերին գինի էր խմում, ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմի»։ Նա նույնիսկ մի գավաթ ուներ, որի վրա պատկերված էր Մուշեղ Մամիկոնյանը՝ իր ճերմակ նժույգը հեծած, և խնջույքների ժամանակ իր հարգանքի տուրքն էր մատուցում Մուշեղ զորավարին։
Սա, իսկապես, գեղեցիկ պատմություն է։ Անվերջ կարելի է պատմել այն ու շարունակ հիանալ մեր նախնիների ասպետական վեհությամբ։ Բայց, գեղեցիկ լինելով հանդերձ, այս պատմությունը նաև տխրեցնող է ու մտահոգիչ։ Այդ նույն Շապուհը, որ հիանում էր Մուշեղով, չհրաժարվեց Հայաստանը կործանելու և մասնատելու մտքից։ Նույն պատմության մեջ նույն պատմիչն է ցավով պատմում, թե ինչպես վարվեցին Շապուհի զինվորները հայ կանանց հետ։
Մուշեղ Մամիկոնյանի ազնվությունը չփոխեց պատմության ընթացքը. այն միայն դարձավ մի գեղեցիկ դրվագ մեր պարտությունների շղթայում։ Սա մեր հերթական բարոյական հաղթանակն է, որոնցից ոչ մեկը, ցավոք սրտի, դեռ չի վերածվել քաղաքական կամ ռազմական հաղթանակի։
Վեհսիրտ ազնվությունն ու անքեն հոգին կարծես մեր աքիլլեսյան գարշապարը լինեն։ Ախր պատմությունը հիացմունքի մասին չէ, այն ունի հաշվետվության շատ չոր փաստերի լեզու։
Նույն պատկերն է նաև մեր ժողովրդական էպոսում։ Սասունցի Դավիթը մարտի դաշտում հաղթում է Մսրա Մելիքին, և ինչպե՞ս է նա վարվում թշնամու զորքի հետ։ Չի կոտորում, չի ստրկացնում նրանց։ Մեր գթասիրտ Դավիթն ազատ է արձակում Մելիքի զինվորներին, չէ՞ որ նրանցից ամեն մեկն էլ մի մոր զավակ է։ Այս արդարացումը քրիստոնեական ու մարդկային տեսանկյունից հրաշալի է հնչում, բայց արդյո՞ք այն լիովին արդարացված է ազգի գոյատևման տեսանկյունից։ Մենք ազատ ենք արձակում թշնամուն, բայց այդ նույն թշնամին հաջորդ պահին նորից է վերադառնում` այս անգամ ավելի ուժեղացած, ավելի մեծ ախորժակով ու հեռագնա նպատակներով։ Մենք կռվում ենք ասպետի պես, այն դեպքում, երբ մեր դեմ կռվում են վայրի արջի օրենքներով ու այլ արժեհամակարգով։
Վ. Տերյանն իր ժողովրդի հարազատ զավակն էր, և նրա տողերում «անձնագրային» ճշմարտություններ են հնչում։ Այս գրական-պատմական զուգահեռների կողքին մի տեսակ ավելի հնչեղ է դառնում Հրանտ Մաթևոսյանի ձայնը.
«Քոնը խիղճ չի, խեղճություն է, զավակս»։
Այս նախադասությունն ասես Վ. Տերյանի տողի դառնաշունչ արձագանքը լինի։ Քմծիծաղը։ Հայրական ապտակի ձայն հիշեցնող ինչ-որ շրխկոց, շառաչ կա մաթևոսյանական այս մտքի մեջ։
Մենք դարերով սնվել ենք բարոյական հաղթանակների առասպելով։ Պատմության ու գրականության դասագրքերը մեզ շարունակ սովորեցրել են հպարտանալ Մուշեղ Մամիկոնյանի վեհանձնությամբ ու Սասունցի Դավթի գթասրտությամբ, բայց դրանք երբեք մեզ չեն ազատել ազգային անհամար աղետներից։ Այլապես Վ. Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը նախևառաջ անպարագիծ ցավի ու մեծագույն կորուստների մասին չէր լինի։
Այս շարքի սեղմությունն արտաքուստ շատ խաբուսիկ է. այն, տող առ տող հետզհետե բացվելով, ծովածավալ տարածվելով, դառնում է բավականին ընդգրկուն ու բովանդակալից։
«Օ՜ հայրենիք, դառն ու անուշ»։
Տեսնես «Երկիր Նաիրի» շարքում զրնգացող այս տողի բացվածքի մեջ քանի՞ հատոր ասելիք կտեղավորվի. թերևս հայոց պատմությունն ամբողջապես` իր սկզբնավորման օրից մինչ այսօր…
