Ինքնագաղութացման քերականությունը/Սմբատ Հովհաննիսյան

«ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ» ԴԻՍՏՈՊԻԱ կամ 
ԻՆՔՆԱԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԳՐՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հինը մեռնում է, և նորը չի կարող ծնվել. հընթացս այս միջիշխանության ի հայտ են գալիս ամենատարբեր հիվանդագին երևույթներ։

Անտոնիո Գրամշի

Պատկերացրե՛ք մի աշխարհ, որտեղ օրացույցները ոչ թե օրերն են ցույց տալիս, այլ հրամանները՝ «վաղը պետք է լինի այսպես և այսպես»։ Սա ֆանտաստիկ վեպի սկիզբ չէ, այլ հետխորհրդային իրականությունն է, որտեղ «այլ տարբերակ չկա» բանաձևը գործում է որպես քերականական կանոն, որով օրինավորվում է ապագայի մասին խոսքը։ Եվ այս կանոնով՝ քաղաքական երևակայությունը դառնում է քերականական սխալ կամ վտանգավոր շքեղություն, որը դուրս է մնում «ռեալիստական» խոսքի լեգիտիմ դաշտից։

Դա ներփակ ժամանակ է, որտեղ պատմությունը թեկուզ շարունակվում է, բայց առանց զարգացման հնարավորության, որտեղ ապագան քարացել է, իսկ ներկան՝ դարձել է անվերջ կրկնության մեխանիզմ, որի արդյունքը հայտնի է նախօրոք։ Այստեղ թեպետ ընտրությունների պակաս չի զգացվում, բայց դրանք վերածվել են հուսադրող խոստումներով ծանրաբեռնված ծիսակարգի․ կազմակերպված թատրոններ, որտեղ դերասանները փոխում են միայն դիմահարդարումը, բայց ոչ սցենարը։ Եվ հասարակությունը, աստիճանաբար ներքնայնացնելով այս տրամաբանությունը, փոխարինել է «Ի՞նչ ենք ուզում» հարցը «Ի՞նչն է ռեալիստական» հարցով։ 

Ժամանակակից հետխորհրդային աշխարհում «ապագայի» մասին խոսքը գնալով կորցնում է բաց հորիզոնի բնույթը և ավելի ու ավելի է նմանվում նախապես գրված սցենարի։ Շրջանառվող փորձագիտական, տնտեսական, անվտանգային կամ այլ դիսկուրսներն ապագան ներկայացնում են որպես «անխուսափելի», արդեն որոշված ընթացք։ Այս իրավիճակում, «երբ ապագան արդեն գրված է» արտահայտությունը չի նշանակում մետաֆիզիկական ճակատագրապաշտություն, այլ հատուկ դիսկուրսիվ ռեժիմ, որով ապագայի իմաստն ու ձևաչափը մոնոպոլացվում են որոշակի ուժային կենտրոնների կողմից։ Այդ ռեժիմի մեջ ապագան այլևս հանրային վեճի, ընտրության և հակասության տարածք չէ, այլ ներկայացվում է որպես միակ ռացիոնալ ճանապարհ՝ փաթեթավորված իբրև փորձագիտական եզրակացություն, տնտեսական օրենք կամ քաղաքական անխուսափելիություն։

Սակայն հենց այս «ռացիոնալացված անխուսափելիության» լեզուն է, որ ժամանակակից իրականությանը հաղորդում է դիստոպիկ բնույթ։ Այստեղ խոսքը ոչ թե ապագայի մասին վեպերի կամ երևակայական աշխարհների մասին է, այլ այնպիսի սոցիալական իրականության, որտեղ ապագայի հորիզոնը կրճատվել է մինչև միակ հնարավոր տարբերակ։ Այդպիսի իրականությունում ճնշումը գործում է ոչ թե բացահայտ արգելքի, բռնության կամ ճշմարտության ուղղակի խեղման միջոցով, այլ հնարավորության հորիզոնի նեղացման հաշվին։ Փակվում են ոչ թե դռները, այլ այն ուղիները, որոնցով հնարավոր էր հասնել դրանց։ Սահմանափակվում է ոչ թե ազատությունը, այլ ազատության մասին երևակայելու կարողությունը։ Արգելվում են ոչ թե այլընտրանքները, այլ պարզապես դրանք դուրս են մղվում մտքի, խոսքի և գործի տիրույթից։

Բայց ժամանակակից դիստոպիան ունի սեփական կազմախոսությունը (անատոմիան)։ Եթե Օրուելի Մեծ Եղբայրն ասում էր՝ «Ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը։ Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան», իսկ Հաքսլիի Համաշխարհային Պետությունն ասում էր՝ «Տղամարդկանց և կանանց մեծ մասը կմեծանա՝ սիրելով իրենց ստրկությունը և երբեք չի երազի հեղափոխության մասին», ապա հետխորհրդային իրականության բանաձևը այլ է․ «Ապագան արդեն գրված է, և այլ տարբերակ չկա»։ 

Հակառակ դասականներին՝ հետխորհրդային դիստոպիայում համակարգը չի ոչնչացնում ո՛չ լեզուն, ո՛չ ժամանակը․ այն դրանք վերածում է ծառայության։ Դասական դիստոպիաները ստիպված էին ուղղակի փոխել լեզուն (Օրուելի նորալեզուն կամ Հաքսլիի հիփնոպեդիան) և քայքայել ժամանակը («հավերժական ներկա» կամ «անվերջ հաճույք»)։ Հետխորհրդային իրականության մեջ, ընդհակառակը, ո՛չ լեզուն է փոխվում, ո՛չ էլ ժամանակն է ժխտվում։ Բառերը մնում են նույնը, փոխվում են սոսկ հասցեները․ հնարավորությունը վերաձևակերպվում է որպես անխուսափելիություն։ Ապագան շարունակում է գոյություն ունենալ, բայց արդեն որպես վարձակալած տարածք, որպես «ներկայի արտարկում»․ այնտեղ կարելի է ապրել, բայց ոչ վերափոխել։ Այդ մոդելը ազատում է համակարգը անցյալը կամ ներկան վերահսկելու հոգսից․ ապագան արդեն գրված է և կանխորոշված։ Այլևս կարիք չկա բռնությամբ պարտադրել որևէ գաղափար․ կարելի է անհնարին դարձնել այլընտրանքների մասին մտածելը կամ դրանք երևակայելու կարողությունը։

Դա գաղութացման նոր քերականությունն է, որտեղ գաղութացվում են ոչ թե տարածքները, այլ հնարավորությունները․ գաղութացում առանց գաղութարարի տեսանելի ներկայության։ Գաղութարարի դերը այստեղ բաշխված է տեղական էլիտաների, միջազգային հաստատությունների և զանգվածային գիտակցության միջև, որոնք փոխադարձաբար վերարտադրում և օրինավորում են միակ թույլատրելի ապագայի մասին դիսկուրսը։ Արդյունքում ձևավորվում է մի հասարակություն, որն ապրում է այնպես, կարծես ապագան արդեն գրված սցենար է, և իրեն թողնված է միայն կատարողի, բայց ոչ երբեք հեղինակի դերը։

Օրուելյան դիստոպիան ենթադրում էր տեսանելի Մեծ Եղբայր, բռնության ապարատ, մտքի ոստիկանություն։ Հաքսլիի դիստոպիան՝ խելացի բռնություն, որտեղ մարդիկ «սիրում են իրենց ստրկությունը»։ Բայց ինչպիսի՞ն է հետխորհրդային իրականության դիստոպիան։ 

Այստեղ չկա ո՛չ Մեծ Եղբայր, ո՛չ էլ համաժողովրդական երջանկության դեղահաբեր բաշխող համակարգ։ Կա ավելի նուրբ մեխանիզմ․ ինքնաբռնությամբ կազմակերպված անբավարարվածության մշակույթ, որտեղ մշտական ներքին դժգոհությունը գործում է որպես ինքնաքայքայման պայման։ Այս պայմաններում հասարակությունը աստիճանաբար ներքինացնում է սեփական ձեռքբերումներն ու դրական փորձառությունները չճանաչելու, չարժևորելու և չվավերացնելու սովորույթը՝ ընկալելով դրանք որպես ժամանակավոր, երկրորդական կամ «ոչ լիարժեք» իրողություններ։

Յուրաքանչյուր նախաձեռնություն և փորձառություն աստիճանաբար ներքաշվում է «արժեզրկման դիսկուրսի» տիրույթ, որտեղ քննադատությունն ու հեգնանքը գործում են որպես կարգապահական գործիքներ, այլ ոչ թե կառուցողական արձագանք։ Արտաքին վերահսկողությունը այս կերպ փոխակերպվում է ներքնացված վերահսկողության և իմացաբանական բռնության ձևերի, որոնք վերարտադրվում են հենց սուբյեկտի կողմից․ սառեցվում է ոչ միայն գործողությունը, այլ նաև գիտելիքի և ինքնաարժեվորման հնարավորությունը։ 

Այստեղ բռնությունը վերածվում է ինքնաբռնության, իսկ վերահսկողությունը՝ ինքնավերահսկողության։ Այն է՝ հասարակությունն ինքն է դառնում սեփական դիստոպիայի պահապանը․ յուրաքանչյուր անգամ, երբ փորձում է երևակայել այլ ապագա, ինքնագործարկվում է ներքին գրաքննության մեխանիզմը՝ «դա անիրատեսական է», «միջազգային հանրությունը չի ընդունի», «մենք դեռ պատրաստ չենք»։ Այսպես «անխուսափելիության» լեզուն ամրագրվում է ոչ միայն հաստատություններում, այլ նաև ներքին մենախոսության մակարդակում։

Հենց այս կետից՝ երբ ապագան սկսում է ընկալվել որպես անփոփոխ սցենար, ես վերադառնում եմ իմ նախորդ տարվա քննարկմանը։ Եթե իմ «Քաղաքակրթական ընտրություն. գաղութային անցյալից դեպի ապագաղութային ապագա» էսսեում հարցադրումն այն էր, թե ինչպես կարող է գաղութային անցյալ ունեցող հասարակությունը կատարել «քաղաքակրթական ընտրություն» առանց կրկնելու հին հայեցակարգերը, ապա հիմա հարցը տեղափոխվում է այլ հարթություն։ Կարո՞ղ է արդյոք ընդհանրապես լինել ընտրություն այնտեղ, որտեղ ապագան սկզբից մինչև վերջ արդեն գրված է ուրիշների կողմից, և որտեղ ընտրության ակտը միայն կրկնում է արդեն ծրագրավորված տարբերակներից մեկը։

Սակայն պատասխանից առաջ պետք է հարցականի տակ դնել հենց «քաղաքակրթական ընտրություն» բանաձևը։ Խնդիրը ոչ թե ապագայի բովանդակությունն է՝ եվրոպական, եվրասիական, ավանդական թե լիբերալ։ Երբ հարցը դրվում է «Ի՞նչ ապագա ընտրել» ձևակերպմամբ, ուրեմն արդեն ընդունել ենք, որ ապագան ընտրության առարկա է, ոչ թե ստեղծագործության։ Իսկ երբ խոսքը վերաբերում է «քաղաքակրթական ընտրությանը», ուրեմն համաձայնում ենք, որ «քաղաքակրթությունը» չափման միավոր է, ոչ թե բազմակի փորձառությունների բաց դաշտ։ Ապագայի գաղութացման դիսկուրսի իսկական ուժը հենց այստեղ է՝ ոչ թե պատասխանների, այլ հարցերի վերահսկման մեջ։ 

«Քաղաքակրթական ընտրություն» բառակապակցությունը առաջին հայացքից թվում է ինքնին դրական, առաջադեմ բանաձև․ ո՞վ չի ցանկանա ապրել «քաղաքակրթված» աշխարհում։ Բայց հենց այս հղացքն է, որ պետք է կասկածի տակ առնել։ Որովհետև «քաղաքակրթություն» հասկացությունը գործում է որպես իշխանական տեխնոլոգիա․ այն ոչ թե նկարագրում է տարբերությունները, այլ արտադրում է անհավասարությունները՝ բաժանելով աշխարհը «կատարյալ» և «անկատար», «առաջավոր» և «ուշացած», «օրինավոր» և «կասկածելի», «լիարժեք» և «թերի» տարածքների։ 

Երբ ընդունում ենք այս լեզուն, արդեն իսկ համաձայնում ենք այն քերականությանը, որով մեզ համար որոշված է ոչ միայն անցյալը, այլև հնարավոր ապագաների շրջանակը։ Դիսկուրսիվ մակարդակում «քաղաքակրթություն» հասկացությունը, անգամ հոգնակի, շարունակում է գործել որպես գերիշխողի չափանիշ (մեր դեպքում՝ խորհրդա/ռուսակենտրոն կամ արևմտյան), եթե չի կատարվում կոնցեպտուալ «ապուսուցում» (unlearning), որը հարցականի տակ է դնում քաղաքակրթության լեզուն՝ որպես բացառիկ և անփոխարինելի չափանիշ։ Ապուսուցումը այստեղ չի նշանակում պարզապես նոր գիտելիք կուտակել, այլ լքել այն «ինքնին հասկանալի» դարձած չափանիշները, որոնցով սովոր ենք չափել զարգացումը, արդիականությունը և ապագան՝ միաժամանակ ճեղք բացելով այն լեզվի մեջ, որով մեր անունից սահմանվում և վերահսկվում են կենտրոն(ներ)ի կողմից վավերացված ընթացքի չափանիշները։

Քաղաքակրթության դիսկուրսը կառուցում է ժամանակային աստիճանակարգ, որտեղ կենտրոնի անցյալը ներկայացվում է որպես ծայրամասի ապագա։ Կենտրոնի «արդեն անցած» փուլերը դառնում են ծայրամասի «պետք է դեռ անցնի» ուղի, և այս տրամաբանությունը ոչ միայն ձևավորում է անցյալի մեկնաբանությունը, այլ նաև սահմանափակում է հնարավոր ապագաների հորիզոնը։ Այդպիսով, «համամարդկային» տեսարանով ներկայացվող քաղաքակրթական հղացքը ոչ թե պարզապես նկարագրում է աշխարհը, այլ ստեղծում է այն՝ սահմանելով կանոնները, չափանիշները և թույլատրելի ընթացքի սահմանները։

Հետխորհրդային տարածքում այս տրամաբանությունը առավել վառ արտահայտված է «քաղաքակրթական ընտրության» լեզվում, որն առաջարկում է ընտրել արդեն պատրաստի քաղաքակրթական սցենարների միջև՝ եվրոպական, եվրասիական, «ավանդական», «լիբերալ» և այլն։ Այս հռետորաբանությունը դառնում է դիստոպիկ գործիք․ այն ոչ միայն ամրապնդում է գոյություն ունեցող անհավասարությունները, այլև սահմանում է չափորոշիչներ՝ որոշելու, թե ում ապագան է համարվում «առաջնային», իսկ ումը՝ «ածանցյալ»։ Քաղաքակրթական դիստոպիան սկսվում է հենց այն պահից, երբ սեփական ապագա երևակայելու իրավունքը փոխարինվում է «ինտեգրվելու», «հարմարվելու» և «հասնելու» պարտականությամբ։

«Քաղաքակրթությունը» գործում է նաև որպես դիսկուրսիվ գործիք՝ մշակութային, սոցիալական և պատմական տարբեր փորձառությունները դասակարգելու և այլընտրանքային աշխարհընկալումները մեկ գերիշխող պատումի ենթարկելու համար։ Այս իրավիճակում փոքր կամ ծայրամասային հասարակությունը ստիպված է ապագայի մասին մտածել ոչ թե սեփական պատմության և ներսից ծագած ցանկությունների լեզվով, այլ պարտադրված և «միակ ռացիոնալ» համարվող սցենարի լեզվով։

Եթե գրված ապագան շարունակում է վերահսկվել «քաղաքակրթության» անվան ներքո, ապագայի գաղութացման քննությունը պետք է սկսվի հենց այս եզրույթի դիսկուրսիվ իմաստից։ Ապագայի «գաղութությունից» ազատվելը ենթադրում է հրաժարվել այն պատկերացումից, որ գոյություն ունի մի օրինակելի կենտրոն, որի չափանիշների հետ պետք է համեմատվեն բոլոր մյուսները։ Դա պահանջում է ընդունել բազմակի ժամանակներ, տարբեր ռիթմեր և զարգացման ուղիներ, որոնք չեն տեղավորվում պարզ «հետամնաց/զարգացած» սխեմաների մեջ։ 

Երբ հնչում է «քաղաքակրթական ընտրություն» արտահայտությունը, թվում է՝ խոսքն ազատ որոշման մասին է։ Սակայն ձևակերպումն արդեն գործում է ոչ թե որպես իրական ընտրության հնարավորություն, այլ որպես կարգապահական դիսկուրս։ Հարցը դրվում է այնպես, կարծես գոյություն ունի «քաղաքակրթված» մի կենտրոն, որին մոտենալը ինքնին արժեք է։ Այսպիսով, ընտրությունը զրկվում է նպատակ սահմանելու իրավունքից․ քննարկման առարկա է դառնում միայն երթուղին, մինչդեռ ապագայի պատկերը մնում է կանխորոշված։  Անկախ նրանից՝ այդ կենտրոնը կոչվում է Բրյուսել, Մոսկվա, Վաշինգթոն կամ մեկ այլ բան, տրամաբանությունը նույնն է․ ապագան ներկայացվում է որպես նախօրոք սահմանված ուղի, «գաղափարախոսական ֆանտազմ» (Ժիժեկ), իսկ սուբյեկտին վերապահվում է ընդամենը դրա հետ համահունչ գործելու պարտականությունը։ Գաղափարախոսական ֆանտազմն այստեղ նշանակում է այն պատկերացումների համախումբը, որի միջոցով ներկայի կոնկրետ, պատմականորեն պայմանավորված կարգը ներկայացվում է որպես միակ հնարավոր իրականություն՝ փակելով այլ ապագաների մասին մտածելու հեռանկարը։

Այստեղ բացահայտվում է դիստոպիկ իրադրության ամբողջ խորությունը․ քաղաքակրթական ընտրությունը դառնում է ընտրություն մի քանի նախապես սահմանված փաթեթների միջև, որոնցից յուրաքանչյուրն արդեն իսկ պարունակում է սեփական տրամաբանությունը, չափորոշիչները, սպասելիքները։ Եվ անկախ նրանից, թե որ «փաթեթն» ես ընտրում, արդյունքում գործում է նույն մեխանիզմը՝ արտաքուստ ներմուծված, ներսից չդիտարկված, բայց որպես «անխուսափելի» ներկայացված ապագա։

Եվ հենց այստեղից է առաջանում կարևորագույն հարցադրումը։ Եթե ապագան արդեն գրված է, արդյո՞ք հնարավոր է «չգրված ապագա» երևակայելը։ Պատասխանը ո՛չ պարզ է, ո՛չ էլ միանշանակ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք հասկանում «ապագան երևակայելը»։

Եթե «ապագան երևակայելը» սահմանենք որպես արդեն պատրաստ սցենարների միջև ընտրություն, ապա պատասխանը, ըստ ամենայնի, մոտ է «ոչ»-ին․ այս դեպքում մենք պարզապես փոխում ենք կախվածության հասցեն՝ մեկ քաղաքակրթական աստիճանակարգը փոխարինելով մեկ ուրիշով։ 

Եթե «չգրված ապագան» երևակայելը նշանակում է ոչ թե հարմարվել ընթացքին, այլ հարցադրել՝ «ո՞ւր ենք ուզում գնալ և ինչո՞ւ», այն է՝ կոտրել այն տրամաբանությունը, ըստ որի մենք պարզապես պետք է հասնենք այնտեղ, ուր մեզ տանում են, ապա «այո» ասելն այլևս վերացական հռետորաբանություն չէ, այլ իրական հնարավորություն։ Սակայն այդ «այո»-ն ինքնին բավարար չէ․ այն ենթադրում է գիտակցված ընտրություն և պահանջում է հստակ, հաջորդական ու գործնական քայլեր․

Առաջին՝ անհրաժեշտ է ճանաչել ապագայի գաղութացման գործող մեխանիզմները և վերլուծել, թե որտեղ և ինչ եղանակներով է արտադրվում «անխուսափելիության» դիսկուրսը։ Այն, ինչ հաճախ ներկայացվում է որպես «տեխնիկական» կամ «ռացիոնալ», իրականում քաղաքական ընտրության արդյունք է և արտահայտում է կոնկրետ շահեր։

Երկրորդ՝ քննադատաբար մոտենալ հասկացություններին։ «Զարգացումը» չի սահմանափակվում ՀՆԱ-ով, «ժողովրդավարությունը»՝ բազմակուսակցությամբ, «ազատությունը»՝ շուկայական տնտեսությամբ։

Երրորդ՝ գտնել կամ ստեղծել այլ լեզու ապագայի մասին խոսելու համար, որը դուրս է քաղաքակրթական աստիճանակարգերի տրամաբանությունից։ Դա հենց «չգրված ապագայի» լեզվի որոնումն է, որտեղ ապագան ձևակերպվում է ոչ թե որպես ժամանման վայր, այլ որպես ստեղծվող տարածք։

Չորրորդ՝ ստեղծել փորձարարական սոցիալական և քաղաքական տարածություններ, որտեղ գործում է այլ տրամաբանություն։ Մշակել տեղական նախագծեր, որոնք կախված չեն միջազգային ինդեքսներից և կարիք չունեն արտաքին վավերացման։

Հինգերորդ՝ անհրաժեշտ է վերականգնել քաղաքական սուբյեկտության իրավունքը՝ որպես ապագայի ձևավորման լիարժեք մասնակցության պայման։ Սա ենթադրում է ոչ միայն իրականացնել կամ մերժել նախապես սահմանված լուծումները, այլ նաև իրավասու լինել հարցականի տակ դնելու «պետք է» և «այլ տարբերակ չկա» ձևակերպումներով առաջադրված պահանջները, որոնք, անկախ «փորձագիտական» կամ «միջազգային» հիմնավորումներից, հակասում են ինքնուրույն որոշումներ կայացնելու սկզբունքներին։

Այս համատեքստում «քաղաքակրթական ընտրության» դիստոպիան, որտեղ ապագան «արդեն գրված» է, դադարում է լինել զուտ գրական հորինվածք և դառնում մեր ներկայիս իրականության ախտորոշում։ Ապագայի գաղութացումը ավելի հաճախ տեղի է ունենում ոչ թե զորքերի և պայմանագրերի միջոցով, այլ ապագայի վերաբերյալ մեր հնարավորությունների հորիզոնի սղմամբ։ Այն տեղի է ունենում, երբ հարցը՝ «Ինչպիսի՞ն կարող է լինել ապագան», աստիճանաբար փոխարինվում է «Ինչպիսի՞ն պետք է լինի ապագան» հարցով, իսկ երևակայությունը զրկվում է քաղաքական կարողության կարգավիճակից և վերածվում է «անպատասխանատու երազանքի»։ 

Սակայն սա չի ենթադրում երևակայության ամայացում․ հույսը դառնում է «անորոշության ակտիվ ընդունում», այն համոզմամբ, որ ապագան սկզբունքորեն ոչ լիովին կանխորոշված լինելու շնորհիվ մնում է բաց տարածք վեճի, միջամտության և գործողությունների համար։ Բայց հենց այստեղ է դրսևորվում պարադոքսը․ համակարգը, որն ապագան ներկայացնում է որպես փակ և անփոփոխ իրականություն, անխուսափելիորեն ծնում է դիմադրություն, որը սկիզբ է առնում այլընտրանքային հնարավորությունների մասին մտածելուց։ Եթե իշխանությունը վերահսկում է ոչ միայն տարածքը կամ մարմինները, այլև հնարավորությունները, ապա դիմադրությունը սկսվում է հենց այստեղից՝ հնարավորությունների վերաերևակայումից։ Այն պայմաններում, երբ ասում են՝ «այլ տարբերակ չկա», ցանկացած այլընտրանքի երևակայումը ինքնին դառնում է քաղաքական ակտ, իսկ «դա անիրատեսական է» հայտարարությունը պարզապես դրա մասին մտածելը վերածում է դիմադրության։

Ապագաղութացումը, այս իմաստով, չի սահմանափակվում հաստատութային (ինստիտուցիոնալ) փոփոխություններով․ այն նախ և առաջ ենթադրում է իշխող ապագայի մասին պատկերացումների հետ իմացաբանական խզում։  Ապագաղութացված ապագան սկսվում է ոչ հեռու նպատակակետից, այն ձևավորվում է հենց այն կետում, որտեղ դադարում ենք դիտել ապագան որպես պատրաստի սցենար և սկսում ենք վերաձևակերպել ներկայի պարտադրանքները՝ միաժամանակ երևակայելով այն, ինչը դեռ գրված չէ, մանավանդ ուրիշների կողմից։

7 հունվարի, 2026

Please follow and like us: