ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՃԵՊԱՆԿԱՐ
Նոյեմբերյան տաք օրերի
Լույսը՝
բոլոր ճամփաներին
համակշիռ բաշխված…
Ջերմությունը մեր սրտերի,
Երկինքը՝
մերթ թռչնակերպ ամպով,
մերթ՝ փետուրե…
Անհողմ օդի մեջ թափանցիկ՝
Հողմապտույտ՝
թևերը եռաճյուղ –
թեթևորեն մեզ ողջունող…
Եվ ուղեկից և զուգորդվող
Տեսարաններ –
ասես տողեր՝
գերմաներն և հայերեն…
13.11.2025
ԿԱՄՈՒՐՋ
Մենք ասում ենք մայր Արաքս,
Գերմանացիներն ասում են
հայր Հռենոս.
Մայնցից դեպի Կոբլենզ
Ճանապարհը
հայրական օրհնություն է ստանում
Հռենոսի հերթական կամրջով,
Եվ գետային ուղղանկյուն նավը՝
Առանց հրաժեշտի
անհրաժեշտ սուլոց
արձակելու
երկար ու ձիգ՝
գետահարսի արձակ
վարսերի պես
ծածանվում է արևի տակ,
խայտում է հայրական ջրերում…
Եվ երկնքում նրան զուգահեռ
լողում է Շագալի հրեշտակը՝
Սուրբ Ստեփանոսի վիտրաժներից
պոկված
ու ձեռքով է անում…
Տաճարի զանգերը ղողանջում են
մեր հետքից,
բայց մենք կամուրջն անցել ենք
ու Հայր գետի հերթական կամրջով
ընթանում ենք՝
մուտք գործելու
մեր մեկօրյա նոր հանգրվանը,
ուր՝ բառը կարմրջելով
մեր Մայր գետի օրհնությունը
գերմաներենի փոխանցված՝
հնչելու է նաև
հայրական օրհնությամբ…
Եվ լեզուների հոգիները
միավորվելու են թարգմանաբար,
ինչպես Կոբլենզում Հռենոսի ջրերն են
խառնվում Մոզելի ջրերին,
որոնք բաժանելն արդեն
կրկնակի բարդ է.-
ինչպես՝
բանաստեղծության մեջ
բաժանել
բանաստեղծին – իր թարգմանիչ
բանաստեղծից.
Կրկնակի դժվար –
«Կրկնակի Սիզիփոս»1…
5.11.2025
ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍԻ ՏԱՃԱՐԸ
Երկայն փողոցի
Սալահատակի քարերով
դեպի տաճարի մուտքը
ստվերս ամեն քայլի հետ երկարում էր,
մերթ՝ խառնվում
կողքիցըս քայլողի ստվերին,
ու մերթ ձուլվում՝
ինձ շտապեցնող –
առաջնորդող ստվերին՝
մի պահ միայն
ոտքերիս մոտ թանձրանալով
մետաղական դրոշմի վրա՝
քահանայի պատկերով,
որ բանալին էր տաճարի ձեռքին պահում՝
դիտահորի կափարիչին բոլորակված –
ասես հսկա արծաթե դրամ
եկեղեցու ճամփին ընկած…
Իսկ դուռն ահա
հսկա դուռը բաց էր մեր դեմ
ու ստվերս թողած այնտեղ
դիտահորի վրա ընկած՝
լուսավորված հոգով ես ներս էի մտել,
որ քիչ հետո կանգնեմ
վերին խորանի մոտ
ու զգամ ամբողջական լույսը անստվեր…
Ահա Տիրոջ շապիկը –
Գանձը այն,
որ ապակյա ծածկի ներքո
վերից հսկում են հրեշտակներ՝
ոսկեբանված դարպասների ետև,
և՝ ահա մե՛նք…
Բայց Տրիերի
մասունքն այս հազվագյուտ՝
Խիստ բացառիկ առիթներով է
դուրս բերվում –
Ծիսակարգով հատուկ,
միասնական աղոթքների
ու երգերի ուղեկցությամբ՝
աչքին ի տես, սրտին ի տես,
ի տես հոգուն ուխտավորաց…
Ու ես իմ մեջ թաքուն ուխտ եմ անում,
որ տա Աստված –
որ պատահի դա Տրիերում մի ժամանակ՝
երբ կլինենք կրկին այնտեղ մենք միասին
հաջորդ այցիս…
ԼՐՈՒՄ
Դրանք քնելու գիշերներ չէին –
դրանք լրման օրեր էին,
և այդ գիշեր
լիալուսնի բոլորակն էր
հռոմեական ձիարձանի
թամբին…
Տրիերի փողոցներով
գերմանական քաղաքը հին
մայթի վրա
դաշնամուրի իր նվագով
ու ջերմությամբ
մոգում էր մեզ
ու տանում էր
ժամադրված մի հանդիպման
(Ավրելիուսի՞, թե՞ Մարքսի հետ-
կարևորը,
որ երկուսն էլ տեղում էին),
ու ի՛նչ հրճվանք՝
տեղում էին
մեզ՝ կրկնակի լեզուներով
ընթերցողներ,
երբ «Կրկնակի Սիզիփոսի»
թարգմանության
պատմությունն էր
ամբողջանում՝
հայոց բառի քերթողությամբ՝
գերմաներեն…
9.01.2026
ՄՈՌԱՑՎԱԾ ԳԱՂՏՆԱԲԱՌ
Բանաստեղծ Հանս Թիլին
Թռիչքից առաջ գրանցվել էր պետք,
Չնայած որ ժամը ուշ էր
և բոլորս՝ հոգնած…
Իմ հիշելով՝
գաղտնաբառս ի պահ՝ ամպի մեջ էր,
և պահապան հրեշտակն ինձ ժպտաց
ու խոստացավ օգնել…
Ես ասացի՝ տար ինձ մինչև ամպ,
չնայած համոզել պետք չէր,
ու նա իսկույն –
անգամ հորանջը զսպելով՝
թևին տվեց…
Մենք մինչև ամպ՝ մե՛կ հասանք,
բայց ամպը չկար –
ժամկետն անցել՝ ցրվել էր։
Էդպե՜ս՝ էդ գիշերո՛վ
մենք օդերում մի քիչ պտտվեցինք
ու ետ դարձանք…
– Գաղտնաբառդ փոխի՛ր.-
տեղ հասնելով
խորհուրդ տվեց հրեշտակը,
– Ու լավ կանես
ավելի անհավանական մի բառ հորինես,
որ ո՛չ մեկի մտքով չանցնի,
որ բա՛ռդ չկոտրեն…
Հետո ժպտաց.
– Էն տեսակ բառ, որ դո՛ւ էլ մոռանաս
ու վերջին թռիչքդ
հետաձգվի…
29.11.2025
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔ
Բոլոր գանձերը երկրային
ցածում շռայլորեն փռված.
Ադամանդներ՝
մանյակներին ոսկե,
Եվ թևնոցներ
կարմիր սուտակներով,
Զմրուխտներով
թագեր ականակուռ…
Նռնաքարեր ու լեռնային բյուրեղ՝
սկիհներին ոսկե,
Եվ շաղ տված գինդեր
շափյուղազարդ,
Տոպազիոնով, ագաթներով ու
բազմագույն հասպիսներով,
Եվ կախոցներ ոսկե՝ մանուշակի
ու կապույտի տարատեսակ
ակնեղենով,
Եվ հազվագյուտ մեղեսիկներ
ճարմանդներին –
Ձգված մողեսիկներ՝
սողսողիկներ
զմրուխտ աչուկներով…
Իսկ վերևում …
իսկ վերևում
շռայլորեն փռված երկինք,
Որ ամենայն գիշեր ունի
այս գանձերի
բնօրինակը անհաշիվ –
մեր հայացքին պարգև,
թե՝ նկատենք.
Եվ Ծիր Կաթին մանյակ,
և՛ ադամանդ աստղեր,
և՛ թևավոր մողեսիկներ –
շքեղ աստղաբույլեր,
և՛ մոլորված ակեր՝
մոլորակներ,
և՛ լուսնաքար լուսին,
և՛ ոսկեթել կապեր՝
մեզ ճառագող…
Եվ ժանյակնե՜ր,
և ժանյակներ լույսի՝
ձգվո՜ղ
թռիչքների մեր հետքերից…
7.11.2025
- – «Կրկնակի Սիզիփոս» – Գերմաներեն թարգմանությամբ Der doppelte Sisiphus – բնագրով՝ «Երկու Սիզիփոս», թարգմանական անթոլոգիայի վերնագրի վերաթարգմանությունը։ ↩︎
