Ձմեռվա առաջին ձյունն էր գալիս։ Որոշ տեղերում այն նստում էր, որոշ տեղերում դառնում էր ցեխ և մեքենաների տակից թռչում էր մարդկանց ուղղությամբ։ Մի փոքրիկ տղա՝ տեսքով առաջին կամ երկրորդ դասարանցի, ուրախ իջնում էր տեղ-տեղ սև, տեղ-տեղ սպիտակ ճանապարհով, ձեռի հետ ավիրելով այն ձյունը, որին դեռ չէին կպել։ Բայց նա ամբողջը չէր ավիրում, որովհետև գիտեր՝ ամբողջ ձյունը ավիրելով մարդկանց ձյուն չէր թողնի։ Նրան դուր էր գալիս ձյան հետ խաղալ։ Եթե մեկը իրենից առաջ այդ ձյունը ավիրած լիներ, հիմա ինքը չէր խաղա։ Դրա համար նա հաջորդին էլ էր ձյուն թողնում։ Կամ էլ այդպես չէր և ընդամենը չէր կարող ավիրել ավելի հեռու գտնվող ձյան բուրգերը, քանզի իր և հետևից եկող մոր ճանապարհը ուղիղ էր։ Ասես մի տիեզերական, մարդկանց դեռևս անհասկանալի ուժ նրան մղում էր առաջ և ինքն էր, որ պատճառ էր հորինում չթեքվելու։ Անհայտ է՝ ուր էին նրանք գնում, երևի տուն, բայց մինչև տեղ հասնելը նա նկատեց խաղալիքների խանութը։ Ապակիների հետևում ցուցադրվում էր մի մեծ տոնածառ, որի կողքին կանգնած էր Ձմեռ Պապին։ Չնայած որ փչովի «արձանը» այնքան էլ գեղեցիկ չէր, երեխան պոկվեց ձյունից ու նայեց Ձմեռ պապին։
— Մայրիկ, էս Ձմեռ Պապիկն ա՞։
— Ըհը,- ասաց մայրը իր մտածմունքների միջից,- որ լավ պահես քեզ, լսես ինձ, ճաշդ մինչև վերջ ուտես, քեզ էս տարի էլ նվերներ կբերի, ոնց որ անցյալ տարի։
Չնայած մայրը կասկած չուներ Ձմեռ Պապի գոյության վերաբերյալ, միևնույն է մի բան նրա մեջ էլ էր զարթնում այդ զզվելի, էժան փչովի արձանին նայելիս։
— Իսկ կարող ա՞ մտնենք, մոտիկից տեսնենք,- ասեց տղան ու մոր լռությունից հետո կրկնեց արդեն խնդրելով, աղերսելով։
Մայրը սկզբից չէր ուզում մտնել խանութ՝ իմանալով, որ իրեն ավելորդ ծախս էր սպասվում, բայց Ձմեռ Պապի ամենատես հայացքի տակ լինելով՝ նա չդիմացավ և ներս մտավ, նույնիսկ տղայից ավելի շուտ։
Ներսում իսկական տոնական մթնոլորտ էր։ Միացրած էր «Վի վիշ յու ա մերի քրիսմաս» երգը։ Հաջորդը պարզ էր, որ կլիներ «Ջինգլ բելս»-ը։
Խանութի առաստաղը շատ բարձր էր։ Խաղալիքները դրված էին դարակներին, որոնք շարված էին շարքերով ինչպես ուրիշ խանութներում։ Դռան մոտ նրանց դիմավորեց աշխատողներից մեկը։ Երիտասարդ աղջիկ էր։
— Բարև ձեզ, բարև ձեզ,- ասաց նա մի տեսակ մանկական ձայնով,- համեցեք, եթե օգնություն պետք լինի, կանչեք՝ գամ։
Մայրն ու տղան առաջացան, նայեցին։ Պատերը կարմիր էին ներկել, հատակը նախշերով զարդարել էին։ Տղայի հույսերը չկոտրելու համար մայրը մտովի պատրաստվեց տոնածառի մի խաղալիք առնել։
— Լավ,- ասաց տղային,- մի հատ տոնածառի խաղալիք կարանք վերցնենք։ Դու ընտրի։
Շարքերի միջով անցնելիս նրանք փորձում էին ընտրել, թե որ մեկը առնեն։ Խաղալիքի գաղափարը այնքան էր բարձրացրել տղայի տրամադրությունը, որ նա քթի տակ սկսեց նույնիսկ երգել «Ջինգլ բելս»-ը։ Նա զննում էր ամեն մի ապրանքը, բայց արժանի թեկնածու չէր գտնվում։ Ուզում էր գտնել լավագույն խաղալիքը, բայց մեկի նմանը արդեն տանը կար, մյուսը շատ փոքր էր, մեկն էլ միայն տուփով էր վաճառվում, որի մեջ մի քանի այլ խաղալիքներ էլ կային։ Մնացածից միայն մեկն էր, որ ավելի լավն էր թվում՝ կախովի Ձմեռ պապիկ էր, որ ձեռքերը լայն բացած՝ ասես ուզում էր գրկել իրեն նայողին։ Աչքերը բաց էին, բայց բիբերը վատ էին նկարված։ Դա էլ իրեն առանձնապես դուր չեկավ։ Եթե ոչինչ չառնեին, մայրիկը հավանաբար կուրախանար։ Տղան ասաց, որ լավ խաղալիք չկա, ոչ մեկն էլ իրեն դուր չեկավ։ Մայրիկը զարմացավ, լսածին չէր հավատում, բայց առանց առարկելու համաձայնվեց և շարժվեց դեպի ելքը։ Խանութի վաճառողուհին սիրալիր նրանց հաջողություն ասեց, բայց երբ արդեն դռան մոտ էին, ու տղան մի պահ շրջվեց, այդ երիտասարդ աղջկա դեմքի հրեշտակային արտահայտությունը փոխված էր արհամարհական, ատող, համարյա դիվային արտահայտության։ Տղան վախեցավ և հնարավարինս արագ հետևեց մորը, որը արդեն դուրս էր եկել։ Դրսից էլի փչած Ձմեռ պապիկին տեսավ։ Քիչ անց տղան մոռացավ վաճառողուհու գոյության մասին և շարունակեց ձյան հետ խաղալ քայլելու ընթացքում։
Մայրն ու որդին շուտով հասան տուն։ Տանը նրանց սպասում էր հայրը։ Դրված էր տոնածառը։ Այն չափազանց ճոխ չէր, բայց կատարյալ խեղճություն էլ չէր։ Վրան շաղ էին տրված լույսերը, բայց միացրած չէին։ Դռան մոտ մայրը հանեց իր վերարկուն ու կոշիկները և առաջացավ։ Տղան էլ, նրա օրինակին հետևելով, կատարեց նույն գործողությունները, միայն թե գրպանում ինչ-որ կոշտություն զգաց։ Շոշափեց դրսից, հետո ձեռքը մտցրեց գրպանը և հանեց։
Ձեռքում Ձմեռ պապն էր, որը նա չէր ուզել, բայց այժմ իր մոտ էր։ Ախր հիշում էր, որ թողել է խանութում։ Չէ, հաստատ թողել էր, նորից դրել էր դարակի վրա, բայց մեկ էլ հանկարծ գալիս է տուն ու տեսնում է՝ իր ձեռքում է։ Իր՝ ձյունից դեռ թաց ձեռքում։ Ձեռքերը սկսեցին դողալ։ Ձեռքերի հետ՝ խաղալիքը։ Ինքը ինչ-որ բան էր գողացել։ Հիմա բա ի՞նչ անի։ Մայրիկին ցույց տա՞։ Բայց ո՞նց բացատրի, որ դրել է տեղն, ու հետո իր գրպանում է հայտնվել։ Մոր աչքից կընկներ։ Կտխրեր մայրիկը։ Չէ, չի կարելի ցույց տալ։ Ուրեմն պահել է պետք։ Որտե՞ղ բայց։
Տղան կողքերը նայեց։ Եթե գրպանի մեջ թողնի, մայրը կարող է պատահաբար գտնել։ Չէ, ուրեմն, մի ուրիշ տեղ։ Այնպիսի տեղ, որ եթե տեսնեն էլ, չմտածեն դրա մասին։ Ճիշտ է, տոնածառի վրա։ Ո՞վ պիտի այդքան խաղալիքների մեջ հիշի, որ սա անցած տարի չկար։
Քիչ-քիչ սկսեց հանգստանալ։ Բայց ո՞նց կախի։ Դրեց տաբատի գրպանը ու պատրաստվեց գնալ հյուրասենյակ։ Հանկարծ տեսավ՝ մայրն է իրեն նայում։ Նա գլուխը թեթևակի թեքել էր, ոնց որ ասեր՝ «լավ, էլի»։ Այս անգամ ոտքերն էլ դողացին։
– Քանի՞ անգամ ասեմ՝ տուն գալուց հետո մտնում ենք ձեռքերը լվանալու։
Սիրտը տեղն ընկավ։ Մտավ զուգարան լվացվելու։ Տաք ջրի տակ ձեռքերը դադարեցին դողալ և թուլացան։ Հանկարծ հիշեց, թե ոնց եղավ, որ խաղալիքը վերցնելուց հետո չդրեց իր տեղը, այլ անջատված գրպանը դրեց։ Միգուցե իրականում ուզում էր ունենալ այդ խաղալիքը։ Հիշեց վաճառողուհու դեմքը, երբ դուրս էին գալիս խանութից։ Արդյո՞ք տեսել էր, թե ինչպես է ինքը խաղալիքը գրպանը դնում։ Դրա՞ համար էր դեմքը այդպես արհամարհական, թե՞ որ ոչինչ չառան։ Ահագին երկար մտքերով ընկավ։
– Տղա ջան, լավ ե՞ս։
Միանգամից զգոնացավ։ Պետք էր տանել, կախել այդ խաղալիքը, պրծնել դրանից։
– Հա, մայրիկ, դուրս եմ գալիս։
Նա մտավ հյուրասենյակ։ Այնտեղ սեղանի շուրջը նստած էին հայրն ու մայրը։
– Մայրդ պատմեց, որ չես ուզել տոնածառի խաղալիք առնեք։ Ապրես, անկապ պետք չի լցնել տունը աղբով։ Մեծանում ես արդեն,- ասաց հայրը,- էս կոնֆետը վերցրու, կեր։
Տղան վայրկենական ուրախություն զգաց, բայց մեկ էլ հիշեց եղածը։ Ուզում էր և գովեստը ընդունել, և կոնֆետը։ Բայց մի բան էն չէր։ Շոկոլադ ուտելու ցանկություն չկար։
Մինչև ուշ երեկո նա գրպանում պահեց տոնածառի խաղալիքը։ Երբ մայրը վառեց տոնածառի լույսերը, և երբ իրեն բարի գիշեր մաղթելով գնաց, տղան անշշուկ մոտեցավ տոնածառին ու կախեց խաղալիքը։ Ձմեռ պապին էլի լայն բացել էր թևերը։ Տոնածառի առկայծող լույսերով շրջապատված՝ նրա դեմքը բոլորովին զվարթ ու բարի չէր թվում։ Տղան հանեց նրան տոնածառի ճյուղից և կախեց տոնածառի հետևում, որ պատին էր դեմ տված և որտեղ խաղալիքներ չկային։
Հաջորդ օրը արթնանալուց հետո տղան թվում էր բոլորովին մոռացել էր խաղալիքի մասին, բայց մի ուրախ պահի, երբ իր կատակի վրա ծիծաղում էին մայրիկը, հայրիկը ու ինքը, հանկարծ հիշեց։ Պատկերացրեց տոնածառի վրա մեն-մենակ կախված, ձեռքերը տարածած Ձմեռ պապիկին, որի բիբերը վատ էին նկարված։ Չնայած որ խաղալիքը կախված էր տոնածառի հետևի մասում, այն մյուսներից լավ էր երևում։ Հատկապես զգացվում էր նրա ներկայությունը, երբ տղան սկսում էր ինչ-որ կատակի վրա ծիծաղել կամ ինչ-որ բանի համար ուրախանալ։ Նա մտածում էր՝ արդյո՞ք ինքը արժանի է այդ ուրախությանը։ Արդեն ինքն էլ վստահ չէր՝ խաղալիքը պատահմա՞մբ է դրել գրպանը, թե՞ ոչ։
Հաստատ որոշեց, որ արձակուրդներից հետո դպրոցից գալիս կմտնի խաղալիքների խանութ և կամ փողը կտա, կամ էլ խաղալիքը կվերադարձնի։
Նոր տարին մոտենում էր, և ընտանիքով որոշեցին գնալ խանութ՝ Ամանորի սեղանի համար ուտելիքներ առնելու։ Իրեն էլ տարան, որ տանը մենակ չմնա, ու իր ուզածն էլ առնեն։ Երբ վերադարձան տուն, տեսան` դուռը բաց է։ Սկզբում մտածեցին, որ մոռացել են դուռը փակել, բայց երբ մտան ներս, տեսան, որ տունը թափթփված է, իրերը ջարդված ու ընկած էին հատակին։ Գողերը տարել էին փողը ու մայրիկի զարդերը, ու էլի շատ բաներ, համարյա թե ամեն արժեքավոր բան և միայն տոնածառն էր անկյունում անվնաս մնացել։ Մայրը շփոթված և ապշած էր։
– Վայ ես էս անասուն գողերի ․․․—ասաց հայրը, բայց չվերջացրեց իր խոսքը։
Եկավ ոստիկանությունը։ Ոստիկանները հարցաքննեցին մորն ու հորը։ Նրանք փորձում էին իմանալ, թե կա՞ արդյոք մեկը, ում կասկածում են։ Պատմեցին, որ վերջերս գողությունները շատացել են, որ դեռահաս գողեր էլ են պատահում, բայց ավելի փոքր գործերով։
– Դրանք կործանված մարդիկ են, էլ մարդ չեն էլ դառնա,- ասաց ոստիկանը։
– Բայց կարող ա՞ իրանք էլ չեն հասկանում, որ վատ բան են անում,— ասաց տղան ամաչելով և ցածրաձայն,— կարող ա՞ պատահաբար ա ստացվում, ու իրանք մեղավոր չեն։
Ոստիկանի համար անսպասելի էր այսպիսի հարցը։
– Չէ, ոնց կարող ա մեկը պատահաբար հանցանք գործի։
– Չգիտեմ։ Կարող ա ուղղակի տենց ա ստացվում։
– Չէ,- ասաց ոստիկանը,- բոլորն էլ կարան՝ ընտրեն անեն, թե չանեն։ Աստված պապիկը իր զավակներին ընտրության հնարավորություն ա տալիս։ Իմացա՞ր։ Պիտի մարդ իմանա ճիշտ վարվելու ձևը։
Տղան լուռ համաձայնվեց։
Նոր տարվա գիշերն էր մոտենում։ Մայրը սեղան էր գցել։ Չափազանց ճոխ չէր, բայց կատարյալ խեղճություն էլ չէր։ Բոլորը լուռ էին։ Իսկ հետո երկար ժամանակ չէր կարողանում քնել։ Մտածում էր տոնածառի խաղալիքի մասին։ Հենց խանութները բացվեին, տանելու էր խաղալիքը։ Բա որ հանկարծ վաճառողուհին ոստիկանություն կանչեր։ Ճիշտ կլիներ, եթե մայրիկին ու հայրիկին պատմեր ամեն ինչ։ Պատկերացնում էր նրանց դեմքի արտահայտությունը։ Հիշում էր՝ ինչ ատելությամբ էին նրանք խոսում տունը թալանած գողերի մասին։ Տեսնես Ձմեռ պապը իրեն խաղալիք կբերի՞։ Ու նորից նրա մտքի մեջ երևում էր տոնածառի հետևի կողմում մենակ կախված Ձմեռ պապիկը։
Առավոտյան արթնանալուն պես գնաց տոնածառի մոտ։ Միշտ էլ չէր իմանում՝ նվեր կլինի, թե չէ, բայց այս անգամ տարբեր էր։ Կասկածում էր։ Տոնածառի տակ առաջին հայացքից ոչ մի բան դրված չէր, բայց մի քիչ մոտենալուց հետո տղան տեսավ նվերը։ Մատիտների տուփ էր։ Մայրն ու հայրն էլ արթնացան, ուրախացան, որ Ձմեռ Պապիկը նրան մատիտներ է բերել։Հետո անցան նախաճաշի։
Արձակուրդները վերջացան։ Դպրոցից հետ գալու ճանապարհին ամեն անգամ մտածում էր, որ պետք է գնալ խանութ՝ խաղալիքը վերադարձնելու։ Որոշում էր, որ կանի, կգտնի խանութը ու կվերադարձնի տոնածառի խաղալիքը։ Բայց միշտ մի բան խանգարում էր։ Դժվարը գնալն էր ու խոստովանելը։
Հետո եկավ տոնածառը հավաքելու ժամանակը։ Զարդարանքները հավաքելու գործը հանձնեցին տղային։ Նա սկսեց դիմացի մասից, բոլոր խաղալիքները հանեց տոնածառի վրայից ու դասավորեց տուփի մեջ։ Հանեց նաև փայլերն ու լույսերը։ Վերջում շրջեց տոնածառն ու հանեց Ձմեռ պապիկին։ Բայց նրան չդրեց տուփի մեջ։ Երկար պահեց ձեռքում․ Ձմեռ պապիկը ձեռքերը տարածել էր, ասես ուզում էր գրկել հրաժեշտից առաջ։ Տղան նրան դրեց գրպանը և դուրս եկավ տնից։
Էլի ձյուն էր գալիս, գուցե ձմեռվա վերջին ձյունը։ Տղան իջավ բակ ձյան հետ խաղալու պատրվակով։ Բավականաչափ ձյուն չկար ինչ-որ բան սարքելու համար։ Նայեց վերև՝ դեպի երկինք։ Ձյան փաթիլները դեմքին լցվեցին։ Նա խորացավ դեպի բակը։ Մի հարմար տեղ ձյունը մի կողմ արեց։ Հասավ հողին ու մատերով այն փորեց։ Գրպանից խաղալիքը հանեց և տեղադրեց փոսի մեջ։ Նորից լցրեց ձյունն ու հողը՝ վրան։ Առաջացած թումբը ոտքով հարթեցրեց։ Մի քանի վարկյան կանգնեց այդտեղ։ Հետո գնաց, մի երկու տեղ ձյունը թափեց մեքենաների վրայից ու հեռացավ տուն։
