Քիչ են այն հայ գրողները, որոնց մասին խոսելիս վստահաբար կարելի է ասել` ազգային գրող է։ Մուշեղ Գալշոյանը հենց այդ քչերից է։
Նրա նախնիները սասունցիներ են, հերոսներն էլ են հիմնականում սասունցիներ, ու պատահական չէ, որ նրանց մեծագույն մասը էպոսական խառնվածք ու բնութագիր ունի։ Նրա հայրը կոտորածների ժամանակ կորցրել էր առաջին ընտանիքը և ջարդերից փրկվելով` բնակություն հաստատել Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում։ Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությունները կարդալիս թվում է, թե նա ոչ թե հոր կամ այլ հայրենակիցների հուշերի մասին է գրում, այլ հենց ինքն է եղել իր ազգակիցների հետ կատարվածի կենդանի վկան։ Նրա պատմվածքների հերոսները ստեղծված գրական կերպարներ չեն, նրանք կարծես կենդանի մարդիկ են, որ ցիրուցան վայրերից հավաքվում ու մեկտեղվում են Մուշեղ Գալշոյանի ստեղծագործություններում ու հաստատվում նրա ստեղծած յուրահատուկ աշխարհում, որտեղից այլևս նահանջ չկա ու գաղթ չկա։
Մուշեղ Գալշոյանի «Ներսեն» պատմվածքը նրա` «Մարութա սարի ամպերը» ժողովածուից է, գլխավոր կերպարը` Ներսեն, կռիվ տվող, անհաշտ մարդ է։ Նա չի կարողանում հաշտվել կեղծիքի, ձևականության, շողոքորթության, անազնվության ու մարդկային զանազան խաղերի հետ։
Ներսեն հաշվապահի օգնական էր, միշտ ազնիվ ու սկզբունքային, և երբեք չէր սխալվում իր հաշվարկներում։ Եվ գուցե հենց ազնվությունն ու ճշտապահությունն էին «մեղավոր», որ գլխավոր հաշվապահը թաքուն մտածում էր ազատվել նրանից, սակայն Ներսեն ամեն ինչ այնքան ճիշտ ու անթերի էր անում, որ հաշվապահն ամեն անգամ հրաժարվում էր նրանից ազատվելու մտքից։
Հերթական մի օր նրանք բոլոր աշխատակիցներով հրավիրվում են` մասնակցելու իրենց նախագահի ծննդյան խնջույքին։ Ներսեն մի պահ մտածում է չգնալ, հետո որոշում է ներկա լինել և բոլորի նման մասնակցել այդ տոնին։
Նախագահ Վիրաբ Եգորիչի շքեղ տանը նրան անչափ զարմացնում է ուտեստների բազմազանությունն ու առատությունը.«Մարդ կշիվարի` որն ուտի, որը թողե։ Մարդուն ի՞նչ է պետք, կտոր մի հաց, աման մի ճաշ»։
Բոլոր առումներով լինելով չափազանց չափավոր մարդ` նա նաև զարմանում էր չդադարող կենացների, մեծարանքների ու բարեմաղթանքների լիությունից.«Հինգ ժամ է կխմինք, ու էդ կենաց չպրծա՞վ»։
Ի վերջո, երբ արդեն ինքն էլ բավականաչափ գինովցած էր, և շուրջբոլորն այդ պահին ամեն ինչ սիրելի ու գրավիչ էին թվում, որոշում է ինքն էլ հատուկ կենացով շնորհավորել նախագահին։ Հոբելյարը անախորժ զգացում է ապրում, երբ Ներսեն ոտքի է կանգնում, որովհետև նրանից չէր սպասում մեծարանք կամ կենաց, և մինչև վերջ նրան լսում է լարված, զարմացած և հուզված. «Ժողովուրդ, էս մարդ շատ հայրենասեր մարդ է։ Հա, դուք ինձ հարցրեք` հայրենասեր ու պատվավոր մարդ է։ Աշխատողների հանդեպ հարգանք ունի։ Ազնիվ, հայրենասեր ու արդար մարդ է»։
Խնջույքն ավարտվում է, և բոլորը լիացած հեռանում են նախագահի տնից, միայն Ներսեն է, որ տուն է հասնում այլայլված ու շփոթահար` մտքի մեջ մեղադրելով, քարկոծելով իրեն, որ ազնիվ չեղավ, անհարկի մեծարեց նախագահին։
Այնքան է անհանգիստ մտքերի մեջ տվայտում, տալիս֊առնում, շուռումուռ գալիս, որ ի վերջո որոշում է այդ ուշ ժամին վերադառնալ նախագահի տուն ու հետ վերցնել իր խոսքերը։ Կարծես կենսական նշանակության մի թանկ բան էր մոռացել այնտեղ, առանց որի անհնար էր ապրել և անպայման պիտի հետ գնար, վերադարձներ այն։ Ու որոշում է` ինչ էլ լինի, լույսը չպիտի բացվի իր սուտ խոսքի վրա։ Հասնելով Վիրաբ Եգորիչի տուն` հենց այդպես էլ ասում է քնաթաթախ նախագահին, որ իր խոսքերը ճիշտ չէին, և հետ է վերցնում դրանք։ Ամեն ինչ բացատրելուց հետո Ներսեն խաղաղված տուն է գալիս ու հավիտյան փակում դուռը անազնվության, կեղծիքի ու շողոքորթության երեսին։
Այս փոքրածավալ պատմվածքում Մուշեղ Գալշոյանը մերթ փորձում է ընդգծել խոսքի ուժն ու կարևորությունը, մերթ այստեղ կտրուկ շեշտադրվում է շողոքորթության, կեղծիքի մերժումը, անդավաճան սկզբունքայնությունը, մերթ` արդարացի զղջման, ինքնահարգանքի կարևորությունը։ Ներսեի համար իր խոսքն իր կյանքն է, իր ներքին բովանդակությունն ու էությունը, և նա չի կարողանում ներել իրեն թեկուզ մեկ անգամ իր էությանը դավաճանելու և ինքն իրեն հավատարիմ չլինելու մեջ։
«Ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Աստված էր Բանը» (Հովհ. Ա 1)։ Սուրբ գիրքն այսպես է մեկնում բանի` խոսքի նշանակությունը։
Այդքան էլ պարզ չէ` Ներսեն կարդացե՞լ էր Սուրբ գրքի այս հատվածը, թե՞ չէ, սակայն պարզ է այն հանգամանքը, որ Ներսեի խոսքն իր համար աստվածային ճշմարտություն ու նշանակություն ունի։
Վարդգես Պետրոսյանը գրում է. «Բառը քարի նման է. բառերից էլ կարելի է տաճար կառուցել, տաճար, որտեղ կմաքրվի ու կվեհանա մարդու հոգին, նաև կարելի է բառը դնել պարսատիկի մեջ և դիպուկ լինելու դեպքում բառով մարդ սպանել» («Հայկական էսքիզներ»)։
Բառը մարդ է սպանում, աշխարհ ավերում, բառից է սկսվում աշխարհի արարումը։
Գր. Զոհրապի «Թեֆարիկ» նովելում սպասուհի Աշխենի մահվան պատճառը տանտիրոջ տղայի չկշռադատված ու կոպիտ խոսքն է դառնում։ Երբ այրի սպասուհու հետ սիրաբանությունից արդեն ձանձրացած տանտիրոջ քսանամյա տղան նրան կոպիտ դիտողություն է անում թեֆարիկի (օծանելիք) սուր հոտի համար, խեղճ աղջիկն այնքան է սառը ջուր լցնում իր մարմնին, որ հետո մրսում է ու հիվանդանում։ Չնայած բուժում ստանալուն` ամիսներ անց նա մահանում թոքերի հիվանդությունից։ Տղայի անկեղծ զղջումն ու խղճի խայթը, բժիշկը, ոչ ոք ու ոչինչ ի զորու չեն լինում ոտքի կանգնեցնելու հիվանդ կնոջը։ Բուժումն անհնար է դառնում մանավանդ այն ժամանակ, երբ մարմնից բացի հիվանդանում է նաև մարդու հոգին։
«Խոսք կա, սարի գագաթն է հանում, խոսք կա, սարից ցած գլորում»։
«Լեզվի տակ փուշ չկա (ոսկոր չկա)»։
«Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա»։
«Աշխարհը շինողն ու քանդողը լեզուն է»։
«Ոտքով ընկնողը կելնի, լեզվով ընկնողը չի ելնի»։
«Խոսքը քանի բերանումդ է, քոնն է, բերանիցդ ելավ, քոնը չէ»։
Այս թևավոր խոսքերը ո’չ Ներսեն է ասել, ո’չ Աշխենը մահվանից առաջ և ո’չ էլ նույնիսկ Սուրբ գիրքը, սրանք ժողովրդական բանահյուսության անսպառ գանձարանից են և մարդուն ձրի են տրված…
