լիզա լաքս/Ինչպես սիրել բանաստեղծուհուն

լիզա միներվա լաքսը ծագումով բրիտանացի-սիրիացի բանաստեղծ, դրամատուրգ, ակնարկագիր և քաղաքական ակտիվիստ է:  
լիզան բանախոսություններով է հանդես հալիս հեղափոխական պոետիկայի և քվիր տեսության վերաբերյալ և աշխատում է որպես տեքստերի հեղինակ Լոս Անջելեսում գտնվող Maison Arts-ում։ Նա համահիմնադրել է eLaa Beirut-ը և Nehna Hone-ն։ Նա հավատում է, որ փոխադարձ օգնությունն ու ուղղակի գործողությունը ազատագրման միջոցներ են։
Նրա անունը միտումնավոր է փոքրատառով` մարմնի քաղաքականության  քերականությանը հակադրվելու համար, քանի որ գաղութային գերիշխող գրագիտության համակարգը սահմանադրության համաձայնությունը ոստիկանության կողմից վերահսկվող բնակչությանը պարտադրելու միջոց է: Բոլոր մարքեթինգային և հրատարակչական նյութերը պետք է հետևեն նույն սկզբունքին:
Կենսագրությունը և ստեղծագործությունները վերցված են lisaluxx.com կայքից և նրա յութուբյան էջից:

Բարձրաձայնելով

մենք  լեզուներ ենք սովորում մայրերից
عربي (արաբերենը) իմ հայրենի լեզուն է
նայում եմ օվկիանոսին
մի աչքս փակ հորս ափով
ևս մեկ օր է անցնում, որ իմ մեջ 
չի աճում և ոչ մի փայլ
ինչ ամոթ է, երբ կոշիկիցդ գետի հետք է մնում
երբ քայլում ես բետոնով 
կոկորդս նախնիներիս չի տեղավորում  
28 տարի կրում էի դիմագծերը
մի մարդու, ում չգիտեի 
դեմքս` կորած մարդու ազդագիր 
ինչպես էր այս մարմինը զգում
տան պայթյունը Դամասկոսի ծայրին 
մինչ ես անկողնում էի Յորքշիրում
այս կիսափորագիր հուշարձանն այն տեղն է,
ուր աշխարհագրությունն էլ չի ձևացնում 


  //
իսկ եթե լեզուներ չլինեին
միայն դատարկ ու լիքը բերաններ
պարող կամ լռություն 
երբ Լեյլան մազերը թափում էր, ուրեմն 
ուրախ էր ինձ տեսնել 
հոտոտելը քթի՝ հարցեր տալու ձևն է
եթե երազումս վազում եմ, ուրեմն իմ մեջ մեկը
դեռ հավատում է ապագային 
ժայռը խոսում է երկու ուղղությամբ 
քայքայում և ընդարձակում 
մարմինս հետս խոսում է անապատի լեզվով
օտարների հետ` ծաղկափոշու 


հաշվելը հնարել են, որ իմանանք՝ երբ հանդիպենք
ու երբ խուճապի մատնվենք 
ինքս ինձ եմ հաշվում ավազի մեջ 
անձրևը  գաղտնիքներ է թակում երկրագնդի մաշկին 
սուրճը գաղտնիքներ է ասում նստվածքում, վիշտն էլ
նույնն է անում


ոչ ոք իրար չի լսում բայց բոլորը դեռ խոսում են 
ես նրանց լսում եմ անմտորեն նշան բռնելիս
մեկմեկու ուրվագծերին
խորհրդանիշերը կրծքներին պահած

   //

Ես լողանում եմ մի կնոջ ներսում որն ունի նույն անունը
որ հայրս ուզում էր ինձ տալ նրա համը ոչնչով
նման չէ ինձ, երկուսս էլ թարգմանաբար լույս ենք
բայց խոսում ենք մեկմեկու տակի
տարածքով սխալմամբ քսմսվող որդերի նման
ընկերներս հաճախ են անուններ փոխում 
ու մեր բերանները այլաձևվում են
այդպես ենք երգում ես կերպափոխվող քած եմ
չգիտես` ում ես սիրում 



մեր անունները պատասխանում են դու վայրի մեղր ես մշտնջենական 
Ու ես քեզ հետ եմ 
queer լեզվում անուններն աստվածություն են
մեր մարմիններից առաջ քայլող 



  //

Ես երկարացնում եմ քո անվան ձայնավորները, որպեսզի ևս մի ակնթարթ պահեմ քեզ իմ բերանում մենք ծալում ենք Ուրբաթները մինչ նրանք կոտրվում են ու ես մատանիներս հետ եմ բրդում քեզանով ծածկված մատներիս քո ավազանում սրբազօծվելու գիշերից հետո մեր մարմինները խոսում են լեզվով որ մեր միտքը դեռ պիտի սովորի գրիր ինձ այնպես ինչպես գրկում ես անհնարին 

Ինչպես սիրել բանաստեղծուհուն

1.Երբ նրան հանդիպես, նա հմայիչ կլինի: Դու կպարես նրա ասած բառերի ռիթմի ներքո: Դու կշարժվես այնպես, ինչպես երբեք չէիր պատկերացնի, որ կարող ես շարժվել: Նա կծիծաղի, բայց անունդ չի տա: Նա քեզ կասի, թե ինչպես խոսել իր մասին: Երբ նա սեղմում է բռունցքները, եղունգները մաշկի մեջ խրելով, դու նրան չես անվանում այն բառերով, որոնցով նա ինքն իրեն ստեղծել է: 

2. Նրա մարմնին վերաբերվիր որպես ռիթմի: Երբ նա քեզ առաջարկում է իր սրունքները, գոտկատեղը, բերանը, դարձիր երաժշտություն: Նա կասի, որ անմեղեդի մարդու մեջ սեքսուալ ոչինչ չկա: 

3. Նա քեզ կտանի դեպի սիրտը: Տարօրինակ մի բան, որ արգելափակում է զբաղված ճանապարհը, երբ մեքենաները կանգնում են ու ազդանշան տալիս, հավաքվում են հետիոտները, մեկը կոշիկի ծայրով շրջում է, հրիր ինքդ քեզ ամբոխի միջով ու ասա՝ «Սա իմն է», մի վախեցիր, եթե այն մի քիչ թրթռա: Մի վախեցիր այն հայացքներից, որ կնայեն քեզ: 

4. Երբ իրոք ցավում է, ցույց տուր նրան քո ցավը: Իր աչքերի հայացքով ու իր սարքած թուրմերով նա կախարդանքներ կանի, որ փրկի քեզ ինքդ քեզնից: Վստահիր նրան, երբ նա քեզանից արյուն խնդրի: 

5. Եթե փնտրես նրան, նա կթաքնվի: Երբ հարցնես՝ ինչու, նա կասի, չես տեսնում, ես արծաթագույն կեչի եմ: Ամեն տարի տասնչորս օր գարնան էլեքսիրը արմատներիցս բարձրանում ու ինձ կյանք է տալիս: Իսկ դու ինձ արյունաքամ ես անում: Նա քեզ կմեղադրի իր ակունքից խմելու համար: Նա կգոռա` շուտով այլեւս աղբյուր չի մնա: 

6. Եթե պատի միջով տարօրինակ անկապ ձայներ են գալիս, դա նշանակում է՝ բանալիներդ առ ու գնա, նա պարապում է հիպնոսել: 

7. Նա քո դասարանում դասից կփախչի: Երբ թափառումներից հետ գա, դու կհարցնես, թե ինչպես է նա սովորել այն ամենն, ինչ գիտի՝ դատարկ միջանցքներում միայնակ, գաղտագողի շրջելով: 

8. Նա քեզ կզանգի 911 համարով: Երբ դու գաս հրդեհը հանգցնելու, նա ճամփիդ կկանգնի պատմելու բոցերի մասին ժողովրդական հեքիաթներ: 

9. Եթե բախտդ բերի, նա քեզ դատի կտա երեխայի նպաստ տալու, քանի որ մաս ես ունեցել բեղմնավորմանն այն անձի, որն ինքը կլինի:  

10. Երբ դու ոտքդ գետնին դնես, նա քո կոշիկը կերկրպագի: Նա քուղերը կդնի իր խորանին եւ աղոթքներ կասի այն բառերից, որոնք դու օգտագործում էիր «ոչ» ասելու համար: Եւ եթե նրան թույլ տաս սպանության տակից դուրս գալ, կյանքիդ մնացած մասը կանցկացնես որպես ուրվական: 

11. Երբ նա կծկվել է անկյունում, ձեռքերն ականջներին, ուրեմն աշխարհը նորից շատ աղմկոտ է: Մեկուսացրու յուրաքանչյուր հնչյուն: Բառեր դիր նրա բերանում: Նա կմռնչա, կկծի ու կվնգստա: Սովորիր՝ երբ հետ քաշվել, երբ մոտ գալ: Հարցեր տուր` ասես նրա մաշկն ես թփթփացնում: Գավաթ բռնիր նրա վերքի տակ ու հավաքիր այն ամենն, ինչ դուրս է հոսում: Դու կասես՝ դա պոեզիայի նման է հնչում: Նա կասի՝ ճշմարտությունը հաճախ է այդպես հնչում: 

Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Պողոսյանի

Please follow and like us: