Աղունն ու միսիս Մաքոլին երբեք չեն տեսել իրար, չեն հանդիպել միմյանց։ Նրանք տարբեր աշխարհներում են ծնվել, տարբեր աշխարհներում էլ ապրում են։ Նրանց ձայներն իրարից հեռու և շատ տարբեր աշխարհներից են հնչում։ Աղունի ձայնը մաթևոսյանական Ծմակուտից է գալիս. «Մեր գեղը, խնամի ջան, հեռո՜ւ֊հեռո՜ւ»։
«Մարդկային կատակերգություն» ստեղծագործության հերոսուհին` Միսիս Մաքոլին, Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքից է, Վ. Սարոյանի ստեղծած աշխարհից։ Երկու հեղինակներն էլ փորձել են ստեղծել երկու տարբեր աշխարհներ, որոնք շատ հարազատ են իրենց։ Այս երկու աշխարհները նրանց ծննդավայրերը` Ահնիձորը և Ֆրեզնոն են հիշեցնում։ Աղունի ու միսիս Մաքոլիի կերպարները ամբողջացնում են այս վայրերը, նրանք օգնում են, որ կատարյալ լինեն Ծմակուտն ու Իթաքան։ Առանց նրանց այս երկու` իրարից տարբեր աշխարհներն այսքան անթերի ու կատարյալ չէին լինի։ Առանց նրանց այս երկու աշխարհները որբ կլինեին ու սառը։ Նրանք տարբեր կերպարներ են իրենց խառնվածքներով, կենսակերպերով, ապրած միջավայրերով ու նրանց` կյանքի մասին ունեցած պատկերացումներն էլ շատ տարբեր են։ Նրանք հակապատկերներ են, բայց շատ նման իրար։ Աղունի սիրտն անընդհատ եռացող կաթսա է, եռում է, թափվում, վառվում, կրակվում, հետո` էլի ու էլի։ Կանգառ չկա, միշտ շարունակվում է այդ եռքը։ Աղունը փոթորիկ է, անընդհատ պտտվում ու մրրկում է Ծմակուտում` իր տան շուրջբոլորը, որ այնտեղ յուրայիններից ոչ մեկը քնով չանցնի հանկարծ, ձեռքից բաց չթողնի կյանքը։ Նրա ձայնը զարթուցիչի պես է հնչում, զգաստ ու պատրաստ է պահում խոր թմբիրի մեջ քնով անցածներին, կյանքի կատաղի հոսանքի մեջ մի կարգին լողալ, կռիվ տալ չիմացողներին։ Նրա կռիվը իր հարազատների հետ չէ, խեղճության հետ է, թուլության, ավելիին չձգտելու, հարմարվողականության ու ծուլության հետ է։
Միսիս Մաքոլին` ընդհակառակը, նա մեղմ զեփյուռ է, նրա ձայնը գարնան հանդարտ քամու օրոր է հիշեցնում ու խաղաղություն է բերում ընտանիքի փոթորկված հոգիներին։
Նրանք երկուսն էլ մայրեր են, երկուսն էլ այնտեղ են, որտեղ առհասարակ պիտի լինեն մայրերը։ Երկուսի ձայնն էլ լսելի է հավասարապես։ Նրանք Աստծո նման են, հստակ գիտեն իրենց որդիների բոլոր հարցերի պատասխաններն ու մաթեմատիկական ճշգրտությամբ նրանց համար բացահայտում են կյանքի տարատեսակ խնդիրների սպառիչ պատասխանները։
Աղունը ոչ թե խոսում է, այլ ավելի շուտ կարծես երկու ձեռքերով պինդ բռնում ու թափ է տալիս, սթափեցնում է իր զավակին. «Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են»։
Այս երկու կանայք ասես զրույցի բռնված լինեն, ու Միսիս Մաքոլին իրեն հատուկ մեղմությամբ այս կետում ընդհատում ու հակադրվում է Աղունին` դիմելով իր որդուն. «Ձեր ունեցած ամեն ինչից միշտ պետք է տաք: Դուք պետք է նույնիսկ խենթորեն տաք: Պետք է շռայլ լինեք: Պետք է տաք բոլոր ձեզ հանդիպողներին: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա չի կարողանա ձեզանից գողանալ և արդեն գող չի լինի: Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ պիտի ունենաք տալու համար»:
Այս երկու աշխարհներում էլ երևում է պատերազմի ուրվականը։ Երկու դեպքում էլ նույն համաշխարհային աղետն է հնձել մարդկանց, արմատախիլ արել նրանց հույսերը, երազանքները, ուրախության ու երջանկության պահերը։ Միսիս Մաքոլիի ավագ որդին` Մարկուսը, բանակում է` պատերազմի դաշտում։ Եվ միսիս Մաքոլին ամբողջ էությամբ դարձել է կարեկցանք, խիղճ ու հոգի։ Նա վախենում է չարը խորհելուց, անընդհատ բարին է փնտրում ամենուր և այն տեսանելի դարձնում բոլորի համար. «Բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է բարի մարդկանցով և հրաշալի կյանքով։ Նա շատ է տագնապում, և նրա սրտի դողն անընդհատ զգացվում է խոսքերի մեջ։
Աղունն էլ իր անձնական վախերն ունի, իր տեսածից ու ապրածից նա այլ բան չէր էլ կարող քաղել, սակայն կյանքի անվերջ դժվարությունները, ծանր մանկությունն ու անվերջանալի փորձությունները նրան ավելի կտրուկ, անզիջում են դարձնում, անցած ճանապարհը ստիպում է Աղունին ավելի ուժեղ, զգոն և համառ լինել. «էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել, կնշանակի հանձնվել։ Չպիտի հանձնվես, զավա’կս, ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի»։ Նրանք տարբեր առիթներով, կյանքի տարբեր իրավիճակներում են զրուցում իրենց որդիների հետ, խրատում նրանց։ Սակայն տարբեր աշխարհներից հնչող նրանց ձայները հանկարծ գալիս, միահյուսվում են իրար և նույն վայրկյանին էլ սկսում հակադրվել մեկը մյուսին։
Աղունը սիրո մասին իր մասնավոր փիլիսոփայությունն է առաջ մղում, պնդում, որ անվերապահ բոլորին սիրողները կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեն ուղղակի, նրանք սիրում են, քանի որ վախենում են ատելուց։ Նա նախատում է իր զավակին, որ մեջը վրեժ չկա։ Միսիս Մաքոլին նորից ընդհատում է նրան`դառնալով իր որդուն, չէ՞ որ չարերը չգիտեն, որ իրենք չար են և հետևաբար անմեղ են։ Նա կարծում է, որ չար մարդուն պետք է ներել ու սիրել, որովհետև յուրաքանչյուր մարդուց ինչ֊որ բան կա ամենաչար մարդու մեջ, ինչպես որ նրանցից` յուրաքանչյուրի մեջ։
Աղունը չի հանձնվում, չի նահանջում, ընդհակառակը` ավելի բարձր և ավելի ազդու է դարձնում իր խոսքը, մնում համառ և անզիջում. «Ինչո՞ւ, խի, ինչի՞ համար… էսքան ներել, ներել, մոռանալ֊ ինչի՞ համար։ Էսքան չարություն ու էսքան ներե՞լ»։
Թեև Աղունն ու միսիս Մաքոլին իրենց արծարծած բոլոր մտքերի մեջ հակառակվում են միմյանց, թեև տարբերվում են նրանց մոտեցումները, բայց նրանց երկուսի ուզածն էլ նույն բանն է ի վերջո։ Նրանք երկուսն էլ երազում են իրենց որդիների խաղաղ, ապահով ու բարեկեցիկ տեղը այս արև աշխարհում։
Այս երկու աննահանջ ու իրենց սկզբունքների մեջ անկոտրում կանայք կոտրում են Ծմակուտից մինչև Իթաքա ընկած հեռավորությունը։ Մոտենում են իրար, հարմար տեղավորվում կողք կողքի, և թեպետ նրանց խոսքերը հակադրվում են մեկը մյուսին, միևնույնն է, նրանք ճիշտ նույն դիտանկյունից և նույն հայացքով են նայում իրենց առաքելությանը։
Ու ի՞նչն է զարմանալի` երկուսն էլ իրենց փաստարկներն ու արդարացումներն ունեն, և երկուսն էլ անվերապահորեն ճիշտ են…
Հ.Գ Հայ և համաշխարհային գրականության մեջ կան բազմաթիվ մայրերի հիշարժան կերպարների օրինակներ։
Մաքսիմ Գորկու «Մայրը» վեպում Պելագեա Նիլովնայի կերպարը ամենահետաքրքիր, դինամիկ զարգացող ու փոփոխվող կերպարներից է։ Սկզբում նա հեղափոխական գաղափարներով տարված որդուն` Պավելին, հորդորում է վտանգներից միշտ հեռու մնալ, անընդհատ զգուշավորություն է քարոզում, հետո աստիճանաբար վերածվում է հեղափոխական գաղափարների կրողի։ Պելագեա Նիլովնայի կերպարի էվոլյուցիան ցույց է տալիս, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն մայրերը որդիների, այլև որդիները` մայրերի կյանքում։ Սարսափի և ճնշվածության մթնոլորտում ապրող կինը, որ որդուն շարունակ հորդորում էր չընկնել դժվարությունների մեջ, ապրել հանգիստ, խանդավառ որդու և նրա ընկերների ազդեցությամբ փոխում է իր կյանքի կարգախոսը` չվախենալ ճշմարտությունից և անվերջ պայքարելով փոխել կյանքը։ Վերափոխվելով նա նույնպես դառնում է հեղափոխական շարժման ակտիվ մասնակից և որդու բանտարկությունից հետո դառնում նրա գործի արժանի շարունակողը։
