Ֆրանցիսկո Գոյա, Երկու ծերունի ապուր են ուտում

Հրաչյա Մանուկյան/Վազորդը

Եթե երիտասարդ մայր չլիներ, միանգամից տուն կգնար, ոչ թե զբոսայգում մենակ նստած կմտածեր այն մասին, որ ծնողը պետք է երեխայից երկար ապրի: Բերանում զգում էր դեղձի համով պաղպաղակի սառնությունը, իսկ հայացքը սառել էր դիմացի կաղնուն, որից քամին անզգա պոկում էր տերևները: Հսկա ծառը հուսահատ ճոճվում էր, ասես ուզում էր հասնել իրենից հեռացող, մեռած տերևներին, բայց բնությունը հեգնում էր մայր ծառին՝ շշնջալով. «Արդեն ուշ է»: Հիվանդանոցից հետո մաքուր օդ շնչելն Անիի համար անհրաժեշտություն էր: Մրսում էր, բայց տուն չէր շտապում: Բնությունը սրբում էր նրա վրայից հիվանդանոցային հոտը, ու Անին չէր միջամտում: Մի քանի րոպեն մեկ դիմացով մի վազորդ էր անցնում, որը նայում էր մեկ Անիին, մեկ՝ ձեռքի ժամացույցին: Անին էլ նայեց հեռախոսին: Երեք ժամ էր անցել մոր զանգից: Ամուսնուն թողեց երեխաների հետ, իսկ ինքը տաքսով հասավ հիվանդանոց: 

Հիվանդասենյակում պառկած էր Համլետ պապը: Աչքերը կիսաբաց էին. հասկանալի չէր՝ քնած է, թե արթուն: Մահճակալի կողքին նստած էր մեծ պապը` Աշոտը, իսկ մայրն ու բարեկամները կանգնած էին: Անին մոտեցավ մորն ու լսեց նրա շշնջոցը․ «Կոմայում է»: Արցունքոտ աչքերով նայեց 106-ամյա Աշոտ պապին, որ դողացող ձեռքով բռնել էր պառկած որդու ձեռքը: Նրանց կնճռոտ ձեռքերը նման էին չորացած ծառի բունը կիսող երկու ճյուղի, ու հարազատները գիտակցում էին, որ ծառը կոտրվում է: Թե ինչ ուժ է թաքցնում Աշոտ պապի մեկդարյա թուլացած մաշկը, սենյակում բոլորը գիտեին: Մեծ պապը, որ դեռ հաստ գրքեր էր կարդում ու քայլում էր առանց ձեռնափայտի, հիացնում էր հարազատներին: Ամեն առավոտ ժամը յոթին նրա քայլած չորս կիլոմետրը մարաթոնյան ճանապարհ էր թվում, իսկ ամեն ինչ ինքնուրույն անելու ցանկությունը հակասում էր այն մտքին, որ ծեր տարիքում մարդը նմանվում է երեխայի:

Անիին մեծ պապի հետ կապում էին մանկության հիշողությունները: Մի օր, երբ շատ փոքր էր, խոհանոցում մոր հետ խաչապուրի էին պատրաստում: Միջանցքից լսվեց մուտքի դռան շրխկոցը: Անին ալրոտ շորերով վազեց մոր հետևից: Մեծ պապը հանում էր մաշված, կապույտ սպորտային կոշիկները:

– Պապի, ո՞նց ես,- հարցրեց մայրը:

Մեծ պապը բութը բարձրացրեց․

– Սրբիչ կտա՞ս:

Սրբիչները միջանցքի պահարանի վերևի դարակում էին: Մայրը գիտեր Անիի այն հայացքը, երբ ինչ-որ բան է ուզում: Գրկեց նրան, բարձրացրեց, Անին սրբիչը հանեց ու փոխանցեց մեծ պապին:

– Ապրես, շատ համովն ես: Այսօր ի՞նչ ես ցույց տալու:

– Խաչապուրի է սարքում,- ժպտաց մայրը:- Արի գնանք շարունակենք:

Երկուսով վերադարձան խոհանոց:

– Մամ, Աշոտ պապը ինչի՞ է քրտնել:

– Վազել է:

– Ինչի՞ է վազում:

– Որ առողջ լինի:

Անին իմացավ, որ մեծ պապը վազում, մարզվում է, հատուկ սննդակարգ ունի, շուտ է քնում, դրա համար էլ դեղ չի խմում: Երբ ինը տարեկան էր, ինքն էլ մեծ պապի հետ կիրակի օրերին վազում էր: Դժվարությամբ էր արթնանում, բայց երբ մայրն ասում էր, որ ժամը ութն է, ու պապը սպասում է, շտապում էր լվացվելու: Վազելիս Անին մեծ պապին պատմում էր բակում իր հետ տեղի ունեցած դեպքերը: Մեծ պապն ուշադիր լսում էր, իսկ երբ վազքն ավարտում էին, դեղձի համով պաղպաղակ էր գնում, ու միասին քայլում էին տուն: Անիի համար դրանք անմոռանալի օրեր էին:

Հետո մեծացավ, սկսեց սովորել համալսարանում ու դադարեց վազել, բայց մեծ պապը շարունակում էր: Մի օր էլ տանը, երբ մայրն ընկերուհու մոտ հպարտանում էր Աշոտ պապի երկաթյա առողջությամբ, Անին լսեց ամբողջ պատմությունը:

Աշոտն ու Սեդան ամուսնությունից հետո երկար ժամանակ երեխա չէին ունենում: Երկուսն էլ ապրում էին մեղքի զգացմամբ, բայց դրանից իրար ավելի շատ էին սիրում։ Որոշել էին որդեգրել: Մի օր էլ Աշոտը եկավ տուն ու Սեդային տեսավ արտասովոր գեղեցիկ: Հասկացավ՝ մի բան եղել է: Հղի էր: Ութ ամիս Աշոտը երեխային հեքիաթ էր պատմում։ Իսկ երբ մտավ ծննդասենյակ ու առաջին անգամ տեսավ փակ աչքերով, կատվի մլավոց հանող Համլետին, գրկել էր Սեդային ու չէր ուզում թողնել։

Աշոտն այն հայրերից էր, որ սիրում էր որդուն լողացնել ու ամեն ամիս բերում էր տորթն ու մոմերը, որ նրա ծննդյան օրը նշեն: Քնելուց առաջ պատմություններ էր պատմում, իսկ երբ Համլետը դարձավ երկու տարեկան, պառկեցնում էր կողքը: Երբ Համլետը մանկապարտեզ գնաց, Աշոտը, որ (ինչպես կինն էր կատակում) անգամ հարևանի տուն ոտքով չէր գնում, մեքենան տանն էր թողնում, ոտքով հասնում մանկապարտեզ, ու Համլետի հետ խոսելով քայլում էին տուն: Աշոտի ընկերները նրան գրեթե չէին տեսնում: Եթե Աշոտը չէր աշխատում, ուրեմն տանն էր: Համլետի հետ երկար խաղում էին: Դա այն խաղը չէր, որ սովորաբար մեծերը երեխաների հետ խաղում են: Աշոտը խաղում էր փոքրի պես՝ վազում, գոռում, քարեր նետում, բարձր տեղից թռնում, ծիծաղեցնում: Մի օր էլ տանն էր, երբ Համլետը ներս վազեց արյունոտ գլխով (քարով հարվածել էին): Աշոտը վիրակապեց գլուխն ու փորձում էր հանգստացնել որդուն, բայց Համլետը կպել էր հորն ու լացում էր: Այդ ժամանակ Աշոտը խոստացավ նրան.

 -Համո, պապան միշտ հետդ կլինի:

Երբ Համլետը բանակ գնաց, Աշոտը չհամակերպվեց երկու տարվա բաժանմանը։ Զորամասի հարևանությամբ տուն վարձեց ու ամսվա մի մասն այնտեղ էր անցկացնում: Ծառայության ընթացքում ընդամենը երեք անգամ հանդիպեցին (Համլետը խնդրել էր՝ չգալ), բայց Աշոտի սիրտը հանգիստ էր: Գիտեր, որ երբ որդին դուրս գա զորամասի բակ ու նայի դիմացի շենքին, կիմանա, որ հայրը կողքին է:

Համլետն ամուսնացավ, երեխաներ ունեցավ ու հորական տան կողքին տուն կառուցեց: Աշոտը նրա այգում մի գործ միշտ գտնում էր, իսկ երբ որդին ու հարսն աշխատում էին, խնամում էր թոռներին։

Աշոտը վաթսունն անց էր, երբ մի օր հեռուստացույցով տեսավ, որ մահացել է իր մանկության սիրելի դերասանը: Աշոտին անհանգստացրեց ոչ այնքան մահը, որքան մահվան հանգամանքները: Կինոդերասանին գտել էին տանը մենակ՝ մահանալուց երեք օր հետո: Աշոտը նույն իրավիճակում պատկերացրեց Համլետին: Մոտը խուճապ սկսվեց: Մի քանի օր վատ մտքերը չէին թողնում: Սեդան էլ զգաց, որ ամուսնու հետ մի բան այն չէ։ Առաջարկեց գնալ բժշկի․ գուցե սի՞րտն է: Բայց Աշոտը գիտեր, որ խնդիրն իր սրտի հետ չէ․ նրան մտահոգում էր Համլետի սիրտը: Երկար մտորեց ու հասկացավ, որ չի կարող ոչինչ չանել: Որոշեց՝ պետք է Համլետի հետ լինի մինչև նրա կյանքի վերջը:

Սեդային պատմեց իր անհանգստության մասին ու առաջարկեց. «Արի՛ այնքան երկար ապրենք, որ Համլետի վերջին օրը կողքին լինենք»: Սեդան ամուսնու տարօրինակ մտքին լուրջ չվերաբերվեց, բայց Աշոտն անընդհատ խոսում էր այդ մասին: Հետո լռեց ու սկսեց փոխվել։ Աշոտը, որ հին ծխող էր ու առիթներին հարբում էր, ծխելն ու խմելը թողեց։ Օրական երկու անգամ մարզվում էր, լողանում էր սառը ջրով, շուտ էր քնում, սկսել էր առողջ սնվել, պաղպաղակ չէր ուտում, սուրճ չէր խմում: Ազատ ժամանակը համացանցում էր անցկացնում ու անընդհատ մի նոր բան էր սովորում: Մի օր էլ մի տեսանյութ դիտեց ու որոշեց, որ պետք է վազել: Չնայած հարազատների զգուշացմանը, որ իր տարիքում ուշ է, իրեն վնասելու է, Աշոտը հենց առաջին օրը երեք կիլոմետր վազեց: Տուն եկավ ցավող ծնկներով: Մի քանի շաբաթ վերականգնվեց ու շարունակեց վազել: Երեք կիլոմետրը դարձրեց հինգ, տասը, քսան, ու այլևս չկանգնեց:

Անին վեր կեցավ ու քայլեց դեպի զբոսայգու ելքը: Տուն հասնելուն պես տաք կհագնվի. պիտի առողջ լինի, որ երեխաներին խնամի: 

Հիվանդասենյակում Անին ու բարեկամները հետևում էին, թե ինչպես է 106-ամյա Աշոտ պապը բռնել որդու կնճռոտ ձեռքը: Էկրանի վրա զարկերակային ճնշման ցուցիչը նվազում էր, իսկ Համլետ պապի շնչառության ձայնը թուլանում էր: Աշոտը գլուխը դրեց որդու ճակատին.

– Համո, պապան հետդ է

Please follow and like us: