Նոյեմբերի 25-ին աշխարհում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային բռնության բոլոր ձևերի վերաբերյալ և խթանել կանխարգելիչ քայլերը:Միանալով քարոզարշավին՝ մինչեւ դեկտեմբերի տասը կներկայացնենք թեմային առնչվող ստեղծագործություններ տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող, հայտնի ժամանակակից գրողներից՝ Մերի Պողոսյանի ընտրությամբ եւ թարգմանությամբ։
Կայ Չենգ Թոմը (ծնված՝ մարտի 12, 1991) չին-կանադացի գրող է, պերֆորմանս-արտիստ, հոգեկան առողջության պահպանման համայնքի աշխատող, երիտասարդների խորհրդատու և նախկին սոցիալական աշխատող։ Թոմը, որը տրանսգենդեր կին է, հրատարակել է հինգ գիրք, այդ թվում՝ «Կատաղի կանայք» և «Անհայտ ստախոսներ. վտանգավոր տրանս աղջկա հանճարեղ հուշագրությունը» (2016) վեպը, «Ոչ մի հայրենիք» անունով բանաստեղծությունների ժողովածուն (2017), մանկական գիրք՝ «Երկնքի աստղերից մինչև ծովի ձկները» (2017), «Ես հույս ունեմ, որ մենք կընտրենք սերը. տրանս աղջկա նշումները աշխարհի վերջից» (2019)՝ էսսեների գիրք, «Նորից սիրահարվել մարդ լինելուն. նամակներ կորած հոգիներին» (2023):
աղջկան, որը փորձում է կախարդական հայելի լինել,
մինչդեռ նա իրականում գաղտնի դուռ է
Ի դեպ, եթե երբևէ ինչ-որ բան եք արել ուշադրության համար, ապա այս բանաստեղծությունը ուշադրությունն է։
— անդրեա գիբսոն
առաջին անգամ, երբ փորձեցիր ինքնասպան լինել, տասնվեց տարեկան էիր։ նամակ թողեցիր, որում ասվում էր. «հիշիր, որ դու արժանի ես սիրո և ընդունակ ես սիրելու։ միշտ։ միշտ»։ դեռևս փորձում էիր, դեռահասի պարադոքսալ տրամաբանությամբ, ստիպել աշխարհին տեսնել քեզ, նույնիսկ երբ փորձեցիր անհետանալ։ Դոնալդ Ուինիկոտն ասում է. «թաքնված լինելը ուրախություն է, բայց չգտնվելը՝ աղետ»։ ոչ ոք քեզ չգտավ։ ոչ արգանդում, երբ ծնողներդ սպասում էին մի լավ չինացի որդու՝ ներսում թաքնված փոքրիկ փերի աղջկա փոխարեն։ ոչ էլ դպրոցում, որտեղ ուսուցիչները տեսնում էին լուռ օրինակելի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ոչ թե կատաղի թագուհուն, որը դու դառնալու էիր։ ոչ էլ այն հետերո ձևացող տղան, որին սիրահարվել էիր տասներորդ դասարանում, որը մի գիշեր զանգահարել էր քեզ՝ տնային աշխատանքի մասին հարցնելու, և հինգ րոպե անց հեկեկացել էր՝ ասելով, որ իր մայրը մահացել է, երբ նա տասնմեկ տարեկան էր, և նաև գաղտնի համասեռամոլ է, բայց դու նրա ճաշակով չէիր. դու չափազանց կնամարդի էիր, չափազանց տարօրինակ, չափազանց վնասված: մինչ օրս դու սիրահարվում ես նրանց, ովքեր ուզում են քեզ տալ իրենց վերքերը, բայց ոչ իրենց բարությունը կամ հոգատարությունը։ քո մի մասը դեռ հավատում է, որ միայն վիրավորները կարող են տեսնել այն ստվերները, որոնք դու պահում ես քո հոգու թաքնված խցիկում, և այդ պատճառով էլ դու այդքան հմտացել ես սիրելու վիրավորներին։ ե՞րբ ես սովորելու։ Նրանք գալիս են տեսնվելու, այլ ոչ տեսնելու։ ալկոհոլիկ գիտնականը՝ կոտրված ժամացույցներով լի բնակարանով։ սպիտակամորթ քվիրերը, որոնք պարզապես մեռնում են ցանկությունից «սովորելու թխամորթ տրանս կնոջից»։ Սեքսուալ բանկիրը՝ իր հետ ապրող ցիս ընկերուհու հետ, ումից նա քո գոյությունը գաղտնի է պահում: Նրանց համար դու հայելի ես։ Նրանք նայում են քեզ՝ իրենք իրենց բացահայտելու համար։ Նրանք երբեք չեն տեսնի քեզ, որովհետև դա այն չէ, ինչ նրանք եկել են գտնելու։
մի փորձիր հայելի լինել, հիմար աղջիկ: հիշիր, որ դու դուռ ես, այգի, երկար ոլորված ճանապարհ, որը տանում է դեպի հնագույն տաճար: դու վայրի ես ու վայրենի, լի գաղտնիքներով, որոնք փոխանցվել են Առաջին Կնոջ ոգով: որսի գնա քո մարմնով և կլանիր նրանում կուտակված հաճույքը: բարձրացրո՛ւ ձեռքերդ դեպի երկինք և երդվի՛ր քո մեղսավոր սուրբ մաշկի վրա, երդվի՛ր քո ողնուծուծով, երդվի՛ր քո կոնքերում պարող կայծակնային փոթորիկով: երդվի՛ր այն տղային, որ դու էիր և այն աղջկան, որ չէիր կարող լինել, երդվիր այն ամենին, ինչ եղել ես, կաս և կդառնաս. ես միշտ կգտնեմ քեզ, ես երբեք այլևս չեմ լքի քո որևէ մասնիկը:
Հատված «Նորից սիրահարվում եմ կյանքին. Նամակներ կորած հոգիներին» գրքից
