Ալպիական մանուշակն ու հրեա Մովսեսը/Ժաննա Հայրապետյան

Ակ. Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքը հայ գրականության թերևս ամենահայտնի, բազմիցս քննարկված և տարբեր տեսանկյուններից քննված ստեղծագործություններից է, սակայն պատմվածքի բովանդակությունը, կերպարների բազմաշերտությունը, տեքստի տողատակերն ու ենթատեքստերը թույլ են տալիս կրկին անդրադառնալու պատմվածքին։

Պատմվածքն սկսվում է Կաքավաբերդի նկարագրությամբ, որն ուսումնասիրելու են գալիս երեք ձիավորներ` հնագետը, նկարիչն ու նրանց ուղեկցողը։ Նրանք Կաքավաբերդի ավերակներում շրջելուց հետո հյուրընկալվում են բերդի մոտ վրաններում ապրող բնակիչներին։ Կինը, որ նրանց ընդունում է իրենց վրանում ու թեյ հյուրասիրում, երեկոյան մահակի հարվածով պատժվում է ամուսնու կողմից։ Վերջինս առանց այդ էլ քաղցից գազազած արջի նման էր հնձից վերադարձել։ Նրան ասել էին` իբր այդ անծանոթ մարդիկ եկել էին` Կաքավաբերդի ավերակների տակ թաքցրած գանձերին տիրանալու. նա կողոպտված էր զգում իրեն։ Հնձվորի զայրույթին գումարվում է փոքրիկ տղայի միամիտ խոստովանությունը. պարզվում է` եկվորները նաև իրենց վրանում են եղել, և նրանցից մեկը նկարել է կնոջը սպիտակ թերթի վրա։ Այս փոքրիկի միամիտ խոստովանությունը հիշեցնում է թումանյանական աշխարհից լսվող Գիքորի միամիտ խոստովանությունը. «Բալը թանկ ա»։

Երբ ծանր մահակն իջնում է կնոջ թիկունքին, կինը գալարվում է ցավից, բայց ձայն չի հանում, դուրս է գալիս վրանից` անձայն հեկեկալու։ Առհասարակ պատմվածքի բոլոր գործողություններում կինը լուռ է և անխոս էլ կրում է նահապետական կնոջը վայել ձայնազուրկ լինելու իր բաժին բեռը։ Նա չի խոսում հյուրերի հետ, երբ նրանք բարևում են իրեն և տաք ջուր խնդրում թեյի համար, նա օտար մարդկանց ներկայությամբ նույնիսկ մեկ բառով չի հանդիմանում իր որդուն, երբ հյուրերի ներկայությամբ տղան մատը մտցնում է տաք թեյի մեջ, որ շաքարը հանի։ Միայն ժպտում է որդուն։ Ժամանակներն ու բարքերը այնպես էին կողպել կնոջ լեզուն, որ այն ոչ մի պարագայում ենթակա չէր բացվելու։

Ակ. Բակունցի լեզուն շքեղ է, հարուստ` նկարագրություններով, պատկերավորման միջոցներով, համեմատությունների մեջ մեծ տեղ են գրավում կենդանիները` ամպը սահում է խխունջի պես, Բասուտա գետը գալարվում ու ոռնում է շղթայված գամփռի պես, կեռ կտուցով նույն քարե արծիվն է միշտ հսկում բերդի անդորրը, բերդի ավերակների հիշողության մեջ հնօրյա ձիերի դոփյունն է լսվում, մարդիկ քարայծերի պես ժայռերն են մագլցում, կռնչում են անգղերն ու ծաղկաթերթերի վրա տարուբերվում է բզեզը… Միջավայրին բնորոշ բոլոր կենդանիները շունչ ու հոգի են առնում պատմվածքում, և Կաքավաբերդի ժայռեղեն ավերակներն աստիճանաբար դառնում են շնչող պատկերներ։ Կաքավաբերդում աճող միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, որի նկարագրությունը գալիս, միահյուսվում է կնոջ կերպարին։ Կաքավաբերդի գեղեցիկ կնոջ պատկերավոր նկարագրության մեջ հանկարծ նկատում ենք, որ նա միշտ ոտաբոբիկ է շրջում թե’ վրանի ներսում, թե’ դրսում` կրակի վրա թեյ եռացնելիս.

«Ամեն անգամ, երբ նա կռանում էր, բարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում էր խսիրի վրա, զրնգում էին նրա թևերի արծաթագույն սուրմաները, փոքրիկ զանգակների ձայն հանում։ Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները»։

Պատմվածքի մի քանի դրվագներում շեշտվում է նրա ոտաբոբիկ լինելու հանգամանքը. «Անծանոթ մարդկանց ներս գալը տղային զարմացրեց, չիմացավ սունկը թողնի կրակի վրա՞, վազի մոր հետևի՞ց, թե՞ սունկն էլ հետը տանի։ Երբ վրանի մոտ լսեց մոր բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից և դրեց օջախի քարին»։

Հյուրերից մեկը` գեղեցիկն անմիջապես տեսնող ու գնահատող նկարիչը, երբ ուշադիր զննում էր կնոջը, հանկարծ հիշեց, որ նա շատ նման է իրեն ծանոթ այն կնոջը, որի հետ անցյալում ծովափին էին հանդիպել. «Բայց այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ»։

Վերադարձին նկարիչը ճանապարհի եզրին բուսած ալպիական մանուշակ է քաղում և դնում հենց այն էջի վրա, որտեղ նկարել էր կնոջը։ Հետո լռություն է տարածվում Կաքավաբերդում, կարծես կնոջ ներսից է սկիզբ առնում այդ լռությունը ու տարածվում ամենուր, և ալպիական մանուշակի առէջների մեջ քնած բզեզին աշխարհը հոտավետ բուրաստան է թվում, ալպիական մանուշակ։

Գրականության, նաև արվեստի տարբեր ճյուղերում կերպարների բոբիկ ոտքերը կրում են տարատեսակ սիմվոլիկ իմաստներ, որոնք տարբերվում են՝ կախված տվյալ համատեքստից, մշակույթից և պատմական ժամանակաշրջանից։

Երբեմն կերպարի սոցիալական կարգավիճակն է շեշտադրվում, ստրուկ լինելը, կերպարների աղքատությունը, պարզ և անպաճույճ կյանքի ձգտումը, ազատությունը, կանանց դեպքում` նաև գրավչության ընդգծումը, բնության հետ անմիջական կապը և այլն։

Բոբիկ ոտքերի հստակ շեշտադրություն կա աստվածաշնչյան կերպարների նկարագրությունների մեջ, որոնցից թերևս ուշագրավը Մովսես մարգարեի պատմությունն է (Հին Կտակարան, Ելք 3։5)։ Երբ Աստված նրան կանչում է` պատգամներ տալու, այրվող մորենու միջից Մովսեսին հորդորում է, որ նա նախ հանի կոշիկները։

Կրոնական համատեքստերում բոբիկ լինելը մեծ մասամբ խոնարհության, հարգանքի, նվիրվածության նշան էր: Մովսեսի դեպքում կոշիկները հանելը խորհրդանշում է նաև սրբազան տարածքի նկատմամբ հարգանք և հնազանդություն`տիրոջը։

Հայտնի չէ` Կաքավաբերդի կինը, իսկապես, ինչու էր բոկոտն քայլում ավերակված բերդի ժայռոտ տարածքներում, և պատմվածքի բովանդակության մեջ էլ հայտնի չի դառնում առհասարակ, թե նա վերջապես ե’րբ է պատրաստվում կոշիկներ հագնել։

Հայտնի է միայն, որ նա օրերից մի օր հանել է իր կոշիկները և խոնարհ լռությամբ կանգնել իրեն պարտադրված կարգերի ու նահապետական ադաթների առաջ այնպիսի անխոս հնազանդությամբ, ինչպես Մովսես մարգարեն, երբ ընդունում էր Աստծո ուխտը։

Հ.Գ. Գերմանիայի Հաննովեր քաղաքում մի փոքրիկ աղջնակի արձան կա։ Գերմանացի գրող Միխայիլ Էնդեի գրական հերոսներից մեկի` Մոմոյի արձանն է`մի մեծ ականջ գրկում ամուր պահած։

Մարդիկ մոտենում, խոսում են նրա հետ, սիրտները թեթևացնում ու հեռանում։

Հեղինակը ներկայացնում է, որ նա որբ ու անտուն մի աղջիկ էր, հայտնվել էր քաղաքում, և երբ ինչ֊ որ մեկը խնդիր էր ունենում, բնակիչները նրան ասում էին, որ գնա Մոմոյի մոտ: Տարօրինակ էր`ինչ կարող էր անել այդ աղջնակը, ինչպես էր կարողանում նա օգնել մարդկանց: Չէ՞ որ ոչ մի արտասովոր բան չկար նրա մեջ. նա պարզապես կարողանում էր լսել։

Շատերը կարծում էին, որ աղջնակը նման է բոլորին, և լսելու մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա, բայց երբ փորձում էին ինչ-որ մեկին լսել, հասկանում էին, որ դա իրենց մոտ չի ստացվում, սեփական կյանքի մասին մտքերը թույլ չէին տալիս լսել մարդկանց:

Մոմոն միշտ ոտաբոբիկ էր շրջում քաղաքում, նրա կերպարը ճիշտ բնութագրող արձանին էլ նայելիս թվում է, թե աղջնակը ջանում է մի ոտքով թաքցնել մյուս ոտքը։

Կարծես ինքն էր մեղավոր ոտաբոբիկ լինելու համար…

Please follow and like us: