Նոյեմբերի 25-ին աշխարհում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային բռնության բոլոր ձևերի վերաբերյալ և խթանել կանխարգելիչ քայլերը:Միանալով քարոզարշավին՝ մինչեւ դեկտեմբերի տասը կներկայացնենք թեմային առնչվող ստեղծագործություններ տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող, հայտնի ժամանակակից գրողներից՝ Մերի Պողոսյանի ընտրությամբ եւ թարգմանությամբ։
Մայա էնջըլուն (1928–2014) ամերիկացի նշանավոր բանաստեղծ, հուշագիր և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ էր։ Նա համաշխարհային ճանաչում ստացավ իր ինքնակենսագրական շարքով, որի առաջին հատորը՝ «Ես գիտեմ ինչու է վանդակված թռչունը երգում», դարձել է ամերիկյան և համաշխարհային դասական գրականություն։ էնջըլուի բանաստեղծական ամենահայտնի ժողովածուները ներառում են «Մի բաժակ սառը ջուր տուր խմեմ, քանի չեմ մահացել» (1971թ.), «Երանի թևերս հագովս լինեն» (1975թ.), «Իսկ ես դեռ բարձրանում եմ» (1978), «Շեյքեր, ինչու չես երգում» (1983թ.), «Ինձ շարժել չի լինի» (1990թ.) և «Ֆենոմենալ կին» (1995թ.)։
Նրա ստեղծագործությունները առանձնանում են կնոջ ուժեղ ձայնով, աֆրոամերիկյան ինքնության, դիմադրողականության, հիշողության և ազատության թեմաներով։ Էնջըլուն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր պարգևների, ինպիսին են «Գրեմմի» մրցանակը իր պոեզիայի ձայնագրությունների համար, ԱՄՆ Կոնգրեսի Ազգային արվեստների մեդալը և ԱՄՆ նախագահի Ազատության մեդալը՝ ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևը։
Ներկայացված երկու բանաստեղծություններն էլ «Իսկ ես դեռ բարձրանում եմ» (1978թ.) շարքից են: Դրանք ներկայացնում են կնոջ փորձառության հակադիր, բայց փոխլրացնող կողմեր․ առաջինում տիրում է մանկահասակ ու խոցելի կնոջ զգուշավոր ու ցավոտ փորձառությունից ծնված գիտակցություն, որտեղ տղամարդիկ նկարագրվում են որպես գրավիչ, բայց երբեմն վտանգավոր, իսկ երկրորդում հասուն կինը վերագտնում է իր ուժը, ինքնավստահությունն ու մարմնի նկատմամբ հպարտությունը և հոգևոր ամրությունը։
Տղամարդիկ
Երբ ջահել էի,
Վարագույրի հետևից նայում էի
Փողոցով վեր ու վար անող տղամարդկանց:
Խմող տղամարդկանց, ծեր տղամարդկանց:
Երիտասարդ տղամարդկանց` մանանեխի պես սուր:
Տես նրանց: Տղամարդիկ միշտ
Ինչ-որ տեղ են գնում:
Նրանք գիտեին, որ այնտեղ էի. տասնհինգ
Տարեկան ու նրանցով ծարավ:
Պատուհանիս տակ նրանք կանգ էին առնում,
Ուսերը՝ բարձր, ինչպես երիտասարդ աղջկա կրծքեր,
Բաճկոն պոչը՝ հետևը գցած,
Տղամարդիկ:
Մի օր նրանք բռնում են քեզ
Ձեռքի ափի մեջ՝ քնքուշ, ասես դու
Աշխարհի վերջին հում ձուն ես. Հետո
Ձգվում են: Լոկ մի քիչ: Առաջին
Սեղմումը հաճելի է: Արագ գրկախառնություն:
Փափուկ՝ քո անպաշպանության մեջ: Մի քիչ
Էլ: Ցավը սկսվում է: Դուրս ձգիր
Մի ժպիտ, որ սահում է վախի շուրջ: Երբ
Օդ էլ չկա,
Միտքդ ճտտում է, կատաղի պայթելով, մի պահ,
Ինչպես լուցկու գլուխ: Փշրված:
Քո հյութն է,
Որ հոսում է նրանց սրունքներն ի վար:
Հետք թողնելով կոշիկներին:
Երբ երկրագունդը նորից ուղղվում է,
Եվ համը փորձում է վերադառնալ լեզվին,
Քո մարմինը շրխկալով փակվել է. Ընդմիշտ:
Բանալիներ չկան:
Հետո պատուհանը լրիվ բացվում է
Քո մտքի վրա: Այնտեղ,
Հենց վարագույրի օրորի հետևում
Քայլում են տղամարդիկ:
Ինչ-որ բան իմացող:
Ինչ-որ տեղ գնացող:
Բայց այս անգամ, ես ուղղակի
Կկանգնեմ ու կնայեմ:
Երևի:
Ֆենոմենալ կին
Սիրունիկ կանայք մտածում են՝
Ո՞րն է իմ գաղտնիքը․ ոչ գեղեցիկ եմ,
Ոչ կազմվածքս է մոդելի,
Բայց երբ բացատրում եմ,
Կարծում են, թե ստում եմ:
Ասում եմ`
Գաղտնիքը թևերիս ճկումն ու
Կոնքերիս պտույտն է,
Քայլվածքիս ճեմն ու
Շուրթերիս խաղն է:
Ես կին եմ
Ֆենոմենալ ձևով:
Ֆենոմենալ կին,
Դա ես եմ:
Ես մտնում եմ սենյակ
Անսահման հանգիստ,
Եվ բոլոր տղամարդիկ
Ոտքի են ելնում կամ ծնկում.
Ապա պտտվում են շուրջբոլորս,
Ինչպես մեղուները՝ շուրջը փեթակի:
Ես ասում եմ՝
Դա իմ աչքերի հուրն է,
Իմ ատամի փայլը,
Մեջքիս շորորն ու
Ոտքերիս հրճվանքը:
Ես կին եմ
Ֆենոմենալ ձևով:
Ֆենոմենալ կին,
Դա ես եմ:
Տղամարդիկ էլ են մտորում,
Թե ինչ են գտնում իմ մեջ:
Նրանք փորձում են ու փորձում,
Բայց չեն կարող հպվել
Առեղծվածին իմ ներսի․
Եվ չեն տեսնում, անգամ երբ
Հանում եմ ի տես:
Ասում եմ՝
Գաղտնիքն իմ մեջքի աղեղն է,
Իմ ժպիտի արևն է,
Կրծքերիս շարժն է
Ու նազանքը ոճիս:
Ես կին եմ
Ֆենոմենալ ձևով:
Ֆենոմենալ կին,
Դա ես եմ:
Հիմա հասկանում եք,
Թե ինչու կախ չէ գլուխս,
Չեմ գոռում ու ցատկոտում,
Կարիք չունեմ բարձր խոսելու:
Ես ասում եմ.
Գաղտնիքը կտկտոցն է կրունկներիս,
Ու ալիքները մազերիս,
Ձեռքիս ափերի մեջ է գաղտնիքը
Եվ կարոտի մեջ է իմ խնամքի,
Չէ որ ես կին եմ
Ֆենոմենալ ձևով:
Ֆենոմենալ կին,
Դա ես եմ:
Դիտեք այս բանաստեղծության՝ հեղինակի կատարումը անգլերեն։
