Օֆելի Դալաքյան/Սուրիկի խանութը

«Պարտքով ապրանք չի տրվում» գրվածքը փակցված էր Սուրիկի մթերային խանութի դռանը։ Յուրաքանչյուր ամսվա կեսից այս գրությունը հայտնվում էր դռան վրա․ Սուրիկը որոշում էր, որ այս շենքի ժողովուրդն իր համբերության մեծ բաժակը լցրել է, և ինքն այլևս պարտքով ապրանք չի տալիս։ Իսկ ամսվա վերջին օրերին նրա քեֆին քեֆ չէր հասնի․ պարտատերերն աշխատավարձ, թոշակ ստացած գալիս էին խանութ։

– Դե, ինչ անեմ, խղճիս ձեռքը կրակն եմ ընկել, բոլորին էլ օգնում եմ,- պարտքերը ստանալիս՝ ընթացքում իրեն էր հիշում Սուրիկը։

– Լավ ես անում, բալա ջան, օգնիր, լավությունդ անպայման հետ կգա,- ասում էր Հասմիկ տատը, որն իր ու ամուսնու թոշակով հազիվ էր ապրում։ 

Եվ երբեմն Հասմիկ տատը նկատում էր, որ կշռի մեջ Սուրիկը «շփոթվում է», մեկ-մեկ էլ տետրում հարյուր-երկու հարյուր դրամ ավել էր գրում, բայց տատը լռում էր, որովհետև իրենց շենքի տակն էր խանութը․ եթե վիճեր Սուրիկի հետ, ո՞ւր պիտի գնար, թեև շուկայում կամ հարակից թաղամասերի խանութներում ամեն ինչն ավելի էժան էր։

– Հակոբ, Հակոբիկ,- խանութի պատուհանից ձայն տվեց Սուրիկը,- արի։

Հակոբը ֆուտբոլը թողեց, վազեց մոտը։

– Հորդ կասես՝ եթե էս ամիս էլ պարտքը չտվեց, իրարից չնեղանանք, էս խանութ էլ չմտնեք, ձեզ «նիսյա» հաց տվող չկա։

Հակոբը կուզեր՝ այդ պահին ֆուտբոլի գնդակն այնքան ուժեղ հարվածեր իրեն, որ անզգայացած ընկներ, կամ գետինը ճեղքվեր ու իրեն կուլ տար, բայց չլսեր այդ ամենը, առավել ևս ընկերները չլսեին։

Հակոբը փորձեց շարունակել խաղը, բայց մտքերով հոր հետ էր․ ինչպես էր ասելու։ Հակոբը խաղից դուրս եկավ, գնաց տուն։ Հայրն էլ էր տանը․ էլի աշխատանք չէր գտել, էլի պիտի առանց տաք ջրի ու լույսի մնային։ Լավ մարդ էր Հակոբի հայրը՝ խաղաղ, բարի, բայց արդեն քանի տարի էր՝ կայուն աշխատանք չէր կարողանում գտնել, սակայն ձեռքի եկածն անում էր։ Մի քանի տարի առաջ մեքենան վաճառեց, հիմա միակ ունեցածը բնակարանն էր, բայց չէր համարձակվի դրան ձեռք տալ։

– Ի՞նչ էր ասում Սուրիկը,- հարցրեց հայրը տղային, երբ նա կամաց փակեց  տան դուռը։

– Ոչ մի բան, ասում էր՝ զգույշ խաղացեք, որ գնդակը խանութի դռանը չհասնի, թե չէ կծակեմ գնդակը։

Հակոբն էլ, հայրն էլ գիտեին՝ ինչ էր ասել Սուրիկը, բայց երկուսն էլ խնայեցին միմյանց։

Հայրը կամաց-կամաց մի բուռ էր դառնում որդու առաջ, նա, իհարկե, կուզեր հերոս լիներ որդու համար, ինչպես մի անգամ Հակոբը շարադրություն էր գրել հոր մասին, երբ դեռ ութ տարեկան էր։ Բայց այդ հերոսը չեղավ որդու համար, ավելին՝ կինը, երբ բարկանում էր, հորդորում էր որդուն, որ ամեն ինչ անի՝ հորը չնմանվի։

Հակոբը հորը շատ էր սիրում ու այդ պահին էլ կցանկանար ամուր գրկել հորն ու ասել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց չարեց, որովհետև հայրն ավելի կփոքրանար։

Մի քանի օր  Հակոբի հայրն ու տան մյուս անդամները շրջանցում էին Սուրիկի խանութը, աշխատում էին նրա աչքին չերևալ, բայց մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ հայրը Հակոբին կանչեց մոտը, գումար տվեց և ասաց, որ գնի սրտի ուզածը։

– Պա՞պ,- հարցական նայեց հորը։

– Ի՞նչ,- պատասխանեց հայրը։

– Ինչ ուզեմ, առնե՞մ։

– Հա՛, հա՛, ինչ ուզես,- հակիրճ պատասխանեց հայրը։

Հակոբը վերցրեց գումարն ու դուրս եկավ սենյակից։ Նա այնքան էլ փոքր չէր, որ չնկատեր՝ հոր ձեռքից բացակայում էր ամուսնական մատանին, որը երբեք հայրը մատից չէր հանել, անգամ՝ լվացվելիս։ Հակոբը գումարը ձեռքին  կանգնել էր դռան մոտ, առաջ չէր գնում, ձեռքն այնքան էր սեղմել, որ ափը քրտնել էր, թղթադրամն էլ  ամբողջովին թրջվել էր ․․․ այդ թղթադրամն ավելին էր, քան լոկ դրամ, դա հոր սերն էր, ջահելությունը, տարիները։

Հակոբը դուրս եկավ տնից, բայց Սուրիկի խանութ չգնաց, ոչ էլ՝ ուրիշ խանութ։ Այդ պահին ատում էր աշխարհի բոլոր խանութներն ու խանութպաններին։ Այդ թղթադրամը տարիներ շարունակ հետապնդում էր Հակոբին, դա առաջին գումարն էր, որին պիտի ավելանային նորերը։ Եվ ավելացան․․․ Եվ տարիներ անց հոր ձեռքին ավելացավ այն նույն մատանին, որը վաճառվել էր Սուրիկի պարտքը վճարելու համար։ Եվ տարիների հետ Հակոբն արգելեց տան անդամներին օգտվել Սուրիկի խանութից։

Please follow and like us: