Սեռական բռնությանը առնչվող հանդիպմանը մասնակցում էին չորս իգական և մեկ արական սեռի ներկայացուցիչներ։
Արականը արտիստ էր, որի ուշադրությունը իգական սեռի մասնակիցներից գրավեց նա, ում հետ հարաբերվելու հետագա ընթացքն ու փաստերը նրա երևակայությունը անսպասելի վայրեր էր ուղղորդելու, ինչպես անկախ, այնպես և կախված իր կամքից, հանգամանքներից ու ժամանակից։
Կինը նիհարիկ էր, քիչ կորացած մեջքը ինչ֊որ բան ասում էր կյանքային հարաբերություններում հոգեբանական ճնշումներին դիմագրաված մարմնի մասին։ Դիմագծերը նուրբ էին, բայց սրված, ակնհայտ պլաստիկայի ենթարկված քթով։
Բայց այդ նիհար, բարալիկ մարմնի մեջ մի ուժեղ առանցք էր զգացվում և մի անբացատրելի ծագման սեքսուալություն, որը ուղեկցվում էր որոշակի զսպվածությամբ։
Այս համադրությունը արտիստը ստեղծագործողի ինտուիցիայով զգաց ու երևի հենց այդ պատճառով սակավամարդ այդ հանդիպումից հետո խոսակցություն բացեց նրա հետ։ Պարզվեց, որ կնոջ անչափահաս աղջիկը տևական ժամանակ ենթարկվել է սեռական վերբալ ոտնձգությունների նրա երկրորդ ամուսնու կողմից և կինը հենց այդ պատճառով էր գտնվում տվյալ վայրում։
Այս ինֆորմացիան բորբոքեց արտիստի հետաքրքրությունը։ Կինը գտնվում էր դատական պրոցեսի մեջ`վճռականորեն տրամադրված գնալ մինչև վերջ։
Նյութը, ինչ խոսք, ակտուալ էր և հետաքրքիր ստեղծագործող անձի համար, բայց մյուս կողմից այդ կնոջ կերպարանքն էլ առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել, եթե կարելի է այսպես ձևակերպել՝ մի տեսակ ոչ կենդանական ծագում հիշեցնող կերպարի տեսանկյունից։
Արտիստը մի քանի րոպե մտածելուց հետո կարծես թե գտավ կերպարի ծագումնաբանությունը. կինը իրեն հիշեցնում էր եղեգ, որը ճոճվում է ցանկացած քամու ազդեցության տակ, բայց երբեք չի կոտրվում։ Իսկ քամին առաջացնողը`լինի դա թե բնություն, թե զուգընկեր, թե ղեկավար, թե ծնող, թե չկապակցված որևէ մեկ այլ երևույթ կամ սուբստանցիա, ի վերջո թևաթափ է լինում և անզորությունից նյարդայնանալով` ձեռ քաշում այդ Եղեգե կնոջը կոտրելու ցանկացած մտադրությունից։
Այնպես չէ, որ նրա պատմությունը ինքնին նորություն էր, բայց ուներ մի առանձնահատկություն. դա հենց ինքն էր` իր ապրումներով, դիմակայությամբ և վրեժի այն ծարավով, որը դարձել էր նրա` այդ քամու տակ ճկվող, բայց չկոտրվող ինքնության մի մասը։
Վրեժի զգացողությունն էր, որ նրան մղել էր նաև դեպի երկրորդ ամուսնություն։ Այդ շրջանում մինչև ականջները սիրահարված էր, բայց տևական ժամանակ չէր ստանում սիրո սուբյեկտից այդքան սպասված համատեղ կյանքի առաջարկը։ Վերջապես նրա քիթը տրորելու մղումով և անկանոն կապերի մեջ ներքաշվելուց սպառված, վերջնական վրեժխնդիր լինելով` ամուսնանում է մեկի հետ, ով կոպիտ ասած ձեռքի տակ էր` աշխատանքի վայրում, և թվում էր վստահելի։
Բայց ճակատագիրը տնօրինեց հետագա ընթացքը այլ կերպ` մեկ այլ բնույթի վրեժի զգացողությամբ տոգորելով նրան, բայց այս անգամ արդեն ուղված երկրորդ ամուսնուն, որի հետ ամուսնացել էր վտեժխնդիր լինելու համար նրանից, ում սիրել էր և դեռ սիրում էր այնուամենայնիվ։ Իսկ պատճառը ավելի քան հիմնավոր էր իր համար և պայմանավորված էր ամուսնու կողմից սեռական բնույթի վերբալ ոտնձգություններով դստեր նկատմամբ։
Հակասությունների այս կծիկը կրելով`զգացվում էր, որ փորձում է թաքցնել իրեն հատուկ նուրբ սեքսուալության ելևէջները։ Բայց դրանք նրա մոտ այնուամենայնիվ դրսևորվում էին անկախ սեփական կամքից, անկումային տրամադրությունից, դեպրեսիայի ալիքներից, հասարակական հիմունքներով նրան կցված փաստաբանի հետ հարաբերություններից, իր նախկին երկրորդ ամուսնու նկատմամբ վրեժի ծարավի ալիքներից և այլ կենցաղային հանգամանքներից։
Եղեգե կինը լեզու էր դասավանդում մի դպրոցում, որը գտնվում էր այն քաղաքում, որտեղ տեղակայված էր երկրի կրոնական իշխանության գլխավոր նստավայրը։ Քաղաքում հիմնական իշխանությունը պատկանում էր գլխավոր եկեղեցապետին, երկրի հոգևոր առաջնորդ հորջորջված մի անձի ով մարմնացումն էր ագահության, կոռումպացվածության և երկդիմիության։ Նրա կոռումպացվածությունը և երկդիմիությունը այն աստիճանի էր, որ նույնիսկ, նրա փոքր երկիրը գաղութացրած անծայրածիր ճահիճների և անտառների բռնակալի կողմից հատուկ պարգև էր ստացել ինչ որ առանձնահատուկ ծառայությունների համար։ Ըստ էության այդ հատուկ ծառայությունների իմաստը կայանում էր նրանում, որ հնարավորինս խորացնի ճահճային կախվածությունը բռնակալից։
Քանի որ արտիստը շատ լավ պատկերացնում էր, թե այդ քաղաքի բարքերը և թե եկեղեցապետի ենթակայության տակ գտնվող ամեն տեսակ միավորի գործունեության դաշտը, զարմանում էր, թե լեզու դասավանդող այդ Եղեգե կնոջը ինչպես էր հաջողվում ճահճացման վտանգի տակ գտնվող միջավայրում գոյատևել առանց կորցնելու քամիների տակ ճկվելու և չկոտրվելու հատկությունը։ Միաժամանակ նրան հաջողվում էր աճող եղեգների սերնդին հաղորդել այն գիտելիքը, որը ստանում էր նպաստավոր հոսանքներից՝ կարողանալով կլանել դրանք իր զգացմունքային մարմնով։
Բայց արտիստը իր մտորումներում գալիս էր նաև այն եզրահանգմանը, որ ըստ երևույթին կնոջ յուրահատուկ բուսական տեսակին ձգում էր ճահճային միջավայրը, որտեղ նա կարողանում էր առանձնանալ իր ինքնության՝ մյուսներից տարբերվող առանձնահատկությամբ։
Արտիստը կնոջը գրավեց միանգամից՝ թե արտաքինով և թե ինչ֊որ անբացատրելի վստահելի ձգողականությամբ, որի մեջ ակնհայտ գրավչությունը համադրված էր ինչ֊որ հոգատարության հետ։
Խոսքը խոսքի հետևից դարձավ անկեղծ խոսակցություն, որը գնալով էլ ավելի էր անկեղծանում։
Կինը կարծես գտել էր մեկին, ում առաջ կարող էր բացել իր ողջ կենսագրությունը շերտ առ շերտ։
Արտիստը իր հերթին հաճելիորեն զարմանում էր ամեն շերտի, ամեն մանրուքի բացահայտելուց։ Նա չզարմացավ, որ ընտանիքը, որում ծնվել ու մեծացել էր Եղեգե կինը, ոչ միայն որևէ կապ չուներ նրա հետ, այլև ձգտել էր նրա ինքնատիպ ներքին առանցքը կոտրել և փոխել նրա առանձնահատուկ ճկուն, եղեգե կառուցվածքը` հարմարեցնելով իրենց կարծրացած արժեքներին։
Արժեքները ուղղակի կարծրացած չէին, այլ ամբողջությամբ ուղղված էին սեփական աղջկան գլխիկոր զոհի կարգավիճակով հանձնել պոտենցիալ ամուսնու ընտանիքի տնօրինությանը` կարծես ազատվելու համար մի բեռից։
Խոսակցության ընթացքում կինը հանկարծ հիշեց ինչ֊որ բան ու քայլերը դանդաղեցնելով ասաց.
– Երբ առաջին անգամ ամուսնացա, պապաս նշանդրեքիս ասաց` Գիքորին հիշիր. իրենք կուտեն, քեզ չեն տա:
֊ Այսինքն, – հարցրեց Արտիստը։
֊ Դե, որ ինչ էլ անեն գլխիս, սուսուփուս հնազանդվեմ, ոնց Գիքորը։ Էդպես էլ եղավ։ Եթե մնայի, կմահանայի հոգեպես։
֊ Այսինքն հայրդ ասում էր հնազանդվե՞ս:
– Այո։ Ու ոչ միայն ամուսնուս, այլ նրա ողջ ցեղին։
֊ Oh my God! Unbelievable. Աղջիկդ գիտի՞: Պատմել ես իրան ինչի՞ հեռացար հորից:
– Ոչ։
֊ Ասա, պատմի։ Նա պետք ա իմանա։
֊ Չէ, պետք չի։ Հոր հետ շատ սիրուն հարաբերություններ ունի։
Եղեգնուտում, որտեղ նա գոյատևում էր և հատուկ նվիրումով սերունդներին հանձնում գիտելիքը, կատվազգի և շնազգի արուներ էին հայտնվում նրա շուրջը՝ գայթակղվելով նրա այդ անբացատրելի սեռականությամբ։
Գիշատիչները անցնում-դառնում էին` հպվելով, քսմսվելով նրա ցողուն մարմնին. մեկը զգուշությամբ և աճող համառությամբ, մեկը վերին աստիճանի քաղաքավարի, մեկը որոշ կոպտությամբ և նրան նվաստացնելու մղումով, մեկն էլ նրա միայն ու միայն սեքսուալությամբ հրապուրված։ Նրանցից յուրաքանչյուրը իր սերմնահետքն էր թողում ճոճվող ցողունի վրա, այն մտքով, որ դա կհիշեցնի իր ներկայությունը դեռ երկար ժամանակ: Բայց դա էական դեր չէր խաղում Եղեգնուհու կյանքում, որի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր այդ ճահճում գոյատևելու վրա և միակ զավակին պահպանելու և պաշտպանելու կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչներից:
Նրա երկրորդ ամուսնությունը ավարտվեց սարսափելի բացահայտումով, երբ մի օր հայտնաբերեց, որ ամուսինը տևական ժամանակ է, ինչ սեռական վերբալ գայթակղումների փորձեր է արել անչափահաս դստեր նկատմամբ։ Աղջիկը այնուամենայնիվ տարբերվում էր մորից իր համարձակ ըմբոստությամբ, և ըստ երևույթին հենց դրա հաշվին էր, որ սեռական ոտնձգությունը վերբալից ավել չէր անցել: Նա ի վերջո հայտնել էր մորը՝ ի տարբերություն այն դեպքերի, երբ ավանդական ամոթխածությունը և վախը թույլ չէր տալիս ճահճային միջավայրի շատ աղջիկների արտահայտվել։
Այդ դեպքը Եղեգե կնոջ վրա շատ սուր ազդեցություն էր թողել` երկար ժամանակ նրան ընկղմելով դեպրեսիվ շրջանի մեջ։ Այնուամենայնիվ նրան հաջողվեց հավաքել ուժերը և դիմել դատարան` ինքն իրեն խոսք տալով, որ չի ընկրկելու և գնալու է մինչև վերջ։ Դատական պրոցեսը ամենասկզբից էլ դարձավ տանջալի, անվերջ ձգվող, ինչը ծանր բեռ էր դառնում, և այդ անվերջ ձգձգվող օրերին նրա մեջքը կքվում էր ու կքվում, իսկ մարմինը` անտանելի լարվում։
Բայց անբացատրելի ներքին ուժով, որ նրա մոտ ծնվում էր անհայտ ծագման հովերից սնվելով, նա վեր էր խոյանում ճահիճի համակերպված բուսականության միջից և շարունակում համաչափ ճոճումն ու դիմակայումը հոսանքներին։
Այդ շրջանում նա տարված 2PAC ֊ի All Eyez On Me գործով, լսում էր ամբողջ օրը, կարելի է ասել անընդմեջ։ Այդ Hip-Hop գործի մեջ կար մի բան, որ նրա նիհարիկ մարմնին ուժ էր տալիս իրավիճակներում, երբ նա զգում էր, թե հատկապես դպրոցի ուսուցչական կոլեկտիվի աչքերը ինչպես էին հառված իր գոյության վրա, որպեսզի ոչնչացնեն իրեն հոգեպես և երգչի նման մի օր էլ սպանեն։
Կինը ասաց.
– Հենց վերնագիրը ինձ գերեց մի այլ կարգի, թեև նոր չէի լսում էդ երգը, բայց նորովի հասկացա:
Լինում էր շրջան, երբ նա իր մարմինը գերճկվելուց փրկելու համար կյանքային ազարտի մեջ էր նետվում` միաժամանակ մի քանի գիշատիչ պահելով իր եղեգե մարմնի հետ քսմսվելու, խաղալու, ինչը նրա համար սեփական անձի կարևորությունը և գրավչությունը հաստատելու ներքին մղումն էր:Դա մի շրջան էր, երբ հատկապես կանանց միջավայրի թարախոտ բուլլինգը նրա արտաքինի նկատմամբ վերածում էր նրան անդերսենյան հեքիաթի Անճոռնի Ճուտիկի։ Այդ ամենի հետ միասին զգում էր, որ իր մեջ կարապն է ապրում և այդ անկանոն կապերով փորձում էր ազատվել մշտական հետապնդող ներքին կոմպլեքսներից և արագացնել տրանսֆորմացիան դեպի սիգաճեմ կարապը, որին ուզում էր հավատալ իր ողջ էությամբ։
– Գիտեք, ինձ հաճախ թվում ա, որ հարաբերություններում գալիս է մի պահ, որ ես չեմ կարողանում մերժեմ։Կարծում եմ դա նրանից ա, որ ինքնագնահատականի կարիք եմ ունեցել և չեմ ստացել դա իմ ընտանիքից:
Եղեգե կինը առանց կանգ առնելու քայլելու ընթացքում պատմում էր իրեն հանդիպած տղամարդկանց մասին, նրանցից յուրաքանչյուրի թե իր նկատմամբ վերաբերմունքի և թե նրանց նկատմամբ ձևավորված սեփական ընկալումների մասին:
Դրանք էական փոփոխության ենթարկվեցին այն պահից սկսած, երբ իր մոտ հայտնաբերվեց աբուժելի հիվանդություն, որը լավ բան չէր խոստանում ոչ նրան և ոչ էլ նրանց, ում հետ նա կունենար սեռական կոնտակտ։ Այնպես չէ, որ հիվանդությունը ճակատագրական դատավճիռ էր, բայց հավանականություն ուներ, թե փոխանցվելու և թե ավելի լուրջ վիճակի վերածվելու։
Այս դիպվածը էական փոխեց նրա հարաբերությունների բնույթը։
Եղեգե կինը, չնայած իր ճկուն և նիհարիկ ցողունին վրա հասած հիվանդությանը, այնուամենայնիվ թույլ էր տալիս իրենով հետաքրքրվող կատվազգիներին սիրահետել իրեն` քսմսվելով իր մարմնին, որի անհրաժեշտությունը զգում էր, չթողնելով բայց, որ սիրախաղերը անցնեն այն սահմանը, որ դրել էր իր առաջ հիվանդության ուրվականը։
Արտիստը եղեգե կնոջը ուղեկցեց մինչև նրա տան խաչմերուկը`ողջ ընթացքում լսելով ապրումները մի կնոջ, որը պայքարում էր իր գոյության յուրաքանչյուր շրջանի համար յուրովի`առանց հանձնվելու։ Օգտագործելով իր մարմնի կոնստրուկցիայի ճկունությունը նա ամեն ճկվելուց ոչ թե կոտրվում էր, այլ ֆիզիկայի օրենքներին համաձայն ավելի ուժ էր ստանում՝ ոչ թե դիմակայելու այլ ազատագրվելու և չկոտրվելու։
– Ըհը, հասանք։
Կինը կանգ առավ և ջերմ հայացքը ուղղելով իրենից բարձրահասակ արտիստին` ասաց.
– Չեք պատկերացնում ինչքան եմ շնորհակալ, որ լսեցիք ինձ, և զգում եմ, որ ի միջի այլոց չեք լսել, պարզապես քաղաքավարությունից կամ հումանիզմից դրդված, բայց մի ուրիշ ձև, որը չգիտեմ ոնց նկարագրեմ։ Ինձ համար վաղը շատ ծանր օր է. դատական հերթական նիստն է, և Դուք ինձ ուժ տվեցիք հաղթահարելու դա։
Ձեր մեջ մի բան կա, որ վստահություն ա առաջացնում։ Չգիտեմ դա ինչից ա, բայց դա շատ կարևոր հատկություն ա այսօր՝ Վստահություն․․․
Բաժանվելով եղեգե կնոջից` մտքիս եկավ YouTube ում վերջերս հանդիպած փիլիսոփա Յուվալ Հարարիի խոսքը այն մասին, թե ինչպես են մարդիկ հարաբերվելու արհեստական բանականության այս ահագնացող իրականությունում և առաջ է քաշում մի բառ`բնութագրելու համար դա՝ TRUST:
Եղեգե կնոջ հետ իմ կարճատև շփման հիմքում հենց այդ մի բառն էր` TRUST-ը, և չկար մեր միջև արհեստական ոչինչ` հատկապես բանականություն։ Մենք երկուսս էլ այդ կարճ ժամանակահատվածում վստահել էինք կոմունիկացիան յուրաքանչյուրիս ներքին ոչ արհեստական բանականությանը, որը անկրկնելի է և անփոխարինելի։
