Նա գրել է մոտ 1800 բանաստեղծություն, որոնցից միայն 10-ն են տպագրվել նրա կյանքի ընթացքում՝ այն էլ առանց իր թույլտվության։
Էմիլի Դիքինսոնի՝ երեսուն տարվա ընթացքում ստեղծածը ամերիկյան գրականության ամենահեղափոխական բանաստեղծություններից է։ Եվ գրեթե ոչ ոք այդ մասին չգիտեր։ Նա փառքի չէր ձգտում։ Նա չէր ցանկանում տպագրվել։ Երբ մի քանի բանաստեղծություններ տպագրվեցին թերթերում՝ խմբագրված, «շտկված», զրկված իրենց յուրահատուկ կետադրությունից ու մեծատառերից, նա սարսափեց։ Բանաստեղծությունները փչացրել էին։ Եվ նա դադարեց փորձել։ Գրեց միայն իր համար ու մի քանի մարդկանց, ում վստահում էր։
1830 թվականին ծնվելով Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ քաղաքում՝ Էմիլին մեծացել էր քաղաքի ամենահայտնի ընտանիքներից մեկում։ Նրա հայրը փաստաբան էր և Կոնգրեսի անդամ։ Ընտանիքը սպասում էր, որ Էմիլին կլինի հասարակայնորեն ակտիվ, լավ դաստիարակված, ամուսնանալության համար նախընտրելի։ Բայց նա այլ ծրագրեր ուներ։

Էմիլի Դիքինսոնի տուն-թանգարանը Ամհերսթում
Երբ մոտ երեսուն տարեկան էր, ինչ-որ բան փոխվեց։ Էմիլին սկսեց մերժել հրավերները։ Դադարեց գնալ եկեղեցի։ Ավելի քիչ մարդկանց էր տեսնում։ Երեսունն անց հազվադեպ էր լքում ընտանիքի սեփական հողատարածքը։ Իսկ քառասունին մոտ այլևս չէր իջնում ներքև՝ հյուրերին ողջունելու․ փոխարենը իր ննջասենյակի պատուհանից ներքև էր իջեցնում զամբյուղներ՝ լցված թխվածքներով, կամ վերևից՝ աստիճանների գագաթից էր խոսում՝ մնալով աչքից հեռու։
Ոչ ոք հստակ չգիտի՝ ինչու։ Ոմանք կարծում են՝ նա տառապում էր տագնապներից կամ ագորաֆոբիայից։ Մյուսները ենթադրում են, որ ունեցել է էպիլեպսիա կամ աչքերի խնդիր, ինչի հետևանքով լույսը ցավ էր պատճառում։ Իսկ ոմանք կարծում են՝ պարզապես նախընտրում էր մենությունը եւ կանանց հանդեպ հասարակության շնչահեղձ անող սպասելիքներից ազատ լինելը։ Հավանաբար այդ ամենը միաժամանակ էր։
Բայց մի բան հաստատ է․ վերևի այդ ննջասենյակում Էմիլի Դիքինսոնը գրում էր պոեզիա, որը ոչ ոք Ամերիկայում երբևէ չէր տեսել։ Նրա բանաստեղծությունները կարճ էին, սուր ու ցնցող։ Նրանք կոտրում էին բոլոր կանոնները։ Նա սովորական կետադրության փոխարեն օգտագործում էր գծիկներ։ Մեծատառ էր գրում պատահական բառեր՝ դրանք շեշտելու համար։ Նրա հանգերը անսովոր էին ու շեղ։ Նրա շարադասությունը՝ ոլորված, ինչպես քարերը ճեղքվող արմատներ։ Նա մահվան մասին գրում էր այնպես, կարծես այն լիներ ջենթլմեն՝ կառքով ժամանած։ Նա հույսը ներկայացնում էր որպես փետուրներով թռչուն։ Նա ցավի մասին գրում էր այնպիսի ճշգրտությամբ, որ հարյուր տարի անց ընթերցողները կասեին. «Այո, հենց այդպես է»։

Էմիլի Դիքինսոնի տուն-թանգարանը Ամհերսթում
Բայց նա իր ստեղծագործությունները գրեթե ոչ մեկի ցույց չէր տալիս։ Մի մարդ, ում վստահում էր, Թոմաս Ուենթուրթ Հիգինսոնն էր՝ հայտնի խմբագիր ու գրող։ 1862թ. ապրիլին Էմիլին նրան ուղարկեց չորս բանաստեղծություն՝ նամակին կից գրելով. «Շա՞տեք զբաղված՝ ասելու համար՝ իմ տողերը կենդանի՞ են արդյոք»։
Հիգինսոնը շփոթվեց։ Նրա բանաստեղծությունները փայլուն էին, բայց տարօրինակ՝ չափազանց տարօրինակ այն ժամանակվա գրական ամսագրերի համար։ Նա խրախուսեց Էմիլիին, հորդորեց շարունակել գրել, բայց խորհուրդ տվեց չտպագրվել։ Էմիլին դեմ չէր։ Շարունակում էր ուղարկել նրան բանաստեղծություններ՝ հարյուրներով։ Նրանց նամակագրությունը դարձավ ամերիկյան գրականության պատմության ամենահետաքրքիր կապերից մեկը՝ հայտնի խմբագիր, որը չէր կարողանում լիովին հասկանալ փակված, միամիտ հանճարին, որը շարունակում էր գրել իրեն։
Այնուհետև, մոտ 1863-ին, Էմիլին սկսեց հագնել միայն սպիտակ հագուստ։ Սպիտակ զգեստներ։ Սպիտակ շալեր։ Սպիտակից բացի ոչ մի ուրիշ բան այլևս։ Ամեն օր, մինչև կյանքի վերջ։ Նրա հարևանները դա նկատեցին։ Մարդիկ սկսեցին փսփսալ։ Կինը, որ երբեք տնից դուրս չէր գալիս, այժմ պատուհանից երևալիս թվում էր ուրվական։
Ինչո՞ւ սպիտակ։ Ոչ ոք հաստատ չգիտի։ Որոշ գիտնականներ կարծում են՝ դա մաքրության կամ արվեստին նվիրվածության խորհրդանիշ էր՝ բանաստեղծի կոչման համազգեստ։ Մյուսների կարծիքով՝ դա երբեք չավարտվող սուգ էր՝ գուցե կորցրած սիրո համար (նա ունեցել է մի քանի խոր զգացմունքային կապեր, թեև վիճելի է՝ դրանք եղե՞լ են սիրային, թե՞ ոչ)։ Ոմանք էլ կարծում են՝ դա պարզապես հարմար էր գործնականում․ այդպես նա կարող էր կենտրոնանալ պոեզիայի վրա՝ առանց հագուստ ընտրելու մասին մտածելու։
Ինչ պատճառ էլ լիներ, սպիտակ զգեստները դարձան նրա լեգենդի մաս՝ սպիտակազգեստ, մեկուսացած բանաստեղծուհի, որ վերևում գրում էր, մինչ աշխարհը շարունակում էր իր ընթացքը առանց նրա։
Բայց նա լիովին մեկուսացած չէր։ Նա գրել է հարյուրավոր նամակներ՝ զվարճալի, ջերմ, փիլիսոփայական՝ ընկերներին ու ընտանիքին։ Նա խնամում էր իր ձմեռայն այգին, որտեղ աճեցնում էր արտասովոր ծաղիկներ։ Թխում էր հաց հարևանների համար։ Ուներ խոր կապեր, պարզապես՝ հիմնականում նամակագրության միջոցով։ Եվ գրում էր։ Անընդհատ։

Էմիլի Դիքինսոնի տուն-թանգարանն է Ամհերսթում
1886-ին, 55 տարեկանում մահվան մահճում պառկած՝ Էմլիլի Դիքինսոնը մոտավորապես 1789 բանաստեղծության հեղինակ էր։ Նա դրանք պահում էր ձեռքով կարած փոքրիկ գրքույկներում, և պահում էր իր ննջասենյակի դարակում։
Նրա քույրը՝ Լավինիան, գտավ դրանք նրա մահվանից հետո և ապշեց։ Նա գիտեր, որ Էմիլին գրում էր, բայց չէր պատկերացնում, որ այսքան։ Լավինիան վճռեց հրատարակել դրանք՝ չնայած Էմիլիի մեկուսացման փափագին։ Դա տարիներ պահանջեց։ Առաջին ժողովածուն լույս տեսավ 1890-ին՝ խիստ խմբագրված։ Բանաստեղծությունները դարձված էին ավելի «սովորական»։ Ճիշտ այն, ինչից Էմիլին վախենում էր։ Բայց նույնիսկ այդպես խեղված՝ դրանք մեծ հաջողություն ունեցան։ Ընթերցողները ընդունեցին նրա հանճարը։
Միայն 1955-ին Էմիլի Դիքինսոնի բանաստեղծությունները վերջապես հրատարակվեցին այնպես, ինչպես նա էր գրել՝ պահպանելով իր բոլոր տարօրինակ գծիկներն ու մեծատառերը։ Եվ հանկարծ ընթերցողները հասկացան՝ նա չէր խախտում կանոնները անտեղյակությունից, այլ ստեղծում էր գրելու մի ամբողջովին նոր ձև։
Այսօր Էմիլի Դիքինսոնը համարվում է Ամերիկայի ամենամեծ բանաստեղծներից մեկը՝ Ուոլթ Ուիթմենի կողքին։ Նրա գործերը ազդել են մոդեռնիստների վրա, ինչպիսիք են Թ.Ս. Էլիոթը, և շարունակում են ձևավորել ժամանակակից պոեզիան։
Բայց նրա պատմության ամենաուշագրավը սա է՝ նա ամեն ինչ արեց՝ մերժելով գրական աշխարհի բոլոր պահանջները։ Նա չէր կառուցում կապեր։ Չէր զբաղվում ինքնագովազդով։ Չէր ենթարկվում խմբագրական ճնշումներին։ Չէր փնտրում ճանաչում կամ փառք։ Նա պարզապես գրում էր այն, ինչ պետք էր գրել՝ այնպես, ինչպես պետք էր գրել՝ վերևի սենյակում, սպիտակ հագուստով։
Իսկ նրա մահից 140 տարի անց միլիոնավոր մարդիկ կարդում են նրա խոսքերը և մտածում․
«Այո։ Հենց այդպես է»։
Էմիլի Դիքինսոնը ապացուցեց, որ աշխարհի թույլտվությունը քեզ պետք չէ՝ ինչ-որ կարևոր բան ստեղծելու համար։ Պետք չէ, որ քեզ տեսնեն՝ նշանավոր լինելու համար։ Պետք չէ որևէ մեկին բացատրել ինքդ քեզ։ Երբեմն ամենահզոր բանը, որ կարող ես անել, դուռը փակելն է, քո ճշմարտությունը գրելը և հավատալը, որ մի օր դա կհասնի ճիշտ հասցեատիրոջը։
Նա գրել է․
«Ես ոչ ոք եմ։ Իսկ դու ո՞վ ես։
Գուցե նույնպե՞ս ոչ ոք»։
Պարզվում է՝ այդ «ոչ ոք»-ն ամեն ինչ փոխեց։
Պատրաստեց Գայանե Պողոսյանը
