ԳԻՇԵՐ 1
Ամուսինները, պառկած անկողնում, հայացքները հառած առաստաղին, ըմբոշխնում էին գիշերային անդորրը խախտած երգող թռչնի ձայնի զարմանալի ելևէջները։
– Ինչ հրաշք ա, չէ՞,- չթաքցնելով հիացմունքը` լռությունը խախտեց տղամարդը։
– Ասելու բան չի, – արձագանքեց կինը։
– Դու պատկերացնո՞ւմ ես, թե ինչ է դրել բնությունը էս արարածի մեջ։ Եթե մարդուն բացի բնածին տաղանդից նաև դպրոց ա պետք անցնել, որ հասնի նման կատարելության, իսկ էս մի բուռ ծիտը երգում ա ուղղակի աստվածային ձայնով `առանց որևէ դպրոց անցնելու։
– Շատ սիրուն ա։Սիրտս լցվում ա ուղղակի, – ասաց կինը։
– Զարմանալի ա…..
Ամուսինները դեռ որոշ ժամանակ վայելեցին այդ հաճույքը, մինչև թռչնի ձայնը հեռացավ և կորավ գիշերվա լռության մեջ։
– Թռավ գնաց երևի,- ասաց ամուսինը` շուռ գալով դեպի կինը, որը արդեն քնած էր։
ԳԻՇԵՐ 2.
Ամուսինները նոր-նոր էին պատրաստվում քնելու, երբ թռչնի համերգը սկսվեց։
Ամուսինը ժպտալով ասաց.
– Նորից ինքն ա, չէ՞: Պոետիկ որ ասեմ, եկավ, որ մեր գիշերը ծաղկացնի։
Կինը նույնպես ժպտաց` ավելի ամուր հպվելով ամուսնուն։
– Երևի թե իր ժամերը ունի երգելու։Երեկ էլ նույն ժամին էր էկել, ու ոնց որ թե այ էն ծառի վրա ա նստում։ Երևի բույնն էլ ա էդ ծառի վրա։ Հետաքրքիր ա` ինչ արտաքին ունի։ Ճիշտ ոնց որ կինը, երբ սկզբում ձայնն ես լսում, ասենք հեռախոսով, շատ հաճելի ա լինում, անհամբեր ուզում ես արտաքինը տեսնես `պատկերացնելով, թե նման ձայն ունեցողը պետք ա որ գրավիչ լինի, բայց գիտես, չէ՞, որ ոչ միշտ ա համընկնում։ Նման մի բան ինձ հետ էլ ա էղել։ Չե՞մ պատմել քեզ:
– Չէ, – կիսաքնած արտաբերեց կինը։
Ամուսինը, հայացքը առաստաղին հառած, մի պահ լռեց ու շարունակեց.
– Վաղուց էր, Երևանում էր։ Էն ժամանակ լարով հեռախոսներն էին։ Ընկերոջս էի զանգել, բայց անծանոթ ձայն պատասխանեց։ Էնքան սիրուն ու սեքսի էր ձայնը, որ չդիմացա ու մտա դիալոգի մեջ։ Իմ ձայնն էլ նրան դուր եկավ։ Ծանոթացանք, ու սկսվեց հեռախոսային կապը, որը տևեց մոտ մեկ ամիս։ Նա ոչ մի կերպ չէր համաձայնվում հանդիպել, բայց երբ վերջապես համոզեցի, ու հանդիպեցինք, չես պատկերացնում, թե ինչքան մեծ էր հիասթափությունս։
Դրա համար մտածում եմ՝ կարո՞ղ ա էս ծիտն էլ չքնաղ ձայնով գեշլո ծիտ ա:
– Շատ մի տառապի, քաղցր։ Դա ընդամենը ծիտ ա…. արի մոտս, ես քո համար լրիվ բացահայտված եմ, թե ձայնով (մի հատ պաչիկ) և թե արտաքինով (ավելի ջերմ պաչիկ)… Հետո կրքոտ գրկախառնություններ, որոնք էլ երգող թռչունի հոգեպարար երգի ներքո վերածվեցին կենարար սեքսի։
ԳԻՇԵՐ 3.
Կրկնվեց մոտավորապես նույնը` որոշ դետալների տարբերությամբ, համբույրների հաճախականությամբ և երգի տևողությամբ։
ԳԻՇԵՐ 4.
Ամուսինը.
– Քանի՞սն ա: Օրենքով արդեն պտի սկսեր.
Կինը.
– Ո՞վ:
– Ծիտը։
– Սպասու՞մ ես:
– Դէ…. Հետաքրքիր ա։ Ախր շատ սիրուն ա երգում։ Արվեստ ա։ Մարիա Կալլաս։
– Ինչ-որ շատ ես կենտրոնացել վրան։ Խանդում եմ արդեն,- կիսաքնած` աչքերը փակ, ժպտալով արտաբերեց կինը։
Այդ խոսքերի վրա թռչնի համերգը սկսվեց։
– Խանդի, խանդի, ոչինչ։Խանդը խթանում է ամուսնական հարաբերությունները։ Ասեմ քեզ, վատ չէր լինի, օրինակ, այ սենց երգեիր։ Պատկերացնո՞ւմ ես: Հ՞ը…
Կինը արդեն քնել էր և չլսեց ամուսնու կատակը։ Իսկ ամուսինը կիսափակ աչքերով շարունակեց լսել երգեցողությունը` խորասուզված մտքերի մեջ։
Մի որոշ ժամանակ անց տղամարդը սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ և ինքն իրեն դիմելով ասաց.
– Էսօր ինչ-որ շատ երկար երգե՞ց, թե՞ ինձ ա թվում: Քունս էլ չի տանում, մի հատ ծխեմ։
Մոտ 40 րոպե անց, երբ կինը արդեն խորը քնած էր.
– Ծ….., Էէէէէէէէ…. Լավ է… հասկացանք, էլի: Ճիշտ են ասում, որ ամեն լավ բանի շատը, չգիտես թե ոնց ա վատը դառնում։
Տղամարդը շարունակեց սկսված մոնոլոգը`մտնելով դերի մեջ.
– Շատ լավ ա, շատ լավ ա, հոյակապ է, բռավո, բուռն ծափահարություններ, ցնցված ենք, խոսք չկա նկարագրելու մեր հիացմունքը։Դուք մեր փողոցի, չէէէէ ինչ փողոց, ողջ Գլենդելի պրիմադոննան եք, հավասարը չկա, բայց դե, փլիզ…. Թույլ տվեք մի քիչ քնենք, որ հետո նորից ի վիճակի լինենք լսել Ձեր աստվածային ձայնը։Եթե շատ եք կամենում…. Եթե շատ եք կամենում….. Էէէէէէէէ, չէ…. Սենց չեղավ։ Քնել չի լինում։ Էս ծիտը երևի ուրիշ հանդիսատես չունի, մեր ջանիցն ա կպել։ Կարո՞ղ ա իմ սկզբնական հիացմունքը զգացել ա իր 6 րդ զգայարանով ու հիմա որոշել ա զարմացնի մինչև վերջ:
Տղամարդը մի քիչ լռելուց հետո ավելի մեղմ և մի տեսակ հանձնված տոնայնությամբ.
– Դէ լավ, լավ, սիրուն ջան…. Հերիք էղավ, ապրես, ապրես, թող քնեմ, ջանիկ…..
ԳԻՇԵՐ 5.
Կինը փաթաթվեց` կրքոտ համբուրելով ամուսնուն, ձեռքը տարավ վերմակի տակ, բայց ամուսինը ընկրկեց.
– Էսօր չէ, քաղցր, գլուխս պայթում ա, գործս շատ էր, ու պլյուս ` գիշերը համարյա չեմ քնել։
– Ինչի՞:
– Համերգը շատ ձգվեց։
– Ի՞նչ համերգ:
– Ծիտը։
– Իյաաաա, բա հիացած լսում էիր։Չե՞ս կարողանում քնել երգեցողության տակ: Ես օրինակ շատ լավ քնում եմ, ուղղակի երանելի։
– Էլի որ, հիացած էի և շարունակում եմ հիացած մնալ մեր պրիմադոննայով, բայց չեմ կարողանում քնեմ, չգիտեմ ինչ անեմ։ Էնքան եմ հետը խոսացել, համոզել, որ թողնի քնեմ, բայց չի…
Կինը զարմացած ընդհատելով.
– Այսինքն ո՞նց խոսացել ես: Ամբողջ ժամանակ ինքդ քեզ խոսու՞մ էիր:
– Հա բա, ուրիշ բան չէր լինում անել, ոչ մի կերպ չէի կարողանում քնել, ու հաստատ դրա երգից էր։
– Ոչ մի խոսք չեմ լսել։
– Դե, որտեղից լսես, եթե քեզ կայֆ ա էդ երգի տակ քնելը։
Հենց այդ խոսքի վրա համերգը սկսվեց այնքան անսպասելի և ուժգին, որ տղամարդը վեր թռավ։
– Տես, էսօր մի քիչ շուտ սկսեց։
– Քանի՞սն ա:
– Մեկին 5 պակաս, սովորաբար 1 ին ա սկսում։
Կինը զարմացած հայացքը ուղղեց ամուսնուն և ինչ֊որ տեղ կարեկցանք պարունակող տոնով ասաց.
– Դե լավ, ոչինչ, մի կենտրոնացի վրան։
Ասում էի, չէ՞, ինչ-որ շատ էիր տարված նրանով։Տեսնում ես, ոնց ա լինում, հիմա էլ խանգարում ա նախկին հիացմունքի օբյեկտը (մեղմ ծիծաղով)։ Թուլացի լավ, աչքերդ փակի, խորը շնչի, փորձի հաճույք ստանալ և մի լարվի, պատկերացրա քեզ մի դրախտային անտառում` շուրջը կուսական գեղեցկություն, հեռու քաղաքային աղմուկից, ու միանգամից կքնես։
– Լավ, լավ, փորձեմ, – ասաց տղամարդը ու, բռնելով կնոջ ձեռքը, գլուխը դրեց բարձին` քնելու մտադրությամբ։
20 րոպե անց.
– էէէէէէէէէէ….. Ֆաք, չի ստացվում։ Ոչ մի կուսական ու դրախտային անտառ էլ չեմ կարողանում պատկերացնել։ Հակառակը, ոնց որ կուսական դժոխք լինի, ու ինչ պատահական խեռ կա, մտնում ա մեջը….. Թու!!!!!!!
Վերմակը շպրտելով` տղամարդը վեր կացավ ու ձեռքը գցեց փրկարար սիգարետին։
Կինը կիսաքնած, բայց այս անգամ գլուխը պոկելով բարձից.
– Ի՞նչ եղավ:
– Ի՞նչ պիտի լինի: Էս ֆաքինգ ծիտը դեռ երգում ա։ Ով ա սրան խնդրել, ո՞վ:
Հայացքը ուղղելով պատուհանից երևացող ծառին`կրկին նևրոտիկ տոնայնությամբ մտավ դերի մեջ.
– Թույլ տվեք հարցս ուղղել Ձեր համերգի կազմակերպիչներին.
Այ հարգարժան իմպրեսարիո և այս ծտի արվեստի ջատագովներ, այ ձեր ցավը տանեմ, այ ձեր տիրոջ մայրիկը….. Դուք ընդմիջում նախատեսել ե՞ք այս չքնաղ համերգի ծրագրում: Ասեք, իմանանք, կարևոր հարցեր կան, քնել ենք ուզում, որ վաղը ուժ ունենանք նորից վայելելու ձեր ֆաքինգ համերգը….. Փլիզ։ Ո՞վ ա տեսել շաբաթվա 7 օրը համերգ տան նույն տեղում: Ինձ մեկ-մեկ թվում ա, մեզնից բացի սրան լսող չկա։
Հանկարծ թռչնի երգի ելևէջները սկսեցին փոխվել, ինչը սրեց տղամարդու ուշադրությունը, շեղեց ելույթի վրա կենտրոնացումից և նա դիմեց ննջող կնոջը.
– Լսու՞մ ես: Փոխում ա երգը։Կատարելագործում ա։
– Հանգստացի, ջան, ուշադրություն մի դարձրու, արի պառկի, – քնաթաթախ արտաբերեց կինը և աչքերը փակեց։
– Չէ, չէ, լսի հլը։Սկսեց ինչ-որ արևելյան կլկլացնել։Զզվում եմ էս կլկլոցից։Ոնց որ հատուկ անի, գիտե՞ս: Հիմար, հիմար ծիտ։Արդեն լրիվ հիասթափվեցի քեզնից, կարող եմ վստահ ասել։
Դիմելով արդեն քնած կնոջը.
– Լսի, լսի ինչ ա անում։ Ախր շատ վատ ա մոտը ստացվում էս ռաբիզ ոճը։ Ծի, Ծի, ծլվլ, ծլվլը, ծըըըըըըըլլլլլլվլլլլ…… Է հետո? Տեսնում ես չի ստացվում մոտդ, ինչի՞ ես շարունակում, այ ախմախ ծիտ։ Այ սա էն շատ հանդիպող դեպքն ա, երբ սկսում են որակով երգեցողությամբ, հետո աուդիտորիան շատացնելու համար անցնում էժանագին ռաբիզի…. Ֆաք։
Տղամարդու տվայտանքներն ու մոնոլոգը շարունակվեցին մինչև……
ԳԻՇԵՐ 6
– Ժամը քանի՞սն ա, – անկողնում նստած՝ հարցրեց ամուսինը կնոջը, որն արդեն հանգիստ տեղավորվել էր վերմակի տակ։
– Ինձ արդեն թվում է, որ դու ոչ թե ուզում ես քնել, այլ մազոխիստի նման սպասում ես, թե երբ է այդ թռչունը սկսելու երգել, որ հետը մտնես մոնոլոգի մեջ։ Էդ ի՞նչ ելույթ էր գիշերը:
– Ի՞նչ էր որ:
– Ոնց որ դու չլինեիր։ Եթե քեզ չճանաչեի, կմտածեի հոգեկան խնդիրներով մեկն ա։
– Բա կգժվի մարդ էս ծտի ձեռքը։ Քանի՞սն ա:
– Մեկն անց 10 րոպե։
– Սենց չէր ուշացել։
– Քնի, քնի, փորձիր քնես։Ավելի լավ, որ դեռ չի սկսել։ This is total obsession darling, please….
10 րոպե անց։ Տղամարդը՝ ձայնի անհանգիստ ելևէջներով.
– Չի սկսում։ Հետաքրքիր ա` ինչ ա էղել:
Կինը, աչքերը արդեն փակ, բայց ձեռքով հոգատար շոյելով ամուսնուն.
– Լաաաավ էլի…. Քնի…. Քնի…. Մեղք ես, ջանիկ։
Ամուսինը.
– Տարօրինակ ա։
20 րոպե անց։ Կինը արդեն խաղաղ քնած էր, իսկ ամուսինը, աչքերը չռած ծառին, սպասման մեջ սկսեց մոնոլոգը.
– Չկա։ Հըմ….. Ապուշ թռչուն։ Հասկացար, որ արածդ հիմարություն էր, չէ՞: Ամեն ինչ գեղեցիկ ա իր ոճի և չափի մեջ։ Մարիա Կալլասը չէր լինի Մարիա Կալլասը, եթե չպահեր իր մակարդակը` ճիշտ օգտագործելով իր տաղանդը։Հանդիսատեսին նման ձևով չեն նվաճում, հիմար… հիմար… հիմար թռչուն։
Իսկ հնարավոր ա, որ արտաքինը էնքան անհաջող ա, որ ինքնագնահատականի կրիզիսից զոռը տվել ա երգին։ Իսկ Մարիա Կալլասը և գեղեցիկ ձայն ուներ, և արտաքին։ Սա երևի կարգին գեշն ա, որ չի ուզում երևա։ Էսքան ժամանակ ա երգում ա, բայց չենք տեսել։ Ասում են երգող թռչունները փոքր են և արտաքինով աչքի չեն ընկնում։ Աստված մի բան տալիս, մի բան վերցնում ա։
Տղամարդը խորը հոգոց հանեց, վիզը երկարացրեց, ուսումնասիրեց ծառը` թռչունին հայտնաբերելու մտադրությամբ, և շարունակեց երգող թռչնի դատափետող մոնոլոգը.
– Ի միջի այլոց, – շարունակեց նա դիմելով թռչունին, – Մարիա Կալլասն էլ անձնական կյանքում երջանիկ չէր, բայց մնաց որպես մեծ երգչուհի: Սա երևի այն աստիճանի դժբախտ ա, որ որոշել ա մեզնից դաժանորեն վրեժ լուծի `օգտագործելով իր երգեցողության արվեստը։Էն էլ ումի՞ց: Ինձնից, ով երևի թե միակ մարդն էր, որ անկեղծ հիացած էր իր երգեցողությամբ։
Դե, հիմա ըտենց սսկվի…. ախմախ, – արտաբերեց տղամարդը` շարունակելով ակնապիշ ուսումնասիրել ծառի սաղարթը։ Մի քիչ լռելուց հետո գլուխը կախ և ավելի մեղմ ձայնով շարունակեց.
– Բայց մեղքս գալիս ա, է, երբ պատկերացնում եմ, որ դժբախտ ա, մերժված ու միայնակ, և միակ մխիթարությունը երգն ա։ Լավ, հասկացանք, էլի թող երգի, բայց չափի մեջ։
Գլուխը բարձրացրեց և նորից որոնելով ծառի սաղարթի մեջ երգող թռչնին` շարունակեց.
– Մի փորձի փաթաթել քո դրաման մեր վզին։Կիսվիր մեզ հետ, բայց մի բարդի մեր վրա։Ես ուզում եմ քո երգից հաճույք ստանալ ու հանգիստ քնել, ուրիշ ոչինչ….. Բայց գիտես ինչ կասեմ քեզ, լսու՞մ ես:
Դիմելով քնած կնոջը, հրեց նրան, որ արթնանա ու շարունակեց.
– Լսու՞մ ես:
Կինը տագնապով վեր թռավ և արագ պատասխանեց՝ հասկանալով, որ ամուսինը մոնոլոգի մեջ է, և անհրաժեշտ է զգույշ լինել.
– Հա, քաղցր, լսում եմ, ի՞նչ ասեցիր:
– Ասում եմ՝ հանկարծ մտքիս եկավ, որ մարդը էգոիստ արարած ա և դաժան իր էությամբ։ Մեզ մեծ հաշվով շատ չեն հետաքրքրում ուրիշի դրաման, ապրումները, դժբախտությունը։ Մեզ ըստ էության շատ չի հուզում, թե ինչ գնով ա ծնվում այն, ինչ մեզ բավականություն ա պատճառում։ Մեզ համար կարևոր ա, որ մեզ մատուցեն зрелище.
Կինը ավելի ուշադիր սկսեց լսել, քանի որ մոնոլոգը վերածվում էր մտքի աշխատանքի.
– Մարդը իրեն բարձր է դասել կենդանական աշխարհից` պնդելով, որ նրանց չի տրված արվեստ ստեղծելու աստվածային առաքելությունը։Բայց արի ու տես` հայտնվում է մի ծիտ ու երգում ա էնքան հրապուրիչ և կատարյալ, որ մտածել է տալիս մեզ. իսկ մի՞թե սա արվեստ չի: Եվ ո՞վ ասաց, որ դա արվեստ չի:Արվեստ չի, քանի որ հասարակական պահանջարկ չկա կամ գնահատողների աուդիտորիա՞: Իսկ գուցէ՞ այդ մի բուռ մարմնով երգչին պետք չի ոչ աուդիտորիա և ոչ էլ գնահտող։ Նա երգում է, երբ ուզում է և այնքան, ինչքան որ պետք է ` իր բնական դաժանությամբ հաստատելու համար արվեստի այսպես ասած անիմաստությունը։ Այո, անիմաստությունը, որը արվեստի անկախությունն է որևէ գնահատականից և зрелища տեսնելու մարդկային հասարակության պահանջից։ Նա երգում է անկախ….
Խոսքը կիսատ մնաց, որովհետև այդ նույն պահին դրսից ներս հորդեցին ողջ դաժանությամբ երգչի ձայնի առաջին ելևէջները և այս անգամ արդեն բոլորովին նոր մեղեդայնությամբ։ Տղամարդը, ընդհատելով իր տեսական վերլուծությունը, որից ի միջի այլոց կինը շատ էր տպավորված` ի տարբերություն մինչ այդ հնչող բարբաջանքի, միանգամից վեր թռավ, արագ մոտեցավ պատուհանին, լայն ժպիտը դեմքին շուռ եկավ դեպի կինը, որի դեմքին նույնպես երջանիկ ժպիտ էր հայտնվել,և ուժգին ծափահարելով` համարյա գոռաց.
– Սկսվե՜ց․․․
