Ռուսերեն լեզվամտածողությունը հայերենում/Գեւորգ Տեր-Գաբրիելյան

«Իմ լեզուն» շարքից

Ա. Կարծր խոսքային ակտեր

Սովորաբար հանրային տիրույթում լեզվի «մաքրության» հարցը սահմանափակվում է բառ-օտարամուծությունների խնդրով. թույլատրելի են դրանք, թե ոչ: Պահպանողականները համարում են, որ ոչ, և պայքար սկսում դրանց դեմ, փորձում-առաջարկում թարգմանել բոլոր նոր բառերը, տերմինները, որ դրսից են գալիս, կամ նրանք, որոնց հայերեն համարժեքի փոխարեն հաճախ օտար լեզվովն է օգտագործվում (ռուսերենովը նախ և առաջ), հիշեցնել դրանց եղած, բայց քիչ օգտագործվող համարժեքները: Ես, որպես «առաջադիմական», «օտար» բառերը խնդրին այլ կերպ եմ մոտենում: Խոսել եմ այդ մասին: Ես շատ ավելի կարևոր խնդիր եմ համարում լեզվամտածողության հարցը. իսկ լեզվամտածողությունն առանձին բառերից այդքան էլ կախված չէ: Այն սովորաբար արտահայտվում է գոնե բառակապակցություններով, այն էլ՝ պոտենցիալ կամ ակտուալ կերպով ստորոգ կապակցություններով:

«Լեզվամտածողություն» տերմինը ոմանց կողմից համարվում է ոչ գիտական, որովհետև մտածողությունը համարվում է համամարդկային, համընդհանուր օրենքներին համապատասխան, իսկ լեզուն՝ զուտ դրա արտահայտման ձև: Ես համաձայն եմ այդ մոտեցմանը, միևնույն ժամանակ լեզուներն էդքան էլ ճկուն չեն, ունեն իրենց օրենքները, որոնք ոչ միշտ են նույնը տարբեր լեզուներում: Բացի քերականական ճիշտ ու սխալից, կա ոճապես ճիշտն ու սխալը, ընդունելին ու նյարդայնացնողը: Լեզուն անընդհատ զարգանում է, ինչպես հայտնի է, և շատ բաներ, որոնք անցյալում անընդունելի կհամարվեին, դառնում են ընդունելի: Եվ շատ այլ փոփոխություններ են տեղի ունենում:

Քանի որ (արևելա-) հայերենն արդեն առնվազն երկու դար ռուսերենի հետ սերտ շփման մեջ է, բնական է, որ ռուսերենն ազդել է այս լեզվի վրա: Եվ, չնայած մտքի օրենքները համամարդկային են, որոշ ազդեցություններ քերականորեն մերված են եղել կամ մերվել են և արդեն աննկատ են, որոշները՝ դեռևս նկատելի, որոշները խանգարում են միտքը ճիշտ ձևակերպելուն, որոշները՝ օգնում: 

Տարիներ շարունակ ես հավաքում եմ լեզվական այն դեպքերը, որոնք անվանում եմ «խոսքային կարծր անուղղակի ակտեր/գործողություններ» (ԿԱԽԱ – կարծր անուղղակի խոսքային ակտ): Կա նաև ԿՈՒԽԱ – կարծր ուղղակի խոսքային ակտ:

Ես դրանք քաղում եմ բանավոր ու գրավոր տեքստերից, թարգմանություններից (գեղարվեստական և ոչ գեղարվեստական տեքստերի), հանրային ելույթներից (տեսաելույթներից), կինեմատոգրաֆիկ արտադրանքի լեզվից, մասնավոր զրույցներից և ֆեյսբուքյան ստատուսներից:

Այդպիսի կոնստրուկտները որոշ դեպքերում (1) նույնանում են կանոնական քերականության մեջ «դարձվածք» կոչվածներին, նույնիսկ երբեմն «ասացվածքին» («լավություն արա, ջուրը գցիր»), «ասույթին» (հատկապես խոսքային արվեստից եկող՝ «Սա վերջն է առաջին սերիայի», «Ծերուկն անտանելի է դարձել», «Մառլեզոնյան բալետ» ևն) մոտ են: Իսկ որոշ դեպքերում (2) հայերեն կանոնական լեզվաբանության կողմից չեն էլ քննվել, քանի որ պատկանում են խոսակցական տիրույթին, իսկ հայերեն խոսակցականը շատ է թերքննված:

Առաջին դեպքից են, ասենք, «համենայն դեպս», «ձեռք մեկնել», «ձեռնոց նետել»: Էս դեպքերից հստակորեն խոսքային անուղղակի ակտ է «ձեռնոց նետել»-ը, քանի որ իր միավորների նշանակությունների «գումարը» տարբերվում է իր (պրագմատիկ) իմաստից՝ իմաստը փոխաբերական է: Խոսքային ակտերը, ուրեմն, լինում են ուղղակի և անուղղակի: Իհարկե, «համենայն դեպս»-ն էլ է անուղղակի, ոչ թե գրաբարյան քարացած ձև լինելու պատճառով, այլ որովհետև «ամեն դեպքում» կապակցությունը իր միավորների նշանակությունների «գումարից» տարբեր իմաստ ունի. նշանակում է «ինչ էլ լինի», «հաշվի առ բոլոր հնարավոր դեպքերը», «եթե հանկարծ իրադրությունը սպասվածի համեմատ այլ կերպ գնա՝ այս արարքը պետք կգա» կամ նման բան: Էդպես, էքսպլիկացիա՝ բացորոշում գործողությունը կատարելով, մենք բացատրում ենք խոսքային ակտերի անուղղակի իմաստը: «Ձեռք մեկնել»-ը կարող է օգտագործվել երկու իմաստով, որպես ուղղակի խոսքային ակտ՝ «Նա ձեռքը մեկնեց, որպեսզի ցույց տա հեռվի լույսը», կամ «Նա ձեռք մեկնեց»՝ հաշտության կամ բարևի նշանի իմաստով, ինչ դեպքում կրկին գործածվում է որպես խոսքային անուղղակի ակտ: 

Էդպես, բոլոր-բոլոր կարծր խոսքային ակտերը, եթե ունեն փոխաբերական նշանակություն, մետաֆորիկություն, էքսպլիկացիայի միջոցով դրանց իմաստը կարող է դուրս բերվել: ԿԱԽԱ-ները շատ-շատ են, մենք չենք էլ զգում սովորաբար, թե որքան հաճախ ենք դրանց հանդիպում մեր իսկ կամ ուրիշի խոսքում ու տեքստում: Դրանք այն բոլոր դեպքերն են, երբ կա մի կարծր արտահայտություն, որն ունի այլ իմաստ, քան իր կազմի մասերի բառացի «գումարային» ուղղակի իմաստը: Այն կարող է ձևափոխվել քերականորեն, բայց որոշակի կարծր սեմանտիկ իմաստ շարունակում է կրել ցանկացած փոխակերպման դեպքում:

2) Խոսակցականում դրանք իրոք շատ-շատ են, և դրանք չքննելը խնդիր է, քանի որ աղքատացնում է մեր պատկերացումը լեզվի հարստության վերաբերյալ: Խոսակցականը «գրականից» տարբերվում է, վայ թե, զուտ նրանով, որ ավելի քիչ է գրավոր կերպով արտահայտվել: Ասենք, «դուրս անել» նշանակում է վռնդել ինչ-որ տեղից, իսկ «դուրս տալ»՝ «դուրս տվեց», – պզուկների կամ ալերգիկ բշտիկների առաջացում մաշկի վրա (կարող է և նշանակել «բթլացրեց» – ասենք՝ մի բան ասաց, որ չպիտի ասեր. «անկապ-անկապ դուրս էր տալիս»): Բայց «դուրս անելը» գրական է ընկալվում (գուցե դպրոցում բազմիցս կրկնվելու պատճառով՝ «ուսուցիչն աշակերտին դասարանից դուրս արեց-վռնդեց»))) «դուրս տալը» (առաջին՝ պզուկների իմաստով)՝ ավելի խոսակցական, քանի որ քիչ է ֆիքսվել գրական տեքստերում – և դա ես ասում եմ ոչ թե վիճակագրության վրա հենվելով (հենվել ինչ-որ բանի վրա – основываться на чём-либо – ռուսերեն նույնն է), այլ՝ իմ փորձից ելնելով (ելնել ինչ-որ մեկի փորձից – исходить из чьего-либо опыта – ռուսերեն նույնն է): «Օրը գնաց», «էլ ուր», «չամչի գրավ», «ծծած մոնպաս», «մոմ ա (էսինչ բանը անելու համար)», «գյոռս չեմ տանելու» – էս բոլոր դեպքերն ավելի շատ խոսակցական տիրույթից են ու բոլորն անուղղակի կարծր խոսքային ակտեր են: 

Խոսքային կարծր ակտերը երբեմն դժվար ֆիքսելի են նաև, որովհետև որպես այդպիսին են հանդես գալիս միայն իրենց թեքված տարբերակով, կամ միայն որոշակի, հատուկ կոնտեքստներում: Օրինակ՝ «շատ ե՞մ հիշում» – այս ակտը գոյություն ունի միայն թեքված ձևերով և հարցական մոդուսով, «շատ հիշել» անորոշ և պատմողական ձևը այդ իմաստը չի արտահայտի: Նույնը՝ «թե չէ իմ պես» դեպքում – և շատ ու շատ այլ դեպքերում: Ինչպես տեսում ենք, խոսակցականում խոսքային կարծր անուղղակի ակտերը նաև ինտոնացիոն միջոցով են հավելյալ / անուղղակի իմաստ արտահայտում (ինչպես նաև այլ օրինաչափություններ ունեն, ասենք՝ սեղմված են, էլիպսիսներ են պարունակում և այլն):

Մի երկու խոսք էլ ասեմ ընդհանրապես «խոսքային ակտ» ձևակերպման մասին. իհարկե, ցանկացած խոսք միաժամանակ նաև խոսքային ակտ է, գործողություն: Ավարտուն խոսքը՝ երբ սկսվեց ու կանգ առավ, լինի նախադասություն թե կիսատ, «ոչ լրիվ» նախադասություն (դասական քերականության տեսակետից), նույնպես: Առանձին բառը՝ առանձին արտահայտված (էն որ ասում են ստորոգված կամ ակտուալիզացած), նույնպես: «Ես գնացի տուն» խոսքային ակտ է, ինչպես և «- Ու՞ր գնացիր: – Տուն» դիալոգում «տուն» բառը:

Բայց կան խոսքի հոսքի մեջ նաև այլ կարծրացած, ներդրված խոսքային ակտեր: Դրանք կարող են հանդես գալ ինչպես և որպես առանձին ակտուալիզացած խոսք, այնպես էլ ավելի մեծ խոսքային կառույցների մեջ ընդգրկված լինել: Հենց այդպիսիներն եմ ես անվանում ԿԱԽԱ և ԿՈՒԽԱ: Դրանց էությունն ավելի լավ հասկանալու համար երևի պիտի ներբերենք «վալենտականություն» երևույթը: Բառերը, ինչպես հայտնի է, ունեն վալենտականություն. դրանցից որոշները միմյանց կցվող են, որոշները՝ ոչ: Ասենք, «ես գնացի» դեպքում ստորոգված «գնացի» բայը «ես»-ին կցվող է, եթե լինի «ես գնացիր»՝ չի կցվի: Բայց դա՝ պարզ քերականական մակարդակում: Նույնն է, ասենք, կապերի հոլովառությունը: Դիտարկենք «Արի ինձ/իմ մոտ» արտահայտությունը: Տեսնում ենք, նախ, որ «եկ ինձ/իմ մոտ» (գուցե՝ արդեն) ավելի անհաճախ է օգտագործվում, հետո՝ որ «ինձ մոտ» քերականական «ճիշտ» ձևի մասերի միջև վալենտականությունը կարծես թուլանում է ժամանակակից լեզվում, իսկ «իմ մոտ» խոսակցականի ձևի վալենտականությունն ամրապնդվում (այս ձևը հաճախ «սխալ» կհամարեն» «դասական» կանոնների նվիրյալները, բայց այն սխալ չէ, պարզապես խոսակցական է, որ մտնում է գրավոր լեզվի մեջ որոշակի պատճառներով): Վալենտականությունների այդ փոփոխությունն էլ պատճառներ ունի, որոնք տվյալ դեպքում խոսակցականի վերսուս գրավոր-գրականի ֆունկցիոնալ հատկանիշների տարբերություններից են բխում:

Կա նաև իմաստային մակարդակի կցում, ասենք՝ «քարը վազեց» կապակցությունը տարօրինակ է, շատ-շատ փոխաբերական իմաստով կարող է օգտագործվել: Այսինքն «վազել» բառը խոսքի սովորական հոսքի պայմաններում «քար»-ին կցվելու վալենտականություն չունի: «Ես գնացի տուն» նորմալ է, «ես գնացի երկինք»՝ արտասովոր, «ես գնացի երկիր»՝ նույնպես արտասովոր, և որպեսզի հասկանալի իմաստ ձեռք բերի, գուցե լինի/դառնա «ես գնացի էրգիր»: Իսկ «ես գնացի խնձոր» արդեն լրիվ արտասովոր է: 

Կարծր խոսքային ակտերը հենց նրանք են, որոնց մասերն իրար կցվելու վալենտականություն ունեն կամ ձեռք են բերել, ինչպես, ասենք, «աստծո բարին», «կոկորդիլոսի արցունքներ», «մեծ մասամբ» կամ «դե՛ գնա՜, դե՛ գնա՜»: Նրանք խոսքում (բանավոր թե գրավոր) սկսել են հաճախ օգտագործվել, և այդ հաճախականության պատճառով (և այլ պատճառներով) ֆիքսվել են որպես կարծր օգտագործվող, անփոփոխ (բացի թեքվելուց, ինչը կարող է լինել երբեմն), և իմաստային առումով միասնաբար որոշակի իմաստներ են արտահայտում, եթե ուղիղ են՝ ուղիղ իմաստ («տարիներ անց»), եթե անուղղակի են՝ անուղղակի: Օրինակ՝ «տենց էլ/էդպես էլ/այդպես էլ պիտի լինի», «էդ էր պակաս» կամ «ուր մնաց (՝էսինչը, ասենք, բան հասկանա»): Նկատենք նաև, որ «ու՞ր մնաց»-ը կարող է նաև գրեթե ուղիղ իմաստով լրիվ ուրիշ բան նշանակել՝ «որտեղ է գտնվում հետ մնացած կամ ժամանակին չեկած X-ը» – ու տեսնում ենք, որ էքսպլիկացիայի ենթարկումը ցույց է տալիս, որ ուղիղ թվացող խոսքային ակտերը հաճախ ևս ունեն անուղղակիի իմաստային հատկանիշներ:

Այսպիսով, իմաստավոր միտքը կառուցվում է այն դեպքերում, երբ այն արտահայտող խոսքի կտորները միմյանց հետ կարող են կապվել շնորհիվ իրենց վալենտականության: Իհարկե, այստեղ սկսվում է խաղ, հիմնված այն բանի վրա, որ մարդու ուղեղն ի զորու է հավելյալ իմաստ փնտրել ու գտնել-վերագրել ուղիղ իմաստ չունեցող կառույցներում/-ին: «Գնացի խնձոր»-ը կարող է ընկալվել պարզապես որպես աբսուրդ (և դա էլ է իմաստավորման որոշակի տարբերակ) կամ որպես փոխաբերություն՝ որոշակի կոնտեքստում: Որպեսզի այս խոսքային ակտն այդպիսի իմաստ ձեռք բերի, մարդ պիտի երևակայի կոնտեքստ, որում այն աբսուրդից դուրս իմաստ ունի, օրինակ՝ «խնձորը» կարող է լինել տեղանուն (և կգրվեր մեծատառով այդ դեպքում մեծ մասամբ) կամ ինչ-որ (գուցե մանկական) խաղ, որտեղ կարելի է «գնալ» «խնձոր», «տանձ» կամ «խաղող»: 

Այսպիսով տեսնում ենք, որ էքսպլիկացիայի կարևոր տարբերակներից մեկը կոնտեքստի ընդլայնումն է՝ այնպիսի կոնտեքստների երևակայումը, որոնցում տվյալ խոսքային ակտն իմաստ է ձեռք բերում կամ օգտագործվում է:

Այսպիսով, կարծր խոսքային ակտերը խոսքային կառույցների այն ներդիրներն են խոսքի հոսքի մեջ, որոնք կազմավորվել են որոշակի կոնտեքստներում դրանց մասերի՝ միմյանց փոխլրացնող վալենտականության առկայության շնորհիվ և օգտագործվում են, որպեսզի այդ մասերի կցումներով միասնական ուղիղ կամ անուղղակի իմաստ արտահայտեն: Իհարկե, եթե մենք իրար կցված խոսքերի օգտագործման հաճախականության քարտեզ ունենայինք, գուցե պարզվեր, որ շատ կապակցություններ, որոնք մեզ չեն էլ թվում կարծր, իրականում կարծր են կամ դրան մոտ, ասենք՝ «գնացի տուն» գուցե նույնքան հաճախ է ասվել/գրվել կամ նույնիսկ ավելի հաճախ, քան «ռադդ քաշիր»: Բայց առայժմ ես ֆիքսվում եմ այն դեպքերի վրա, որոնք ընկալում եմ որպես ԿԱԽԱ կամ ԿՈՒԽԱ, և այս հետազոտությունում՝ նախ և առաջ ԿԱԽԱ-ների վրա: 

Դրանք, ինչպես հասկացանք, այն դեպքերն են, որոնք «ուղիղ» իմաստով չեն օգտագործվում: Պետք է այստեղ նաև պարզաբանել «ուղիղ» և «անուղղակի» իմաստները: Լեզվում ոչինչ չկա «ուղիղ» իմաստով, որովհետև երբ ասում ենք «սեղան»՝ իրական որևէ սեղանի հետ գործ չունենք, բայց նշում ենք որևէ սեղան կամ դրանց գաղափարը (այն էլ պետք է տարբերել, հո հանկարծ երկրաչափական ֆիգուրը չէ, որ այս դեպքում նկատի ունենք), և սեղան»-ը նշանակում (ինչ-որ) սեղան: Այսինքն չենք վերցնում իրական սեղանը խոսք ասելու համար, նույնիսկ նրա նկարը կամ սխեման (ինչը հատուկ է իկոնիկ նշաններին): Նույնիսկ ցույց էլ չենք տալիս «տվյալ» սեղանը, ինչը, երբ տեղի է ունենում, ամենաիրական հղումն է, բայց ցույց տալու ժեստն է այս դեպքում նշանը, և էլի չի համընկնում իրական սեղանին: Այսինքն երբ ասում ենք «ուղիղ իմաստ»՝ նկատի ունենք, որ տվյալ նշանը մեր իմացածով ամենահաճախ կերպով հենց սա է նշանակում, այլ կերպ ասած՝ նկատի ունենք աշխարհի որևէ բանի ռեֆերենցիալ իմաստը: Նույնը ԿԱԽԱ-ների դեպքում, ուղղակի այս դեպքում ոչ թե մեկ բառի հետ գործ ունենք, այլ արտահայտության՝ բառերի համակցության («հետադարձ կապ»): «Անցյալ տարի» նշանակում է տվյալ տարուց մեկ տարի առաջ, իսկ թե կոնկրետ երբ՝ չի ասում, եթե հավելյալ պարզաբանում չկա: Սա էլ ունի անուղղակի իմաստ, բայց շատ ավելի թեթև, քան, ասենք, «արյունոտ տարի» կամ «կերած խմած տեսք ուներ» արտահայտությունները: 

Անուղղակի են, ուրեմն, խոսքային այն բոլոր կարծր՝ բավական հաճախ կրկնվող ակտերը, որոնք փոխաբերական, մետաֆորիկ իմաստ ունեն և հենց այդ իմաստով են հաճախ հանդիպում խոսքի մեջ: Սրանք, քանի որ կրկնվող արտահայտություններ են, տարբերվում են հեղինակային մետաֆորից, որը քիչ հանդիպող երկու իմաստների միավորում է՝ ուղղակի իմաստով խոսքային ինչ-որ բաներ միավորելով՝ արտահայտել այլ իմաստ, սակայն՝ քիչ հանդիպող կամ ընդհանրապես մինչ այժմ չհանդիպած, բայց՝ հաղորդակցին հասկանալի: Պոետիկ մետաֆորներն այդ շարքից են, դրա համար էլ տարբերակում են «թարմ մետաֆոր» (ասենք՝ «էմալե պրոֆիլ», «մեկը բախում է դռներն անցածի» – քիչ հանդիպած կամ երբևէ դեռևս ստեղծողին մինչև ստեղծելը և առաջին հաղորդակիցներին չհանդիպած) և «ոչ (շատ) թարմ մետաֆոր» («կարմիր ծաղիկ»՝ կրակի փոխարեն): Եթե այդ մետաֆորները սկսում են շատ, հաճախակի օգտագործվել, դառնում են կարծր, այսինքն ԿԱԽԱ, ինչպես, օրինակ, «արյունոտ կիրակի» կամ հենց նույն «կարմիր ծաղիկ»-ը: Կարելի է ասել, որ մետաֆորը համեմատության սեղմում է՝ հապլոլոգիայի պես մի բան, որի ուղիղ իմաստի և անուղղակի իմաստի բախումից ու միավորումից, ինչպես նաև ուղիղ իմաստը բաց թողնելու միջոցով, այն ձեռք է բերում հավելյալ իմաստային լիցք, պատկերավորություն: Նույնն էլ ԿԱԽԱ-ներն են, պարզապես քանի որ դրանք հաճախակի են օգտագործվում խոսքում՝ արդեն լեզվաբանական երևույթ են, ոչ թե զուտ հեղինակային մետաֆորիկ ոճի առանձին դեպք:

Եթե կա «կարծր», ուրեմն կա «փափուկ»: Բնականաբար, փափուկ պիտի անվանենք խոսքային այն բոլոր արտահայտությունները-կոնստրուկտները-ակտերը, որոնք հաճախ չեն պատահում և կամ հատուկ են միայն որևէ տվյալ տեքստին, այն էլ՝ եզակի դեպքում կամ հազվադեպ են օգտագործվում, ամեն անգամ նորի տպավորություն թողնելով: Բնականաբար, այդպիսին են հեղինակային մետաֆորները: Իհարկե, ամենափափուկը կլինի աբսուրդը կամ հորինովի բառը, ասենք՝ դիպվածաբանությունը, պայմանով, որ չի յուրացվում լեզվի ընթացքի մեջ այնպես, որ սկսում է հաճախ կրկնվել: Բայց արդյոք այնպիսի արտահայտությունները, ինչպես «ես գնացի տուն», որոնց առանձին կոմպոնենտների հաջորդական ռեֆերենցիալ իմաստների շարահյուսքի «գումարից» է առաջանում վերջնական իմաստը, նույնիսկ եթե հաճախակի են, փափուկ խոսքային ակտ են թե ոչ, պետք է հավելյալ քննարկել: Հաշվի առնենք, որ իմաստային դարանը միշտ հնարավոր է. վերը բերված օրինակում «գնացի»-ն կարող է նշանակել ինտենցիայի՝ նպատակադրման հայտարարություն (անցյալով արտահայտված ապագա), և այդ դեպքում, իհարկե, դա ԿԱԽԱ է և փափուկ չէ: Բայց եթե պատմում է այն, ինչ եղավ, բայց հաճախ է հանդիպում, արդյո՞ք, այնուամենայնիվ, փափուկ է: Այդ քննարկումը թողնենք ապագային, միայն նշենք, որ վերը գրածս նախադասությունը՝ «Բնականաբար, այդպիսին են հեղինակային մետաֆորները», օրինակ, կարծես կարող է փափուկ համարվել, թեև «հեղինակային մետաֆոր»՝ մասնագիտական գրականության մեջ տարածված արտահայտությունն, իհարկե, կարծրոտ է (և ցույց է տալիս հենց այն ածականացումը, որ հպանցիկ նշում եմ նաև ստորև՝ «մետաֆոր, որը հեղինակն է «հայտնագործել»» արտահայտության կարճումը), և «բնականաբար, այդպիսին է…» արտահայտությունը նույնպես բավական հաճախ է հանդիպում աշխարհում, ինչպես նաև «այդպիսին է X-ը» արտահայտությունը: Սրանց կոմպոնենտների վալենտականությունները թույլ են տալիս, որ իրենք հաճախ կցված հանդիպեն կամ այլ կերպ ասած՝ որքան որ պետք լինի իրենց գործածել՝ գործածվեն, բայց երեքով միասին բնավ հաճախակի չեն: 

ԿԱԽԱ-ների քննարկումը շարունակելով, այս աշխատանքի սկզբում ես ուզում եմ հատուկ կանգ առնել հենց էն դեպքերի վրա (կանգ առնել դեպքերի վրա – остановиться на тех случаях/примерах – ռուսերենի հետ նույնական), որոնք կա՛մ նույնաձև-նույնիմաստ են ռուսերենում ու հայերենում (երբեմն նաև իմ իմացած այլ լեզուներից մեկում, ասենք՝ անգլերենում), կա՛մ ռուսերենին ավելի հատուկ են, բայց թափանցել են հայերեն: Իհարկե, քանի որ ԿԱԽԱ-ները շատ-շատ են, ներառյալ հենց իմ քննարկելիք, ես հավակնություն չունեմ բոլոր դեպքերը ներկայացնել, այլ միայն նրանք, որոնք տարիների ընթացքում հավաքել եմ: 

Վերն արդեն երեք օրինակ բերեցի պարզապես իմ գրելու ինքնաբուխ ընթացքից առաջացած. «հենվել ինչ-որ բանի վրա» (опираться на что-либо), «ելնել ինչ-որ բանից» (исходить из чего-либо), «կանգ առնել որոշակի դեպքերի վրա» (остановиться на определённых случаях): Նույն դեպքից է «ուշադրություն դարձնել» (обратить внимание), «խնդիր դնել առջևը» (поставить перед собой задачу), «նա իր բարձրության վրա է» (он на высоте): Տեսնում ենք, որ որոշ դեպքեր ավելի քիչ են ոճական կնճիռ առաջացնում, քան այլ դեպքերը: Ասենք, առաջին չորս օրինակն ավելի ընդունելի են թվում, քան վերջին երկուսը: Ավելին, «ուշադրություն դարձնելը» թեև նույնությամբ չի արտահայտվում անգլերենում, բայց համապատասխան ու մոտիկ դարձվածք-խոսքային ակտ կա այդ լեզվում էլ՝ to pay attention: Մյուս դեպքերում էլ՝ to rely on, to stem from the fact: «Կանգ առնելու» դեպքում ավելի շուտ կասեին-կգրեին to focus on – կենտրոնանալ (ես վերը գրեցի «ֆիքսվել»): Այսպիսով, մենք տեսնում ենք, որ գրականում լրիվ ընդունելի և, երևի, գիտական, հանրամատչելի ու մեդիական տեքստերում բազմիցս օգտագործված կառույցները ռուսերենում ու հայերենում իրար ավելի մոտիկ են, բայց դրանց համապատասխանները կան նաև անգլերենում և, համոզված եմ, այլ լեզուներում: Սա ոչ գեղարվեստական գրավոր գրական լեզվում օգտագործվող ու օգտագործելի կառույցների՝ միջազգայնորեն տարածման արդյունք է, ըստ երևույթին: Տարբերությունները հենց արտահայտում են խոսքի տարբեր կտորների վալենտականությունը – անգլերեն ուշադրությունը «մուծում» -են, հայերեն ու ռուսերեն՝ դարձնում (ռուսերենում՝ դեպի – на, իսկ հայերենում դրա կարիքն էլ չկա՝ հոլով է պահանջում):

Այսպիսով, մենք զգում ենք տարբերակումն այն դեպքերի, որոնք այլևս ոճապես հայերեն լեզվամտածողությանն անհարիր չեն ընկալվում, և նրանց, որոնք ավելի անսովոր են թվում և նույնիսկ կարող են հումոր առաջացնել, որովհետև նրանց՝ ռուսերենից եկած լինելը զգացվում է, ինչպես «դե, դու տալիս ես» (ну, ты даёшь) տիպի արտահայտություններում, որոնք հաճախ էին պատահում խորհրդային ժամանակներից հայերեն դուբլյաժ արած ֆիլմերում:

Բ. (Խոսքի մաս) կապերի խնդիրն ու ԿԱԽԱ-ները

Ոճապես հայերենում եթե ոչ լրիվ ընդունված-ընդունելի, բայց շատ տարածված դեպքերից են ռուսերենից վերցված արտահայտությունները, որոնցում առկա է կապերի գործածություն: Սկզբի համար (для начала) դիտարկենք «համար» կապով դեպքերը:

1. «Համար» կապը

Օրինակ, «շնորհակալություն ուշադրության համար», «իմ (ինձ) համար դա լրիվ ընդունելի է», «Սևանի համար ճակատագրական ժողով», «գեղեցիկն իրենց համար կատեգորիա չէ», «ձեզ, սիրելի վետերաններ, ցածր խոնարհում ենք ձեր սխրանքի համար» (այստեղ բացի «համար»-ից նաև լրիվ ռուսերեն է «ձեզ խոնարհելը» – պիտի լիներ «ձեր առջև խոնարհվում ենք», որ նորմալ հնչեր), «թռչնակի համար» (для птички), «ինձ համար էլ աննկատ» (незаметно для себя), «ինձ համար միևնույն է/մեկ է» (мне всё равно), «ինչի՞ համար մերսի» (за что спасибо?), «հինգ երնեկ Ձեզ համար՝ (էսինչ) մասնաճյուղում», «Դրա համար չէ, որ մենք նրան սիրում ենք» (мы его/её не за это любим), «տեսնենք քեզ/քո համար ինչ կարող ենք անել» (посмотрим, что можем сделать для тебя): Եվ հակառակը. երբ հայերեն համար-ը կարող էր լինել՝ «մեղադրել էսինչ բանի մեջ»: 

Մենք տեսնում ենք, որ կան մի շարք խնդիրներ. հայերեն «համար»-ը դեպի ապագան է ուղղված՝ նպատակի պարագա է ստեղծում, մինչդեռ ռուսերեն մի շարք դեպքերի համար կարելի է օգտագործել за (спасибо за внимание), ոչ թե для, և для-ն էլ օգտագործելի է ինչպես նպատակի-ապագայի, այնպես էլ անցյալի-պատկանելության համար. «գեղեցիկն իրենց համար կատեգորիա չէ» (արդեն, հիմա) – прекрасное для них не является категорией: Ուրիշ դեպքերում՝ «նրանց համար դա պրոբլեմ չէ» (для них это не проблема), «քո համար ինչ կարող եմ անել» – ապագային-նպատակին ուղղվածությունը պահպանվում է («Ինչ կարող եմ անել, որ/որպեսզի քեզ (համար) լավ լինի» – էլիպսիս է): Տեսնում ենք նաև էլի հումորային ընդգծվածություն՝ ոճականացում, ինչպես, օրինակ՝ «թռչնակի համար»: Այստեղ հենց ռուսերենից եկած լինելը, ռուսերենի կալկան ընդգծում է արվողի բյուրոկրատական, տուֆտա, ֆընդըխ գործունեություն լինելը:

Իսկ հնարավո՞ր է արդյոք այն դեպքերը, երբ նպատակի պարագա ստեղծող կապն օգտագործվում է որպես պատճառի պարագա (ինչպես «շնորհակալություն ուշադրության համար»), ավելի «հայերենացնել». պիտի ասենք «շնորհակալ եմ/ենք, որ ուշադրություն ընծայեցիք» կամ պարզապես՝ «շնորհակալ եմ/ենք, շնորհակալություն»: Այստեղ մենք հանդիպում ենք հայերեն լեզվամտածողության այն դժվարամատչ հատկանիշին, որ այն ի սկզբանե գերադասում է ոչ թե բայից ածական դարձող լրացումների կուտակումներ, այլ առանձին նախադասական մոտեցումներ. «շնորհակալություն, քանի որ դուք ուշադրություն եք ընծայել, քանի որ ձեր ուշադրությունը նվիրել եք/նվիրեցիք»: Նաև՝ այն գերադասում է առանձին արմատական խոսքային ակտեր, քան թե հավելյալ բացատրություններ. «շնորհակալություն» և վերջ. կոնտեքստից պարզ է, որ ոչ թե կոշիկիս քուղերը կապելու համար այլ՝ միջոցառմանը գալու, մասնակցելու, ներկա լինելու, ուշադրություն պարգևելու ևն:

Այդ՝ կոնտեքստի «քերականական» մանրամասնումը որպես հայերեն խորքային լեզվամտածողությանն անհարիր իրողություն տեսնում ենք նաև «մոտ» կապի դեպքում. «իմ/ինձ մոտ ստացվեց» (у меня получилось): Կարելի է ասել պարզապես «ստացվեց» կամ՝ «ես կարողացա» ևն: 

Սակայն այս դեպքերը՝ համար-ով և մոտ-ով (և շատ այլ դեպքեր – տես վերը և ստորև), այնքան են տարածվել, որ այլևս շատ դեպքերում գրեթե չեն ընկալվում որպես հայերեն լեզվամտածողությանն անհարիր (во многих случаях не воспринимаются как…): Նկատենք նաև, որ անգլերեն for կապն ունի ռուսերենի для և за իմաստները, և՛ ապագային է ուղղված, և՛ անցյալին, այսինքն անգլերեն thank you for your attention կնճիռ չի առաջացնում, – տենդենց, որին էլ հետևում է հայերենը, ըստ երևույթին: 

2. «Մոտ կապը

Բերենք «մոտ» կապով մի քանի այլ օրինակ էլ. «ժողովրդի մոտ պիտի զարգացած լինի հպարտության զգացումը», «պարոն Իսրայելյանի մոտ ամեն ինչ կարգին է», «նրա մոտ պսակաժահր հայտնաբերվեց»: Այսպիսի դեպքերը, ի տարբերություն «տան մոտ» կամ «մեզ/մեր մոտ հյուրեր են եկել» դեպքերի, ձգում, ընդլայնում են «մոտ» կապի սովորական իմաստային տիրույթը, ստիպելով, որ այն օգտագործվի իր ուղղակի իմաստից շատ հեռվացող իմաստով: Առաջին դեպքում այդ կապը գուցե ընդհանրապես պետք չէ. «Պետք է զարգացնել ժողովրդի հպարտության զգացումը»: Երկրորդ դեպքի է՛լ ավելի ոչ-հայերեն լեզվամտածողության տարբերակ էլ է պատահում՝ «հետ» կապով. ««պարոն Իսրայելյանի հետ ամեն ինչ կարգին է» (с ним всё в порядке): Ուշադրություն դարձնենք, որ բացի հետ-ից «ամեն ինչ կարգին է» արտահայտությունը, որ, թվում է, լրիվ մերված է հայերենին, նույնպես ռուերենի հետ ուժեղ զուգահեռ է. «всё в порядке»: (Այստեղ հենց «ամեն ինչն»-ն է հայերեն լեզվամտածողությանը ոչ այնքան հարիր գուցե, որովհետև չափազանցված ընդհանրացում է: Այդ պահը, որ ռուսերենում էլ, անգլերենում էլ հաճախ չափազանցված ընդհանրացում է օգտագործվում (всё, ничто, ничего, everything, nothing), ինչը հայերենին շատ հարազատ չի թվում, գուցե առանձին քննարկման կարիք ունի: Այստեղ դա շատ չենք քննարկի, բայց նշենք, որ ничего не ясно – «ոչ մի բանը պարզ չէ» կամ «ոչինչ պարզ չէ» արտահայտության փոխարեն գուցե իմաստ ունի ասել «Այսինչ բանը պարզ չէ, հասկանալի չէ, նա չէր հասկանում…» ևն):

Նույնը կա նաև անգլերենում. Everything is OK, թեև այս լեզվով այդ «ամեն ինչը» չես մասնավորեցնի, ասելով, որ հենց ինչ-որ մեկի «մոտ» կամ «հետ»: Կասես «նրա համար». for him/her everything is OK, և նույնիսկ դա տարօրինակ կհնչի, քանի որ այդ արտահայտությունը, ինչպես նաև զուգահեռ շատ այլ (all is fine), ավելի շուտ պատասխան ռեպլիկ է: For him/her everything is always/usually OK – միակ իմաստայնացող տարբերակն է, որտեղ in his/her opinion բացված ձևը կարճացվել է: Եվ այստեղ «նրա» կարծիքն է, ոչ թե «նրա» վիճակի բնութագրում: Որպեսզի հայերենում ոճի այդ օտարոտությունից խուսափեինք, պիտի ասենք «պարոն Իսրայելյանը (ոչ մի) խնդիր չունի» կամ նման մի բան: «Իմ/ինձ մոտ չի ստացվում» (у меня не получается) – ավելի լավ կլիներ ասել պարզապես «չի ստացվում» կամ «ես չեմ կարողանում»: 

Արտահայտության այս երկարացումը, գուցե, բացատրվում է նաև խոսակցական լեզվի ընդլայնմամբ. հայտնի է, որ խոսելու արագության պատճառով միտքն ավելի լավ ու ճիշտ դասավորելու համար խոսակցականում մարդիկ հաճախ օգտագործում են հավելյալ բառեր, որոնց կարիքը չկա գրական-գրավորում, ասենք՝ «նմանատիպ» պարզապես «նման»-ի փոխարեն, «մարդը դա բանական էակ է» «մարդը բանական էակ է»-ի փոխարեն, «որպեսզի» «որ»-ի փոխարեն և այլն: Ընդհանրապես, այդ երկու մեխանիզմները՝ խոսքի ընդլայնումը և միևնույն ժամանակ սեղմումը նույնի գրավոր-գրական տարբերակի համեմատ, բանավոր խոսակցականի գլխավոր հատկանիշներից են: Ընդլայնումը տեղի է ունենում և՛ միտքը վազող խոսքի հետևից դասավորել հասցնելու կարիքից, և՛ ավելի հասկանալի լինելու նպատակադրումից – որ լսողին ժամանակ տաս՝ հասկանա: Գուցեև կրկնվի միտքդ այնպես, որ լսողը հնարավորություն ունենա այն ամբողջությամբ ըմբռնելու – և դա՝ մտքի կրկնությունը, այն հավելյալ իմաստային մասնիկներով զինելը ևն, նաև թվում է հավելյալ կերպով համոզիչ լինելու/դառնալու միջոց: Եվ «ամեն ինչ», «ոչ մի բան» չափազանցված ընդհանրացումների չարաշահումը գուցե նույնպես ավելի համոզիչ հնչելու նպատակադրումից է գալիս: 

3. «Հետ» կապը

Նույնպիսի խնդիր ենք տեսնում «հետ» կապի օգտագործման դեպքում.

«Ինձ ջերմ հուշեր են կապում էսինչի հետ» – тёплые воспоминания связывают меня с таким-то:

«Հաշվի նստել ինչ-որ բանի հետ» – считаться с чем-то:

«Նրա հետ դա քիչ է պատահում» – с ним это нечасто случается:

«Նրանց հետ բան է պատահում» – с ними что-то случается:

«Այստեղ ես նրա հետ համաձայն եմ։ Ինչ ճիշտ է, ճիշտ է» – тут я с ним/с ней согласен. Что верно, то верно:

«Խառնել էսինչ բանը էսինչ բանի հետ» – перепутать что-то с чем-то:

«Ես խնդիրներ ունեմ ինքնագնահատականի հետ…» – у меня проблемы с самооценкой:

«Քեզ հետ ամեն ինչ պարզ է» – с тобой всё ясно:

«Նրա հետ հեշտ չի/չէ» – с ним нелегко:

 «Ես ընկա նրա հետ (նույն թիմ)» – я попал/а с ним (в одну команду):

«Հասկանալու հետ խնդիրներ ունի» – у него проблемы с пониманием:

«Մենք քեզ հետ ուր, նրանք՝ ուր» – где мы с тобой, а где – они: Թեև այստեղ իմաստով ավելի շուտ նշանակում է «մենք ով, նրանք՝ ով» – кто мы, а кто они: Եթե «քեզ հետ»-ը չլինի, սա մաքուր հենց հայերեն լեզվամտածողությանը համապատասխանող՝ անուղղակի կարծր ակտի օրինակ է, որտեղ «ուր» բառը փոխաբերական իմաստ ունի, «ով» բառի իմաստը փոխաբերում է, ըստ երևույթին, սոցիալական հիերարխիայում դիրքով (կամ ընդհանուր իմաստային ոլորտի ներսում իրարից հեռու լինելու հանգամանքով):

«Մենք քեզ հետ աշխարհը շուռ կտանք» – мы с тобой перевернём весь мир:

«Այդ փաստի հետ հնարավոր չէ ոչինչ անել» – с этим фактом ничего невозможно поделать:

«Ծովաբողկը նրանց հետ» – хрен с ними:

«Ինչի հետ են դա ուտում» – с чем это едят:

Տեսնում ենք նույն տենդենցը, ինչ նախորդ դեպքերում. վերջին երկու օրինակը հումորային են, հատկապես «ծովաբողկը», հուսով եմ՝ նաև «ուտելը», և հումորի համար հատուկ ընդգծում են ռուսերենից կալկա լինելու հանգամանքը: Հաճախ «ես և դու/նա» կապակցության փոխարեն օգտագործվում է «ես քեզ հետ», «մենք քեզ հետ», «ես նրա հետ»: Կան դեպքեր, երբ «հետ»-ի օգտագործումը, թեև զուգահեռված ռուսերենում եղած նույն շաբլոնին, հայերենին լրիվ մերված կընկալվեր, եթե չլիներ հավելյալ հանգամանք, երբ ռուսերեն լեզվամտածողության ազդեցություն է գգացվում, ասենք՝ «խառնելը» «շփոթելու» փոխարեն: Կամ «այսինչ բանը հաշվի առնել»-ում «առնելը» փոխարինվում է «նստել»-ով, ինչը լրիվ հայերեն պատկերավոր զարգացում է, բայց արդյունքում արդեն թելադրում է «հետ»-ը, որովհետև էսինչ բան-ին չես նստի, կամ լրիվ այլ իմաստ կստացվի: Նույնիսկ, թվում է, լրիվ ընդունելի «Աշխատել բնօրինակի հետ» – работать с оригиналом ձևն էլի խնդրահարույց է, որովհետև հետ-ը կարծես բնօրինակին կենդանացնի, և սուբյեկտն ու բնօրինակը միասին աշխատելիս լինեն: Նկատենք, որ «վրա» դեպքն էլ խնդրահարույց կլիներ նույն պատճառով՝ ուղղակի իմաստի՝ անուղղակի իմաստին խառնվելու: Կդիտարկենք «վրա» դեպքերը ստորև: «Դասական» դեպքերից է «Ես խնդիրներ ունեմ ինքնագնահատականի հետ» – у меня проблемы с самооценкой (լավ է, որ չի ասում «իմ մոտ խնդիրներ կան ինքնագնահատականի հետ»): Այստեղ խնդիրն այն է, որ այս կալկան արտահայտում է միտք, որը կարծես ամենահեշտն ու կարճն է հենց այդպես արտահայտել: Այլապես պետք է ասել «Ես ինքս իմ ինքնագնահատականը ավելի ցածր եմ համարում, քան, երևի, պիտի»: Նույնպիսի խնդիր են ներկայացնում երկու այլ «դասական» դեպքերը. «Քեզ հետ ամեն ինչ պարզ է» – с тобой всё ясно, և «Նրա հետ հեշտ չի/չէ» – с ним нелегко: Առաջինն ընդհանրապես բավական դժվար կլիներ հայերեն արտահայտել. «Իմ կարծիքով, ես հասկացա, դու ինչ նկատի ունես, որից հետևություն եմ անում, որ դա քո ընդհանրական հատկանիշն է՝ այդպես սխալ մեկնաբանելն էսինչ բանը, ուրեմն և՝ «խաչ եմ քաշում» քո վրա, բայց ոչ շատ վերջնական»: Երկրորդի դեպքն ավելի հեշտ է (լուծվում), ասենք՝ «Նա դժվար մարդ է»: 

Վերջին երեք դեպքերում, գուցեև այլ, տեսնում ենք հետևյալը. որպեսզի ինչ-որ միտքը կարճ ասվի, օգտագործվում է ռուսերեն կալկան, և, չնայած հայերեն լեզվամտածողությանը խորթ կառույցներ են ստեղծվում և շրջանառվում, դրանք պատկերավորություն են պարունակում հենց որովհետև խոսքային անուղղակի և ոչ թե ուղղակի կարծր գործողություն են: Կմտնե՞ն արդյոք դրանք հայերեն ոճի մեջ լրիվ, առանց հարց առաջացնելու – հարց է առայժմ:

Իսկ «Նրա հետ դա քիչ է պատահում» – с ним это нечасто случается և «Նրանց հետ բան է պատահում» – с ними что-то случается դեպքերում, թվում է, պարզապես կարելի էր հետ կապը հանել, և ընդունելի կլիներ: Ճիշտ է, առաջին դեպքում՝ «Նրան դա քիչ է պատահում», էլի կմնար անսովորություն: Հայերեն լեզվամտածողությունը կպահանջեր կրկնություն. թեև նախորդից հայտնի է, «դա»-ն ինչ է, բայց զտարյուն հայերենը կասեր «Քիչ է պատահում, որ նա (այսինչ բանն անի, այսինչ վիճակում հայտնվի ևն…)», կկրկներ եղելությունը: Նկատենք նաև զտարյուն հայերենի ներկայությունն այս արտահայտություններում. քիչ է պատահում-ը ռուսերեն չի ասվի «мало случается», միայն՝ нечасто (էլի՝ վալենտականության դրսևորում), և что-то случается-ի հայերենում ասվել է «բան», ոչ թե «ինչ-որ բան», ինչը ողջունելի է))

Լինում են ավելի տհաճ դեպքեր, երբ առաջին նախադասությունը հնչում է «Նրա հետ քիչ էր պատահում, որ նա…», այսինքն կրկնադիր «նրա հետ»-«նա»-ն, լինելով օտար, նաև պահպանվում է:

4. «Վրա» կապը

Դիտարկենք «վրա» կապով դեպքերը.

«Նա իր բարձրության վրա է» – он на высоте: 

«Նրանք մակարդակի վրա են» – они находятся на (необходимом) уровне:

«Հանդիսատեսի վրա դողում է» – дрожит над зрителем:

«Այդ պարտականությունը վերցրել եմ ինձ վրա» – я взял эту обязанность на себя:

«Իմ/ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը» – беру ответственность на себя:

«Ինչի վրա եք աշխատում այժմ» – над чем работаете:

«Նրանք աշխատում են նոր շարժիչի վրա»  – работают над новым двигателем:

«Աշխատում են (էսինչ մարդու) վրա» – работают на (такого-то человека):

«Աշխատել իր վրա» – работать над собой:

«Թանկ է նստում բիզնեսի վրա» – дорого обходится бизнесу:

«Նստել դիետայի վրա» – сесть на диету:

«Ինձ բռնեցի էն մտքի վրա» – поймал себя на мысли:

«Դրա վրա կանգնած եմ» – на том стою:

«Բնությունը քո վրա չի հանգստացել» – природа на тебе не отдыхала:

Տեսնում ենք նույն պատկերը, ինչ նախորդ դեպքերում: Վերջին երկու օրինակը, իմ կարծիքով, զավեշտի նպատակով են գործածվել, այսինքն օգտագործողը հասկանում է, որ ռուսերեն ԿԱԽԱ-ն է բառացի թարգմանում: Բայց բոլոր դեպքերը հայերեն լեզվամտածողությանն օտարոտի են: Իհարկե, կարող եք ասել՝ ոչ թե պարզապես «վրա» կապի «սխալ» օգտագործման պատճառով, այլ որովհետև ռուսերեն արտահայտությունների կալկա են: Տեսնում ենք նաև ռուսերեն на և над կապերի՝ նույն վրա-ով արտահայտվելու պատճառով առաջացող հավելյալ շփոթ: Նկատենք, որ եթե հայերենում չգտնվեն նույնքան պատկերավոր համարժեքներ, այս արտահայտությունների մեծ մասի իմաստը հայերեն նորմալ ոճով արտահայտելու համար անհրաժեշտ է, կրկին, կատարել էքսպլիկացիա, քանի որ նրանց սեղմ իմաստը, որ նրանց պատկերավորություն է հաղորդում բնալեզվում, հաճախ հեշտությամբ չի վերարտադրվում: «Նա իր բարձրության վրա է» – он на высоте – «այս իրադրության մեջ (թե ո՛ր, կոնտեքստը պիտի բացատրի) նա հերթական անգամ արտահայտում է իր լավագույն հատկանիշները (թե ո՛ր, կոնտեքստը պիտի բացատրի)»: Նույնը՝ «մակարդակի վրա» – на уровне դեպքում: «Հանդիսատեսի վրա դողում է» – дрожит над зрителем – «նա շատ կարևոր է համարում հանդիսատեսի ներկայությունը, ռեակցիան» ևն: «Այդ պարտականությունը վերցրել եմ ինձ վրա» – я взял эту обязанность на себя – «ես դա կանեմ»: «Իմ/ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը» – беру ответственность на себя – «ես պատասխանատու եմ այդ հարցում», «ե՛ս եմ կրում պատասխանատվությունը», «մի՛ երկնչեք, արե՛ք իմ ասածը», «եթե հարց լինի՝ ե՛ս կլինեմ պատասխանատուն»: Եվ այլն:

5. «Մեջ» կապը

Այժմ դիտարկենք «մեջ» կապը:

«Ամբողջովին իր ծրագրի մեջ է» – полностью в своём проекте:

«Մորաքույրերի տնտեսության մեջ ոչինչ անտեղի չէր գործում» – ничто не работало впустую (не пропадало) в хозяйстве тётушек:

«Դրա մեջ ի՛նչ զարմանալու բան կա» – что в этом (тут) удивительного:

«Ընկնում է ստուպորի մեջ» – попал в ступор:

«Մտնել դրության մեջ» – войти в положение:

«Բռն(ե)ցրել են պլագիատի մեջ» – поймали на плагиате:

«Մեղադրել էսինչ բանի մեջ» – обвинять в чём-то:

«Եպիսկոպոսները բռնվել են այլասերության ու պոռնկության մեջ» – попались на дегенератстве? были пойманы за дегенератством?:

«Ընկավ անելանելի վիճակի մեջ» – попал в непреодолимую ситуацию:

«Սուզվել մտքերի մեջ» – погрузиться в мысли:

«Ուժի մեջ (լինել կամ մտնել)» – вступить, войти в силу, оставаться в силе (о законе):

Տեսնում ենք, որ վերջին երեք դեպքը, չնայած ռուսերենի հետ նույնությանը, լրիվ օգտագործելի են հայերեն, ոճական անհարիրության զգացում չեն առաջացնում: Մեղադրելու դեպքում, չնայած «մեջ» կապի գործածումն այդ բառի հետ տարածված է, «մեջ»-ը գուցե փոխարինվեր «համար»-ով, բայց էլի այդքան լավ չէր հնչի հենց վերն ասված պատճառով՝ որ «համար»-ն ապագային է ուղղված, ոչ թե անցյալին: Լավագույնն է՝ մեղադրել, որ (երբեմն՝ քանի որ) իբր այսինչ բանն է արել (հրաժարվել կապից, օգտագործել ստորադասություն): Մյուս բոլոր դեպքերն էլ ռուսերեն լեզվամտածողություն են ներբերում: Թվում է, «դրության մեջ մտնելը» չպիտի այդպիսի տպավորություն թողներ, բայց թողնում է: Չնայած անգլերենից եկածը՝ «քեզ դիր ուրիշի կոշիկի մեջ» – put yourself in the shoes of the other, թեև հասկանալի է, որ օտար լեզվից թարգմանություն է, բայց լեզվամտածողական խնդիր չի առաջացնում, պարզապես՝ ավելի ոչ հաճախակի հանդիպող ԿԱԽԱ է, հասկանալի փոխաբերություն: Թվում է, տրամաբանական կլիներ ասել՝ «հագիր դիմացինիդ կոշիկը», և սա կարող է իրոք փոխարիներ «կոշիկի մեջ մտնելը», բայց վերջինս բերում է այն պատկերը, որ քեզ դնում ես ուրիշի տեղը (լրիվ հայերեն ԿԱԽԱ), որը դիմացդ է կանգնած և քեզ է նայում, մինչդեռ նրա կոշիկը հագնելու համար սկզբում նա պիտի կոշիկները հաներ, հետո դու հագնեիր՝ շարժումներ կատարելով, և այդ հորդորը՝ որ ուրիշի դիտանկյունից նայես քեզ ու իրադրությանը, կջրվեր («ջրվել» այդ իմաստով՝ մի հատ էլ՝ միաբառ ԿԱԽԱ է – մենք հետո, հուսով եմ, միաբառներին էլ կանդրադառնանք):

6. «Տակ» կապը

Այժմ դիտարկենք «տակ» կապը:

«(Էսնիչ) լոզունգների տակ եկան իշխանության» – пришли к власти под (такими-то) лозунгами»:

«էսինչ բանի (դրա) տակ հասկանում են էնինչ բանը» – под этим они понимают (что-то другое):

«Դրա տակ նա նկատի ուներ» – под этим он подразумевал: Այս դեպքում հաճախ «դրա տակ»-ը կարելի է կրճատել, և հայերեն լեզվամտածողությունը չի խաթարվի:

«Երազանքի տակ նա նկատի ուներ» – под мечтой он подразумевал: Հայերեն ավելի հարիր կհնչեր «երբ ասում էր «երազանք», նկատի ուներ»…

«Հարվածի տակ դնել» – поставить под удар:

«Ձեռքի տակ ունենալ» – иметь под рукой:

«Նրա վերահսկողության տակ» – под его контролем: Հարիր կլիներ՝ «Նա վերահսկում է (այս, այս, այս…)»:

«Նրանց իշխանության տակ չէ» – он им неподвластен: Եթե բացենք (էքսպլիկացիա)՝ «Նա նրանց իշխանության տիրույթից դուրս է»:

«Ես քո տրամադրության տակ եմ» – я в твоём распоряжении:

Կարող ենք կրկին քննարկել, թե սրանցից որոնք են բավական հեռու հայերեն լեզվամտածողությունից, իսկ որոնք արդեն լրիվ ընդունելի են: «Լոզունգների տակ» պատկեր է ստեղծում և ԿԱԽԱ է, հայերենում ավելի անմիջական-ուղղակի մետաֆոր է ընկալվում, ռուսերենում՝ տարածված ԿԱԽԱ է, սովորաբար՝ բացասական երանգով (որ եկել են ու հետո «դավաճանել» այդ լոզունգներին): «Հարվածի տակ» և «ձեռքի տակ» ռուսերեն շատ տարածված ԿԱԽԱ-ներ են, իսկ «տրամադրության տակ»-ում распоряжение և «տրամադրություն» բառերն իրենց իմաստային տիրույթներով բավական հեռվացած են:

Հավելյալ դիտարկումներից են, որ հայերեն-ռուսերեն նույնանման ԿԱԽԱ-ների գոյությունը, եթե հայերենում արդեն ընդունված է, պարզ է, որ դյուրացնում է թարգմանությունը: Իսկ եթե ոչ, հենց լեզվամտածողական խնդիր է առաջանում, որովհետև հայերենում հանկարծ սկսում ես այդ ԿԱԽԱ-ն ընկալել ուղիղ իմաստով, որպես ԿՈՒԽԱ. «Ցույց տուր ինձ նրա վերահսկողությունը, որ տեսնեմ՝ տակն ինչ կա»: Կամ մեկ այլ դեպքում՝ «Ես քո տեղը լինեի՝ ինձ մոստից կքցեի: – Արի կանգնի իմ տեղը ու գնա քեզ մոստից քցի»:

**

Այսպիսով, մենք դիտարկեցինք հայերեն վեց կապի օգտագործումն անուղղակի կարծր խոսքային ակտերում՝ ԿԱԽԱ-ներում, որոնք հաճախ նույնական են կամ շատ մոտ ռուսերեն համարժեքներին, և դրանց որոշ օգտագործումներ հայերեն լեզվամտածողության կոնտեքստում խնդրահարույց են: Գուցե դրանք ավելի միջազգային գործածություն ունեն, ինչպես տեսանք անգլերենի որոշ օրինակներից: Ընդհանուր առմամբ, ինչպես ասացի, ԿԱԽԱ-ները, մի կողմից, իրենց հետ մակաբերում են տիպական, կրկնվող կոնտեքստ-իրադրություն, մյուս կողմից՝ պատկերավոր են, քանի որ անուղղակի իմաստ են արտահայտում: Ռուսերենից այդպիսի որոշ արտահայտություններ վերցնելը կարող է բացատրվել և՛ պարզապես ռուսերենի տևական ազդեցությամբ, և՛ թարգմանելիս անշնորհք կալկա անելու պրակտիկայով, և՛ նրանով, որ այդ վերցրածոները, (գուցեև իրենց կոնտեքստի հետ միասին) մինչ այդ բացակա լինելով ֆիքսված հայերենում, լրացնում են որոշակի իմաստային հնարավորություններ, բացեր հայերենի խոսույթներում և լեզվամտածողությունում, այսինքն ի վերջո՝ հենց մտածողությունում, և/կամ խնայողական (էկոնոմիկ) լեզվական դեպք դառնում՝ արագ հաղորդել այն, ինչն ավելի երկար կհաղորդվեր այլապես, էքսպլիցիտ կերպով: Կարելի է ասել, որ դրանցից հրաժարումը կաղքատացնի լեզվի պատկերավորությունը, բայց, նախ, դրանցից շատերի դեպքում անհայտ է, դրանք կմնան որպես պարբերաբար օգտագործվող, թե ոչ, և երկրորդ՝ հայոց լեզուն, բնականաբար, ունի ԿԱԽԱ-ների իր սեփակա՛ն հարստագույն շտեմարան-զինանոցը (մի քանի օրինակ բերեցի), որին նույնպես շատ ավելի մանրամասն կանդրադառնանք, երբ ռուսերենին մոտ ոճի քննարկումն ավարտենք: Այսինքն, այս կնճռոտ դեպքերից հրաժարումը, դրանց փոխարեն իրենց իմաստներն ավելի պատմողական և հայեցի ոճով ներկայացնելն առանձնապես չի ազդի լեզվի պատկերավորության ընդհանուր շտեմարանի վրա, իսկ հայերեն ոճերը կամրապնդի: Թեև, ինչպես փորձեցի ցույց տալ, դրանցից, ինչպես և սովորաբար բոլոր շաբլոն-կալկա-կարծրատիպերից հրաժարվելը երբեմն այնքան էլ հեշտ չէ (не так уж и просто иногда))), էլի մտածել է պահանջում: 

Սրանց գոնե ամենաօդիոզ դեպքերից հրաժարումը մի քիչ կփոխեր աշխարհը, այն կդարձներ մի քիչ ավելի ոչ նույնական-հորիզոնական լեզվակաղապարներից բաղկացած, կթարմացներ այն, ինչ ասվել է մինչ այդ և ասվում է այս շաբլոնների օգտագործմամբ: Մի խոսքով, դա մի փոքրիկ քայլ կլիներ դեպի այլընտրանքային, ոչ այսպես համանմանակվող աշխարհի ստեղծում, լեզվական նոր արկածներ կմակաբերեր:

Այս հետազոտության երկրորդ մասում դեռ կշարունակենք քննարկել խոսքային այն ակտերը, որոնք ռուսերենին են առնչվում, իսկ հաջորդ մասերում, հուսով եմ, կանդրադառնանք ԿԱԽԱ-ների զուտ հայերեն դեպքերին:

Please follow and like us: