Ո՞ւր է մեզ տանում Դանտեի «Աստվածային կատակերգությունը»

1944 թվականի գարնանը, երբ Պրիմո Լևին արդեն մոտ երեք ամիս աշխատում էր Օսվենցիմում որպես հարկադիր բանվոր, մի ֆրանսիացի կալանավոր խնդրեց նրան իրեն իտալերեն սովորեցնել։ Լևին՝ երիտասարդ քիմիկոսը Թուրինից, հետագայում պիտի դառնար ճամբարի կյանքի նշանավոր տարեգիրը, սակայն այն ժամանակ նա չէր հավատում, թե ուժ կունենա ողջ մնալու։ Նա չափազանց շատ էր մտածում։ Սովը նրան ամբողջովին մաշում էր, և նա տանջանքով գիտակցում էր, որ ձեռքերը պատված են խոցերով, իսկ ինքը գարշահոտում է։ Ամենավատը այն էր, որ եթե նույնիսկ ողջ մնար, տեսածն իր մեջ սպանելու էր ամեն բան։ Հանձնվելը լիովին բնական էր թվում։

Սկզբում նա չէր հասկանում, թե ինչու թաքուն դասին մտքին եկավ «Աստվածային կատակերգության» մի հատվածը․ սա ամենևին էլ խոսակցական իտալերենի դասընթաց չէր։ Սակայն Դանտեի պատմությունը հույն ռազմիկ Ուլիսեսի մասին սկսեց հորդել նրա ներսից։ Նա մոռացել էր շատ տողեր, բայց չէր հանձնվում՝ երբեմն թարգմանելով ֆրանսերեն, ձգտելով բացատրել իր խցակցին՝ հատկապես այն խոսքը, որտեղ Ուլիսեսը դիմում է հոգնած նավաստիների խմբին, որոնք վերջապես բարեհաջող ափ էին դուրս եկել, և կոչ է անում նրանց կրկին վերադառնալ ծով.

«Խորությամբ մտածեք այն սերմի մասին, որից ծնվել եք.
դուք ստեղծված չեք, որպեսզի ձեր կյանքը ապրեք որպես կենդանիներ,
այլ որպեսզի լինեք արժանապատվության և գիտելիքի հետևորդներ»։

Լևին հիշում էր, որ իրեն թվում էր՝ այս տողերը լսում է առաջին անգամ, և որ դրանք հնչում էին Աստծու ձայնի պես։ Մի ակնթարթ նա մոռացավ, թե որտեղ է գտնվում։

Դանտեի Ուլիսեսը նույն առասպելական կերպարն է, ինչ Հոմերոսի Ուլիսեսը, և Դանտեի ստեղծած Ուլիսեսի դիմանկարը շատ առումներով արձագանքում է մեզ ծանոթ անցյալին․ Տրոյական պատերազմի հերոս, հայտնի իր խորամանկությամբ, որը առավել վառ դրսևորվեց նրա այն գաղափարում, թե տրոյացիները կարող են խաբվել հսկայական փայտե ձիու միջոցով, որի մեջ թաքնված էին զինվորներ։ Սակայն հույների հաղթանակից հետո, որը մեծապես պայմանավորված էր հենց այդ փայլուն խորամանկությամբ, Հոմերոսի և Դանտեի հայացքները կտրուկ բաժանվում են։

«Ոդիսականում» Հոմերոսը պատմում է Ոդիսևսի երկարատև վերադարձի պատմությունը։ Ճանապարհորդությունը լի է կանգառներով ու հապաղումներով, բայց նա դիմադրում է ամենաուժեղ գայթակղություններին՝ վերադառնալու համար կնոջն ու որդուն, հորը և հայրենիքին։ Տունդարձ՝ ահա ինչի մասին է այս ամբողջ հուսահատ ճանապարհորդությունը։

Բայց լիովին հնարավոր է, որ Դանտեն գիտեր այս պատմության մեկ այլ տարբերակ։ Նա հունարեն չէր կարդում և այն ժամանակ, երբ գրում էր՝ XIV դարի սկզբին, Հոմերոսը դեռ պատշաճ կերպով լատիներեն չէր թարգմանվել, էլ չասած՝ իտալերեն։ Բացի այդ, երջանիկ վերադարձով ավարտվող ցանկացած տարբերակ պարզապես չէր համապատասխանում Դանտեի նպատակներին։ Նրա Ուլիսեսը արկածախնդիր է՝ գիտելիքի ու փորձառության անհագ ծարավով։ Թեպետ ընտանիքը նրան սպասում է տանը, նա որոշում է մնալ ծովում և անցնել մարդու նավարկման ընդունված սահմանը Ջիբրալթարի նեղուցով (հիշեցնեմ՝ սա գրվել է Կոլումբոսից գրեթե երկու հարյուր տարի առաջ) դեպի ամայի օվկիանոսը՝ անհայտ վտանգներին ընդառաջ։ Այն խոսքը, որ նա հնչեցնում է իր քայքայված զորքի մնացորդների առաջ, որի մի մասը վերևում բերված է, լի է հպարտությամբ և ձգտումով։ Լևին, ինչպես և շատ ուրիշներ, Ուլիսեսի այդ խոսքում տեսել է ազատ մարդկային ոգու քաջալերող օրինակը։

Եվ այնուամենայնիվ, Ուլիսեսը կործանում է իր բոլոր մարդկանց․ նրանք վստահ հետևում են իրենց առաջնորդին և խորտակվում կատաղի փոթորկի մեջ։ Ավելին, նրանց տանող հորձանքը պարզապես պատահականություն չէ, այլ զայրացած Աստծու գործը։ Ուլիսեսի խոսքն է հիմնական պատճառը, որ նա դատապարտված է դժոխքի՝ Լևիի տեսած դժոխքից էլ ավելի սարսափելի, քանի որ այն հավերժական է։

«Աստվածային կատակերգությունը», որը մտահղացվել է որպես շրջայց քրիստոնեական հանդերձյալ աշխարհով, գրված է երեք հատորով՝ համապատասխան այն աշխարհներին, ուր այցելում են բոլոր մարդկային հոգիները երկրի վրա իրենց կարճատեւ գոյությունից հետո՝ Դժոխք, Քավարան և Դրախտ։ Հեղինակը՝ Դանտե Ալիգիերին, ծնված Ֆլորենցիայում 1265 թվականին, միաժամանակ նաև գլխավոր հերոսն է․ ոչ թե ռազմիկ, ինչպես Հոմերոսի էպոսներում կամ դրանց լատինական ժառանգորդում՝ Վերգիլիուսի «Էնեականում», այլ բանաստեղծ՝ անկատար և ինքնամփոփ մարդ, որի՝ հուսահատության մեջ ընկնելն էլ սկիզբ է դնում դրամային։

Արդյո՞ք Դանտեն հավատքի ճգնաժամ է ապրում։ Թե՞ ժամանակակից լեզվով ասած՝ միջին տարիքի ճգնաժամ։ (Նա մեզ ասում է, որ գտնվում է իր կյանքի կես ճանապարհին։) Արդյո՞ք նա դժվարանում է պատկերացնել այն էպիկական պոեմը, որը ձգտում է գրել։ Այս բոլոր խնդիրները, իրար միահյուսված, սկսում են լուծվել, երբ Վերգիլիուսը հայտնվում է այն մութ անտառում, ուր հայտնվել էր Դանտեն, և նրան առաջնորդում է ճանապարհը փակող վտանգների կողքով։ Կամ, ավելի ճշգրիտ, հայտնվում է Վերգիլիուսի ստվերը, քանի որ նա ապրել է Օգոստոս կայսեր ժամանակներում և մահացել մոտ տասներեք դար առաջ։

Հռոմեացի մեծ բանաստեղծը բազմաթիվ առումներով ոգեշնչել է Դանտեին․ «Էնեականում» Էնեասը իջնում է Դժոխք՝ հորից խորհուրդ հարցնելու, իսկ «Աստվածային կատակերգությունում» Վերգիլիուսը իմաստուն է, բարի ու հոգատար։ Նա հաճախ շփոթված երիտասարդ բանաստեղծի համար դառնում է հոր նման մի կերպար՝ նրան առաջնորդելով դժոխքի դարպասներից դեպի նրա խորքը, ապա հետ՝ Քավարանի միջով և մինչև Դրախտի եզրը։ Այստեղ Վերգիլիուսը պետք է իր ստանձնած հանձնառությունը փոխանցի մեկ ուրիշին։ Լինելով հեթանոս, մահացած Քրիստոսի ժամանակներից առաջ և, հետևաբար, անկարող ճշմարիտ հավատքի, նա չի կարող մտնել Դրախտ և պարտավոր է վերադառնալ իր տեղը աստվածային ծրագրում։ Նա նույնպես, ինչպես պարզվում է, Դանտեի հսկայական, խռովահույզ աշխարհի ամենաթանկ կերպարներից է՝ մի տեսակ հնադարյան Պոլոնիուս կամ Դամբլդոր, դատապարտված հավերժությունն անցկացնելու Դժոխքի ենթաբաժիններից մեկում։

Այդ տեղը, որը կոչվում է Լիմբո, զերծ է ֆիզիկական տանջանքներից, և խոսակցությունները, կարծես, բացառիկ են։ (Հոմերոսը, Հորացիոսը և Օվիդիոսը այն առաքինի հեթանոսներից են, որոնց մենք այնտեղ մի պահ հանդիպում ենք։) Բայց դա չի նշանակում, որ Վերգիլիուսը չի տառապում փրկությունից զրկվելու պատճառով։ Նրա համար Լիմբոն մնում է «մութ բանտ», որովհետև այն հավերժորեն ու առանց հույսի փակ է պահում Աստծու լույսը։

Նույնիսկ Դանտեին այս կանոնները երբեմն ծիծաղելիորեն անարդար են թվում։ Դժոխքը, անկասկած, թագավորություններից ամենադաժանն է, սակայն գրքում նաև ամենագրավիչն ու հետաքրքրաշարժը՝ լի գործողությամբ, ֆանտաստիկ հրեշներով և երբեմն անգամ ֆարսով։ Ամենից առաջ այն լի է մարդկային պատմություններով։ Դանտեն՝ կերպար Դանտեն, շարժվում է նրա ինը վատթարացող շրջաններով, ասես լրագրող, դժբախտ հոգիներից պատմություններ կորզելով և խոստանալով նրանց անուններն ու պատմությունները պահպանել երկրի վրա։ Նա հազվագյուտ էակ է՝ կենդանի հյուր, և մտովի նշումներ է անում։

Վերգիլիուսը, զարմանալիորեն ժամանակակից ձևով, համոզում է ահարկու մի հսկայի, որը ծառայում է որպես վերելակ դժոխքի մակարդակների միջև, զգուշորեն իջեցնել իրենց ներքև՝ ասելով, որ Դանտեն՝ Դանտե-գրողը, կարող է նրան հայտնի դարձնել։

Այդուհանդերձ, դժոխքը լի է արյունալի ու սարսափելի տանջանքներով։ Դանտեի աչքում որոշ մեղավորներ լիովին արժանի են իրենց բաժին հասածին․ օրինակ՝ կոռումպացված հոգևորականները, այդ թվում՝ Հռոմի Պապը, գլխիվայր խրված են քարքարոտ փոսերի մեջ, ոտքերը անօգնական կախած, իսկ թաթերը՝ կրակում այրվող։ (Դժոխքում քիչ չեն եկեղեցականները)։ Այլ դեպքերում նա խղճում է հանդիպած հոգիներին, և Վերգիլիուսը նրան հանդիմանում է դրա համար։ Խղճալ՝ նշանակում է կասկածի տակ դնել Աստծու դատաստանը։ Քանի որ այստեղ Սատանան իշխանություն չունի․ նա ինքն է տառապում դժոխքի ամենացածր մակարդակում՝ սառույցով շղթայված։ Հենց Աստված է չապաշխարած մեղավորներին դատապարտել այս վայրին և հորինել տանջանքներ, որոնք արտացոլում են նրանց հանցագործությունները։ Այդպես, շնացողներին ու սիրահարներին ծեծում են կատաղի քամիները, որոնք նրանց պտտեցնում են միմյանց գրկում՝ ընդօրինակելով այն անզուսպ կիրքը, որին նրանք չեն կարողացել տիրապետել։ Գուշակները՝ նրանք, ովքեր ցանկացել են իմանալ այն, ինչ կարող է իմանալ միայն Աստված, գլուխները ետ են շպրտել այնպես, որ տեսնում են միայն իրենց ետևում գտնվողը։ Իսկ Ուլիսեսը՝ մարդկանց համոզելու վարպետ հռետորը, բանտված է կրակե լեզվի մեջ։

Եվ այնուամենայնիվ, որքան էլ արդար լինեն այս խախտողների դատավճիռները, նրանք կարեկցանք են առաջացնում ոչ միայն Դանտեի, այլև մեր հոգում՝ մեզ ներքաշելով աստվածային արդարությանը կասկածելու անհանգիստ վիճակի մեջ։

Թույլատրելիի սահմաններից դուրս գալով, գիտելիքի համար ամեն ինչին մարտահրավեր նետելով՝ Դանտեի Ուլիսեսը շատ ընդհանրություններ ունի մարդկության անկատար նախատիպի՝ Ադամի հետ, որին Դանտեն անհամբեր հարցաքննում է Դրախտում։ (Հարց․ որքա՞ն ժամանակ ապրեցիր Դրախտում նախքան խնձորը կծելը։ Պատասխան՝ մոտ յոթ ժամ։) Նա շատ ընդհանրություններ ունի նաև հենց Դանտեի հետ՝ այն անհավանական համարձակությամբ, որով բանաստեղծը ձեռնարկում է այս գործը՝ ներթափանցում արգելված տարածքներ, հետազոտում մարդու մեջ եղած ամենավատն ու ամենալավը, փորձում ներթափանցել Աստծու մտքի մեջ։

Եվ թեև նա չի կարող ազատվել տանջող կասկածներից կամ վտանգավոր հարցերից, ընթերցողներին, որոնց համոզել է իր պերճախոսությամբ, տալիս է արդար նախազգուշացում։ «Վերադարձեք, եթե ցանկանում եք կրկին տեսնել ձեր ափերը»,— զգուշացնում է մեզ Դանտեն։ «Այն ծովերով, որոնցով ես եմ նավարկում, մինչ այս ոչ ոք երբեք չի նավարկել»։

Այսօր ընդունված է կարծել, որ Հոմերոսը մեկ անձ չի եղել, այլ դանդաղ կուտակված բանավոր ավանդույթ, որն ի վերջո ստացել է այդ անունը։ Վերգիլիուսի «Էնեականը» հանկարծակի ընդհատվում է, ասում են՝ բանաստեղծը մահվանից առաջ խնդրել էր այրել ձեռագիրը։ (Միջամտել է Օգոստոսը։) Դանտե Ալիգիերին՝ այս քաղաքակրթության հիմնադիր գրական դեմքերից հաջորդը, ծնվել է միջին կարողության ընտանիքում՝ իտալական մի քաղաքում, որը պառակտված էր քաղաքական բռնություններով, այն ժամանակաշրջանում, երբ դասական կրթության վերածնունդը նոր էր սկսվում։ Նա ժամանակակիցն էր և հավանաբար ծանոթը ֆլորենտացի մեծ նկարիչ Ջոտտոյի, որին նա հիշատակում է «Կատակերգության» մեջ՝ նշելով, թե ինչպես Ջոտտոն ստվերում թողեց Չիմաբուեին՝ իր ուսուցչին, որի արվեստը ստեղծում էր պատկերներ՝ սրբապակերի խստությամբ, ճիշտ այնպես, ինչպես ինքը՝ Դանտեն, պիտի գերազանցեր իր երիտասարդության գրողներին։ Այստեղ, արվեստի երկու տարբեր ոլորտներում, գալիս է այն պահը, երբ միջնադարյան կոպտությունը զիջում է ֆիզիկական ու հոգեբանական նրբերանգներին, երբ մարդկային կերպարները կարծես ուղղվում են, շարժում վերջույթներն ու շունչ քաշում։ Մի սերունդ անց Բոկաչչոն կգրի, որ Դանտեն բացեց ճանապարհը դեպի Իտալիա՝ վաղուց բացակայող Մուսաների վերադարձի համար։

Նա ի սկզբանե հավակնոտ էր։ Փրյու Շոուն իր նոր գրքում՝ «Դանտե․ «Աստվածային կատակերգության» էությունը», ընդգծում է այն բացառիկ կարևորությունն ու վեհությունը, որ Դանտեն տալիս էր բանաստեղծի կոչմանը, և այն, թե որքան վաղ տարիքից էր նա իր կարողությունները համարում համարժեք դասական մեծ բանաստեղծների կարողություններին։ Նրա վաղ ստեղծագործությունները արտացոլում էին ֆրանսիական տրուբադուրների՝ պալատական բանաստեղծ-երաժիշտների հանրաճանաչ ոճը, որոնք երգում էին իրենց կարոտը գեղեցիկ տիկնոջ հանդեպ։ Դանտեի դեպքում սիրեցյալը անհասանելի Բեատրիչե Պորտինարին էր՝ հարուստ բանկիրի դուստրը, որին, իր խոսքերով, նա սիրել էր առաջին հանդիպումից՝ երբ երկուսն էլ դեռ երեխաներ էին, և սիրել էր մինչև նրա վաղաժամ մահը քսանչորս տարեկանում։ Կարծես նշանակություն չուներ, որ նա հազվադեպ էր իրեն տեսնում կամ որ երկուսն էլ ամուսնացել էին ֆինանսական ու քաղաքական նկատառումներով։ «Աստվածային կատակերգությունում» Դանտեի կնոջ կամ նրանց չորս երեխաների մասին ոչինչ չի ասվում։ Բեատրիչեի հանդեպ սերը սնուցում էր նրա պոեզիան, որը նրա մահից հետո դարձավ առավել հոգևոր, երբ նույնիսկ նրա անունը՝ երանություն մարմնավորող, Դանտեի համար վերածվեց աղոթքի ձևի։

Եթե պոեզիան սահմանում էր Դանտեի կյանքը, ապա քաղաքականությունը այն շուռ տվեց գլխիվայր։ 1300 թվականին՝ մոտ երեսունհինգ տարեկան հասակում նա ընդգրկվեց Ֆլորենցիայի կառավարող խորհրդի կազմի մեջ, որը խաղաղություն հաստատելու համար արտաքսեց երկու թշնամի քաղաքական կւսակցությունների մի շարք առաջնորդների։ Հաջորդ տարի, երբ Դանտեն դիվանագիտական առաքելությամբ գտնվում էր Հռոմում, հայրենիքում նրա սեփական կուսակցությունը տապալվեց, և նրան զրպարտեցին՝ մեղադրելով կոռուպցիայի համար։ Նա հեռակա կարգով արտաքսվեց Ֆլորենցիայից, իսկ 1302 թվականին դատապարտվեց խարույկի, եթե երբևէ վերադառնար։ Մինչև կյանքի վերջ՝ գրեթե քսան տարի, նա ապաստան էր որոնում իտալական տարբեր քաղաքներում՝ անծանոթ բարբառներով ու տեղական մշակույթով, զգալով դառնություն ու կարոտ, որոնք զգացվում են նրա էպիկական ստեղծագործության մեջ։ Ամենայն հավանականությամբ, նա սկսել է այն գրել մոտ 1307 թվականին, բայց դիտավորյալ պոեմի գործողությունը տեղավորել է իր արտաքսումից առաջ ընկած ժամանակում՝ 1300 թվականի Զատիկին։ Նա այն պարզապես անվանել է «Կատակերգություն»՝ նկատի ունենալով մի գործ, որը սկսվում է մթության մեջ, բայց, ի տարբերություն ողբերգության, ավարտվում է լույսով։ «Աստվածային» ածականը ավելացվել է տպագրողի կողմից ավելի քան երկու հարյուր տարի անց՝ արտացոլելով թե՛ ստեղծագործության թեման, թե՛ նրա կարգավիճակը։

Դասական դիցաբանություն, հնագույն և միջնադարյան պատմություն, քրիստոնեական աստվածաբանություն, աստղագիտություն, բարոյագիտություն, արիստոտելյան փիլիսոփայություն, վանականներ ու միանձնուհիներ, մարմնավաճառներ, կեղծարարներ, հայհոյողներ և բանաստեղծներ (քավարանը լի է բանաստեղծներով)՝ այս ամենը ամփոփված է Դանտեի հորինած տաղաչափական համակարգի մեջ տոսկանյան բարբառով, որը նրա համար դարձել էր իր միակ տունը։ Երեք գրքեր, որոնք կազմված են հարյուր՝ գլուխների նմանվող կանտոններից, լատինական բառն էլ հղում է պոեզիայի երաժշտական ակունքներին։

Տասնչորս հազար երկու հարյուր երեսուներեք տող։ Կարևոր է ընդգծել, որ ոչ թե լատիներեն՝ գիտության և իշխանության լեզվով, որը կանխատեսելի ընտրություն կլիներ էպիկական ստեղծագործության համար, այլ այն լեզվով, որով խոսում էին սովորական մարդիկ և որը (ինչպես ինքն էր ասում) կարող էին կարդալ նույնիսկ կանայք։ Անգրագետները այն լսում էին բարձրաձայն ընթերցումների ժամանակ. գոյություն ունեն XIV դարի պատմություններ դարբինների և աղբահանների մասին, որոնք հատվածներ էին սովորում անգիր։ Բայց նույնիսկ այն ժամանակ քանի՞ մարդ կարող էր հասկանալ բոլոր այս հղումները։ Լրացուցիչ բացատրությունների՝ ծանոթագրությունների անհրաժեշտությունը գիտակցել է Դանտեի ստեղծագործության առաջին հետազոտողներից մեկը՝ նրա որդի Յակոպոն, բանաստեղծի մահվանից անմիջապես հետո, երբ «Դրախտ»-ի թանաքը դեռ չէր չորացել։ XIV դարի վերջում մեկնաբանությունների ցանկն արդեն երկար էր։

Լեզուն կարող է փոխվել, բայց մարդիկ մնում են նույնը, և հայելին, որը պահում է Դանտեն, նրան դարձնում է մշտական ժամանակակից։ Քավարանը՝ միջին աշխարհը, այն վայրն է, ուր ուղարկվում են զղջացած մեղավորները, անգամ եթե նրանք զղջացել են մահվանից անմիջապես առաջ, թեկուզ միայն մտքում, որպեսզի մաքրվեն մինչև Դրախտ բարձրանալը։ Այն չունի ուղղակի աստվածաշնչյան աղբյուր, բայց Դանտեի ժամանակներում դարձել էր եկեղեցական վարդապետություն՝ հույս տալով նրանց, ովքեր վախենում էին, թե արժանի չեն Դրախտին։ Դանտեն այն տեղադրում է մի լեռան վրա, որը բարձրանում է դատարկ ծովի վրայով։ Նրա յոթ պարունակներում մարդիկ տառապում են ոչ թե որպես պատիժ, այլ որպես բուժում յոթ մահացու մեղքերը՝ հպարտություն, նախանձ, ցանկասիրություն և այլն, գործելու հակումից։ Կախված ձեր բնույթից՝ կարող եք բաց թողնել մեկ կամ երկու պարունակ։ (Ոչ ոք բաց չի թողնում հպարտությունը, այնպես որ մի ձևացրեք, թե վեր եք դրանից։) Դասերը դաժան են. նախանձների աչքերը կարում են երկաթե լարով։ Բայց, ի տարբերություն դժոխքի, այստեղ կա ազատագրման խոստում. ժամանակը շարժվում է։ Երկրի վրա ապրող բարեպաշտների աղոթքները կարող են կրճատել ժամկետը, և եկեղեցին զբաղվել է նաև փողի դիմաց թողություն ստանալու այլ եղանակների մշակմամբ։ Պրոֆեսորը, որն այժմ Դանտեի մասին դասընթաց է անցկացնում բանտարկյալների համար, ասում է, որ Քավարանը նրանց ամենասիրելի մասն է։

Ժամանակակից ամենաազդեցիկ գրողներից ոմանք Դանտեին որպես իրենց ժամանակակցի են ընկալել, և այդ ընդունումը ընդգծում է բանաստեղծի ոչ ուղղափառ լինելը։ Դժոխքի պարունակներին, օրինակ, նա ավելացրել է իր իսկ հորինած մեղավորների մի աշխարհ՝ նրանց, ովքեր երբեք չեն նվիրվում որևէ իրական գործի, ովքեր ապրում են «առանց ամոթի, բայց նաև առանց գովասանքի» և փակված են (մոծակների ու խայթող ճանճերի կողմից հետապնդվող) այն հրեշտակների հետ, որոնք չընտրեցին ոչ մի կողմ, երբ Լյուցիֆերը պատերազմում էր Աստծո դեմ։ Դանտեն, անկասկած, ատում էր այս տիպի մարդկանց իր կյանքի ընթացքում. ցնցող է, թե որքան շատ են այդպիսի անտարբեր հոգիները։ «Ես չէի կարծում, որ մահը այսքան շատ մարդկանց է կործանել»,– գրում էր Թ. Ս. Էլիոթը «Ամայի երկիր»-ում՝ օգտագործելով Դանտեի այս գիտակցումը, միջնադարյան դժոխքի տեսարանը տեղափոխելով XX դարի Լոնդոն, որտեղ ուղևորների բազմությունները մռայլորեն շարժվում են առավոտյան շագանակագույն մշուշի միջով, հայացքները ուղղված ոտքերից մի փոքր առաջ, կարծես նրանք նույնպես այլևս երբեք երկինքը չպիտի տեսնեն։

Քավարանի դարպասների հենց մոտ, լեռան ստորոտին, Դանտեն հանդիպում է հին ընկերոջը՝ Բելաքվային, որը հանգստանում է մի քարի ստվերում։ Քանի որ նա սպասել է, մինչև իր կյանքը գրեթե ավարտվի, որպեսզի զղջա, այժմ ստիպված է նույնքան տարի սպասել, որքան ապրել է, մինչև մաքրագործումը սկսվի։ Ուրեմն ինչո՞ւ ընդհանրապես շարժվել։ Բենգը, ցուցադրելով որոշ դժվարություններ Քավարանի կանոնների և մաթեմատիկայի հետ, հաշվարկում է, որ նրան պետք է սպասել քսանմեկ հազար տարի՝ ժամանակահատված, որը հավանաբար հաճելի կլիներ Սեմյուել Բեքեթին։ Բեքեթը Դանտեի ջանասեր ընթերցող էր և բազմիցս ներառել է Բելաքվային իր գործերում՝ սկսած «Դանտեն և խեցգետինը» պատմվածքից, որտեղ հայտնվում է Բելաքվա Շուան՝ ծույլ երիտասարդ դուբլինցի, որը ուսումնասիրում է Դանտեին և սեփական փորձով հասկանում է անիծյալների հանդեպ կարեկցանքը («Ինչո՞ւ չհամատեղել բարեպաշտությունն ու կարեկցանքը, նույնիսկ ներքևում»,– անհանգստանում է նա)։ Բեքեթի համար Բելաքվան մեր վիճակը հասկանալու բանալին էր՝ նույնը, ինչ Ուլիսեսը՝ Պրիմո Լևիի համար։ Թվում է, թե նա ուղիղ մտնում է Բեքեթի սարսափելի աշխարհը՝ Դանտեի մյուս դժբախտ հոգիների փոքր խմբի հետ, որ կիսով չափ թաղված ցեխի ու արտաթորանքի մեջ, բոլորը՝ վճռականորեն խոսող, դառնում են ճանաչելի ու ժամանակակից՝ իրենց վիճակի պատճառի կամ նպատակի բացակայության պատճառով։

Դանտեի կարեկցանքը Վերգիլիուսի հանդեպ աճում է այն կետին մոտենալով, որտեղ ավագ բանաստեղծը պետք է թողնի կրտսերին։ Քավարանում Դանտեն տեսել էր հեթանոսների փրկված հոգիներ, Դրախտում նա կտեսնի ավելի շատ բան՝ բացառություններ, որոնք Վերգիլիուսի ճակատագիրն անհասկանալի խիստ են դարձնում։ Անցնելով բոլոր յոթ պարունակները՝ ուսուցիչն ու աշակերտը դուրս են գալիս լեռան գագաթ, որը, ըստ Դանտեի սրբազան աշխարհագրության, Եդեմի պարտեզի տեղադրությունն է՝ վերջին մաքրագործող կանգառը Դրախտից առաջ։ Նրանք միասին դիտում են հաղթական եկեղեցին՝ հանդերձանքով, ծածանվող դրոշներով և երգչախմբային ալելույաներով (Դանտեն շրջվում է դեպի Վերգիլիուսը, որը նրան պատասխանում է զարմացած հայացքով), այդ ամենի գագաթնակետը դառնում է կառքը, որ բերում է երկար սպասված Բեատրիչեին՝ փաթաթված սպիտակ քողով։ Մեկնաբանները հաճախ պնդում են, որ Բեատրիչեն մարմնավորում է հավատը, իսկ Վերգիլիուսը՝ բանականությունը. հենց ինքը՝ Վերգիլիուսը, զգուշացրել էր, որ բանականությունը չի կարող թափանցել բարձրագույն աշխարհներ։ Հենց Բեատրիչեն է Դանտեին այնտեղ տանելու։ Եվ այնուամենայնիվ Դանտեն պատրաստ չէ։ Տեսնելով Բեատրիչեին՝ նա զգում է, թե ինչպես է բռնկվում իսկական մարդկային սիրո կրակը։ Նա կրկին շրջվում է՝ այդ մասին պատմելու Վերգիլիուսին․ պատրաստ մի մեջբերում ունի «Էնեականից», որպեսզի փոխանցի այդ զգացումը, բայց Վերգիլիուսն արդեն չկա։ Եվ Եդեմի պարտեզում, որտեղ նրա առջև կանգնած է այն կինը, ում նա այդքան կարոտել էր, և պնդում է, որ այս վայրում բոլորը միշտ երջանիկ են, նա չի կարողանում դադարեցնել իր արցունքները։

Դանտեի ճանապարհորդությունը սկսվեց, ինչպես նա ինքն է պատմում «Դժոխք»-ի սկզբում, որովհետև Կույս Մարիամը ցանկանում էր փրկել նրան մութ անտառի վտանգներից։ Մենք չենք կարող հստակ իմանալ, թե ինչու հենց նա էր ընտրված, բայց կարելի է ենթադրել (այն բանից, ինչ սուրբը ասում է Բեատրիչեին), որ Կույսը հիանում էր նրա բանաստեղծություններով, հատկապես՝ Բեատրիչեին նվիրված սիրային պոեմներով։ Իր արվեստի շնորհիվ է, որ նա անցնում է Դժոխքով, Քավարանով և, վերջապես, Դրախտով։ Նա տեսնելու է Աստծո տիեզերքը և գրելու է մի գիրք, որը թույլ կտա նաև ուրիշներին տեսնել այն։ Վերին թագավորությունում նրա համար կազմակերպված տեսարանը շլացուցիչ է լինելու․ պայծառ լույսեր, օդային պարեր, երաժշտություն՝ այս ամենը ցրված Լուսնի և մոլորակների վրա, որոնց միջով նա ու Բեատրիչեն ուղևորվում են՝ դեպի երկնքում գտնվող Աստծո տունը։ Դանտեն կուրանում է լույսից, բայց, ինչպես վաղուց նկատել են ընթերցողները, նա կարծես լիովին հարմարավետ չի զգում իրեն։ Գրելմվ տեսարանը համոզիչ դարձնելը դժվար է․ նույնքան դժվար են նաև կրոնի կամ աստղագիտության մասին երկար ճառերը։ Նա աղոթում է Ապոլոնին՝ ներշնչանքի համար, ինչը աստվածաբանական առումով անհամապատասխան է և դարեր շարունակ շփոթեցրել է գիտնականներին։ Բայց հենց Դանտեի սխալներն ու ներքին հակասություններն են, որ այս խիստ հաղթական եզրափակիչ տեսարանին հաղորդում են կենդանի գիտակցություն և լարվածություն։ Նա չափազանց շատ հարցեր է տալիս․ ինչո՞ւ Աստված չէր կարող ներել մարդկությանը՝ առանց խաչելության։ Ինչո՞ւ հենց այդ սուրբն էր ընտրված այս գործի համար։ Մի նյարդայնացած սուրբ բացատրում է, որ պատասխանները մարդկային ըմբռնման սահմաններից դուրս են և ավելացնում է, որ երկիր վերադառնալուց հետո Դանտեն պետք է մարդկանց ետ պահի նման հարցերից։ Սա այն երկնային խորհուրդներից մեկն է, որին նա չի հետևում։

Բեատրիչեն քիչ ընդհանրություն ունի Վերգիլիուսի հանգստացնող ջերմության հետ։ Չնայած իր գեղեցկությանը՝ նա անսպասելիորեն խիստ է, ասկետիկ և հավատարիմ դոգմաներին․ նրան անվանում են Թովմա Աքվինացի՝ կանացի կերպարանքով։ Հակված լինելով «իմ անսխալական կարծիքով» տիպի արտահայտություններին՝ նա Դանտեին զորավար է հիշեցնում։ Սկզբում նա խիստ է նրա հանդեպ, որովհետև կանոնները պահանջում են, որ նա խոստովանի իր մեղքերը՝ հիմնականում, ըստ երևույթին, Բեատրիչեի մահից հետո մեկ այլ կնոջ (կամ այլ կանանց․ իտալական տեքստը բավականին կոնկրետ է) հանդեպ ունեցած հետաքրքրության հետ կապված։ Բայց նրա առաքելությունը միշտ եղել է Դանտեին պահել բարձրագույն հավատի ճանապարհին։ Եթե այդ նվիրվածությունը նրան հեշտ չի տրվում, հենց դրանում է իմաստը, որը փոխանցված է զարմանալի հումորով և աճող ուժով։ Որքան նրանք մոտենում են Աստծուն, այնքան Դանտեի համար հատուկ ինչ-որ օրենքով Բեատրիչեի ֆիզիկական գեղեցկությունը մեծանում է և նա այլևս չի կարող նայել ոչ մի բանի, բացի նրանից։ «Շրջվիր ու լսիր, / որովհետև Դրախտը միայն իմ աչքերում չէ»,— խրատում է նա։ Սակայն Դանտեի համար մարմինը դարձել է հոգուն տանող ճանապարհ։ Աստծուն առաջին անգամ նա տեսնում է նրա աչքերում՝ լույսի կետ։

Այն ժամանակ, երբ Դանտեն սկսեց գրել «Դրախտը»՝ մոտավորապես 1317 թվականին, նա հիսունն անց էր և արդեն մոտ տասնհինգ տարի աքսորված էր Ֆլորենցիայից։ (Նա որոշ ժամանակ ապրել էր Վերոնայում՝ հովանավորության ներքո, իսկ ավելի ուշ տարիներին տեղափոխվել էր Ռավեննա՝ տիրակալի հրավերով։) Կան հիմքեր ենթադրելու, որ նա կմշակեր իր վերջին հատորը, եթե ավելի շատ ժամանակ ունենար, բայց նույնքան ճշմարիտ է նաև այն, որ նրա բանաստեղծական էներգիան արմատավորված էր մարդկային բնության անկատարության մեջ, առօրյա կյանքի փորձառության մեջ։ Ինչ-որ պահի նրան հայտնում են առաջիկա աքսորի մասին։ «Դու կթողնես ամեն ինչ, ինչ ամենից շատ ես սիրում»,— սկսվում է մարգարեությունը։

Դու կզգաս, թե որքան աղի է
օտար հացը, և որքան դժվար է ճանապարհը, որով պետք է
բարձրանալ ու իջնել օտար աստիճաններով։

Նրա առաջին արձագանքը վախն էր, որ առանց տան և կառավարության պաշտպանության չի ունենա համարձակություն ճշմարտությունն ասելու ազդեցիկ մարդկանց մասին։ Բայց Դրախտում նրան ասում են, որ նա պետք է խոսի ամեն դեպքում․ «Բացիր բերանդ»։ Եվ նա հետևում է այդ խորհրդին։ «Աստվածային կատակերգությունը» քաղաքական քաջություն պահանջող գործ է՝ սկսած Դժոխքում հիշատակված անիծյալների ընտանիքներին բախվելուց մինչև Դրախտի ավելի կարևոր թիրախները, որտեղ Դանտեն ակնհայտորեն զգում էր, որ այլևս կորցնելու ոչինչ չունի։ Այստեղ Դրախտի բնակիչները, այդ թվում Թովմա Աքվինացին և սուրբ Բենեդիկտոսը, դատապարտում են դոմինիկյան, ֆրանցիսկյան և բենեդիկտյան միաբանությունների վիճակը։ Սուրբ Պետրոսը խստորեն քննադատում է Պապի ու նրա շրջապատի ագահությունն ու քաղաքական խարդավանքները, որոնք Եկեղեցին վերածել են արյան ու գարշահոտության կոյուղու։ Ֆլորենցիա քաղաքը նույնպես դատապարտվում է․ երբեմնի համեստ ու քաղաքակիրթ հանրապետությունը այժմ ապականված է հարստությամբ և գռեհիկ ցուցամոլությամբ։ Դժոխքը չհաշված՝ սա այն վայրն է, որը Դանտեն, կարծես, ամենից շատ է ատում։

Սա նաև այն վայրն է, որտեղ նա ամենից շատ է ուզում լինել՝ չհաշված Դրախտը։ Ուշ շրջանի բանաստեղծություններից մեկում նա խոսում է պոեմը գրելու դժվար տարիների և ավարտուն ստեղծագործության հետ կապված իր հույսերի մասին։ Նա չի խոսում Աստծո հիասքանչ և բարոյական տիեզերքի վերաբերյալ գիտելիքը տարածելու մասին, թեև դա նրա առաքելությունն էր և մնում էր կարևոր նպատակ։ Նա չի խոսում գրական անմահության մասին, թեև դա նույնպես, անկասկած, կարևոր է։ Փոխարենը նա խոսում է ժամանակակից փառքի մասին՝ իր կենդանության օրոք՝ այնքան հզոր հաղթանակի, որ Ֆլորենցիայի բնակիչները հրապարակայնորեն կզղջան իր դաժան աքսորի համար և կխնդրեն իրեն վերադառնալ՝ դափնեպսակ դնելով գլխին եկեղեցում, որտեղ մկրտվել էր։ «Ես կվերադառնամ որպես բանաստեղծ»։

Նա մահացավ 1321 թվականին Ռավեննայում և թաղվեց սովորական քարե դամբարանում։ Սակայն տարիների ընթացքում իրականություն դարձան նաև այլ հույսեր՝ իրենց հետ բերելով ձեռքբերումներ և արդյունքներ, որոնք նա չէր կարող պատկերացնել։ Դանտեի շնորհիվ XIX դարում տոսկանյան բարբառը դարձավ իտալերենը։ Հռոմի պապերը սկսեցին նրան իրենցը համարել։ Քաղաքական առումով նրա մտքերը բավական լայն էին, որպեսզի օգտագործվեին արմատապես հակադիր գաղափարների պաշտպանության համար։ Ամերիկացի աբոլիցիոնիստ Չարլզ Սամները մեջբերում էր Դանտեին՝ խոսելով անեծքի մասին, որ հասցեագրված է երբևէ արդար գործի համար չպայքարած մարդկանց․ Թեոդոր Ռուզվելտը նույն հատվածներն օգտագործում էր՝ փորձելով Միացյալ Նահանգներին ներքաշել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։ Մուսոլինին աղավաղում էր պոեմի արտահայտությունները՝ արդարացնելու համար ֆաշիստական ռասայական օրենքները։ Իր դարաշրջանի մարդու համար Դանտեն, թվում է, զարմանալիորեն ազատ է հրեա ժողովրդի և կրոնի նկատմամբ նախապաշարմունքներից, և Դրախտում կան Հին Կտակարանի բազմաթիվ կերպարներ։ Նա ավելի խիստ էր իսլամի հանդեպ, որը համարում էր քրիստոնեությունից անջատում ու պառակտում՝ միջնադարյան դիրքորոշում, որն այսօր օգտագործվում է ժամանակակից իտալական աջ քաղաքական գործիչների կողմից՝ քրիստոնեական իտալական պետության գաղափարը պաշտպանելու համար։ Բենգը «Դրախտ»-ի իր նախաբանում մատնանշում է Դանտեի քաղաքական արդիականությունը մեր երկրում այն ժամանակ, երբ կուսակցական պայքարը նույնքան կործանարար է, որքան այն դարաշրջանում, որը նա դատապարտում էր։ Քաղաքականությունը կարող է լինել պոեմ ներթափանցելու լավագույն ճանապարհը։ Եկեք կոռումպացված, չարությունից եռացող քաղաքական գործիչների համար, մնացեք պոեզիայի և հմայող պատմությունների համար։

Քավարանի ափերին նոր ժամանած հոգիների մեջ Դանտեն հանդիպում է հին ընկերոջը՝ մի երաժշտի, որը ջերմորեն ողջունում է նրան։ Բնակչության թիվը հստակ չէ, բայց թվում է, որ այս վայրով անցնելու դատապարտված միջին խավի հոգիները կազմում են մարդկանց մեծամասնությունը՝ նրանք, ովքեր զղջում են իրենց վատ սովորությունների համար, բայց ոչ այնքան, որ ժամանակը լրանալուց առաջ փոխեն դրանք։ Դանտեն, նոր դուրս եկած դժոխքից և ընկճված զգալով իրեն, հարցնում է՝ արդյո՞ք ընկերը կարող է երգել այն սիրային երգերից մեկը, որոնք մի ժամանակ նրան խաղաղացնում էին։ (Թվում է՝ դեռ ոչ ոք չգիտի կանոնները․ ինչն է թույլատրելի, որքան սպասել, որքան ցավ է մարդն արժանի կրելու։) Ի պատասխան՝ տղամարդը սկսում է երգել Դանտեի բանաստեղծություններից մեկը։ Նրա ձայնը արտասովոր մեղմ է։ Մինչ չհայտնվի պահակը, որ գոռում է և շտապեցնում բոլորին, մենք մոռանում ենք, թե որտեղ ենք գտնվում, և մնում է միայն երգը։

Կլաուդիա Ռոտ Պիրպոնտ
աղբյուրը՝ այստեղ

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: