Բիրգիտ Կրայպե/Մանկատուն․ բանաստեղծություններ

Բիրգիտ Կրայպեն ծնվել է Գերմանիայի Հիլդեսյայմ քաղաքում։ Նա բանաստեղծ է և պոեզիայի թարգմանիչ, բնակվում է Բեռլինում։ Հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու։ Վերջին հրապարակումներից են՝ «SOMA» (kookbooks, 2016) և «aire» (kookbooks, 2021)։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ հանդեսներում, ազգային և միջազգային անթոլոգիաներում, վերջին շրջանում՝ «The Opposite of Seduction» (Լոնդոն, Shearsman Books, 2025) ժողովածուում։ 2022 թվականին Բիրգիտ Կրայպեն արժանացել է A & A Art Foundation-ի գրական մրցանակին և ստացել է կրթաթոշակներ Գերմանական ակադեմիայի Villa Massimo-ում (Հռոմ) և Villa Aurora-ում (Լոս Անջելես)։

օրն իջնում է եղեգների մեջ
երկնագույն-դալուկ, ասես պրուսական բացիկ։
ժամը մեկ բացիկ է ուղարկում, դրանք դատարկ են
եւ լուռ են, ինչպես փոքրիկ շարժիչներ,
որ հանգել են։ այս օրը կորավ, երբ նրանք
գողացան ամառը՝ վերածելով այն
փոքրիկ, թոշնած, գրասենյակային բույսի։
Հիմա այն ձգվում է վեր,
եթերը ճարճատում է ծառագագաթներին,
եղեգների միջից հառնում են կապույտ ուրուներ։
դեմքեր են ուրվագծվում՝ կավճե կապիկների պես,
ամպերի դիմաց՝ թռչունների հետքեր
(և․․․ դեռ եղեգնե՞ր են սրանք)
արխիվը բաբախում է, այնքան ճշգրիտ,
որքան հիշվում են ձայները։
բայց ես վաղո՛ւց եմ գաղթել։ երեխաներն է՛լ։

1.
Կես մղոն այն կողմ ճաքճքած պատերը դողում են շոգից,
դրանց արանքում, դռան մոտ հսկա, վքնած, հիվանդ սիրտ է
կախված։ վոլեյբոլի թսկած գնդակ։ միայն շունտերն են պսպղում։
դեռ ձմռանը դիմացի տանիքից հապշտապ գողացված
սուրբծննդյան զարդեր։ սպիտակ պլաստիկե ձին լուռ է։
ես գոռում եմ․ «թաղե՛ք սիրտս»։ պատասխանը՝ ճողփյուն։
ձկան երախ։ շապիկներ։ մեկը՝ գլխաշորով, ակնապիշ նայում է
հեռախոսին․ պոռնիկ, պոռնիկ։ մյուսն ընկնում է ջուրը՝ հեկեկալով,
օֆելիայի կպչուն զանգակածաղիկներով պատված՝ սողում է դեպի ափ։
կանչեր, ծիծաղ, ու․ հունիսը ի՜նչ երեքնուկներ է շաղ տալիս իր շուրջ։

2

հիմա նա ամառն է մարմնավորում։ փախչում է՝ մարմինն օդում․
հասկացի՛ր ախր, հուսահատությունն անդառնալի է։
հսկա պլանետարիումի աստղերի դիմաց՝ մարմնի գույնը․
մշուշներ, օդում ծփում են հոծ ազնվամորիներ, նա որթատունկ է․
նրա մեջ ապրում է մի գարշահոտ ծերունի, նա գարեջրի շշեր է դնում
ծերունու փտող գլխարկի վրա, փնտրում պանդոկ խեղդվելու համար,
բաժակը գլորվում է սեղանից, տե՛ս՝ ինչպես է փայլում, կտրատում է
ձեռքերը։ ամենը սկսվել է տարվա եղանակներից․ ձմեռը ստել է․
ծերունին մեռնում է։ գարունը ասես ուշ աշուն լիներ։ ամառը
խոստացել էր նրան ընկեր դառնալ, բայց այդպես էլ չեկավ․․․
հասկացի՛ր ախր, որ հուսահատությունն անդառնալի է։

3

տեսե՛ք, ահա գալիս է թունավոր թագուհին։ նրա զավակների սրտերում
մոծակների պարսեր են, ինչպե՞ս է նա հաջողում։ իսկական արվե՛ստ է։
կլոր գանգով գեղջուկը, մոծակները՝ պստլիկ փայտե սրտում,
սայթաքում է սև-սպիտակ դաշտերում`փախչելով բոլոր տեսիլքներից։
աշտարակի սենյակի մարմարե սալիկներին գիշերն ընկնում են
տեսիլքները՝ գլուխները սղոցված, մեջքերը ջարդված։ ես նորից ասում եմ՝
թագուհին թունավորվա՛ծ է։ թագավորի տեղը դատա՛րկ է։ բայց նրանք
զոմբիներ են։ դուռը՝ կկվով ժամացույցի նման, աշխատում է ամեն ժամի,
ամեն առավոտ։ գեղջուկները գլորվում են ներս․ հիմա ի՞մ հերթն է։
նրանց ժպիտներից տագնապ է ծորում, փոշու պես խտղտում են մոծակները։

4
ահա գալիս է սիրելի զավակը․ ծանր, գոսպելի երգչուհու պես
փակում է դուռը։ շողում է։ ուսին նստած է մայրը։ նրա որովայնից
կախ է ընկած լացող մի եղբայր։ խորթ որդին մոռանում է
յոգուրտի իր բաժակը, քնում դրա մեջ։ նրա ճակատին
աստղ է բռնկվում։ ես էլ ունեմ աստղ։ նա ասում է․ սա
իմ կաթնային գալակտիկան է։ մեր շուրջ այլ աստղեր են։ հնարավոր է՝
դրանց ետևում նույնպես կան բարի էակների ճակատներ։
եթե համաստեղություն եմ, թող անդրոմեդան լինեմ։ մարմի՞նս։
այստեղ եմ թողնում։ այս զոհողությունը պետք էր դպրոցի համար։

5

ընկնող աստղերը՝ սկսնակ, այժմ ընկղմված կապույտ բետոնե
աղյուսի մեջ՝ կատաղության խորանարդի մեկ քառորդի չափով։
առկայծում են, կարծես հրետակոծում են ամպերի հետևից։ նա
խաղում է․ 1-ին փուլում՝ բերսերկ, անունը՝ հրանուկ, գոտիները
նրան պահում էին պիրկ։ 2-րդ փուլում նա կամովին ընդունում էր
իր դեմ ուղղված միջոցները։ 3-րդ փուլում նա կոտրում էր դռներ,
բաց էր հունիսի և խատուտիկների համար։ 4-րդ փուլում՝ միայն
ընդարմացնող սպիտակ խոտ։ նա այդպես էլ չհասավ այդտեղ։
Կողքինհուսահատ տիրուհին սննդային իր ապաստարանում․
սիրելի դելֆիններ, աստղերը՝ բերաններում։

6
ողջույն, մենք մի երեխա ունենք, որ թելին կապված աշուն է տանում
հետևում՝ փոքրիկ անշարժ ցիկլոն, անդադար ֆսֆսոց
հրեշավոր հարբուխ, նա երբեք դրանից չի պրծնի: այնտեղ անտեսանելի
էակներն են ապրում և կրակում։ նրանք ընկերներ են,
խոսում է նրանց հետ։ միշտ մառախուղ է շուրջը, կարծես կախարդական
հեռուստացույցի մեջ, որ նրան հմայել է։ քույրը նույնպես
մեզ մոտ է, նրա աչքերը երկաթից են, դպրոցը նա չի գտնում։ գիշերները
հայրն անցնում է թղթե նավակով գետն ի վար, և խորշոմում են
պաստառները, պատուհանները բացվում ու ճչում են․ նա ձեռքով է անում։
կեղտոտ հրեշտակ է, ականջում՝ շաքարաթեփուկներ։

7
ջրի երես է դուրս գալիս առեղծվածային ձուկը․ շրջվում է, նայում ինձ։
ճապոնական ստվարաթղթե ծածան։ աչքերում երկինք է։ նա
փոխված ձայնով հարցնում է․ ի՞նչ էր այն երեխայի անունը, որը երազել
չգիտեր։ մի անգամ նա գրեթե լուսապսակ ստացավ։ ես չեմ ուզում
պատասխանել, հարցնում եմ․ ո՞վ էր այն աղջիկը, որ կապտասև
մազեր ու դեղին մաշկ ուներ։ նրա հովանավորուհին հարբած պարում էր
այգալույսի երկրում։ թղթե լուսնի ժամանակների արքայադուստր, նա երգի
բառեր էր փորագրում իր ազդրերին, փչում սբ․Մարտինի եղջերափողեր,
երեք փութկոտ թագավոր` խալաթներ հագած, եկան ու տարան նրան։
նա գրեթե երկնքում էր։ ձուկը չի ուզում շրջվել։ շրշում է իր ստվարաթղթով։

8
հիմա մթնում է։ փոքրիկ կոբրաները՝ սև գոտիներ իրենց արկղերում,
շրշում են, բարձրանում։ մանրիկ հանգույցներ շարում պատերին,
գորգին, պատուհանագոգին։ ամեն երեկո շրջապատում են քունը
մութ պարիսպների պես։ նույնիսկ հրշեջները, այրված թխվածքաբլիթների
սպասող, չեն կարող ճեղքել-անցնել, և նորությունների վհուկը քնած է։
Մայրն իր գարեջրային քնի մեջ․ ես քունգ-ֆու ձեռքերով օձերին որպես
ճոպաններ ոլորում եմ գետի մեջ։ Էն ո՞վ է խնդմնդում ճանճերի հետ։
փոքրիկ գեյշա, որն ասում է, թե ինքը կայսրուհի-ցավն է, կանգնած է
լուսամուտի մոտ, ցույց է տալիս լուսնին իր բիսքվիթային-ճերմակ կողմը․
բարձրացնում է ձեռքը՝ ողջունելով արձանի պես։ տասը մետր այն կողմ։
ասում է․ այնտեղ դու պետք է սովամահ լինես։ ծիծաղում է։

Գերմաներենից թարգմանեց Եվա Մարտիրոսյանը

Please follow and like us: