Եվա Մարտիրոսյան/եսակենտրոնություն

համաժամացում (սինխրոնիզացիա)

(այս բանաստեղծությունն իրական դեպքերի վրա է հիմնված)


էն օրը երբ դանակով հարձակվեցիր վրաս,
հարվածներդ դիպան այլ նշանակետի՝
նախանշածիցդ տարբեր։

շեղբի սահումը ափիս մեջ
սրբեց հիշողություններս համատարած կարմիրով։

դաստակիս բաց հատվածից
դուրս սորաց պահուստային քնքշանքը՝
իսպառ։

կոկորդիս կոշտացած սպիները բայց
հիմա երբեմն օգնում են
լռությամբ դիմակայել
խոսքով վատ խոսք կորզող
շեշտակի հարվածներին։

8013

դիմացս խնամքով դրված խայծ-նշխարը
ձեռքի ափով ծածկեցի ու մագնիսի պես սկսեցի ձգել
մյուս այս ու այն կողմ նետված փշրանքը:

ձգեցի, ձգեցի,
հավաքվեցին, հավաքվեցին,
մի մեծ սար փշրանք կազմեցին,
հունցեցի՝ միատարրվեցին,
փայփայեցի՝ կարծրացան
սևահող լցրի՝ բուսականություն հայտնվեց:

հիմա գնում եմ Չինաստան,
երկու օր եղավ արդեն՝
ուխտ-պտույտներ եմ անում սարիս շուրջը,
օղակում եմ ճոպանով, որ կապեմ գոտուս ու հետս տանեմ,
մեկ էլ տեսնեմ ի՞նչ

հիմք-նշխարիս վրա կառուցված լանջերից
ավազահատիկ-փշուրներ են պոկվում
նետվում այս ու այն կողմ,
սրա-նրա հետ սիրախաղում.

սևահողս ավազի վերածվեց:

ու ժամանակը դանդաղու՜մ,
պտույտները դառնում հակառակ ուղղությամբ,
հունցածս չորանում,
փայփայածս փշրվում։

ճամփա կընկնեմ թեթև․
էնտեղ, ուր ես գնում եմ,
սարերն ամուր հումքից են:

դիմակազերծում

աֆրիկայի
արևմտյան եվրոպայի
ու երբեմն ասիայի տարածքներում

գտնում ես մարմնավորումներ՝
հաստատելով ինձ համոզմունքիս մեջ,
որ ամենակարող ես,

հավանաբար մի քիչ դաժան,
որովհետև ստիպում ես ինձ սիրահարվել
հասարակածից այս ու այն կողմ գտնվող բոլոր մարմնավորումներիդ,

հավանաբար մի փոքր մեծահոգի,
որովհետև թույլ ես տալիս ինձ սիրահարվել
բոլոր մարմնավորումներիդ,

չես տալիս ինձ մեկ մարմին,
որին մարմինս նվիրեմ,
այլ տալիս ես ինձ հնարավորություններ՝

փոխակերպվելու բոլոր մարմնավորումներիդ հետ,
տրվել բոլոր մարմնավորումներիդ
ու հիասթափվել բոլոր մարմնավորումներիցդ

վաղ թե ուշ

թուլության
դեսպոտիզմի
անջատվածության
փչացածության
չափազանցված ինքնանվիրման
պատճառով:

ես հատկապես սիրում եմ էն մարմնավորումներդ,
երբ չես երևում
բացի գրածներիս մեջ սողոսկելու պահերից,

դա թույլ է տալիս ինձ
երազի մեջ մնալ
ավելի երկար

մինչև քեզ տեսնելու պահը,
որ կարող է երբեք չգալ:

դրա համար չեմ գրի էն միակ տողը,
որ պիտի լիներ գրված
էս ամբողջ ապուշության փոխարեն:

դևերը


րոպե
ծակող
 
ցավը
սուր
 
բթացող

ցավը
 
չեմ լսում
չեմ տեսնում 
չէ
 
չեմ նստել 
էդ 
նավը
 
օր
լպրծուն 
հոսող
 
գիշեր
հմայիլ
ցավը
 
դևերը
սևերը
դավը
 
ուր պահեմ քեզ ինձնից 
ինձ հետ
ոնց տամ քեզ ինձ 
անմասն
 
մաս-մաս 
քանդեմ նվիրեմ 
ներսից 
մինչև սրտիս 
վերջին
խազը
 
սևերից
դևերից 
դեն 
ոնց գտնեմ քեզ
նորից
լավս
 
ոնց արարեմ ինձ-քեզ
ոնց հետ կարեմ պորտալարս

չլոցի

արդեն երրորդ օրն ա՝ վեր եմ կենում 3:37
 
իմ ձեռքով այլայլվող իրականությունը
ինձ քնեցնում տրոհվում ա երազների
ինձնով չլոցի տշում
վրեժ լուծում իր կտտանքների
իմ ինքնասպանության
համար
 
ուղեղիս միջի որդերը քունքերիցս դուրս ցցված
ճխլվում կամ հետ են մղվում երազային քացիներից
ջուր եմ լցնում մեջս կողքս դրած հինգլիտրանոցից
ծանր ա
հիասթափեցնող
 
ի՞նչ ա ուզում ինձնից էս գրողիտարած թիվը
 
վեր կենամ ստուգեմ
կարող ա՞ էդ վառված մաշկով սև-սպիտակ կատուն
իրոք էս պահարանում ա ապրում
 
բա եթե հանկարծ պարզվի հա
ու հերիք չի հա
կողքի սենյակի կատարվածն էլ ա իրոք
 
իսկ եթե ուզեմ դուրս անել էս կատվին
ու հենց ձեռք տամ՝ մղկտա նենց ոնցոր երազումս
որ ուղեղիս որդերը սկսեն ճռթճռթալ
բազմանալ կիսման եղանակով
գանգոսկրիս բները թողած
լցվեն ցամաքած բերանս
լերդանան
չխեղդվեմ
 
եռափեղկված ինքնությունս 37 մասի ա բաժանվել
մարմնիս ամեն 3 մմ-ը 37 կմ երազանք ա ենթադրում
 
կողքի սենյակի կողմ  չեմ նայի ուղղակի
սևսպիտակին էլ ավելի լավ ա թողնեմ՝ հանգիստ քնի
եթե բախտը բերեց (իմը՝ էլ չէ)
վաղը՝ 3:37
նորից կկերակրեմ դրան
ուղեղի թարմ որդերով
ասում են դրանք լավ են
մաշկի քաղցկեղով տառապող կատուների համար
 
գնացի չլոցի խաղալու
 
P.S.  հասկացա
3:37 չլոցու հաշիվն ա
հօգուտ իրանց

եսակենտրոնություն

անհանգիստ եմ շատ անհանգիստ
անցյալի ես նորից այցելության եմ եկել ինձ
զզվելի չարախնդում եմ
ուզում եմ իմ գլխին կապեմ սեփական չհաջողված կյանքը
ասում եմ՝ հա հետո՞ ինչ, որ ես խմում եմ
որ ցինիկ եմ ու անսկզբունքային
բա դու՞ ինչ ես
տագնապահար
ոչ մի վայրկյան չհանդարտվող
չկայացած
անվճռական
ես գոնե մսխում եմ ամեն օրս
լցնում եմ ամեն օրս
հետո՞ ինչ, որ շան պես սատկեմ մի տեղ ընկած
մեկ ա քնած կլինեմ չեմ զգա
իսկ մինչև էդ լավ քեֆ արած:
 
չգիտեմ ոնց շփվեմ հետս, երբ որ գալիս եմ մոտս
հարբածներին հատուկ աննրբանկատությամբ
կռվարարությամբ
գալիս եմ մնում
անընդհատ հույս ունեմ, որ հեսա կասեմ՝ «արի խմենք»
կամ գոնե մի բաժակ օղի կառաջարկեմ
ձեռքերիս դողն անցկացնելու
սրտիս արագությունը կարգավորելու համար:

բայց ես հո հիմար չեմ
ինչքան ուզում եմ մնամ
ինչքան ուզում եմ ինձ հունից հանեմ
ծաղրական խղճահարույց կամ
պարզապես զզվելի դրսևորումներովս
ես հո գիտեմ որ հետս մի բաժակ խմեցի
մեկը երկուս ա դառնալու
երկուսը տասը
ու դրանից հետո
գրեթե հաստատ
 
(բացառությունները չհաշված)
 
էլ չեմ լինի մեկը
ում մոտ կգամ` զահլա տանելու
կլանչելու
որովհետև
կխմենք միասին
մինչև կատարյալ
ու վերջնական միաձուլում
ես
ու ես:

Please follow and like us: