Օֆելի Դալաքյան/Վանը

Տան որ հատվածում էլ լինեիր, կլսեիր՝ Վանն ինչպես է իր «Niva»-ով մտնում բակ։ Եթե նրա մեքենայից բարձր  երաժշտություն էր լսվում, ապա Վանի տրամադրությունը տեղն էր, կատակներն էլ՝ գրպանը դրած, իսկ բակի երեխաներն էլ երջանիկ էին, որովհետև հավանականությունը մեծ էր, որ կթողնի իր հեծանիվով պտտվեն կամ կսովորեցնի հեծանիվ քշել։

Բակում շատ քչերը մեքենա ունեին, ու դրա համար էլ Վանը «հանգիստ» ինքնահաստատվում էր։ Երբ տասնվեց տարեկան էր, հայրը «Niva»- նվիրեց՝ դպրոցն ավարտելու առիթով (Այդ տարի բակում ութ շրջանավարտ կար)։ Սկզբում հարևանները շատ էին բողոքում, որ բակում արագ է քշում, մի օր էլ քիչ էր մնացել երեխաներից մեկին մեքենայի տակ գցեր կամ երաժշտությունը բարձր միացրած մտնում էր բակ։ Հայրը, ցուցադրաբար, բարկանում էր՝ սպառնալով մեքենան ձեռքից վերցնել, բայց հոր զայրույթը տևում էր երկու-երեք օր։ Այդ պատճառով էլ հարևանները  սկսեցին փողոցն ավելի ուշադիր անցնել։

Վանն ամեն ինչ առաջինն է ունեցել՝ հեծանիվ, համակարգչային խաղ, Levi’s ջինս (Հոր ընկերներն Ամերիկայից հաճախ էին ջինս ուղարկում Վանին)։ Նա տան  միակ ու սպասված տղան էր։ 

-Լա՞վն ա ջինսս, լյովիս ա- մի անգամ հարցրել էր ընկերներից մեկին,- Վարդան ձյաձյան ա Ամերիկայից ուղարկել։

Ընկերը ծիծաղել էր․

– Հա, լավն ա լյովիդ ջինսը։

Բայց լավն էր Վանը, չարություն, նախանձ չկար սրտում։ Իրենից փոքր  տղաներին ու աղջիկներին հեծանիվ քշել էր սովորեցնում։

– Սովորեք, որ իրար հետ գնանք կողքի թաղի էրեխեքի հետ քշենք,- ասում էր երեխաներին։

Տղաներին սովորեցնելիս՝ շատ կոպիտ էր, արագ բռնկվում էր, որ մի բան սխալ էին անում, իսկ աղջիկների հանդեպ մեղմ էր․նրանք բարակ մեջք ու նուրբ ուսեր ունեին։ Միայն Սոնան էր, որ հրաժարվում էր Վանի հեծանիվից, որովհետև տեսնում էր՝ ինչպես էին մատղաշ աղջիկների մեջքները խուտուտ գալիս Վանի մատների թեթև հպումից։ Իսկ Վանն էլ չէր ուզում Սոնային սովորեցնել, որովհետև մտածում էր,թե  Սոնան բերանբաց է, և նրանից հեռու մնալ է պետք։

– Եթե պապաս սրա մասին իմացավ, դասարանում հանգիստ կյանք չես ունենա,- մի անգամ սպառնացել էր Վանը Սոնային, երբ վերջինս տեսել էր Վանին ծխելիս։

Սոնան ուսերը թափ էր տվել ու արհամարհանքով շրջվել նրա մոտից։  

Այդ օրվանից Վանի մարմնով սարսուռ էր անցնում,  երբ հանդիպում էր Սոնային, բայց Սոնան լռեց, ոչ ոքի չասաց տեսածի մասին, որովհետև Սոնայի սիրտը կցավեր, եթե Վանի հայրն ապտակեր նրան։ Իհարկե, հայրն իմացավ այդ մասին, բայց հարևաններից։ Հետո Վանը հասկացավ, որ Սոնան ձկան նման լուռ է, բայց ոչ իր հանդեպ վախից, ուղղակի, Սոնան լավն էր, իր բակի Սոնան էր։

– Էդ մի անգամն եմ ծխել, Սոն, ուղղակի ուզում էի փորձել,- մի անգամ արդարացավ Վանը Սոնայի առաջ։

– Ինձ ի՞նչ,- ուսերը թոթվել էր Սոնան։

– էդ շորդ շատ կարճ ա, էլ չհագնես դպրոցում,- կտրուկ անցում էր կատարել ու առանց արձագանքի սպասելու հեռացել էր Վանը։

Սկզբում Սոնան բարկացել էր, հետո ներսը խլվլտացել էր, որ Վանն իր սիրունիկ ոտքերը նկատել է։ Եվ հաջորդ օրվանից Սոնայի փեշը կամաց-կամաց կարճացավ։ 

-Oh, my God,- աչքերը կլորացրած՝ գոռացել էր անգլերենի ուսուցչուհին, երբ դպրոցի անկյուններից մեկում տեսել էր Սոնային ու Վանին համբուրվելիս։ Սոնան թաքնվել էր Վանի թիկունքում, ամոթից եռ էր գալիս, արցունքներն,առանց հարցնելու, թափվում էին երեսով մեկ։ Բայց Վանն իր քաղցր լեզվով համոզել էր ուսուցչուհուն, որ ծնողներին ոչինչ չպատմի, որ խոսք է տալիս՝ անգլերենի դասերը պարտաճանաչ կսովորեն։ Հաջորդ օրն այդ նույն ուսուցչուհին աշակերտների նստատեղերը փոխել էր այնպես, որ Սոնան ու Վանը միասին նստեն, և խստագույնս զգուշացրել էր, որ իր ժամերին բոլորն այդպես նստեն։ 

Վանի տասնյոթ տարեկան դառնալուն զուգընթաց հայրը նյարդային ու անհանգիստ էր դառնում․ Վանը բանակ պիտի գնար։

– Սիրտս կկանգնի, որ Վանս գնա բանակ, մի բան պիտի անեմ, սենց չեմ թողնի,- ասել էր հայրը հարևանների մոտ։

Հարևանները գիտեին, որ մեծ շրջապատ, հնարավորություն ունի, հաստատ կանի ամեն ինչ։ Հետո բակում իմացան, որ Վանը մեկնել է Ամերիկա՝ սովորելու։

– Պապ, կարա՞ս դասավորես, որ Սոնան էլ գա,- գնալուց առաջ հարցրել էր Վանը։

– Դու բարեհաջող գնա, տղա ջան, հետո մի բան կմտածեմ,- պատասխանել էր հայրը։

– Ավտոս չծախես, պապ, գալու եմ քշեմ։

– Չեմ ծախի,-ծիծաղել էր հայրը՝ որդու ուսին թփթփացնելով։

– Պապան խոստացել ա, որ մինչև ինստիտուտ ավարտելդ, քեզ էլ կուղարկի Ամերիկա,- հրաժեշտից առաջ ասել էր Վանը,- քեզ լավ կնայես, որ բան պետք լինի, Հակոբին ասել եմ, կօգնի քեզ,- ասել ու համբուրել էր Սոնայի ճակատը, հետո՝ թաց այտը։

Երկու տարի էլ չէր անցել, երբ բակում տարածվեց լուրը, որ Վանը մի անհեթեթ կռվի մեջ է ընկել ու դանակահարվել։ 

Վանի հոր բառերն անգամ օդում ճաքում էին ցավից։

– Ես եմ մեղավոր,- միալար կրկնում էր հայրը։

*** 

Հիմա՝ այսքան տարի անց,  բակի նույն թթենու տակ էլի կանգնած է Վանի «Niva»-ն՝ փոշոտ, անտեր՝ ինչպես այս պատմության փոշոտ տարիները։ 

Ցավը կամ հաշտեցնում է քեզ Աստծու հետ, կամ՝ Նրա հետ կապերդ քանդում։ Վանի հայրը նեղացավ այս աշխարհից, մերձեցավ իր ցավի հետ՝ կառչած որդու հետ ապրած մի բուռ հիշողությունից։ Իսկ Սոնայի երեխաներին, որոնք գրեթե ամեն շաբաթ իրենց բակում էին, թույլ չէր տալիս նույնիսկ պահմտոցի խաղալիս մեքենայի հետևում թաքնվել։

Please follow and like us: