Դրամ և հիշողություն (Moneta e memoria)
Սեպտեմբերի 23, 2025 թ․
Moneta լատիներեն բառը, որից առաջացել է մերը, գալիս է moneo-ից՝ «հիշել, մտածել», և ի սկզբանե թարգմանությունն էր հունարեն Mnemosyne-ի, որը նշանակում էր «հիշողություն»։ Այդպես էլ Հռոմում Moneta-ն դարձավ այն տաճարի անունը, որտեղ երկրպագում էին հիշողության աստվածուհուն և որտեղ հատվում էր դրամը։ Դրամի և հիշողության այս ստուգաբանական կապից է, որ պետք է դիտել Եվրոպական միասնական արժույթի վերացման և յուրաքանչյուր երկրի սեփական ավանդական արժույթին վերադառնալու շուրջ վերասկսվող քննարկումները։ «Դրամական» հրատապ հարցի տակ գործում է ոչ պակաս հրատապ հիշողության հարցը․ այսինքն՝ ոչ այլ ինչ, եթե ոչ եվրոպական ցանկացած երկրի սեփական հիշողության վերագտանումը, որը, հրաժարվելով սեփական դրամի նկատմամբ ինքնիշխանությունից, անգիտակցաբար հրաժարվել է նաև սեփական հիշողության ժառանգությունից։ Եթե դրամը նախ և առաջ հիշողության վայրն է, եթե դրամի մեջ՝ իբրև մի բանի, որով կարող է վճարել ամենայնի համար և լինել ամենայնի փոխարեն, առանձին մարդու և ամբողջ համայնքի համար դրված է անցյալի ու մեռյալների հիշողությունը, ապա զարմանալի չէ, որ մեր ժամանակը բնորոշող անցյալի և ներկայի կապի խզման մեջ անխուսափելի հրատապությամբ ի հայտ է գալիս դրամի խնդիրը։ Երբ մի նշանավոր տնտեսագետ հայտարարում է, որ Ֆրանսիայի համար (ինչպես, գուցե, ցանկացած եվրոպական երկրի) ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը սեփական արժույթի նկատմամբ իշխանությունը (autorità) վերականգնելն է, նա, ըստ էության, հուշում է այդ երկրին վերագտնել իր կապը սեփական հիշողության հետ։ Եվրոպական համայնքի և նրա դրամի ճգնաժամը, որն արդեն մոտ է, հիշողության ճգնաժամ է, և հիշողությունը՝ լավ է չմոռանալ, յուրաքանչյուր երկրի համար բացառիկ քաղաքական վայր է։ Առանց հիշողության քաղաքականություն չկա, բայց եվրոպական հիշողությունը նույնքան անհաստատ է, որքան նրա միասնական դրամը։
Որտե՞ղ ենք մենք (Dove siamo?)
Սեպտեմբերի 15, 2025 թ․
Դժոխքում։ Այս գիտակցումից չբխող ամենայն խոսույթ (discorso) պարզապես հիմնազուրկ է։ Այն շրջանակները, որոնցում մենք գտնվում ենք, դասավորված չեն ուղղահայաց կերպով, այլ ցրված են աշխարհով մեկ։ Մարդիկ ուր էլ հավաքվեն դժոխք են ստեղծում։ Շրջանակներն ու անդունդները մեր շուրջն են ամենուրեք, և մենք ճանաչում ենք, ինչպես Գոյայի կապրիչոսներում, հրեշներին և դևերին, որ կառավարում են դրանց։
Ի՞նչ կարող ենք անել այս դժոխքում։ Ոչ այնքան կամ ոչ միայն, ինչպես ասում էր Իտալոն, պահել բարու մի պատառիկը՝ այն, որը դժոխքում դժոխք չէ։ Քանի որ այն նույնպես աղտոտվել է՝ ամբողջությամբ կամ մասամբ, ամեն պարագայիս, պետք չէ փախչել։ Փոխարենը կանգնի՛ր, լռի՛ր, դիտի՛ր և պատեհ պահին խոսի՛ր․ ճեղքի՛ր այն ստերի վարագույրը, որի վրա հանգչում է դժոխքը։ Քանզի դժոխքն ինքնին սուտ է, որը փակում է ճանապարհը դեպի ոչ դժոխք (non inferno), դեպի երջանիկ, պարզապես, անիշխանականորեն գոյություն ունեցողը։ Դեպի այն երբևէ չեղյալ վիճակը, որը դժոխքը մշտապես պարածածկում է իր սեփական վիճակով, ասես՝ այլ հնարավորություն չկար այն ադնունդներից ու շրջանակներից դուրս, որոնց մեջ դու արդեն անխուսափելիորեն ընդգրկվել ես։ Եղի՛ր այն կետը, այն շեմը, ուր վիճակը վերանում է, ուր բխում է հնարավորը, միակ ճշմարիտ իրականությունը։ Մտածելը չի կայանում հնարավորը գիտակցելու մեջ, ինչպես դևերն են հրավիրում անել, այլ իրականը հնարավոր դարձնելու, այն եղելությունների (fatti) անխուսափելիությունից ելք գտնելու մեջ, որոնք գերիշխող գաղափարախոսությունը փորձում է պարտադրել բոլոր բնագավառներում և ամենից առաջ քաղաքականության մեջ։ Մինչդեռ ձեր շուրջը տիրող դժոխային իրարանցման մեջ ամենայն ոք փորձում է դիվայնորեն, արվեստականորեն և ցանկացած գնով հասնել հնարավոր ամեն ինչի, ձեզ համար յուրաքանչյուր վիճակ, ամեն ինչ, եթե դրանք ընկալում եք իրենց ճշմարտության մեջ, յուրաքանչյուր խոտի ծիլ կրկին դառնում է լուռ, հստակորեն հնարավոր։
Կեղծ հարաբերությունների մասին (Sui rapporti falsi)
Սեպտեմբերի 1, 2025 թ․
Քաղաքական իշխանության լավ սահմանում կարելի է տալ այն բնորոշելով իբրև արվեստ՝ մարդկանց կեղծ հարաբերությունների մեջ դնելու։ Այս, և ուրիշ ոչինչ, հենց այս է նախ և առաջ անում իշխանությունը, որպեսզի հետո ուզածի պես կարողանա կառավարել նրանց։ Երբ նրանք թույլ են տալիս իրենց ներքաշվել այնպիսի անուղղակի հարաբերությունների մեջ, որոնցում իրենք չեն կարող ճանաչել իրենց, մարդիկ դյուրավ խեղաթյուրվում և կողմնորոշվում են ըստ ցանկության: Եթե նրանք առանց դժվարության հավատում են իրենց առաջարկվող ստերին, ապա այդ այն պատճառով է, որ նրանք արդեն իսկ անգիտակցաբար հայտնվել են կեղծ հարաբերությունների մեջ:
Հետևաբար՝ արժանավոր քաղաքական ռազմավարության առաջին քայլը, կեղծ հարաբերություններից ելքի որոնումն է, որոնցում իշխանությունը դրել է մարդկանց՝ նրանց կառավարելու համար: Սակայն այդ այնքան էլ հեշտ չէ, քանզի կեղծ հարաբերությունն այն է, որից տեսանելի ելք չկա: Ելքի պես մի բան հնարավոր է դառնում միայն այն դեպքում, եթե մենք հասկանանք, որ կեղծ հարաբերությունը հենց իշխանության ձևն է․ կեղծ հարաբերությունների մեջ լինելը նշանակում է իշխանության հարաբերությունների մեջ լինել: Այսինքն՝ հարաբերությունները կեղծ են ոչ թե այն պատճառով, որ մենք ստում ենք, այլ այն պատճառով, որ մենք չունենք դրա էապես քաղաքական բնույթի գիտակցում: Անկախ այն բանից, թե թվացյալ մտերմիկ և անձնական հարաբերությունները, թե արվեստականորեն (tecnicamente) կամ հասարակայնորեն (socialmente) որոշյալ հարաբերությունները, խորքում, այժմ և միշտ քաղաքական են, այսինքն՝ մենք սկզբից իսկ հայտնվում ենք կեղծ հարաբերությունների մեջ․ այս գիտակցումը միակ միջոցն է դրանց հարցում ընկալման մեր ձևը հիմնովին փոխելու։
Թարգմանությունն իտալերենից՝ Սահակ Գալոյանի
Աղբյուրը՝
https://www.quodlibet.it/giorgio-agamben-moneta-memoria
https://www.quodlibet.it/giorgio-agamben-dove-siamo
https://www.quodlibet.it/giorgio-agamben-sui-rapporti-falsi
