Մհեր Իսրայելյան/Տապակնաց

Հարցն արդիականություն ստացավ «Տապակնաց» բացօթյա ներկայացումը հայրենի անդաստաններում բեմադրելուց անմիջապես հետո։ Ավելի ճիշտ, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Թե ինչ էր ուզեցել ասել հայտնի գրողը հարյուր տարի առաջ գրած իր պատմվածքի տողատակում, դարձավ կենաց-մահու հարց։ Մեկ մետր այս կողմ, մեկ մետր այն կողմ, ոչինչ չի փոխում՝ ասացին համակերպվողները։ Մեկ մղոն այս կողմ, մեկ մղոն այն կողմ՝ էական չէ՝ հաստատեցին վախկոտները։ Ամեն թիզն էլ կարևոր է, ազգային արժանապատվության հարց՝ հակաճառեցին խիզախները, արժանանալով առաջինների «պատերազմի հրձիգներ» մահացու մեղադրանքին։ Մեծ հարցերը թողած, ընկել ենք մանրուքների հետևից, մինչ մենք կռվում ենք մի թիզի համար, արհավիրքը թիկունքից սողոսկում է մեր տուն՝ սրբել-տանելով թիզերը, մետրերն ու մղոնները՝ արդարացան իմաստուններն ու մանավանդ գրականության խորագիտակները, որոնք հենց այդ միտքն էին հարյուր տարի տեսնում ստեղծագործության բուն ասելիքում։ Ի՞նչ է «Տապակնացն» ի վերջո, գրականության հնարա՞նք, անվտանգության երաշխի՞ք, գուցե միֆ է, ուղեղային մորմոք՝ հանճարի ասած։ Տապակնացը անհրաժեշտ է տարածքը պարագծելու համար, մեր ունեցած-չունեցածը պահպանելու համար` շարունակեցին պնդել  համակիրները։ Այն սահմանափակում է մեր մտքի թռիչքը, զրկում համաշխարհային խաչմերուկ դառնալու` ընձեռված բացառիկ հնարավորությունից` համառեցին Տապակնացի ոխերիմ հակառակորդնեը։

Տապակնացի նշանակության շուրջ գրական բանավեճը վերաճեց քաղաքական հավակնությունների մի իսկական ալեկոծության։ «Տապակնաց» անունով քաղաքական կուսակցություն հիմնելու փորձը հանգեցրեց նախաձեռնության հեղինակի ձերբակալության, որին դատական իշխանությունները մեղադրեցին հեղաշրջման փորձի համար, մինչդեռ հասարակ մահկանացուներն ու իրավապաշտպանները այդ հանդուգնին համարեցին քաղաքական հալածյալ։  

Հենց այդ խառը օրերին էլ հնչեց ահազանգը, հեռախոսի ընկալուչի միջից  քույրս տագնապահար ձայնով գուժեց օվկիանոսից անդին ծվարած ու իրադարձություններին հեռադիտակով հետևող  նվաստիս, որ տեղի է ունեցել մեծ ողբերգություն։ Օգտվելով խառնաշփոթից ու այն հանգամանքից, որ ողջ ժողովուրդը ընկղմվել է Տապակնացի դերի և նշանակության շուրջ ծայր առած ազգային բանավեճի ճահիճը և ժամանակ ու եռանդ չունի զբաղվելու կենցաղային ինչ-ինչ մանր ու ճղճիմ հարցերով, մեր սիրելի հորաքույր Հայաստանը՝ Հայոն, դավադրաբար գրավել է ընտանեկան գերեզմանոցի վերջին հողակտորը, որ նախատեսված էր մեր պաշտելի հայրիկի վերջին հանգրվանի համար։ Գրավել ու իր ամուսնուն` Սաքոյին, առոք փառոք հուղարկավորել է այնտեղ։

– Ո՞նց,- զարմացա ես,- էդ ե՞րբ մեռավ խեղճ մարդը։ 

– Չդիմացավ այս խայտառակությանն ու նվաստացմանը, սիրտը կանգնեց,- բացատրեց քույրս։ 

– Ինչպես թե, լրիվ առողջ մարդ էր, ինչ հիշում եմ լուսաբացին պարտադիր մարզվում էր մոտակա այգում,  սառը ցնցուղ ընդունում ու մեղրով կաթնաշոռ ուտում։

– Բոլորից գաղտնի են պահել դեպքը ու գողեգող գիշերով թաղել, որ աղմուկ չբարձրանա,- շշնջաց քույրս, ակնարկելով, թե մեր օրերում բոլորի հեռախոսները լսում են։ 

– Խեղճ մարդ, այ թե իմանար գլխին ինչ են բերել երկրի վրա ապրած իր վերջին օրով,- տխրեցի ես։

– Թասիբով մարդ էր, դժվար հանդուրժեր նման անարդարություն,- համաձայնեց քույրս, որ ակնհայտորեն ցնցված էր հորաքրոջ անսպասելի քայլից։

– Այո, դժվար թե այսուհետ կարողանա ուղիղ նայել հայրիկի աչքերի մեջ,- գլխով արեցի ես այնպես, ասես թե ընկալուչի միջից քույրս տեսնում էր ինձ։

– Պետք է անհապաղ գործել, ժամանակ կորցնելու իրավունք չունենք,- հրահանգեց քույրս,- քեզ տվել ես գիր-գրականությանը, հողերը մեր ձեռքից գնում են։ 

– Ե՞վ, ի՞նչ ես առաջարկում,- իրավիճակի անհեթեթությունից ուսերս թոթվեցի ես, այնպես, ասես քույրս տեսնում էր ինձ,-  անհարմար բան ստացվեց, գոնե ցավակցեինք հորաքույրին։ 

– Գերզմանոցի ամենալավ հողակտորն էր` սուրբ սարի տեսարանով, կանաչ խոտով ու մաքուր օդով, հո հենց այնպես չենք զիջելու, ինչքան էլ սիրենք մեր հորաքրոջն ու լուսահոգի ամուսնուն։

– Գուցե խոսեինք հորաքրոջ հետ, եթե միտքը կայտառ է,- մտմտացի ես։ 

– Պառավը լրիվ ցնդել է օր ծերության, հետը խոսել չի լինում, ասաց, որ հայրիկը թե շատ է ուզում, կարող է հենց հիմա էլ գալ ու Սաքոյի տեղը պառկել,-լացակումած ձայնով ասաց քույրս։ 

– Գոնե կողքն ասեր, տնաշենը,- ձայնս ցածրացրեցի ես, թերևս հատուկ, որ քույրս չլսի։

Եվ այսպես, ինչպես և սպասվում էր, Տապակնացը ազգային հարթությունից սեղմվեց-սեղմվեց ու որպես մի ընտանեկան նողկալի պատմություն եկավ-մտավ մեր տուն։ Այ այս մեկը նույնիսկ ամենասրատես գրականագետները վրիպել էին։ Ո՞վ կմտածեր, որ պապենական մեր սուրբ գերեզմանին պիտի գար ու օտարի արյուն ու ոսկոր խառնվեր, ինչքան էլ թասիբով մարդ լիներ հանգուցյալը, ինչքան էլ հորաքրոջը ջահել ժամանակ լավ էր նայել, ոչ ծեծել էր, ոչ էլ կյանքում թթու խոսք ասել։

– Հողը, մանավանդ գերեզմաններով սրբագործված հողը, պատկանում է պետությանը, ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն անել այդ տարածքի նկատմամբ,- բացատրել էր թնջուկը պարզաբանելու համար քրոջս հրավիրած փաստաբանը,- պատկերավոր ասած` հողակտորը պատկանում է այնտեղ թաղված մահկանացուին, հարցն, այսպիսով, բարոյական է և չունի իրավական լուծում։ 

– Մի լուծում, այնուամենայնիվ գտել եմ,- աչքերը խորամանկորեն խաղացնելով ասել էր հուղարկավորության քաղաքային գրասենյակի ճարպիկ աշխատակիցը,- եթե հայրիկը քսան տարի ձգի, ու հանգուցյալի ոսկորները փոշիացած լինեն, կարող ենք հենց փեսայի վրա էլ տեղավորել։ Կանոնադրության մեջ նման մի սողանցք եմ գտել։

Ախ, մեր սիրելի հորաքույր Հայո, էս ինչ արեցիր, լավ բարեհամբույր կին էիր, ի՞նչ մեղու կծեց քեզ օր ծերության։ Զանգեիր, ասեիր, որ խեղճ մարդը անբուժելի հիվանդ է, գուցե օգնեինք, տեղափոխեինք Եվրոպա և փրկեինք կյանքը։ Հերիք չէ նրա կյանքը կործանեցիր, հիմա էլ կռվախնձոր ես սարքել սիրելիների միջև։   

Կռվախնձոր էր, թե ինչ, վստահ չեմ, բայց կարծես թե Տապակնացի հարցն ու մեր ընտանեկան թնջուկը զարգանում էին իրար զուգահեռ, գրկախառնված, թե կարելի է այդպես ասել, դառնալով նոր քաղաքագիտական ու գրականագիտական տեսությունների յուրօրինակ մերան։ Մեր երկրի ամենաբարձրահասակ գրականագետը, որ օգտվելով իր հասակի ընձեռած առավելությունից հիմնադրել էր «Բարձր գրականություն» սիրված հաղորդաշարը, վստահաբար շարունակում էր ապացուցել, որ հարյուր տարի առաջ գրողի առաջ քաշած Տապակնացի գաղափարին հանիրավի քաղաքական երանգ են շաղախում, աղճատում և նսեմացնում այդ գլուխգործոցի գեղարվեստական արժանիքը։ Իբր Տապակնացը մարդու իմացական սահմանների մասին է, այլ ոչ թե աշխարհագրական նեղ չափումների։ Իբր, փոքր գաղափարների հետևից ընկնելով, մենք կորցնում ենք ամենակարևորը՝ մարդկային սերը մեկմեկու հանդեպ։ Ինչպես կասեր պապս՝ ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ենք ման գալիս։ 

Զուգահեռաբար, հորաքույրս, որ մի բարեհամբույր կին էր, մեղադրում էր ինձ ու մանավանդ քրոջս՝ մեռելը դեռ տաք-տաք, խառնակչություն սերմանելու, ներընտանեկան անդորրը խռովելու ու մարդկային տարրական զգացմունքներից զուրկ լինելու համար՝ հընթացս համոզելով բոլոր ցեղակիցներին կապերը խզել դավաճանների հետ։ 

Մի խոսքով, ինչ մեղքս թաքցնեմ, ականջալուր լինելով քրոջս հորդորներին, որոշեցի գործի անցնեմ։ Որոշեցի առժամանակ մի կողմ թողնել գիր-գրականությունն ու իսկապես անցնել գործի։ Հղացած խելահեղ գաղափարից ինքնագոհ, քթիս տակ ժպտացի․ «Բա չէ, էշի ականջում քնած եք, հիմա կտեսնեք, թե փիղն ինչ թռչուն է»։ Գլուխներդ ինչ ցավեցնեմ,  զանգահարեցի մանկության վաղեմի ընկերոջս՝ Գանգին, որ հուղարկավորություններ կազմակերպելու քսանամյա փորձ ուներ ու դագաղ բռնողից աճել, դարձել էր դիակառքի վարորդ, գիշերը, գաղտագողի տեղափոխել Սաքոյին մոտակա գերեզմանատուն ու կարգով-բանով, տեղը տեղին թաղել այնտեղ։ Ծառայության համար Գանգին առաջարկում էի հազար եվրո ու նաև խնդրում նոր գերեզմանի վրա խաչքար դնել, ինչը կմեղմեր հորաքույրի ցասումն ու գուցե ստիպեր նրան ընդունել իրականությունը որպես կայացած փաստ։ Իրական գերեզմանատուն՝ ի՞նչ վատ միտք է։ Գանգի հետ համարյա ընդհանուր հայտարարի էինք եկել, երբ հանկարծ անակնկալ հրաժարվեց․

– Ոչ մի խաչքար, միայն տապանաքար, խաչքարն ինձ չի ներվի։

Այդպես, մինչ Գանգի անհեթեթ դավանաբանական վախերի պատճառով հանճարեղ գաղափարը մնաց կեսճանապարհին, Տապակնացի հարցը հաղթարշավով հասավ Արդարադատության միջազգային դատարան։ Անաչառ դատավորները տմբտմբացրին գլուխները, կկոցեցին աչքերը ու բազմանշանակ ժպիտով եզրակացրին, որ Տապակնացի դերն ու նշանակությունը խիստ չափազանցված է, երևույթն ընդամենը խորհրդանշական բնույթ ունի, այն ոչ ավելացնում, ոչ էլ նվազեցնում է երկրների անվտանգությունը, բոլորն էլ գիտեն, որ ուժն է ծնում իրավունք։ Դե իսկ Միջազգային գրականագիտական խորհուրդն էլ եզրակացրեց, թե փոքր երկրի գրականագետները իրենց փոքր պատուհանից են նայել աշխարհին ու հարյուր տարի սխալ են մեկնաբանել ավելի խորաթափանց ու իր ժամանակից առաջ անցած գրողի հեռահար տեսիլը։ Ճիշտ է, խորհուրդը խորամանկություն էր արել և չէր պարզաբանել, թե ի վերջո ինչ է նկատի ունեցել տաղանդավոր գրողը՝ առեղծվածի ու խորհրդավորության որոշակի մթնոլորտ պահպանելով իր շուրջը։  

Սայլը, կարծես, տեղից շարժվում էր։ Տապակնացի հարցի շուրջ Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային գրականագիտական խորհրդի իմաստուն որոշումները ստիպեցին ինձ վերանայել ինչ-ինչ մոտեցումներ ու համարյա համոզմունքի գալ, որ ոչ մի վերջին հողակտորի բռնազավթում էլ չի եղել։ Իրավիճակն այնքան անհեթեթ էր, որ արդեն գրեթե վստահ էի, թե ընկերներս, օգտվելով իմ` օվկիանոսից այն կողմում ծվարած լինելու ու հողից, իսկ ավելի ստույգ` հողուջրից կտրված լինելու անբեկանելի հանգամանքից, որոշել են մի զվարճալի խաղարկում կազմակերպել իմ դեմ ու նրանց հաջողվել է գայթակղել ու խաղի մեջ ներգրավել նաև քրոջս ու հորաքույրիս։ Պատկերացնում էի, որ հենց վերադառնամ հայրենիք ու գնամ գերեզման` անձամբ տեսնելու պաշտելի հայրիկի համար նախատեսված հողակտորի բռնազավթման եղկելի պատկերը, ծառերի հետևից ծափողջյուններով դուրս է գալու զվարճասեր խումբը ու միաձայն գոռա` «Յու ար բասթիդ» (անգլերեն` քեզ խաղարկել ենք), ու հատկապես բարձր է քրքջալու հորաքրոջս ամուսինը` Սաքոն, որ թասիբով մարդ էր ու հորքուր Հայոյին կյանքում մատով կպած կամ թթու խոսք ասած չկար։ 

Խաղարկված լինելու վարկածը գնալով կարծրանում էր։ Այո, քույրս դեռ մանուց սիրում էր նման զավզակություններ գլխիս խաղալ։ Հիշում եմ, թե ինչպես լեղապատառ եղա, երբ առավոտյան բացելով աչքերս վերմակիս տակ հայտնաբերեցի մի հսկա անապատային փուշ, որ միայն երջանիկ պատահականությամբ աչքս չէր խրվել։ Հավանաբար ինքն էլ կազմակերպել է այս խաղը, ինձ պատժելու համար, իբր՝ ծնողներիդ լքել, գնացել փարիզներում անդարդ գիր-գրականությամբ ես զբաղվում, մի օր էլ կբացես աչքերդ՝ ոչ մարդ կլինի, ոչ հող, ոչ էլ հուշ։ Զուտ անապատային փուշը մնացած կլինի։ Նույնը Տապակնացը, մի խաղարկում էլ դա էր, որ սարքել էին մեր գլխին, մի օր կբացենք մեր աչքերը ու չիք, ոչինչ չկա, ինչպես կասեր հանճարը։ Ինչևէ, արդեն գնել էի ինքնաթիռի տոմսերը ու շաբաթ օրը պետք է թռնեի հայրենիք, երբ լսվեց մի խուլ հեռախոսազանգ։ Հորաքույր Հայոն էր, ջերմ ու խաղաղ ձայնով ասաց․ 

– Տղաս, մի հարց եմ ուզում տալ, գիր-գրականությունից լավ գլուխ ես հանում, ի վերջո ի՞նչ էր ուզում ասել հեղինակը Տապակնացի միտքը հարյուր տարի առաջ արծարծելով իր համանուն պատմվածքում։ 

Ես ճիշտ էի՝ խաղարկություն է՝ մտածեցի ես, միայն մեռնելուս օրը չգիտեմ։ Առայժմ լռում էի։ 

– Սաքոյի հետ երեք-չորս անգամ կարդացինք այդ աղմուկ հանած գործը, բայց այդպես էլ բան չհասկացանք,- շարունակեց հորաքույր Հայոն,-այստեղ ամբողջ օրը գիրք ենք կարդում նրա հետ, ուրիշ անելու բան չկա, թե կուզես՝ հեռախոսը նրան էլ փոխանցեմ, գուցե խելք-խելքի տաք ու մի լույս սփռեք այդ հարցի վրա։ 

Ահա, ամեն ինչ պարզ է, որևէ կասկած չկա, ֆինիտա լա կոմեդիա։ Խաղարկություն։ Հիմա կպատռեմ քրոջս դեմքը։ 

– Հորաքույր Հայո, ուրեմն այս ամեն ինչը սուտ է, ոչինչ էլ չի պատահել, Սաքոն կենդանի է, ես այդպես էլ գիտեի, ամեն օր ախր մարզվում էր, մեղրով կաթնաշոռ ուտում, սառը ցնցուղ ընդունում,- հեռախոսի մեջ ուրախությունից համարյա գոռում եմ ես։ 

– Ինձ ճիշտ չհասկացար, տղաս, ես եմ նրա մոտ գնացել,- ընկալուչի մեջ հառաչում է հորաքույր Հայոն,- էսօր կաս, վաղը չկաս։ 

Please follow and like us: