____
գազաններիս պարանները՝
ձեռքիս շուրջ փաթաթված:
հանգ[ույց]ը՝ ափիս մեջ:
մատներս՝ ամենախորքից եկող արմատներ:
ոտքերս՝ միջուկին հասնող լեռներ:
մեջքս՝ հաստատ:
տեսադաշտս՝
հայացքիս վիհում:
մի ակնթարթս՝ հավերժություն:
ես՝ հաստատ ու անվրդով:
անկարելի է դրդվեմ.
ես՝ անդրդվելի:
ինքս իմ ենթական:
բառերս նախշավոր են.
կեռ ու ուղիղ գծերով, պուտավոր, ալիքավոր՝
բոլորը ճիշտ տեղում:
____
հ-ն ու ա-ն միաժամանակ-զուգահեռ,
հանգ[րվան]ից հղվող շարժում՝
օդին համընթաց:
ես, դու, նա:
ես՝ ներկա-բացակա:
առաջին-երկրորդ-երրորդ դեմքերով՝
վերջինին ընդառաջ:
Այո:
____
վիճակ պատահեց. [հանգ]ամանք:
աչքերիցս ընկան երեք կաթիլ.
մի աչքից երկուսը հոսեցին ու կանգնեցին,
մյուսից մեկը հոսեց, շարունակեց-պոկվեց:
ընկավ: որտե՞ղ ընկավ:
պատասխան չունեցողը՝
ամենալավ հանելուկ:
____
ծաղկող լեզուս՝
չտեսնված-չլսված ծաղիկներով:
պտուղը՝ անհայտ:
անպտուղ՝ դեռևս կամ այլևս:
լեզվիս կետ-պուտիկները
բողբոջներ են,
մեկը մյուսին աննման՝
դուրսպրծուկ ծաղիկներ:
փթթելու ժամանակ
լեզուս՝ կրճատ-զուսպ:
փթթելը անցավ,
ծաղկել սկսեց:
այ քեզ պարադոքս.
դոքս դոքս դոքս:
նույն բառը երեք անգամ
ու ոչ մի բանի մասին:
____
ես՝
սեր, կյանք,
հաճույք, վայելում,
հանգիստ, ապահով,
սփոփում-դարմանում-ամոքում,
ազատում,
ամփոփում, հաստատում,
վստահ, հանդարտ,
լրիվ, բավարարում:
բառեր.
հավեսի համար:
կարդա՛ բառերս:
իմ ցուցամոլ լեզուն՝
պես-պես հնարներով,
բավարարիչ:
հանգստացի՛ վերջապես:
____
լռության երկար լեզուն
լպստում է հետաքրքրությունս
զգացումը վերցնում է ինձ
լռությունից վախիս ձայները
գլխումս շշնջում են սարսափներ
ու գալիս են գալիս են բառերը
լռությանը ընդդեմ բառերը
տառ առ տառ խոչընդոտներ
արգելակող բառեր են
լռություն բառը այս տողում
Է- երով ոŵւ գոնե առանց կետադրության
աղմկահարույց բառը եկավ։
____
գազազե՛ք, գազաններ:
տառեր, բառեր, նշաններ.
ավելորդներ:
ես նայում եմ.
ամեն մեկիդ սիրտը՝ հատ-հատ,
պես-պես ցանկություններով.
հանգիստ գազազեք.
ես այստեղ եմ:
____
թող լկստվեմ հենց հիմա՝
աչքերիդ առաջ:
երես առած մտնեմ աչքերիդ մեջ,
դրդեմ արտադրանքը գլխուղեղումդ,
տարածվեմ մարմնովդ,
ոնց որ ազդեցիկ նյութ:
ես՝ աննյութական,
մարմնումդ դառնամ նյութ:
հյութեր՝ նոսր ու խիտ:
տարբեր համակցություններով,
տառից տառ հոսելով,
թափանցեմ-մտնեմ:
իմ ուզած ձևերով:
____
լռությունը փնտրելիս
գտա գոնե բառը:
գոնե. ամենօրյա զիջում:
գոնե՝ սիրուն հնչողությամբ,
ոնց որ հատուկ անուն:
գոնե բառը
արտասանե՛լ բարձրաձայն՝
հատուկ անվան պես,
դիմելու նման:
թույլ եմ տալիս,
խորհուրդ եմ տալիս,
առաջարկում եմ:
գոնե. արտասանել բարձրաձայն:
Գոնե՝ հատուկ անուն:
ինչ-որ մեկի անունը՝
սիրուն հնչողությանբ:
____
կրակի լեզուներ,
կոշիկի լեզվակ,
օձի լեզու ու
օձին բնից հանող լեզու,
մայրենի լեզու ու
օտար լեզուներ,
ծտի լեզու,
կատվի փշոտ լեզու,
զգայուն լեզու ու
համի զգայությունը կորցրած լեզու,
կուլ տված լեզու,
կծած լեզու,
ճարպիկ լեզու,
չափազանց շատ ու էլի լեզու-ներ:
իմ ողջ ու տեքստիս մարմինը՝
տարբեր ալիքներով տատանվող,
առինքնող , այլևայլ լեզուներով:
բոլորը՝ քեզ. բարբառի՛ր իմ սերը:
ես բառի տեղ չունենամ:
ես՝ գցված ու բռնված:
ես՝ տեղս ընկած:
