Գոհար Գալստյան/Առաջ էլ դա էր ճշմարտությունը

***

Ոչ մեծ էր, ոչ փոքր,
դրսից պարզ, ներսը՝ կոկիկ –
Խորհրդավոր լույս կար
բոլոր մակերեսներին,
գաղտնիք՝ բոլոր դարակներում.

Դիմագիծ ուներ տունը,
բնավորություն՝
գույներով, հոտերով բովանդակ.
Սիրտը տաք էր,
հոգին՝ մեծ, և այնքան, որ
տիեզերքը կբերեր ու կտեղավորեր
մեր երջանկության տարողության մեջ,
մեր սրտի միատեղված սնարին,
սեղանին մեր հացի՝ հացին մեր օրհնված.

Ամեն անցվորի ու կարոտյալի՝
թե ուղեծիրը իր դուռն էր բերել,
ներս կառներ իսկույն,
Պատուհաններից ծիծաղ կհաներ,
բաժին կդներ գոգերին բոլոր,
ու երբ իր դռնից դուրս գային՝
երբեք դուռը չէր կողպի…

Մատնահետքեր ու արտացոլանքներ՝
ինչքան որ ուզես,
Բայց ժամանակի ձեռքով
մեր հետքն էլ ջնջվեց իսպառ՝
երբ տունը քանդվեց…

***

Մեր ունեցածը միայն մենք էինք –
առաջ էլ դա էր ճշմարտությունը,
արդեն՝ ավելի… Հավելյալը՝ ի՛նչ…

Երբ մեզ դուրս արին,
մեր տունը քանդվեց հետո առանց մեզ.
Մենք՝ առանց մեր տան – հետո քանդվեցինք…

***

Հիմա ինչ էլ ասես կամ ես ինչ ասեմ՝
ո՛ւմ ինչ – արի լռենք.
Թող ինչ ուզում են՝ ենթադրեն,
մեկնաբանեն՝ ոնց կուզեն…

Շատերի համար չի եղել այն՝ ինչ եղել է մեզ հետ,
Շատերի համար ոչինչ բան է այն, ի՛նչը մերն էր…

Կյանքը հիշողությունից դուրս հիշողություն է,
որն ապրել է պետք.
Վերապրողները մոռանալու շատ բան ունեն,
մեկը՝ դու.

Մոռացիր, որ միասին բացահայտենք՝
ինչ կա, որ գուցե եղել է, բայց նոր է հիմա,
ինչ չկա, որ չես էլ կռահում թե եղել է ու կլինի –
Տե՛ս ինչ հետաքրքիր է…

***

Կորածը միայն ժամանակը չէր,
այլ մեր լավագույն ձեռքբերումները,
որ նոր ժամանակների այլ արժույթով
սնանկ ճանաչվեցին.

Մեր տան տանիքի ներքո
դրանք առնվազն անսակարկելի էին,
Անտուն՝ արդեն ավելորդ –
ծանրացող բեռ՝ վարձով տնից տուն…

Ոչի՛նչ բան է հիմա հիշատակն ու անցյալի ոգին.
«Ոչ նյութական ժառանգությո՞ւն…» –
բայց թանգարանային լեզվով ասվածը
ամենա-ամենա արժեքավորն է,
միայն թե՝ դրան տեր կանգնել էր պետք…

***

Էդ դեմքն ունենալու համար
պետք էր
չափից դուրս ռադիացիայի
ենթարկված լինել.
քիթը հսկա ժայռ՝
անհարթ ծերպերը չեչոտած,
բերանը ծովախորշ,
աչքերը
տարբեր կողմերից վնասված
կուլ գնացող նավեր՝
նավթի արտանետումից
սևացած ծովի
կնճիռավոր մակերեսին.

– ասում է՝ գեղեցիկ է եղել,
բայց հաստատողն ո՜վ է…

***

Աշխարհը
բոլոր իր կերպարներով՝
կյանքի որդեգիր –
և ժի՛րը՝ թըռ-վը՛ռ աշխատող մեղուն,
և շերամը դինջ,
և շունը՝ նստած դեզի ստվերում,
որ վստահ է դեռ,
թե հենց իր պոչի ստվերում է նստած –
և մա՛րդն այս գրող…

Please follow and like us: