Պատմության մյուս կեսը/Ֆլյուռ Սպիթ

Ֆլյուռ Սպիթը (1971թ․) գրաքննադատ է եւ երկար տարիներ գրախոսություններ է գրել տարբեր թերթերում ու ամսագրերում։ Նա ժյուրիի անդամ է եղել Նիդերլանդների գրեթե բոլոր գրական մրցանակներում, եղել է «Աննա Բայնս» կանանց գրական մրցանակի հաղորդավարուհին եւ «Հերման դե Կոնինկ» բանաստեղծության մրցանակի նախագահը։ Նա կազմել է երկու անթոլոգիա՝ մեկը՝ պոեզիայի, մյուսը՝ պոեզիայի եւ կարճ պատմվածքների։ Նա գրել է տարբեր հոլանդացի գրողների ու գրականության մեջ կանանց դերի վերաբերյալ բազմաթիվ էսսեներ։
Բացի այդ, նա եղել է այն ծովային նավի ճարտարապետն ու կառուցողը, որի վրա ներկայումս ապրում է։ Fixdit նախաձեռնությանը մասնակցելը նրան դրդեց սկսել ուսումնասիրել հոլանդացի բանաստեղծուհի Մարիա Տեսելսխադե Ռոեմերս Վիսխերի (17-րդ դարի առաջին կես) կյանքը՝ կենսագրավեպի համար։
Հատվածը նիդերլանդական Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։

Ինչպե՞ս կարող է պատահել, որ պատմավեպերը, որոնց գլխավոր հերոսները կանայք են, այդքան սակավաթիվ են ու հազվադեպ։ Կարծես թե դրան նպաստում են նախապաշարմունքները։ Նախ՝ պատմավեպը ինքնին կասկածելի ժանր է։ Քանի որ Հելլա Հաասսեն գրել է պատմավեպեր, Նիդերլանդներում նա «պատմություն պատմողի» բավականին թույլ համբավ ունի, նրան լուրջ գրող չեն համարում։ Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գլխավոր կին հերոսներով գրքերը ավելի քիչ գրական միավորներ են ստանում։ Այսպիսով՝ կրկնակի դժվար է։ Ո՞վ կհամարձակվի ընտրել այդ ուղին։

Բայց արդյո՞ք ճիշտ չէ նաեւ, որ այդ վեպերը քիչ են, որովհետեւ մենք ինքներս էլ չգիտենք, թե որքան գրավիչ է կանանց պատմությունը։ Մենք գրեթե գաղափար չունենք։ Սերունդներ շարունակ մարդկության կեսի պատմությունը գրեթե անտեսանելի է եղել, որովհետեւ դրա մասին ոչինչ գրեթե չէր դասավանդվում։ Եվ մինչ այսօր էլ հիմնականում այդպես է։

Բայց փորձենք ընտրել մեկ պատահական տարի՝ 1629։ Նիդերլանդների Հանրապետությունում, այդ ամռանը, մի կին՝ Էննեկեն Աերիանսդր վան Վյանենը, կանգնած էր նավակի վրա, երբ իր սեփական նավը մտնում էր Ալկմարի նավահանգիստ՝ տասննչորս հազար «ֆլամանդական աղյուս»բեռով։ Հաագայում հրատարակիչ Մախթելդ Ալբրեխտս վան Լոյնինգենը տպագրական մեքենայով տպում էր Էրազմուսի գործերը․ նա ոչ ավել, ոչ պակաս, կառավարության պաշտոնական տպագրիչն էր։ Բարբարա Ադրիանսը ներկայացել էր որպես զինվոր, իսկ մի քանի տարի անց՝ Ամստերդամի Նիյուվե կերք եկեղեցում, Վիլլեմ Ադրիանս կեղծանունով ամուսնացել Հիլլեթյե Յանսի հետ եւ դրա համար ծանր գին վճարել։ Նիդերլանդներում եւ նրանից դուրս աշխարհն ընդմիշտ լի է եղել «ուժեղ կանանցով»։

Ամբողջ Եվրոպայում այսօր համալսարաններում հուշակոթողներ են կանգնեցվում, որպեսզի տեսանելի դառնա կանանց դերը պատմության մեջ։ Կան ավելի շատ կին հեղինակներ, նկարիչներ ու գիտնականներ, քան մենք պատկերացնում էինք։ Կանայք դարձել են վաճառականներ, արհեստակցական միությունների անդամներ, լրտեսներ կամ ֆինանսիստներ։ Անցյալի կանայք թույլ չեն տվել, որ իրենց փառքը գողանան։ Նրանք շատ ավելի ուժեղ եւ նշանակալի են եղել, քան մենք երկար ժամանակ ենթադրում էինք։

Ուրեմն, ասեք՝ որտե՞ղ են այն վեպերը, որտեղ պատմական կանայք կենդանանում են։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: