Լուսինե Ավետյան/Ես գնում եմ բժշկի(2)

Սկիզբը՝ այստեղ

Եկա հաջորդ հետազոտությանը: Բժշկուհի-սոնոգրաֆիստը խիստ անհանգստացած ասաց.

– Դուք ձվարանների կիստաներ ունեք, բավականին մեծ չափսերի: 

Հանկարծակիի եկա, շփոթվեցի, հուսահատ հոգևիճակից դուրս էի եկել և հիմա նորի՞ց ընկնել տագնապների մեջ, զգում էի՝  ինչքան ուրիշ ու սիրուն է կյանքն առանց վախերի, ուզում էի հենց այսպես ապրել: Եվ գիտակցումը, որ ցավերն անտեսել եմ մի քանի տարի, ինքս ինձ շփոթեցրել, բարդացրել իմ վիճակը, և՛ նյարդայնացնում էր, և՛ ավելի ընկճում: Կծկումները նման էին երիկամներիս ցավերին, և կարծում էի՝ կրկին ավազ է հավաքվել, այս անգամ միզապարկիս մեջ, և շարունակում էի մեղրաջուր խմել, իսկ այդ ընթացքում անընդհատ մեծացել են կիստաները: 

Թակում եմ ուռուցքաբան-գինեկոլոգ Վազգեն Մնացականյանի աշխատասենյակի դուռը: Վերցնում է հետազոտության թերթիկը, ուսումնասիրում և ասում.

– Մեծ են կիստաները, հավանաբար, դեղերով չի անցնի, վիրահատական միջոցով պիտի հեռացնենք, բայց համոզվելու համար պիտի հետազոտություններ անցնեք:

Ապշահար նայեցի բժշկին: Փոթորկահույզ մտքերը մեկը մյուսին հերթ չտալով գրոհում են ուղեղս: Ի՞նչ վիրահատություն… Այդ բառը լսելն ինձ համար աղետի է նման: Երբեք չէի մտածել վիրահատվելու մասին, ավելի ստույգ՝ մտածել էի, որ երբեք ինձ հետ չի պատահի, ինչպես սկզբում նշեցի, որ չեմ հիվանդանա, կհասնեմ ծերության ու հանկարծամահ լինեմ: Ոչ մի բարդացած վիճակ էլ չկա: Կգնամ հետազոտության ու կպարզվի, որ թեթև խնդիր է, դեղեր կխմեմ ու կփոքրանան կիստաները,-մտածում եմ և ուզում շուտ դուրս գալ բժշկի աշխատասենյակից: 

«Վիրահատություն» բառից շշմել եմ, զայրացել, վիրահատությունը ծանր և բարդ ընթացք է, որի միջով ստիպված անցնում են մարդիկ, բայց ես չեմ կարող այդքան վատ վիճակում լինել, հաստատ այլ ելք կա, և այդ ելքը դեղերն են, կխմեմ ու կանցնեն, հենց հետազոտվեմ, պարզ կլինի, որ առաջին հետազոտությունը սխալ էր: 

Առավոտյան երբ դուրս եկա կլինիկայից և նայեցի իմ բժշկական հետազոտության թերթիկին, ինձ համար անհասկանալի տերմինների կողքին կարդացի «չարորակ» բառը: Ձեռքերս թուլացան, գետինը երերաց ոտքերիս տակ, երկինքն ասես փուլ եկավ գլխիս, կրծքավանդակիս ցավից շնչահեղձ եմ լինում, ինչ ծանոթ զգացում է, ինչ ծանոթ և անտանելի հոգևիճակ է, այս ես եմ նորից, երեխա, մեր տանը շվարած ու ցավից քարացած կանգնած:

Երբ ինը տարեկան էի, ինձ մի օր տարան հորաքրոջս տուն և ասացին, որ որոշ ժամանակ այնտեղ եմ մնալու: Զարմացա, թեպետ ուրախ էի, որ ամբողջ օրը հորաքրոջս երեխաների հետ եմ խաղալու: Մենք ամեն օր էինք միմյանց գտնում ու խաղում փողոցներում, և ինձ դժվարությամբ էին հորաքրոջս թաղից «հայտնաբերում» ու տուն բերում, իսկ հիմա ծնողներս իրենց կամքով ինձ ուղարկում են հորաքրոջս տուն՝ մնալու նաև գիշերները:

Ուզում էի հարցաքննել ու պարզել այս անսովոր որոշման պատճառը, բայց որոշեցի՝ ոչինչ էլ չհարցնել, ամեն ինչ հրաշալի է, ինչու՞ փչացնել: Մի քանի օր անց, երբ հայրս ու մայրս իմ հետևից չեկան, առաջվա նման ուրախ  ու զվարթ չէի խաղում: Մտքերով մեր տանն էի, առանց որևէ մեկին զգուշացնելու գնացի մեր տուն, մտա ներս, գիտեի, որ հայրս լավ չի զգում իրեն, բայց մտածում էի՝ արդեն լավացած կլինի, ինչպես բոլորս ենք հիվանդանում և լավանում, քայլեցի դեպի հորս սենյակը, նայեցի հորս, նրան հազիվ ճանաչեցի՝ նիհարել էր, ծերացել, մաշվել, քառասունամյա հայրս այնպես էր ծերացել, մազերը սպիտակել, ասես պապիկ լիներ, ուզեցի գոռալ՝ հայրի՛կ, ի՞նչ է պատահել քեզ հետ, հայրի՛կ, ինչո՞վ օգնեմ քեզ, սիրու՛մ եմ քեզ, հայրի՛կ, շատ-շատ, անսահման, այս աշխարհում ամենքից շատ, ամեն ինչից շատ, և չեմ ուզում քեզ տեսնել այսպես, չպիտի տեսնեի, բայց ոչինչ չկարողացա արտաբերել, կոկորդս խեղդում էր, շրթունքներս դողում էին, դուրս թռա սենյակից, մեր տնից, փախա մեր փողոցից, խելապատառ վազեցի, թաքնվեցի մեծ քարի հետևում ու հոնգուր-հոնգուր լաց եղա: Արցունքներ չկային այլևս թափվելու, բայց հեկեկում էի, փողոցները, այգիները, երկինքն այլևս սիրուն չէին, որ կողմ նայում էի՝ հորս էի տեսնում՝ խեղճացած ու մաշված, ես էի՝ հորս առաջ կանգնած, ու մայրս՝ հորս խնամելիս, նրա հետ նույն տառապանքը ապրելիս: Այդ վիշտը կանգ առավ կոկորդումս ու այլևս չգնաց ոչ մի տեղ: Այն ինձ հետ էր, երբ խաղալիս էի լինում, երբ մուլտֆիլմ էի նայում, երբ դասերս էի սովորում, երբ ծնունդս էր լինում, երբ նոր տարին էր գալիս, երբ ինստիտուտ էի ընդունվում, երբ ձմեռ էր լինում ու ցուրտ էր լինում, երբ մարդ էր մահանում, երբ ապրում էի:  Հանկարծ սկսում էր խեղդել կոկորդս ու կուլ էի տալիս արցունքներս, որ չարտասվեմ: Ինձ հարցնում էին՝ ի՞նչ պատահեց, ինչու՞ տխրեցի, իսկ ես մոռանում էի՝ ինչի մասին էինք զրուցում և ուզում էի ասել.

– Ինչ էլ սիրուն բառ են մտածել այդ գարշելի  հիվանդության համար՝ քաղցկեղ,- բայց ոչինչ էլ չէի ասում, ատում էի այդ հիվանդությունը, այդ բառը, վախենում էի և ուզում էի չխոսել դրա մասին՝ փրկելով ինձ այդ հիվանդության հիշողությունից ու տանջալի ապրումներից:  

Հետազոտման չէի գնում, որ հանկարծ չլսեմ այդ բառը, վախենում էի այդ հիվանդությունից այնպես, ինչպես որևէ բանից կյանքում այդքան չեմ սարսափել, և մահը հենց նրա կերպարանքով էի պատկերացնում ու սարսափում: Եթե չգնայի մեր տուն, չէի տեսնի հորս տառապանքը և փակում էի ականջներս ու աչքերս, և չէի բացում դռներ, որտեղ ինձ կարող էին «զարհուրելի» ախտորոշում հայտնել: 

Խելապատառ թակեցի բժիշկ Մնացականյանի աշխատասենյակի դուռը:

– Բժի՛շկ, ինձ մոտ չարորակ են հայտնաբերել:

– Ի՞նչ չարորակ, ի՞նչ եք խոսում:

Շտապ վերցրեց ձեռքիս թղթերը, ցավ ու շփոթմունք տեսա նրա աչքերում և հասկացա՝ ինչ են զգում բժիշկները, երբ օգնություն աղերսող մարդիկ նայում են նրանց աչքերի մեջ՝ խնդրելով նրանցից կյանք: 

Արագ աչքի անցկացրեց թղթերն ու հանգստացած շունչ քաշեց:

– Որտե՞ղ եք կարդացել, չկա գրված նման բան:

– Ես կարդացել եմ, տեսել եմ, այդ բառը գրված էր…

– Ընդամենը գրված է՝ չարորակի հավանականությունը մեկից տաս տոկոս, ընդամենը, պատկերացնու՞մ եք՝ ինչ ցածր է հավանականությունը:

Վերջապես զգացի, որ ոտքերիս տակ գետին կա, դեռ ապրում եմ, ողջ եմ: Եվ սա այն «ողջը» չէր, որ մինչ այս պահն ապրել էի: Չքացան դիպվածներն իմ ապրած տարիներից՝ անհաջող մարդկանց ու երևույթների հետ կապված, տեսաշարի նման աչքերիս առաջ վազվզում են կենսուրախ օրերը, պահերը, ջերմացնելով հոգիս ու միտքս: Կյանքը՝ երջանիկ օրերի հիշողությունն ու համն ունի: «Չարորակ» բառը կարդալուց հետո, երբ ինձ թվաց՝ քիչ է մնացել ապրելու, կյանքը դարձավ քաղցր հեքիաթ, որին չէի ուզում բաց թողնել, որն ուզում էի ապրել, միայն թե ինձ ժամանակ տրվի, իմ ժամանակը սպառված չլինի, հասցնեմ վայելել, սիրել, ապրել, գրկել, ծիծաղել, երջանիկ լինել: 

Կյանքը, նվեր ստացածի նման, քայլում եմ փողոցներով, վայելում արևը, երկինքը, ու ինքս ինձ խոսում: «Քիչ է հավանականությունը, ընդամենը մեկից տաս տոկոս»,-կրկնում եմ բժշկի խոսքերը, հիշում նրա խաղաղված դեմքը հետազոտության թերթիկն աչքի անցկացնելուց հետո ու փորձում ինձ տրամադրել վիրահատությանը: 

Եկա տուն ու համացանցում սկսեցի տեղեկություններ փնտրել բժիշկ Վազգեն Մնացականյանի մասին, թեպետ նրա մոտ ինձ ուղարկել էին բժիշկները՝ որպես լավ մասնագետի, սակայն, ուզում էի կարդալ բուժառուների կարծիքները, ուզում էի գտնել հենց իմ հիվանդության նման վիրահատության պատմություն, կարդալ՝ ո՞նց է անցել, գուցե ինչ-որ մեկը դժգոհ է վիրահատությունից, գուցե ինչ-որ դեպք հաջող չի ընթացել: 

Թեպետ գինեկոլոգները բավականին շատ, մանրամասն ու մատչելի տեղեկություններ են պատրաստում, ներկայացնում, որ կանայք տեղեկացված լինեն, հաճախ հետազոտվեն, սակայն կարծիքներ գինեկոլոգիական վիրահատությունների ու բուժումների մասին սակավ են: Գինեկոլոգիական հիվանդությունը դեռ ընկալվում է թերություն, թաքցնելու արժանի երևույթ, կնոջը դարձնում խոցելի և անլիարժեք մարդ: Աշխատասենյակում շնորհակալություն են հայտնում իրենց կյանքը փրկած, իրենց ցավերից ազատած բժիշկներին, բայց, հանրային, այդ մասին լռում են: 

Մի քանի ժամ փորփրեցի համացանցն ու գտա կարծիքներ. մարդիկ երախտապարտ էին բժիշկ Մնացականյանին, որ ճիշտ է ախտորոշել, կարողացել է պահպանել վերարտադրողական օրգանները, որ ազատվել են ցավերից և կրկին երջանիկ են: Երբ, կանայք, անտեսելով խոցելի դառնալու հանգամանքը, հանրային գրում են իրենց հիվանդության ու բուժման մասին, ուրեմն նրանց ձեռք բերածն այնքան կարևոր ու թանկ է, որ հրապարակային գրելուց հետո «կորցրածը» չնչին է դառնում: 

Առավոտյան արդեն խաղաղվել էի, հանգստացել ու վստահությամբ լցվել բժշկի հանդեպ: Հիշում էի կարդացածս ամեն մի բառը, թե ինչքան հոգատար ու պրոֆեսիոնալ բժիշկ է, ու մտածում, որ ինձ հետ չի կարող վատ բան պատահել: Վախս չքացավ, գնաց ինձնից հեռու, առանց հետքի հեռացավ ինձնից, լցվեցի հանգստությամբ, և սկսեցի սպասել վիրահատությանս՝ որպես ուրախ օրվա, որի ընթացքում մի երկու ժամ փակելու եմ աչքերս ու արթնանամ առողջացած, ապրեմ առանց ցավի ու գանգատի: Տրամադրությունս բարձրացել էր, կատակում էի անընդհատ, և մայրս, որ սովոր էր ինձ տեսնել վախեցած, երբ խոսք էր գնում հիվանդանոց այցելելու մասին, զարմացած ինձ հարցնում էր՝ իսկապե՞ս չեմ վախենում, թե՞ ձևացնում եմ: Չէի ձևացնում, խաղաղված էի ու հանգիստ:

Մինչ վիրահատությունը ևս մի քանի հետազոտություն պիտի անցնեի և ամեն անգամ կլինիկաներից դուրս էի գալիս ուժասպառ ու տխուր: Բժշկուհի-սոնոգրաֆիստները որքան էլ հոգատար էին ու սրտացավ իմ հանդեպ, բայց այնքան մանրամասներ էին ինձ պատմում կիստաների մասին, թե շուտ գնալու դեպքում ինչքան հեշտ կլիներ բուժումը, թե մի փոքր էլ ուշացնելուց հետո ինչ կկատարվեր ինձ հետ, որքան էլ ջանում էի մոռանալ իմ խնդրի մասին, տրամադրվել վիրահատությանը, չէի կարողանում: Բժիշկ Մնացականյանն ինձ ներկայացրել էր իմ վիճակը և ասել, որ վիրահատությունից հետո ամբողջապես հաղթահարած կլինեմ հիվանդությունը, և հանգստությունը, որ ձեռք բերեցի, այդ մոտեցման շնորհիվ էր, որ այլ մտորումներ կիստաների մասին ինձ չէր պատմում, և տագնապ չէի լսում նրա խոսքում: Ինձ օգնում, ուժ էր տալիս միտքն ու զգացողությունը, որ բժիշկն իմ ցավը վերցնողն է, ինձ հոգսերից ազատողը, ինձ բուժողը, և հենց դրա համար ենք մենք գնում նրանց մոտ: 

Երբ մինչև վիրահատությունը գնացի վերջին հետազոտությանը, և բժշկուհի-սոնոգրաֆիստը մտահոգ ասաց.

– Կիստաներից մեկը բավականին մեծ է, կկարողանա՞ բժիշկը միայն կիստան հեռացնել ու պահպանել ձվարանը: 

Բավականին հանգիստ ասացի.

– Իհարկե՛ կկարողանա, ինձ այդպես է ասել, վստահում եմ բժշկին:  

Եվ իսկապես վստահում էի: 

Վիրահատության օրն արդեն որոշել, նշանակել ենք, անհամբեր սպասում եմ այդ օրվան, և սպասումս առանց վախի ու տագնապի է: Ժպիտով եմ հիշում առաջին անգամ հետազոտության գնալս՝ ինչպես էի վախից կարկամել, ինչքան էի զարմացել, որ ծանր հիվանդություն չունեմ, ինչքան հետաքրքիր էր իմանալը՝ որ օրգանս ի՞նչ վիճակում է, ինչպե՞ս պետք է հոգ տանեմ՝ ճիշտ սնվեմ, շատ քայլեմ, սթրեսներից հեռու լինեմ: Տարբեր հիվանդանոցներում ու կլինիկաներում հետազոտություններ անցնելիս մարդկանցից զանազան պատմություններ լսեցի՝ երբեմն ուրախալի, երբեմն տխրեցնող: Վիրահատության ընթացքում հիվանդն արթնացել էր նարկոզից և լսել, որ իրեն վիրահատող բժշկուհին քննարկում է իր ոչ այնքան ձիգ մարմինը, բժշկուհին, որ պիտի բուժեր, առողջացներ, իր առջև անզգայացած պառկած կնոջ մարմինն է քննարկելիս եղել վիրահատության ընթացքում: Նարկոզից արթնացած հիվանդը հա՛մ ցավերին է դիմացել, հա՛մ լսել բժշկուհու խոսքերն իր մարմնի մասին:

Հիվանդանոցներում սովորույթ կա հիվանդների և բուժքույրերի միջև, որ հոգնայի համար հիվանդը մի քանի հազար դրամ է վճարում բուժքրոջը: Մի մարդ վիրահատության նախորդ օրը երբ գնացել է հոգնայի և տեղյակ չի եղել, որ պիտի վճարի,  բուժքույրն այնքան բարկացած և կոպիտ է վարվել, որ հիվանդի մարմնի վրա վերք է առաջացրել:  

Ամենահաճախ հանդիպող և ուրախացնող դեպքերը տարբեր հիվանդանոցներում բժիշկների փայլուն վիրահատությունների մասին էին, այնպիսի բարդ ու աներևակայելի վիրահատություններ էին անում վիրաբույժները, ամեն լսած պատմությունից հուզվում էի և մտածում, որ մեր բժշկությունը կատարյալ վիճակում է, բայց տեսնում էի նաև հիվանդանոցներում անհեթեթ բացթողումներ ու մտածում, որ մեզ մոտ կատարելությունը, կազմակերպվածությունը վերաբերում է անհատին, բայց ոչ համակարգին: 

Երբ պատերազմի ժամանակ լսում էինք մեր զինվորների անհավանական սխրանքների մասին, ցնցվում, թե ոնց կարող է մարդն այդքան քաջ լինել, այդքան անձնազոհ լինել, հուզվում, հպարտանում և մտածում, որ նման զինվորներ ունեցող բանակն անպարտելի է, բայց հետո լսում էինք համակարգի խառնաշփոթի, բացթողումների ու պարտության մասին: 

Հիվանդանոցների ու կլինիկաների սպասարկող անձնակազմը երբեմն ամենահասարակ հարցին կոպիտ էր պատասխանում: Գուցե, պատճառն այն է, որ ոչ այնքան բարձր աշխատավարձով կարելի է ավելի հաճելի աշխատանք գտնել, բայց հիվանդանոց այցելած, հիվանդություն ունեցող մարդը կարիք ունի ժպիտի, գթասիրտ խոսքի, մինչ կմտնի բժշկի սենյակ, կամ կտեսնի իր հետազոտության արդյուքները:

 Երբ այցելել էի հերթական հետազոտության համար, կլինիկաներից մեկի դռնապանը թույլ չէր տալիս մարդկանց շենքում սպասել, մեզ կանչել էին ութն անց երեսունին, բայց մենք ավելի շուտ էինք հասել, դուրս էր հրավիրում առավոտյան ցուրտ եղանակին, գոռգոռում, բայց երբ վերջապես մտա  հետազոտության սենյակ, բժշկուհին անչափ հոգատար էր: 

– Դու տագնապելու կարիք չունես, քեզ վիրահատող բժիշկը շատ պրոֆեսիոնալ ու հոգատար է,- ինձ ասում են ամեն կողմից, ու զգում եմ այն մարդկանց վախը, որ չեն վստահում իրենց բժշկին, կասկածում են, վախենում են, չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում: Հիվանդությունից վախը նախ և առաջ վախ է բժշկից, երբ չգիտես՝ ում մոտ ես գնալու, քեզ ինչ է սպասվում, ինչ ընթացք կստանա բուժումը, կազատվե՞ս հոգսից, թե՞ չեն կարողանա բուժել ու ավելի կխորացնեն հիվանդությունը: Կան չէ՞ մարդիկ՝ շնչառական խնդիրներով, մեծ ու երկար քիթն են վիահատում, հանդիպում են պրոֆեսիոնալ բժշկի, և այնքան սահուն է անցնում ընթացքը, այնքան հրաշալի է լինում արդյունքը, բայց լինում են դեպքեր, երբ մարդը փոքրիկ միջամտության կարիք է ունենում, բայց անհմուտ բժշկի է հանդիպում ու անհաջող վիրահատություն զոհ դառնում, գնում երկրորդ, երրորդ վիրահատություններին, անցնում տառապանքների միջով:

Կյանքում հաջողությունը քո մարդկանց գտնելն է՝ լավ բժշկի, որ առողջանաս, որ դժվարին ճանապարհն առանց տագնապի անցնես, հմուտ վարսավիրի՝  որ մազերդ փոփոխի, եթերային դարձնի, երբ «միջակ» վարսավիրներն ասում էին՝ անհույս է այսպիսի մազերից սիրուն սանրվածք սպասել, ջերմացնող սրճարան գտնելն է, որտեղ լավ խոհարար կա, ու միշտ գնում ես այդ տաքուկ անկյունը՝ քո սիրելի ուտեստը համտեսելու, քո սիրած հեղինակին գտնելն է, որ կարդաս ու ամոքվես, քեզ սիրող տղամարդուն հանիպելն է, որ կյանքդ հաջողի՝ չտապալվես, չընկնես, որ ձեռքդ ամուր բռնող լինի: «Սխալ» մարդկանց հադիպելու դեպքում սկսվում է անկումը՝ առողջության, զգացմունքների, կյանքի:  

Ես այդ անկման հոգևիճակում եմ եղել տարիներ առաջ, երբ Թատերականում էի սովորում, և մեր ինստիտուտից մի տղա էր ինձ սիրահարվել: Երբ հերթական քննադատական հոդվածն էի գրել թերթում պաշտոնյաներից մեկի կոռուպցիոն գործարքների մասին, նրա համախոհները եկել էին ինստիտուտ՝ ինձ «քոթակելու»: Դասամիջոցին, երբ ընկերուհուս հետ գնում էի բուֆետ՝ բուլկիով սուրճ խմելու,  հանկարծ լսեցինք խոսակցություն, որ եթե ինձ վնասեն, այդ տղայի հետ խնդիր կունենան: Հա՛մ վախից էի քարացել, հա՛մ ուրախացել էի, որ ինձ սիրում են, և այդ սերն ինձ պաշտպանում է: Եվ այդ օրվանից ես էլ նրան էի փնտրում հայացքով, հենց հայտնվում էր՝ հրճվում էի, ուզում էի տեսնել նրան, Թատերականն ավելի էր սիրունացել, ջերմացել, ոչ միայն ես էի այնտեղ, այլ այդ տղան, նրա սերն իմ հանդեպ, ու սպասում էի, թե ե՞րբ է գալու, ե՞րբ ենք հանդիպելու, զրուցելու: Բայց նա գալիս էր, կանգնում մեր լսարանի կողքին, պտտվում, նայում ինձ ու գնում: Եվ այդպես անդադար: Օրերն անցնում էին սպասման ու հուսահատության մեջ: Ուզում էի գոռալ՝ լսի՛ր, հիմա՛ր, ես ու դու սիրահարված ենք իրար, դու իրավունք չունե՛ս երկուսիս փոխարեն որոշելու, որ մեր ժամանակը հենց այսպես է անցնելու՝ հեռվից-հեռու իրար նայելով, ես սիրահարվել եմ առաջին անգամ՝ ուժգին-ուժգին, և ուզում եմ միայնակ չլինել այս պատմության մեջ, այս ժամանակը միայն քոնը չէ, որոշողը միայն դու չպիտի լինես, բայց համարձակությունս չէր հերիքում ոչինչ ասել: Տղան, ում սիրահարվել էի քաջության համար՝ ամենավախկոտ մարդն էր: Տխրությամբ նայում էի շուրջս, երբ սիրահարված տղաները բռնում էին իրենց սիրահարված աղջիկների ձեռքից և դուրս գալիս ինստիտուտից: 

Արթնացա բժիշկ Մնացականյանի ձայնից.

– Լուսինե՛ ջան, ո՞նց եք ձեզ զգում:

Վերադարձել եմ, արդեն այս «աշխարհում» եմ, փակել եմ ու բացել աչքերս: Գիտեի, որ կարթնանամ, նույնսիկ նարկոզի հանդեպ վախս էր չքացել:

– Լա՛վ եմ, բժի՛շկ, բարեհաջո՞ղ է անցել վիրահատությունս:

– Իհարկե՛, շատ:

Ձվարաններս պահպանվել են: Եկա վիրահատության առանց վախի և երբեմն մտածում էի՝ արդյոք լա՞վ է անսահման վստահությունը բժշկի հանդեպ, հիմա խաղաղված շունչ քաշեցի: Քունս տանում է, նորից փակեցի աչքերս, որ հանգստանամ: 

Մեկ շաբաթ անց կրկին բժիշկ Մնացականյանի աշխատասենյակում եմ: Վերջին փորձությունս է, եկել եմ իմանամ կիստաների պատասխանը՝ բարորա՞կ է, թե՞ չարորակ, թեպետ գիտեմ, որ չարորակի հավանականությունը ցածր է, բայց հուզված եմ:  

– Պատասխանը բարորակ է, Լուսինե՛ ջան:

– Ինչ լավ է, բժի՛շկ, շնորհակալ եմ:

Հիշեցի ապրումներս մինչ վիրահատարան մտնելս, բժշկին վերաբերում էի ասես ոչ «սովորական» մարդու՝ Աստծու և մարդու մեջտեղում, մեզնից մի քիչ բարձր, և ուզում էի, որ իմ վիրահատության ընթացքում ավելի հեռանա մարդուց, մոտենա Աստծուն և վիրահատությունն անի կատարյալ: Հիմա, երբ դուրս եմ եկել ճգնաժամից, զատվել ինձ պատած ցավից, խաղաղվել, վտանգն ինձնից հեռացված է, բժիշկն արդեն «մարդացել» է իմ աչքերում, մեզ նման դարձել, թեպետ մնացել է շնորհակալ զգացումը:  

Հույզերը լքում են մեզ, երբ փոխվում է մեր առողջությունը, հոգևիճակը, տրամադրությունը, երբ օրհասական իրավիճակից ընկնում ենք կրկին առօրյայի մեջ, ապրելը կրկին նույնն է թվում՝ երկարատև ու անվերջ, բայց ուզում եմ չկորցնել զգացումն այն օրերի, երբ կերպարանափոխվեց կյանքը, դարձավ ակնթարթ, քաղցր հեքիաթ, որն ուզում էի ձեռքիցս բաց չթողնել, փայփայել ու երջանիկ լինել: 

Please follow and like us:

1 thought on “Լուսինե Ավետյան/Ես գնում եմ բժշկի(2)

Comments are closed.