Շուշանիկ Արամ/Որտեղ գայլերը քեզ են նայում

Եթե մահը ընկերներ ունենար,
կպատմեր քո մասին
իր ընկերներին,
քանզի դու ամեն անգամ
չափազանց սիրուն ես մեռնում
ու հառնում ձմեռվա կեսին
մերկ ծառերի մեջ,
որտեղ գայլերը քեզ են նայում
մահվան աչքերով,
բայց գայլերը մահվան ընկերները չեն,
քո ընկերներն են,
ու նրանց ոռնոցը կտրվում է
քո երակներում
ու շարունակվում քո
մտքերում` մղձավանջների տեսքով,
ավերված ակնթարթում
կփնտրես քեզ,
իսկ ձմեռը առանց քեզ
դժվար է անցնում,
գուցե չի անցնում,
այլ մնում է սառած, սառած
ձեռքերի արանքում…

Լույսը
և մինորը
տողերի սկզբում
շարունակաբար
փոխելով երանգը սիրո․․․

Այս արարում
ավելի հեշտ կլիներ մեռնելը,
բայց ես շարունակում եմ ապրել`
չվելով թռչունների երամներին հակառակ,
դեպի ցրտերը արևմտյան,
դեպի սառույցը մատներիդ,
շարունակելով այս ներկայացումը անհեթեթ
և հեքիաթը
«Կռնատ աղջկա»։

Մինորը տողերի սկզբում,
լույսը
և դու,
որ լույսի արագությամբ
սլացար…

Եվ անվերջանալի
շրջապտույտում
իբրև կպչան
կօգտագործեն մարմինս այլայլված,
և խարույկներ կվառեն
և խարույկների վրա
վհուկներ կայրեն,
աշխարհն այս
այլ գույներով
տեսնելու համար,
և ես կայրվեմ նրանց հետ
և նրանց փոխարեն կայրվեմ
և այսուհետ
կրակներում կապրեմ,
խրճիթներում վհուկների,
նրանց փոխարեն կապրեմ
ու վայրի մոշ կհավաքեմ,
ու փշերի ծակծկոցից
ցավ չեմ զգա,
ու մոշահավը կերգի, կերգի
խրճիթի մոտ,
անձրևից թաց տերևները կկտցի,
ու այստեղ
ոչինչ չի ավարտվում,
նորից սկսվում է,
բայց այլ կերպ
բայց այլակերպ…

Ատում եմ մաշկիս գույնը
և քեզ
այստեղ,
«տարեկանի արտում»
մշտապես
«անդունդի եզրին»
ցած նետվողի համառությամբ
եկա դեպի քեզ,
որ ատեմ մաշկիս գույնը
և քեզ,
որևէ ճեպընթաց գնացքում,
ավերադարձ, անհեռանկար, անհասցե,
խորհրդավորություն հաղորդելու
շեշտադրությամբ
քայլեցի մայրամուտի միջով,
շղարշված, մշուշոտ, հմայված,
հարաժամ
անդունդի հատակին
չհասնելու հուսահատությամբ
եկա դեպի քեզ…

Ես մի խենթ ծերունի եմ, որը ծաղիկներ է նկարում
Ս.Փ.

Մենության մեջ
դու ծաղիկներ նկարեցիր,
ինձ համար
կապույտ, երկնային ծաղիկներ,
ու տարար քեզ հետ,
քեզանից հետո
դատարկ տարածություն մնաց,
վրձիները այլևս
սովորական փայտիկներ էին,
կտավը` անպետք քաթան,

ու ոչինչ առաջվա պես
անսովոր չէր,
ու ոչինչ առաջվա պես ….
ու կտավներին ընկած
միայն ստվեր մնաց,
ու գույն մնաց,
ու լույս մնաց
ու լույսը մնաց…

Ու թեև վաղը
չես նկատի ինձ
հոծ բազմության մեջ,

ու ես չեղա
լեռնագնացներից ամենամարզվածը,
բայց ամենահամառն Էի
և փորձեցի լողալ լեռներն ի վեր,
քանզի հիշողությանս մեջ դու էիր

և այն,
որ հազարամյակներ առաջ
լեռների տեղում ծովեր էին
կապտականաչ
աչքերիդ պես,
ու ես լողում եմ լեռներն ի վեր,
ծով համբերությամբ զինված,
մինչև ատամներս զինված,
զրահապատ,
մաշկի փոխարեն զրահաբաճկոն,
որ հասնեմ ակունքին աղբյուրի,
որ գլորեմ քարը հավերժության,
որ աղբույուրներդ
հոսեն հար
աչքերիդ փոխարեն
ու որդիներդ նռնենիներ տնկեն
վաղը
հոծ բազմության մեջ,
արևածագին:

Please follow and like us: