Ծիծաղից մեռնելիք/Յաննա Լոունտյենս

Յաննա Լոունտյենսը (1974) վիպասան, բանաստեղծ և փիլիսոփա է, որը կանոնավոր կերպով գրում է հոլանդական թերթերում և ամսագրերում։ Նրա վեպերից են՝ «Հաջողություն»(2007), «Ի՞նչքան է ուշ իրականում» (2011, ներկայացվել է Halewijn Literature Prize մրցանակի), «Բայց նորից» (2014, թարգմանվել է դանիերեն և հունգարերեն) և «Ո՞վ գիտի» (2018)։ Բանաստեղծական ժողովածուներն են՝ «Այսօրվա տարբերակներ» (2002), «Անհավատալի փոքրացում» (2006, ներկայացվել է Eline van Haaren Prize մրցանակի), և «Դու ես» (2013)։

Գրական ոչ գեղարվեստական աշխատանքներից են՝ ինքնակենսագրական փիլիսոփայական գիրքը՝ «Շառաչուն իննսունականները, կամ ինչպես փիլիսոփայությունը փոխեց իմ կյանքը» (2016, ներկայացվել է Best Spiritual Book 2016 մրցանակի), ինչպես նաև «Իմ կյանքն ավելի գեղեցիկ է, քան գրականությունը» (2013) և «Երբ խոսքը սիրո մասին է» (2019), որը ճանապարհորդական պատմություն է՝ Ֆրիդա Ֆոգելսի ճանապարհով։

Նրա վերջին ոչ գեղարվեստական գիրքը՝ (Մեղավոր. Իմ խղճի ուսումնասիրություն (2020), զարգացնում և նոր լույսի տակ է դնում նրա վեպերի բազմաթիվ թեմաներ՝ հեղինակի ինքնատիպ ձայնով։ Այն ներկայացվել է փիլիսոփայական Socrates Wisselbeker մրցանակի։

2023-ի մայիսին լույս է տեսել նրա նոր վեպը՝ «Եվ հետո նա անհետացավ» (ներկայացվել է Boon Literature Prize մրցանակի), որի գործողությունները տեղի են ունենում Շվեդիայում՝ 1970–80-ականներին՝ հանգեցնելով այն օրվան, երբ սպանվեց վարչապետ Օլոֆ Պալմեն։

Հատվածը նիդերլանդական Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։

Երբ ես սկսեցի գրել իմ առաջին պատմվածքները, նախընտրում էի մտածել մի չարաճճի տղայի, չարացած հասուն տղամարդու կամ ծերունու ուղեղով։ Այնքան ժամանակ, քանի դեռ ձայնը տղամարդու էր։ Նրանց աշխարհընկալման տեստոստերոնը աղի պես համ էր տալիս ուտեստին․ այն դարձնում էր իմ նախադասությունները ավելի լուրջ, ավելի հեգնական, ավելի գրական, քան այն ժամանակ, երբ ընտրում էի աղջկա կամ կնոջ տեսանկյունը՝ նույնիսկ եթե կին հերոսին ստիպում էի անել, մտածել ու ասել ճիշտ նույն բաները։

Տարիներ անցան, մինչև հասկացա, որ այդպես է, որովհետև ես սովորել էի կարդալիս նույնանալ տղամարդկային փորձառությանը, և այդ դիտանկյունն ինձ համար դարձել էր բարձր գրականության նշան։

Ես ուզում էի ազատվել դրանից, և սկսեցի իմ պատմություններում տեղ տալ կանանց ու աղջիկներին։ «Կինը կանգնած է ուղիղ՝ ճիշտ այնպես, ինչպես տղամարդը», — գրել է Աննա Մարիա վան Շուրմանը տասնյոթերորդ դարում։ Այս միտքը ինձ ցնցեց՝ այդ ճշմարտության հումորը, որը տարածված է բոլոր ոլորտներում։ Իմ «Միգուցեև ոչ» վեպի հրատարակումից հետո, որում մայրությանը մեծ տեղ էր հատկացված, մեկ այլ գրող ասաց․ «Գիրքը ավելի դրական կընդունվեր, եթե դու այն գրած լինեիր տղամարդու տեսանկյունից․ հեգնանքը ավելի հստակ կթվար»։ Եվ ես հասկացա, թե ինչ նկատի ուներ։ Ես էլ ավելի բարձր էի ծիծաղում երիտասարդ հայրերի անճարակության ու ինքնախղճահարության վրա։

Այն, որ ինչ-որ մեկին համոզիչ, սրամիտ կամ կուռ մտքով ես համարում, կախված է պատկերացումից, որ ունես նրա մասին։ Իսկ կանայք պարզապես ավելի քիչ հումորի զգացում ունեն՝ ճիշտ այնպես, ինչպես չեն կարողանում մեքենա վարել կամ հին ժամանակներում չէին կարողանում ընթերցել լայնաֆորմատ լրագրերը։ Այդ բարակ ու լայն էջերը թերթելը բարդ էր կնոջ համար։ Հա-հա․․․ Ես էլ էի ծիծաղում։ Քանզի այդպիսի կանացի կերպարները կարծրատիպային էին։ Այդպես չէ՞։ Բայց ինչո՞ւ էի ես ծիծաղում իրականում։

Լոունտյենս, ո՞ր աչքերով ես նայում։

Թարգմանությունը Գրողուցավի

Please follow and like us: