Իմ աշխատասենյակի պատին փակցված/Մանոն Ափհոֆ

Մանոն Ուփհոֆֆը ծնվել է Ուտրեխտում, 1962 թվականին, բազմանդամ ու աղմկոտ ընտանիքում։ 16 տարեկանում լքել է տունը, ապա շարունակել է ուսումը՝ մասնագիտանալով գրականության տեսության մեջ։ Նա հայտնի արվեստագետ է, սցենարիստ և գրող, որի վեպերը և պատմվածքների ժողովածուները՝ սկսած նրա առաջին՝ «Ցանկություն» գրքից (1995), բազմիցս ներկայացվել են հեղինակավոր մրցանակների և հրատարակվել տարբեր լեզոներով հրատարակված անթոլոգիաներում։

2009-ին լույս է տեսել նրա «Խաղացողները» վեպը, որում անդրադարձել է նախկին Հարավսլավիայում պատերազմի հետևանքների թեմային։ Նրա վերջին վեպը՝ «Ընկնելը նման է թռչելուն» (2019), իսկական երևույթ դարձավգրական դաշտում․ վաճառվեց 50.000 օրինակ, ներկայացվեց չորս գրական մրցանակների և արժանացավ հեղինակավոր՝ Շարլոթ Կյոլերի մրցանակին։ Վեպը թարգմանվել է անգլերեն և բարձր գնահատականներ ստացել, թարգմանվել է նաև իսպաներեն ու հունգարերեն։ 2023 թվականին այն ընդգրկվել է Դուբլինի գրական մրցանակի երկար ցանկում։

Հատվածը նիդերլանդական Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։

Մոռացված, կորսված, վտարված։ Կրկին ու կրկին հանդիպում ենք տեքստերի, որոնք փոշին են սրբում պատվանդանից, որի վրա անարդարացիորեն չի տեղադրվել կին արվեստագետի, գրողի, գիտնականի, փիլիսոփայի, բժշկի կամ մարդու իրավունքների մարտիկի արձան․ «մոռացված այսինչը» կամ «այնինչը, որ գրեթե հիմնովին ջնջվել է հավաքական հիշողությունից»։ Վավերագրական ֆիլմ Լեոնորա Կարինգթոնի մասին՝ «Մոռացված սյուրռեալիստը»։ Կամ Գրականության թանգարանում՝ «մոռացված Անրիեթ վան Էյկը»։ Բայց ոչ՝ «անմոռանալի» կամ «անփոխարինելի»։

Այդ բոլոր հիշատակումներով, որտեղ նրանց անվանում են «մոռացված», նրանց ունեցած ցանկացած ազդեցություն մերժվում է։ Այն, ինչը գոյություն չունի կամ այլևս գոյություն չունի, չի կարող ազդեցություն ունենալ։ Միշտ կարճատև վերածնունդ, հետո նորից «իրավացիորեն»(այդպես է թվում)՝ մառախուղ։ Պատմությոնը չի գծագրվոմ, և հետո ծագում է այն անխուսափելի միտքը․ ինչ մոռացվել է՝ իրավացիորեն է մոռացվել, այլապես կհիշվեր։ Դա կանանց գործերի ու նվաճումների մոռացվելը դարձնում է գրեթե անխուսափելի մի բան։ Բնական երևույթ։ Մի փոքր նմանվող մակընթացությանը։ Ոչ թե կանանց պատմությունից ակտիվորեն դուրս թողնելու հետևանք՝ գիտակցաբար թե անգիտակցաբար։

Բայց ո՞րն է քո նյութը, ուրեմն։ Չէ՞ որ հաճախ դա հենց կանանց թաքնված իրականությունն ու փորձառությունն է, որ եռում ու խմորվում է ավանդական պատմության, հեքիաթի, սարսափի ներսում ու տակ։ Դա է դառնում կենտրոնականը, կամ տեղ է ստանում բանավոր պատմության մեջ, բանավոր ժառանգության։ Այդ ժանրերն ու ձևերը չե՞ն, որ հաճախ հենց գործիքը, առիթն են եղել այդ իրական փորձառությունները՝ կանանց իրականությունն ու պատմությունը պատմությունների աշխարհ տեղափոխելու համար։ Աբսուրդի, սյուրռեալիզմի կամ մելոդրամայի տեսողական լեզուն, որն այս անգամ գործում է ոչ թե որպես իրականությունից շեղում, այլ որպես փայլեցված հայելի, ոսպնյակ, որն ուղղված է հենց այդ հատուկ իրականությանը՝ իր ուժի ու անզորության, կախվածության ու անկախության, սեռականության ու բռնության դինամիկայով։

Այո՛, միայն ուշադրություն դարձրու բռնության առանձնահատուկ տեղին՝ թե՛ արտաքին աշխարհում, թե՛ իբր անվտանգ տանը, այդ առօրյայի ու սովորականի ապաստանում, որտեղ դրաման հաճախ է եռում ու դուրս թափվում՝ կենցաղայինի, գրեթե ձանձրալիի կողքին (ասենք՝ արյունոտ արջուկը և ցեխոտ վարդագույն զգեստը՝ ասեղնագործ ծածկոցի վրա)։

Կանանց գործերում բովանդակության, հրատապ թեմայի, լեզվի հարստության կամ ձևի նորարարության պակաս չկա։

Please follow and like us: