Շանտին գրում է Ռաշիդային/Շանտի Սին

Շանտի Սինը (ծնվ․1982) գրող է, հաղորդավար, թատերոնի ռեժիսոր, կանանց իրավունքների ակտիվիստ և ստեղծագործական հանրային մենեջեր, որը աշխատում է Ռոտերդամում (ներկայացվել է «Տարվա կինը Ռոտերդամում 2022» մրցանակի)։ Նրա նպատակը անտեսված պատմությունները տեսանելի դարձնելն է։ Սինը հատկապես համակրանք ունի «թերագնահատվածների» և «լուռ հերոսուհիների» հանդեպ և ցանկանում է իր ներդրումն ունենալ հավասարության ու հավասար հնարավորությունների աշխարհ կառուցելու գործում։
2015 թվականին լույս է տեսել նրա վեպը՝ «Vervoering» (առաջին գիրք, հրատարակիչ՝ De Geus, առաջադրված՝ de Inktaap 2016 մրցանակի)։ 2020-ին հրատարակվել է նոր վեպը՝ «De kier», որի հիման վրա 2021-ին «Ազգային թատրոն»-ում իրականացվել է թատերական ընթերցում։ Նա գրում է նաև պատմվածքներ, հրապարակախոսական և գրախոսական հոդվածներ ու սյուներ։
Սինը «Talk-Theater» հիմնադրամի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ Հիմնադրամի նպատակն է թատերական ներկայացումների, փոդքասթների և թոք-շոուների միջոցով տեսանելի դարձնել հասարակության մեջ թաքնված պատմությունները։ Նա նաև նախաձեռնողն է «Her(s)tories» թատերական ներկայացման, որը նվիրված է Հինդուստանի միգրացիայի պատմությունից հայտնի կանանց։
Հատվածը նիդերլանդական Fixdit գրական խմբի «Լավատեսական զայրույթ։ Մերժել սեքսիզմը գրականության մեջ» մանիֆեստից է։

Սիրելի Ռաշիդա,

Գրքերը վաղուց ի վեր կարևոր էին ինձ համար։ Ալմելոն, որտեղ ես մեծացել եմ, թվում էր փոքրիկ մի մոլորակ, կախված երկնքում՝ երկրի մնացած մասի վրա։ Կարևոր ամեն բան տեղի էր ունենում այնտեղ՝ ներքևում։ Բայց որքան փոքր էր իմ աշխարհը, այնքան ավելի հակված էի գլխումս մեկ ուրիշ աշխարհ ստեղծելու։ Գրականության մեջ ես կարող էի դառնալ ամեն ինչ և բոլորը։ Պատմությունները բնական էին թվում, բայց երբեք մտքովս չէր անցնում, որ ես էլ կարող եմ ինչ-որ ներդրում ունենալ գրականության մեջ։ Մինչև որ Վինտերնախտենի գրական փառատոնում (Հաագա) հանդիպեցի Գարիեթյե Չոեննիին։ Մեզ ներկայացրին իրար ու ասացին, որ նա գրող է։ Ինձ համար դա կախարդանքի պես էր։

Դա 2011 թվականն էր։ Ես գաղտնի աշխատում էի իմ առաջին վեպի վրա, բայց չէի համարձակվում ինքս ինձ գրող անվանել։ Դա ուրիշ մարդկանց համար էր։ Հետո հանկարծ հայտնվեց Գարիեթյե Չոեննին՝ գրող ու կանանց իրավունքների իրավապաշտպան, ակտիվիստ։ Նա անմիջապես տպավորեց իր աշխույժ ու վառ անհատականությամբ։ Որքան շատ բան էի իմանում նրա մասին, այնքան ավելի հրաշալի էր թվում։ Ծնվել էր 1950-ականներին Սուրինամում։ Նրա հայրը նրան անվանակոչել էր Հնդկաստանի հին ժամանակների կին փիլիսոփա Ղարգիի անունով։ Նա բանաստեղծություններ էր գրում հինի լեզվով և հոլանդերեն։ Հազիվ էի հավատում, որ նա իրական մարդ է։

Միայն այն բանից հետո, երբ հանդիպեցի իմ կուռքին, հասկացա, որ սեփական ստեղծագործությամբ հանդես գալը «այլ տեսակի մարդկանց» համար չէ։ Ո՛չ, ես էլ կարող էի դա անել։

Ես հայտնաբերեցի, որ Նիդերլանդներում գրեթե ոչ ոք չգիտեր Գարիեթյե Չոեննիի՝ իմ մեծ ներշնչանքի աղբյուրի գործերը։ Նույնը վերաբերում էր նաև Բեա Վիանենի գործերին (որոնք բարեբախտաբար հիմա ավելի շատ ուշադրություն են ստանում), թեև նա շատ ավելի հայտնի էր։ Ինչպիսի հիասթափություն։ Ստացվում էր, որ այն գրողները, որոնք ինձ այդքան ոգեշնչել էին, ոչ մրցանակներ էին ստանում, ոչ էլ՝ շատ ընթերցողների սրտերը։ Դու ճանաչո՞ւմ ես այս իրավիճակը, Ռաշիդա։ Ո՞վքեր են եղել գրականության մեջ քո հերոսները։

Սիրելի Ռաշիդա, երբեմն մտածում եմ՝ ի՞նչ չափով է «անտեսանելիությունը» զգացնել տալիս իրեն գրականության աշխարհում։ Եթե քեզ գրեթե երբեք այնտեղ չես տեսնում, ապա ակամայից գրականությունը կհամարե՞ս մի բան, որի մաս դու իրականում երբեք չես կարող լինել։ Ի՞նչ է դա անում քեզ հետ՝ որպես ընթերցողի, որպես գրողի կամ ապագա գրողի, կամ ընդհանրապես՝ որպես այս հասարակության մարդու։ Գրողները ազդեցություն ունեն։ Նրանք, ովքեր նկարագրում են իրականությունը և ունեն ամբիոն, որտեղից դա անում են, նաև մասնակցում են այդ իրականության ձևավորմանը։ Իսկ ի՞նչ, եթե դու երբեք իսկապես չես հավատում, որ քո ձայնը բավական արժեքավոր է, որպեսզի լսվի։

Շնորհիվ Fixdit-ի ես առաջին հերթին մեկ կարևոր գիտակցում ձեռք բերեցի․ եթե դու եռանկյուն ես, հարկ չկա քեզ սեղմել քառակուսի կաղապարի մեջ։ Ո՛չ, բավական տեղ կա բոլոր ձևերի համար, և մենք կարող ենք այդ տեղը զբաղեցնել։ Եվ հենց դա է անում Fixdit-ը։

Շանտի Սին

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: